HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կոտայքի մարզպետը Ծաղկաձորի ճոպանուղին Ազգային օլիմպիական կոմիտեից հետ վերցնելու փաթեթ է պատրաստել

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ծաղկաձորի ճոպանուղին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հետ վերցնելու փաթեթ է պատրաստել։ Այն պատրաստվում է ներկայացնել Կառավարություն, սակայն սպասում է, որ Դատախազությունը ճոպանուղում ուսումնասիրություններն ավարտի։

Պետրոսյանը ճոպանուղու գործունեության ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ Օլիմպիական կոմիտեն 14 տարի իր զբաղեցրած շենք-շինությունների գույքահարկը չի վճարել, օգտվել է «Հրազդանի բժշկական կենտրոն»-ի շտապօգնության ծառայություններից, սակայն դրանց դիմաց չի վճարել։

«Ծաղկաձորի ճոպանուղին տուրիստական ինդուստրիայում բավականին կարևորագույն օբյեկտ է, եթե չասեմ Հայաստանի, ապա առնվազն Կոտայքի մարզի համար։ Ես մտահոգություն եմ հայտնել, որ Ծաղկաձորի ճոպանուղու նման կարևոր տուրիստական և ռազմավարական նշանակության օբյեկտի կառավարման հետ խնդիր կա։ Այդ կառավարումն առավել արդյունավետ կլինի կազմակերպել և դրա գեներացած շահույթները կտեղաբաշխվեն համայնքում և մարզում։ Թեկուզ և՝ միջազգային, մասնավոր կամ տենդերով հաղթած օպերատորի կառավարմանը հանձնելով։ Գուցե և համայնքը կարող է ինքը վերցնել դրա տնօրինումը և կոնսորցիում համաձայնագրով կառավարման հանձնի միջազգային օպերատորին»,- «Հետքի» հետ զրույցում նշեց Ռոմանոս Պետրոսյանը։

Մարզպետը ներկայացրեց ճոպանուղու՝ Ազգային օլիմպիկական կոմիտեին անցնելու գործընթացը։ Ասաց՝ կառավարությունը 2004 թվականին որոշել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեից հետ վերցնել Ծաղկաձորի ճոպանուղին և այն անվարձահատույց, անժամկետ կարգով փոխանցել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, որն էլ իր հերթին ճոպանուղին վարձակալությամբ է տրամադրել «Լեռատուր» ՍՊԸ-ին։

2004 թվականի որոշմամբ՝ կոմիտեին, բացի ճոպանուղուց, փոխանցվել է նաև շուրջ 605 հա հողատարածք․«Քանի որ Օլիմպիական կոմիտեն հանդիսանում է իրավաբանական անձանց միավորում, կարծում եմ՝ շահույթ հետապնդելու գործունեություն չպետք է որ իրականացնի։ Այդ իսկ պատճառով, հիմնել է դուստր ձեռնարկություն՝ «Լեռնատուր» ՍՊԸ-ն, որի 50 տոկոս բաժնետերը հենց ինքն է, մյուսի 50 %-ը մինչ վերջերս տնօրինում էր «Հեսպեր Վենչըրս» ընկերությունը, որը գրանցված էր ԱՄՆ-ում։ Չնայած իմ տեղեկություններով՝ վերջին շրջանում ընկերության սեփանակատերը փոխվել է, ֆիզիկական անձ է, որը Կոտայքի մարզի բնակիչ է նաև, Օլիմպիական կոմիտեի նախագահի (Գագիկ Ծառուկյան-հեղ․) մերձավորներից մեկը»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանը։

Մարզպետն ընդգծում է, որ չնայած ճոպանուղին տրամադրվել է Ազգային օլիմպիական կոմիտեին, սակայն հասարակության մոտ թյուրըմբռնում կա, որ այն պատկանում է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին։

Կոտայքի մարզպետը նաև պարզել է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն 2004 թվականից մինչ 2018 թվականի դեկտեմբեր իրեն հանձնված շենք-շինությունների գույքահարկը չի վճարել։

Ռոմանոս Պետրոսյանը դեկտեմբերին պաշտոնական հարցումներ է հղել՝ կոմիտեից հետաքրքրվելով, թե ինչու համայնքին գույքահարկ չեն վճարել, և առհասարակ ինչպես է ճոպանուղին տնօրինում Օլիմպիական կոմիտեն։ Այս գործընթացից հետո Օլիմպիական կոմիտեն Ծաղկաձորի համայնքապետարանին է վճարել 8 միլիոն դրամ գույքահարկ՝ 2012-2018 թվականների վճարը։ Այդ գումարից 3 միլիոն դրամը եղել է գույքահարկը, իսկ 5 միլիոն դրամը՝ չվճարված գույքահարկի տույժ-տուգանքները։

Պետրոսյանը Ծաղկաձորի համայնքապետարանից պարզաբանում է պահաջել՝ ինչու է Օլիմպիական կոմիտեն գույքահարկի վճարները մարել միայն 2012 թվականից սկսած․«Համայնքն էլ Օլիմպիական կոմիտեից է պարզաբանում պահանջել, որտեղից պարզաբանել են, որ մինչ 2008 թվական գույքահարկի վճարները վճարման ենթակա չեն, քանի որ կա օրենսդրական կարգավորում, որով ազատվել են այդ վճարումից, իսկ 2008-2012 թվականների չվճարման հիմքում ինչ-որ ֆիզիկական անձի՝ գույքահարկից ազատման նախադեպ ունեն։ Բայց ասեմ, համայնքը, իմ առաջարկով, պատրաստվում է մտնել դատարան՝ վիճարկելու այդ 2004-2012 թվականների գույքահարկերի վճարման հարցը»,-ասաց մարզպետը:

Մարզպետն ամիսներ առաջ նաև պարզել է, որ տարիներ շարունակ ճոպանուղու տարածքում հերթապահություն է կատարել «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան և բուժանձնակազմը, սակայն ճոպանուղու տնօրինությունն ու Ազգային օլիմպիական կոմիտեն բուժհաստատությանը որևէ վճարում չեն կատարել։

Այս մասին տեղեկանալուց հետո Պետրոսյանը դիմել է ճոպանողու տնօրինությանը՝ առաջարկելով պայմանագիր կնքել «Հրազդան» բժշկական կենտրոնի հետ և սահմանված կարգով վճարում կատարել այդ ծառայության համար։ Սակայն նրա փոխանցմամբ՝ նամակն անպատասխան է մնացել։

«Ասացեք խնդրեմ, եթե Օլիմպիական կոմիտեն և ինչ-որ ընկերություն է տնօրինում ճոպանուղին, նրանք են շահույթ ստանում, ինչու պետք է պետական բուժհաստատության բուժանձնակազմը անվճար հերթապահի այդ տարածքում»,- նշում է Պետրոսյանը։

Կոտայքի մարզպետն այս հարցը քննարկել է նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, առաջարկել՝ հնարավորության դեպքում նախարարության միջոցներից այդ ծառայության համար գումար հատկացնել «Հրազդան» բժշկական կենտրոնին։

«Հրազդան բժշկական կենտրոնի» տնօրեն Լիլիա Կարապետյանը «Հետքի» հետ զրույցում ևս հաստատեց, որ բուժօգնության անձնակազմը տարիներ շարունակ ձմեռային ամիսներին՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, հերթապահություն է կատարել ճոպանուղու տարածքում, սակայն որևէ պայմանագիր և վճարում չի եղել։

Ասաց՝ ինքն այս պաշտոնին է արդեն մեկուկես տարի, և տեղյակ չէ, թե նախկինում նման պայմաններով ինչու է բժշկական կենտրոնը համաձայնել ծառայություն մատուցել․ «Տարիներ շարունակ ճոպանուղու բուժսպասարկումը իրականացրել ենք, որևէ վարձատրություն չի եղել։ Այս տարի առաջին անգամ Ռոմանոս Պետրոսյանը բարձրացրել է հարցը Առողջապահության նախարարությունում, նախարարությունը փոխհատուցել է հունվարից մինչև մարտ ամսվա ծախսերը»,- մեզ հետ զրույցում ասաց Լիլիա Կարապետյանը։

Բժշկական կենտրոնի տնօրենի տեղեկություններով՝ նախկին տնօրենները ևս ճոպանուղու տնօրինությանը առաջարկել են ծառայության համար պայմանագիր կնքել։

Կարապետյանի փոխանցմամբ՝ նախորդ տարվա ձմռանը Կոտայքի մարզպետարանից են ճոպանուղու տարածքում հերթապահություն կատարելու հանձնարարական ստացել։ Ասաց՝ չեն կարողացել մերժել, քանի որ վերադասի հանձնարարական է եղել։

«Հետքին» Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունն այս պահին ճոպանուղում ծավալուն՝ այդ թվում ֆինանսական, ուսումնասիրություն է կատարում։

Նշենք, որ դեռևս մեկ տարի առաջ գրել էինք, որ 2006 թվականից մինչ 2018 թվականն Արտակարգ իրավիճակների նախարարությունը Ծաղկաձորի ճոպանուղու տնօրինությանը չէր կարողանում պարտավորեցնել ճոպանուղու տեխնիկական անվտանգության փորձաքննություն անցկացնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter