HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը քննարկեց Մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց աջակցության մասին նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ փոխխոսնակներ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի համահեղինակած «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի հիմնական զեկուցող Լենա Նազարյանի խոսքով՝ աջակցություն ստանալու իրավունք ունեն նշված գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը, ինչպես նաև այն անձը, որի առողջությանը նշված գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Աջակցության ձևը, չափը և տրամադրման կարգը, ինչպես նաև աջակցության տրամադրման համար դիմումի ձևը, կցվող փաստաթղթերի ցանկը և քննարկման կարգը սահմանվելու են Կառավարության որոշմամբ:

Նազարյանի խոսքով՝  Մարտի 1-ի իրադարձություններից տուժած 10 զոհերի իրավահաջորդներից բացի՝ աջակցություն կտրամադրվի ծանր վնասվածք ստացած 63 քաղաքացու։

Նախագծի հարակից զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին միաձայն կողմ է քվեարկել, օրենքի ընդունումից հետո եռամյսա ժամկետում կառավարությունը համապատասխան ընթացակարգերը պետք է ապահովի։

«Երեք տարվա կտրվածքով շահառուները կարող են դիմել և կառավարությունից ստանալ աջակցություն»,- ասաց նա։

Հարակից զեկուցմամբ հանդես եկավ նաև արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և անդրադարձավ պատգամավորների բարձրաձայնած այն դեպքերին, երբ տուժողների ծնողները մահացել են։

«Եթե քրեադատավարական կարգով ստացել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի կարգավիճակ, ապա տուժողի իրավահաջորդի կարգավիճակ ստանում է նոր անձ, և նա է ստանում փոխհատուցումը»,- ասաց նա։

Նախարարը վստահեցրեց՝ այս նախագիծը վնասի հատուցում չէ, այլ աջակցության մասին օրենք։

«Սա չափազանց կարևոր է, որպեսզի որևէ շփոթ չառաջացնի, այս գործերը ՄԻԵԴ-ում են և վճռի կայացման փուլում են, և այստեղ կան հարաբերություններ, որոնց վրա կարող է ազդել եթե շփոթենք վնասի հատուցման հետ, և նրանց իրավունքները կարող են խախտվել, հետևաբար մեր առաջարկով փոխվել է աջակցության մասին օրենք»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ ծանր վնասվածք ստացած անձանց թիվը ըստ դատաբժշկական տվյալների՝ 63-ն է, սակայն ենթադրելի է, որ անձինք կլինեն, ովքեր կդիմեն ներգրավելու համար որպես տուժող, քանի որ ժամանակին վնասվածք են ստացել, վախեցել են դիմել, հայտնել, որ տուժող են, հնարավոր է նախագծի հաստատումից հետո դիմեն։

Ելույթով հանդես եկավ նաև նախագծի համահեղինակ Ալեն Սիմոնյանը։

«Այս օրենքն այն մասին է, որ այլև ՀՀ-ում որևէ մեկն իրեն թույլ չպետք է տա Ազատության հրապարակը անվանել Թատերական հրապարակ։ Այս օրենքն այն մասին է, որ օլիգարխների սափրագլուխներն այլևս ձեռք չեն բարձրացնելու ժողովրդի վրա, այս օրենքն այն բանի մասին է, որ ոստիկանն այլևս ձեռք չի բարձրացնելու ՀՀ ժողովրդի վրա։ Այս օրենքն այն մասին է, որ ՀՀ-ում արտոնյալներ և անձեռնմխելիներ չկան»,- ասաց Սիմոնյանը։

Արտահերթ ելույթով հանդես եկավ  Աժ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ սիմվոլիկ է ստացվել, որ նախագիծը հենց այսօր է քննարկվում։

«Կլոր մեկ տարի առաջ այս օրը նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը ողջ աշխարհի առջև սպառնաց ՀՀ քաղաքացիներին՝ ասելով դասեր չեք քաղել Մարտի մեկից, ես փորձեցի հիշել ինչի մասին է խոսքը, և ինչ է ակնարկում այդ անձը, որ սպառնալիքը հիշեցրեց, ես հիշեցի, որ այդ գիշերը եղել էր հրաման՝ ցրել Ազատության հրապարակում գիշերող ցուցարարներին, ինչը առաջացրել էր ՀՀ բազմահազար քաղաքացիների զայրույթը, և նրանք դուրս էին եկել փողոց՝ պաշտպանելու այդ անձանց, ի պատասխան խաղաղ ցուցարարների վրա կրակ բացվեց»,- ասաց նա։

Միրզոյանը հիշեց ու հիշեցրեց, որ երբ փորձել է մարտի մեկի գիշերը կրկին դուրս գալ փողոց, այժմյան Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը փորձել է հետ պահել իրեն՝ ասելով, որ դստեր ծննդից նույնիսկ 40 օր չի անցել, Միրզոյանը սակայն չի լսել վերջինիս, կամ ինչպես է ապաստան հրավիրել առոջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի այժմյան նախագահ Նարեկ Զեյնալյանին, սակայն վերջինս հրաժարվել է՝ ասելով, որ վիրավորների թիվը շատ է, ինքը պարտավոր է օգնություն ցուցաբերել նրանց։

«Այս դահլիճում բազմաթիվ են մարդիկ, ովքեր ունեն սեփական պատմությունը, էն հարվածը, որ հասցվեց քաղաքացիներին ու պետականությանը 2008 թվականի մարտի մեկին, էդ հարվածը հաղթահարելու համար պահանջվեց տաս տարի։ Ուզում եմ որպես օրենսդիրներ միաբերան արձանագրենք, որ էդպիսի բան ՀՀ-ում այլևս երբեք միանշանակ չի լինելու»,- ասաց ԱԺ խոսնակը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter