
Երևանում կստեղծվի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկ»
Երևանի ավագանու այսօրվա նիստում հաստատվեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկ» ստեղծելու մասին որոշումը: Նիստին զեկույցով հանդես եկավ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
Հիմնարկի նպատակն է Երևանի վարչական տարածքի աղբահանության և սանիտարական մաքրման (ներառյալ՝ ձմեռային ամիսներին) աշխատանքների ապահովումը, քանի որ աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը լիովին չի կատարում պարտավորությունները: Այս որոշման համաձայն՝ քաղաքապետարանը կդառնա աղբահանություն իրականացնող 2-րդ օպերատորը:
Հիմնարկի հիմնական խնդիրներն են հետևել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների պարտադիր և պարբերաբար իրականացմանը, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբի բացասական ներգործության նվազեցմանը և չեզոքացմանը:
Նիստի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանն ասաց, որ հանդիպել է «Սանիթեք»-ի ղեկավարության հետ․ խոսակցության ընթացքում ընկերությունը տեղեկացրել է, որ պայմանագրերի դրույթների խախտումներ են տեղի ունեցել նաև քաղաքապետարանի կողմից:
Հայտարարությանն ի պատասխան՝ Հայկ Մարությանն ասաց. ««Սանիթեք»-ը բազմաթիվ հարցերի մասին է բարձրաձայնում, բայց խորհուրդ կտամ նրան ուղղակի քաղաքը մաքրել: Կարծում եմ՝ չպիտի մենք ասենք, որ խնդիր ունենք աղբահանության հետ կապված, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Սանիթեք» ընկերությունից ոչ մի հղում չենք ստացել, թե քաղաքապետարանի կողմից ինչ պայմանագրային խախտում է արվել: Նրանք նշել են աղբավայրի վիճակի մասին, բայց մեր ղեկավարության ժամանակ դեպի բացասական փոփոխություններ տեղի չեն ունեցել»:
Ըստ Մարությանի՝ երբ իրենք իշխանության գլուխ են եկել, աղբահանության խնդիրը ժառանգություն են ստացել, իսկ հիմա փորձում են բոլոր մանրուքները հաշվի առնելով՝ հասնել խնդիրների լուծմանը:
«Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինե Վարդանյանը քաղաքապետից խնդրեց ներկայացնել «Սանիթեք» ընկերության հետ եղած նամակագրություններն ու պայմանավորվածությունները: «Ասեք՝ ինչի մասին են եղել ձեր քննարկումները, ինչի մասին են եղել 6 ամիս եղած ձեր բանակցությունները, թարգեք էդ մշակույթը, երբ ձյուն է գալիս, ասում եք՝ նախկին իշխանությունից է գալիս: Ամոթ է, 7 ամիս է՝ քաղաքային իշխանություն եք, մի բան էլ դուք արեք»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանն իր ելույթում նշեց, որ «Սանիթեքն» իր գործունեության առաջին տարում իդեալական աշխատանք է տարել, սակայն, ինքը չի հասկանում, թե ինչ պատճառով է դադարել նման աշխատանքը:
Վերջինս հարց ուղղեց, թե ինչ ստանդարտներով պետք է քաղաքապետարանը երկրորդ օպերատորի աշխատանքը վերցնի իր վրա: Մ. Հարությունյանի կարծիքով՝ ավելի լավ է վարձակալությամբ մեքենաներ գնել, հետո նոր հասկանալ, թե ինչպես պետք է աշխատել, քանի որ «ձախողումը թանկ է լինելու»:
Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն էլ նշեց, որ ստեղծվում է ծանրաշարժ մեքենա, որ ճգնաժամային կառավարման համար նախատեսված չէ, և մեքենաները ավելի լավ է տալ նրան, ով կարող է իրականացնել աղբահանության աշխատանքը:
Ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 22-ին:
Մեկնաբանել