HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Ջավախյան

Կիկոսի ճառը

Կյանքն ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ սպասում: Բոլորն էլ սպասելիք ունեն, ինչ-որ լավ բանի սպասում: Սակայն լինում է այն՝ ինչ լինում է: Էս վերջերս քանդակագործ Համլետ Մատինյանը մի լուսանկար ցույց տվեց: Կուստուրիցան անգամ այդ մտահղացման համար հոգի կտար: Մինչդեռ, լուսանկարը ստացվել էր ակամա: Համլետը բարեկամներով գնացել էր հորաքույրի թաղմանը՝ ութսունն անց մի կնոջ, ով առոք-փառոք իր մահկանացուն էր կնքել զավակների ձեռքերին: Թաղումը հավուր պատշաճի կատարել էին, հոգեհանգստի հաց տվել, մեկ էլ, թե ում մտքով էր անցել՝ առաջարկել էր բարեկամովի նկարվել: Ասել էր, Աստված գիտի էսպես կուռտում մին էլ երբ պիտի հանդիպենք: Լուսանկարվել էին, անմահացել հանգուցյալի նկարի մասնակցությամբ: Համոյի հետ մեկիկ-մեկիկ նայում էի հուղարկավորողներին: Փակ բերան չգտանք: Բոլորը ծիծաղում էին, ով էլ չէր ծիծաղում, շուրթերը մինչև ականջները ձգած ժպտում էր: Իսկ նրանց մեջտեղը հանգուցյալի սև շրջանակի մեջ շուրջառված մեծ նկարն էր՝ աջ անկյունում սգո եռանկյունի կազմած՝ ներքնաձիգ սև ժապավենով: Այնտեղ որտեղ մահն էր, նաև կյանքն էր՝ բերանբաց: Դա կյանքի ու մահվան կռիվ չէր, այլ ընդամենը երկուսի ներդաշնակ հանդիպում: Սև շրջանակ, լուսավոր ժպիտ ու ծիծաղ… Ամեն ինչ առջևում էր: Իսկ աշխարհի բոլոր ժամացույցները՝ թիկ-թակ, թիկ-թակ… մեր օրերը, ժամերն ու վայրկյաններն էին հաշվում: Ամենևին էլ մենք միտված չենք գահավիժելու… Մենք սպասում ունենք՝ առավել քան մահն է… Այդ հույսով, հավատով սպասում ենք, քանզի և առավոտն է լուսո, և արեգակն  արդար… Երնեկ նրան՝ ով մի կտոր հացի սպասումով չի քնում և աևթնանում:  Հայրենական պատերազմի ցուրտ ու մութ, քաղցի տարիներին Համոյի էդ հանգուցյալ հորաքույրը կռվի դաշտում ամուսնուն կորցրած, միսն ատամով բռնած, ճգնում էր լույս օրվան հասցնել եթում մնացած իր չորս երեխաներին: Էդ օրը չգիտեմ՝ որդիան՝ որդի մի բուխանկա հաց էր ճարել: Ունգլուկի փեշի մեջ փաթաթած տուն էր հասցրել ու երեխաներից թաքուն պահ տվել սնդուկին: Բա որ էդ օրը ուտացներ, վաղն ի՞նչ էր տալու…  Հլա որ՝ հույս էր տվել: Ասել էր.

- Էրեխեք ջան, լիսը որ բացվեց՝ հաց տիք ուտիլ…

Էդ հույսով ու հավատով էլ էրեխանցը տեղաշորն էր արել: Ոնց որ քնել էին: Պուճուրը, որ շատ էր քաղցած ու շատ էլ անհամբեր էր, ակամայից, գիշերը կարճելու հնարը գտել էր: Ստամեռնուկի էր տվել, «քնել», «քնել», մեկ էլ աչքերը ճպճպացնելով բացել՝ տեղից վեր թռել ու թե՝

- Վի՜…  լիսը բացվել ա՝ հաց տինք ուտիլ…

Ես հեռվից եմ գալիս՝ Լոռվա խոր ձորից: Մինչ ես դպրոցն էի ավարտում՝ մայրս եղբորս որոշել էր ռուսական կրթության տալ: Երկու ձեռքերը բռնցքած, կռթնել էր առջևը կուռկուռի ձագի պես խեղճացած եղբորս վրա ու գոռում էր.

- Ռաֆիկ, պիշի պյետ…

Եղբայրս էդպես էլ չիմացավ՝ «պյետն» ինչ է: Մորս մուրազը փորում մնաց: Իր էրեխեն ումի՞ց էր պակաս… Որոշել էր իր կրտսեր զավակին ռուսական տալ, որ ջոջերի էրեխանցից չտարբերվի: Բայց իր ռուսերենն ու ջոջերի ռուսերենն իրար չէին բռնում: Մորս իղձը, մուրազը, հույսն ու հավատը ես մնացի, որ աշխարհիկ վայելքներից ձեռքերը կապկպոտած, գրքերի թերթերը լեզվով թերթելով՝ առաջ էր գնում: Անուրալի է մորս դերը կայացմանս գործում: Իմ գրականությունը ողողված է մորս նկատմամբ որդիական սիրով: Մայրս ինձ ծնեց, հետո՝ ես իրեն ծնեցի… Մեր աշխարհում մի սար կա, որին Սուրբ Լիս են ասում: Էդ սարից իջաց մի պտղունց ճրագ էի: Մայրս ձեռքերը գորովանքով տարածած՝ զեփյուռից, սյուքից, քամուց, բքից ու խորշակից պատսպարելով՝ պաշտպանեց, պահպանեց, էսօրվան հասցրեց  իր հոգու լույս նշխարը: Իմ գիրն էդ պայծառ շաղախով է արված,  որ ծեփում եմ գրքերիս պատերին: Մորս կաթի հետ ես շատ բան ստացա. մեր սարերի փարթամ կրծքերի թումբ-թումբ ուրձի պտուկների բուրմունքը ըմբոշխնեցի, պաղ ակունքների զուլալ ջրերով պարզաջրվեցի, թավ անտառների զովությամբ խնկարկվեցի ու կանաչ սարերի վիթխարի բարձրությամբ Աստծո մոտիկությունը վայելեցի: Շատ մեծացա: Եվ ոչ միայն տարիքով: Ինձ մեծ գրող են ասում: Մտքով էլ մեծացա՝ մեծամտացա: Մեծ եմ, մեծ, ուզածս էլ շատ ա, շատ ու շատ… Մեր գեղումն ասում են՝ վենձը իշինն ա… Շատն էլ, ասում են, գոմշի թրիքն ա… Մոլորվել եմ, որ կողմը գնամ… Էդպես էլ չկողմնորոշված՝ թեկնածությունս առաջադրեցիի ՀՀ Նախագահի մրցանակաբաշխությունում: Ներքուստ զգում եմ, որ էդ մրցանակն իմը պտի լինի: Քանզի հասունացել եմ, ոնց ոչ ծառի ճյուղին դեղնած մալաչա տանձը: Քաղելու ժամանակն է: Թե չէ՝ կկաթի… Զգում եմ, հոգով, մարմնով և սրտի դողով: Ճակատագիրն ինձ չի ների, եթե չկատարվի այն ինչ պիտի կատարվի: Սիրտս էլ մի այլ բան էլ է գուշակում: Գիտեմ, իմ հաղթանակից շատերը կվատանան, ոմանք էլ չկամությունից ու նախանձից կոբրա օձի պես թույն կժայթքեն, օդը կապականեն,հոգիները կպղտորեն ու վայելքս հարամ կանեն: Օրն ի բուն կբամբասեն, բաղձալով՝ գործից, հարգանքից, պատվից գցել ու ինձ փիլոնազուրկ անել: Միայն Վերնիսաժն ու առևտրական  գործունեությունս լի ու լի բավարար է, որ անհամ բամբասանքը նրանց համար ճոխ կերակուր դառնա: Սրճարանում նստած օղի էինք խմում: Իմ պատմվածքներն էին գովում: Մեջները մի ճանաչված դերասան կար՝ ում նույնիսկ թատրոն էին սեփանակաշնորհել: Ծանր ու մեծ բաժակ բարձրացրեց: Կարծում էի հիմա էլ ինձ գովաբանելու հերթն իրենն է: Սխալվել էի: Սիրված արտիստը որոշել էր օրիգինալ երևալ: Ասաց.

- Դու Վերնիսաժում մատանի չե՞ս վաճառում…

- Այո, - ասացի:

Ասաց.

- Դե, քո գործով զբաղվի՝ գրելը քո ի՞նչ խելքի բանն ա…

Էլ էն տեղը չէր: Պտի ասեի.

- Դու էլ պակաս առևտրական չես, -ասի,- թե ես մի մատանի եմ ծախում՝ դու մի ամբողջ թատրոն ծախեցիր…

Իրեն շնորհված թատրոնի տարածքը, թարսի պես, հենց էդ օրերին էր վաճառել: Ինչ արած, ես էլ մանրածախ առևտրով եմ զբաղվում, վաճառում եմ՝ մատնիք, ուլունք, ապարանջան… Միայն թե՝ հոգիս չծախեմ… Ինձ ոչինչ և ոչինչ հեշտ չի տրվել: Տրվածն էլ երբեմն ուզում եմ ետ տալ: Որ ասում են՝ շաշ եմ, շաշ եմ էլի…  Իզուր չի, որ գրավաճառ Աշոտն ասում է՝ էստեղ սաղ գիժ են: Ասում ա, ախպեր, ես էլ եմ գիժ, բայց իմ թուղթը չի անցնում… Աշոտը, որ գիժ է, ես էլ շաշ եմ ու շաշ… Գլխովս մի շաշ միտք է անցնում: Սատանեն ասում ա, Լևոն, վեր կաց ու էդ մրցանակից հրաժարվի: Էս թամամ թե՝ եղավ Կիկոսի պատմությունը: Մրցանակային հանձնաժողովը դեռ որոշումը չընդունած, քիչ ա մտածում եմ մրցանակն իմն է, հլա դեռ մտածում եմ նաև դրանից հրաժարվելու մասին… Ասենք թե հրաժարվեցի. պատկերացնու՞մ եք, թե թշնամիներիս մատը որդի կմնա… Մոտավորապես, Տռթմանանց Գիքոյի մատնանշած տեղը: Երկրորդ համաշխարհային պատերազմ ավարտն էր: Կորեայում դրությունը դեռ լուրջ էր: Նոր համաշխարհային պատերազմ էր սպառնում: Գիքոն եկել էր Մանես, այսինքն, շրջկենտրոն: Մեկ էլ, տեսնում է մի հոծ բազմություն՝ լեռան լանջն ընկած, փորում է, ո՜նց է փորում… Ասում ա.

- Տղերք, էս ի՞նչ բանի եք…

Ասում են.

- Գազապաստարան ենք շինում…

Ասում ա.

- Ադա,  գազապաստարանն ի՞նչ ա…

Ասում են.

- Էն ա, -ասում են,- որ ռումբ գցեն, կամ էլ՝  թունավոր գազեր բաց թողնեն, ժողովուրդը պատսպարվելու տեղ ունենա…

Գիքոն ասելիքը մոռանում է: Բայց Տռթմանանց Գիքոն Գիքո չէր լինի, եթե պատասխանը չգտներ. մեկ էդ քրքրված լեռին է նայում,  մեկ էդ քարերը կրծող քրտնամխած բանվորներին, մեկ էլ իրենցից գոհ նրանց պեծկլտացող աչքերին ու բարձր, որ լսեն, ինքն իրեն ասում.

- Էռնակ կռիվ չըլնի՝ սրանց մատները ոռներումը մնա…

Անգումը չլինի՝ տանգումը կլինի: Ինչքան չլինի՝ ես էլ եմ էդ շաշաստանից. ի՞նչ անեմ, սատանին լսե՞մ… Բա, փառքը՜, բա, փողը՜… Հատկապես՝ փողը…  Քիչ չէ, տաս հազար դոլարին համարժեք դրամ են տալու… Նապոլեոնն է փողի մասին ասել՝ դու աստված չես, բայց աստծուց էլ պակաս չես: Ես երդմնազանց չեմ՝ երկուսին էլ ընդունում եմ:  Ոչ դրանից հրաժարվելու կարողությունն ունեմ, ոչ էլ գայթակղությանը կուլ գնալու դուխը:  Շաշաշվիլին էլ ո՞նց է լինում՝ էն էլ Շնող գեղից: Ինձ և փառք է պետք, և փող, և պատիվ: Դրանից բացի լեռան տակ փորողների նման մի քլունգ էլ ինձ է պետք, որ քլնգելով՝ առաջ գնամ: Ասենք, իմ գրիչն էլ պակաս քլունգ չէ. ինչքա՜ն ավազակապետերի ու կեղեքիչների տակ ա փորե՜լ… Թող էսօր էլ չփորի՝ ճամփա բացի: Բայց Հանրապետության նախագահի մրցանակին հո՞ դատարկ ձեռքով չպիտի մոտենամ… Կիկոս եմ, Կիկո՛ս, մի Կիկոս էլ ես եմ, էլի՛… Նրա երևակայությունից, հունարից ու կարողությունից, պիտի որ, մի քիչ ես ունենամ: Մարդ կա՝ տալիս է իրեն լավ զգում, մարդ էլ կա՝ վերցնելիս: Ես ունիվերսալ եմ՝ և տալիս եմ լավ զգում, և վերցնելիս: Հիմա որ չվերցնեմ՝ անունն ինչ դնեմ…  Ձուկը ջրում՝ բախտ եմ որոշում… Բա որ չտա՞ն… Ձկին էլի պրծում կա, իսկ ի՞նձ… Թե փրկեց, էլի հավատը կփրկի: Իմ հավատը մեծ է: Փրկվում է նա, ով իր ստին հավատում է:  Իսկը ճառ գրելու ժամանակն է:  Նույնիսկ իմ Նոբելյան ճառն եմ գրել, որ գրել ու իննը տարի առաջ «Առավոտ»-ում տպագրել եմ, ուր մնաց, թե հայրենիքի բարձրագույն մրցանակն անճառելի թողնեմ: Դեռ որքա՜ն պայծառ ճառեր պիտի գրվեն, որ չգրվեցին այս քարքարոտ երկրում… Սպասումներս ճառելի են ու անճառելի: Մնում է մի փոքրիկ հանգամանք՝ մրցանակը:  Կարևորն արված է: Այն ինչ գրել եմ, գրել եմ հոգովս, սրտովս, մարմնովս: Թղթի վրա, սոսկ գիչս է երթևեկել: Եվս մի փոքրիկ ճիգ, և ես կհայտնվեմ փառքի կատարին, այնտեղ, որտեղ թվում է, թե իսկապես մեծ ես ու մարդիկ աչքերիդ մրջյունի մեծությամբ են երևում; Եվ այսպես, Ձեզ եմ ներկայացնում ՀՀ նախագահի՝ գեղարվեստական գրականության բնագավառում մրցանակ ստանալու կապակցությամբ գրված  ճառը, որ կազմ ու պատրաստ սպասում է ապագա դափնեկրի արտասանությանը.

«Մեծարգո նախագահ

Մեծարգո վարչապետ

Հարգարժան ներկաներ

Ես Ձեր առջև կանգնած եմ ոչ որպես առանձնաշնորհ գրող, այլ որպես Ազատ Անկախ Հայաստանի արժանապատիվ քաղաքացի, մեկն այն շարքային քաղաքացիներից, ում Ստալինը փաղաքշանքով «վինտիկ» էր անվանում: Նրանց ուսերին էր բարձրանում պետական հսկայածավալ բուրգն և պատերազմի տառապանքի ողջ բեռը: Կրեմլի սյունազարդ դահլիճում մեծ բռնակալը հաղթանակի գործում բջիջ առ բջիջ կարևորում էր հասարակ քաղաքացու դերը, բայց և այնպես, հաղթանակը նշում մարշալների և գեներալների շրջապատում, ինչպես ես եմ իմ մրցանակը վայելում պետական բարձրաստիճան պաշտոնյանների միջավայրում: Այնուամենայնիվ, պետության հիմքում հասարակ մարդը լոկ պտուտակ չէ, այլ քաղաքացիական հասարակայնության իրական հիմքը՝ արժանապատիվ քաղաքացի: Հայնրիխ Հայնեն ասում էր՝ ամեն մարդ մի աշխարհ է: Ես այդ աշխարհի կողմնակիցն եմ: Ես այդ աշխարհից եմ գալիս: Իմ գրքերը թերթ առ թերթ հեղեղված են մեծ աշխարհի մարդկանցով: Այնտեղ իմ տիեզերքն է: Եվ ես ուրախ եմ, որ այն գնահատված է: Շնորհակալ եմ ՀՀ նախագահից պատմվածքներիս ժողովածուն բարձր պատվի արժանացնելու կապակցությամբ, ստեղծագործական աշխատանքները գնահատող պատվարժան հանձնաժողովից, բազամահազար ընթերցողներից, իմ համար բոլոր ուրախացողներից ու չուրախացողներից, և նաև «Հայկական ժամանակ» ու «Հրապարակ» օրաթերթերից՝ պատմվածքներս հանրայնացնելու համար, և իհարկե Ավետիս Բերբերյանից, գրեթե բոլոր գրքերիս տպագրությունը անշահախնդիր հովանավորելու համար: Իմ ստեղծածում ամենամեծ հայտնագործությունը, որ արել եմ, դա կյանքն է: Առաջ հենց այնպես ապրում էի, իսկ հիմա գիտեմ, որ ապրում եմ: Ես կում առ կում խմվող ջրի նման, մանրամասն, վայելում եմ այն: Կուզեի, որ պետական համակարգը ոչ թե խաթարի ապրելու մարդկային կենսական իրավունքն, այլ ընդհակառակը, խթանի և ուղիներ հարթի կյանքի բազմակողմանի դրսևորումների համար: Իմ գիրն էլ կյանքի մի փոքրիկ պատառիկ է, որտեղ փորձել եմ սովորական օրը ընթերցողի համար հոգևոր խրախճանք դարձնել: Այսօր քան երբեք կարևոր է Տերյանի երազած հոգևոր Հայաստանի կայացումը: Մեր հզոր արքան եղել է Տիգրան մեծը: Սակայն մենք ի՞նչ ժառանգեցինք Արտաշեսյան հզորագույն դինաստիայից: Ու՞ր է դարեդար հորջորջված ծովից ծով Հայաստանը: Ինձ համար կարևորագույն պետական գործիչը Արշակունյաց Վռամշապուհ թագավորն է: Նա, ով քսանմեկ տարի խաղաղ թագավորեց ու մեր լեռնաշխարհում դարավոր կյանքի համար լուսեղեն վեմ բարձրացրեց, Նա, որին մեր օրերում շատ համարեցին մի փողոցի անվանումն անգամ ու իր անունով վերանվանված Ամիրյան պողոտան կրկին թողեցին՝ բոլշևիկյան: Մինչդեռ, էսօր էլ մենք ապրում ենք Նրա ողորմած ժառանգությամբ՝ մեսրոպյան գրով ու գրականությամբ, իր իսկ խնկարկած ոսկե դարով և մշակույթային երևելի գործիչներով: Եկեղեցու կողմից սրբադասվեցին այդ ժամանակաշրջանի հոգևոր գործիչները՝ Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևն և այլք, իսկ Վռամշապուհ արքան պատմության քառուղիներում անտեր մնաց, թեև նրա կամոք և ցանկությամբ դրվեցին Հոգևոր Հայաստանի հիմքերը: Պետությունը պարտավոր է տեր դառնալ իր գործիչներին, այնպես ինչպես եկեղեցին է իր սրբերին երկրպագում: Ես բաղձում եմ ապրել, արարել մի երկրում, որը լինելու է առաջադեմ, զարգացած, լուսավոր և պայծառ, իսկապես, Հոգևոր Հայաստան: Պատմահոր պես ես ևս ուզում եմ տեսնել Վեհագույնը՝ և ոչ միայն հյուսիսային ազգերի մեջ, այլև համայն աշխարհում, երկիրն այն, որ շարունակվելու է կոչվել Հայաստան…»

10.6.19թ.

ՀՀ նախագահի նստավայր

լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter