
Ներքին «ցեցից» ազատվելու ժամանակը
Լիլիթ Գալստյան
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր
Մեր իրականության որ երեսը բացում ես, ոտնահարված իրավունքների ու արժանապատվության դաշտ է բացվում։ Ցավոք, իրավական ու սոցիալական երկրի մասին դժվար է խոսել, դժվար, որովհետև նույնիսկ օրենքով ամրագրված իրավունքիդ համար պիտի պայքարես ու փորձես ապացուցել, որ սա երկիր ու հայրենիք է, որ իշխանություններն անցողիկ են, հայրենիքն է հավերժական ու մեր բոլորինը։ Մինչ սակավաթիվների համար երկիրը հայրենիք է, որոշների համար՝ բիզնես տարածք։
ՀՀ Ազգային Անվտանգության հայեցակարգում որպես հիմնարար արժեք ամրագրված բարենպաստ միջավայրի ձևավորման հանձնառությունը սոսկ թղթին մնացած ճշմարտություն է։ Նույնքան էլ թղթային ճշմարտություն է Սահմանադրությունը, համաձայն որի՝ Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջական գործող իրավունք։
Երբ Աբովյան փողոցից ապամոնտաժվեցին տաղավարները, շտապեցինք հավատալ, որ վերջապես կհարգվեն մայրաքաղաքի կենսական շահերը, բնապահպանական ու մշակութային խնդիրները։ Թվում էր` Երևանն այլևս այլանդակելու տեղ չուներ, բայց ոչ՝ ինչպես պիտի թողնեին, որ այդ թանկ կտորը` Մաշտոցի պուրակը, մեկ- երկու հոգու բիզնես տարածքը չդառնար։ Այսօր արդեն կատաղի արագությամբ՝ մայրաքաղաքի Գլխավոր հատակագծի խախտումով, կանաչ, հանրային տարածք հանդիսացող գոտում մեկը մյուսին են հաջորդում գավառական շուկայի տաղավարները։
Էս ի՞նչ եք անում։ Այս հարցը հնչեցնում եմ բոլոր երևանցիների անունից։ Ինչո՞ւ եք շարունակում Երևանի Կենտրոնի գերբեռնումը։
Ինչո՞ւ չեք հարգում հանրային կարծիքն ու իրավունքը։ Ինչո՞ւ եք խախտում ՀՀ օրենքներն ու միջազգային համաձայնագրեր։
Ինչո՞ւ չենք առաջնորդվում հանրային շահով ու ամեն անգամ մեկ- երկուսի բիզնես շահը գերադասում քաղաքակիրթ քաղաք ունենալու տեսլականից։
Ո՞ւր մնացին մեր քաղաքային արժանապատվությունն ու մշակույթը։
Մի՞թե այդ թիթեղյա, անշուք տաղավարներն են զարդարելու մեր մայր պողոտան, երբ գրատպության 500-ամյակի ու գրքի մայրաքաղաքի տարում Երևանում երկու-երեք գրախանութ էլ չունենք։ Ինչպե՞ ս կարելի է հանդուրժել Գլխավոր հատակագծի խախտումը։
Այդ ինչո՞ւ «Հին Երևան» նախագծի համար այդպես էլ 10 տարի տեղ չի գտնվում, իսկ տաղավարները կայծակնային արագությամբ տեղադրվում են:
Հարգելի քաղաքապետ, մի՞թե կաշկանդված եք բետոնապատ ու չորացող մայրաքաղաքի կենտրոնում բարեկարգել ու քաղաքին նվիրել քաղաքային մշակույթի մի փոքրիկ, կանաչ տարածք։ Չէ՞ որ ի սկզբանէ այդքան քննադատվող Խորհրդային շրջանում հենց այս նպատակով էր հղացվել պուրակը։
Հարգելի ՀՀ նախագահ, ե՞րբ է գալու Ձեր իսկ հիշատակած «արատավոր կարծրատիպերից հրաժարվելու ու ազգային-պետական մոտեցման սկզբունքների ժամանակը»: Իսկ մինչ կգան այդ ժամանակները, այդ մեր հազարավոր հայրենակիցներ այս ներքին ցեցից ազատվելու միակ միջոցը արտագաղթով են լուծում։
Մեկնաբանել