HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արվեստաբանները երիտասարդներին ընդունելու համար նոր հաստիքներ չեն կարողանում բացել

Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար պարտադիր ուղղություններից է Գառնու հեթանոսական տաճարը: Գուցե քչերը գիտեն, որ 1679-ի երկրաշարժի հետեւանքով խոնարհված տաճարը վերականգնել են Արվեստի ինստիտուտի աշխատակիցները: Սա 61-ամյա գիտական կառույցի նվաճումներից մեկն է համարվում:

ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանը, ով 2003-ից ինստիտուտի տնօրենն է, ասում է, որ քանդված հուշարձան վերականգնելիս չգրված օրենք կա՝ եթե այն 17 տոկոսից պակաս է պահպանվել, չի խրախուսվում վերականգնել, ավելի նպատակահարմար է կոնսերվացնել, որ հնության շունչ լինի: Գառնու տաճարը 17 տոկոսից պակաս էր պահպանվել, սակայն բոլոր հիմքերը կային ճիշտ վերականգնելու համար: Ինստիտուտի առաջատար մասնագետ, ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանը գիտական հիմնավորումներով, նախագծերով կազմակերպել ու ղեկավարել է տաճարի վերականգնումը 1968-1975 թթ.: Ճարտարապետն այդ աշխատանքի համար պետական մրցանակ է ստացել:

*Քարտեզի վրա նշված են ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտները: Սեղմելով նշանների վրա՝ կարող եք տեսնել տվյալ ինստիտուտի անունն ու դրան վերաբերող «Հետքի» հոդվածի կարճ հղումը: 

Արվեստի տարբեր ճյուղերը՝ մեկ հարկի տակ

Դեռ 1943-ին ստեղծված Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի կազմում կար արվեստի պատմության բաժին կամ սեկտոր: Ակադեմիայի կազմում գործում էր նաեւ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական գիտահետազոտական կաբինետը, որը հետո դարձավ երաժշտության պատմության, ապա նաեւ տեսության սեկտոր: Վերջինիս բազայի վրա 1948-ին հիմնվել է արվեստների պատմության ու տեսության սեկտորը, որը 1949-51 թթ. ղեկավարել է Մարտիրոս Սարյանը: 1953-ին սեկտորն ընդգրկվել է Գրականության ինստիտուտի կազմ, ինչի արդյունքում վերջինս վերանվանվել է՝ դառնալով Գրականության եւ արվեստի ինստիտուտ: Սակայն մի քանի տարի անց որոշվել է արվեստն առանձնացնել գրականությունից, եւ 1958-ին ստեղծվել է Արվեստի ինստիտուտը, որի առաջին տնօրենն անվանի գրականագետ, թատերագետ Ռուբեն Զարյանն էր:

068A7027.jpg (97 KB)

Այսօր ԱԻ-ն միակ հաստատությունն է Հայաստանում, որ գիտականորեն ուսումնասիրում է հայ արվեստի բոլոր ճյուղերի պատմությունը: Այն ներկայում ունի հետեւյալ բաժինները՝ երաժշտության, ճարտարապետության, թատրոնի, կերպարվեստի, ժողովրդական երաժշտության, սփյուռքահայ արվեստի եւ միջազգային կապերի:

068A7105.jpg (96 KB)

Հաստատությունն ունի նաեւ գրադարանային, ձայնադարանային եւ արխիվային միավորներ, որոնցից հետաքրքիր է հատկապես Ռ. Զարյանի հիմնադրած եւ նրա անունը կրող շեքսպիրագիտական կաբինետ-գրադարանը: Ա. Աղասյանն ասում է, որ թեեւ մասնագետները քչացել են, գրադարանը շարունակում է գործել: Այն ունի ավելի քան երեք հազար կտոր գիրք աշխարհի 35 լեզուներով:

068A7003.jpg (136 KB)

Շեքսպիրագիտական գրադարանի վարիչ Վարդուհի Բուլությանը

Պրոֆեսոր Աղասյանի փոխանցմամբ՝ ինստիտուտի «ոսկեդարը» 1970-80-ական թվականներն էին, երբ այստեղ կազմակերպվել է 5 միջազգային սիմպոզիում, որոնց մասնակցել են հյուրեր աշխարհի 50 երկրներից: «Հետքի» զրուցակցի խոսքով՝ այդ սիմպոզիումները խթան էին, որ հայ արվեստը միջազգայնացվեր: Այդուհանդերձ, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա օտարերկրացիներին հատկապես հետաքրքրում է հայ միջնադարյան արվեստը:

Տնօրենն ԱԻ-ի ձեռքբերում է համարում հրատարակված հարյուրավոր գրքերը, մենախոսությունները, հոդվածները: Հաստատությունը տարեկան միջինը 15 գիրք ու հարյուրավոր հոդվածներ է հրատարակում: Ըստ Ա. Աղասյանի՝ 1990-ականներին հրատարակչական գործը կոլապսի մեջ էր, ու գիրքը տպագրելն ինքնին առանձնահատուկ երեւույթ էր: Ակտիվ տպագրական աշխատանքն սկսվել է 2000-ականներից, ինչը հիմնականում պետպատվերով է արվում, մասամբ՝ հովանավորների, երբեմն՝ հեղինակի անձնական գումարների հաշվին:

068A7055.jpg (147 KB)

Ինստիտուտի աշխատությունների թվում են հայ դասականների ժառանգության հրատարակությունները, ինչպես, օրինակ, Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտական ժառանգության բազմահատորյակը՝ նոտաներով, ծանոթագրություններով, Կոմիտասի ժառանգության 14-հատորյակը: Արվեստի բոլոր ճյուղերի ուղղությամբ ինստիտուտում լուրջ աշխատանք է կատարվել: Արդեն պատրաստ է հայկական ճարտարապետության պատմության 6-հատորյակը. 3 հատորը հրատարակվել է, մյուսներն էլ ընթացքի մեջ են: Առանձին հպարտություն է ժողովրդական երաժշտության բաժնի ձայնադարանը, որտեղ դեռ 1920-ականներին կատարված գիտարշավներից մնացած ձայնագրություններ կան: Հավաքված նյութերի հիման վրա հրատարակվել է հայ ավանդական երաժշտության 13 հատոր՝ նոտաներով, տեքստերով: Այսօր դրանք մեծ պահանջարկ ունեն ժողերգեր կատարող խմբերի շրջանում, որոնք ինստիտուտից խնդրում են տրամադրել երգերը՝ հնչեցնելու համար:

068A7073.jpg (132 KB)

Վերադառնալով 1990-ականներին՝ Արարատ Աղասյանը նշում է, որ դրանք ոչ միայն իրենց, այլեւ ամբողջ ակադեմիայի համար էին գոյատեւման տարիներ. ուղղակի լուծվում էր ինստիտուտի պահպանման խնդիրը, քանի որ այն ժամանակ էլ խոսակցություններ կային ԳԱԱ-ն լուծարելու, գիտական ինստիտուտները բուհերին միացնելու մասին: Բայց, ըստ գիտնականի, իշխանությունները գիտակցեցին, որ ակադեմիան չի կարող չլինել, քանզի Հայաստանում գիտությունը կենտրոնացած է հենց ակադեմիայում՝ ի տարբերություն այնպիսի երկրների, որտեղ համալսարաններում գործում են ինստիտուտներ, բյուրոներ: Իսկ հայկական ակադեմիական մոդելը վերցված է Ռուսաստանից, որն էլ իր հերթին վերցրել է Գերմանիայից:

Պրոֆեսոր Աղասյանը կողմ է, որ գիտությունը լինի ակադեմիայում: Ասում է, թե գուցե կարելի է ինչ-որ ուղղություններից հրաժարվել, սակայն հայագիտությունն այնպիսի ճյուղ է, որ կարող է զարգանալ միայն Հայաստանում: Սփյուռքից բերում է Վենետիկի ու Վիեննայի Մխիթարյանների օրինակը, սակայն նկատում է, որ դրանցում էլ մարում կա: Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանում հայագիտության զարգացմանն այլընտրանք չկա, իսկ դրա համար պետք է, որ հայագիտական ուղղություններում լինեն խրախուսումներ, ինչպիսին է աշխատավարձերի բարձրացումը:

Կադրեր կան, բայց չկա հաստիք

Երբ 1978-ին Արարատ Աղասյանն աշխատանքի էր անցել ինստիտուտում, ԱԻ-ն 125 աշխատակից ուներ, հիմա ընդհանուր կազմը 70 է, որից 10-ը տեխնիկական աշխատողներն են, մյուսները՝ գիտական: Տնօրենն ասում է, որ չեն կարողանում նոր կադրեր ընդգրկել, քանի որ ֆինանսավորումը բավարար չէ: Այսինքն՝ եթե ակադեմիայի շատ այլ ինստիտուներում ներհոսք չկա տվյալ ոլորտում կադրերի սակավության պատճառով, ապա արվեստում խնդիրը հաստիքի պակասն է, ինչն էլ ֆինանսական սուղ կարողությունների հետեւանք է:   

068A6985-2.jpg (58 KB)

ԱԻ-ում աշխատողների 20-25 տոկոսն է երիտասարդ, բայց, տնօրենի փոխանցմամբ, այդ սերունդն էլ աստիճանաբար անցնում է միջին տարիքի (գիտության մեջ երիտասարդ են համարվում մինչեւ 35 տարեկանները), իսկ նոր երիտասարդների ընդունելու համար կա՛մ պետք է սպասել, որ աշխատողներից մեկն ազատման դիմում գրի ու հեռանա, կա՛մ ինչ-որ մեկը մահանա: Նոր հաստիքներ չեն բացվում, որովհետեւ բազային ֆինանսավորումը չի հերիքում: Ա. Աղասյանը նշում է, որ մի տասը տարի առաջ նման հնարավորություն կար, քանի որ տարբեր ծախսերը կրճատելով՝ ավելացրել էին աշխատավարձերը: 2004-ին ԱԻ-ում ստեղծվել է երիտասարդ արվեստաբանների խորհուրդ: Ինստիտուտը 12 երիտասարդական գիտաժողով է կազմակերպել, որոնց մասնակցել են արվեստաբաններ ոչ միայն ԱԻ-ից, այլեւ ամբողջ հանրապետությունից: Միջոցների սղության պատճառով այդ դրական ընթացքը չի շարունակվել: Ըստ տնօրենի՝ եթե ԱԻ-ում տարեկան 1-2 նոր հաստիք բացվի, շատ հարցեր կկարգավորեն:

068A7038.jpg (116 KB)

Նաեւ նկատում է, որ կենսաթոշակային տարիքի հասած գիտնականներին չի կարելի մեխանիկորեն ազատել աշխատանքից, քանի որ նրանք արդյունք են տալիս, 80-ն անց գիտնականներ ունեն, որ գիտական ավելի լավ արդյունք են տալիս, քան միջին տարիքի կամ երիտասարդ աշխատողները: Աղասյանի բնորոշմամբ՝ գիտությունը բալետ կամ սպորտ չէ, որ տարիքի գործոնով առաջնորդվես, բացի դրանից՝ կա նաեւ սոցիալական խնդիր ու հոգեբանական պահ:

Ինստիտուտում առաջնահերթը բազային ֆինանսավորման ավելացումն է, ինչով էլ պայմանավորված է մյուս խնդիրների լուծումը: Ահա 2012-2017 թթ. ԱԻ-ի ֆինանսավորումը պետբյուջեից (տվյալները վերցված են բյուջեի մասին օրենքների հավելվածներից):

ԱԻ
Infogram

Ցածր աշխատավարձի պայմաններում ինստիտուտի աշխատակիցների 70 տոկոսը դասավանդում է: Մի կողմից՝ դասախոսությունը ժամանակատար է, մյուս կողմից՝ այն մասնագիտական պրոցես է, ինչն օգնում է նաեւ բուհերի համար ձեռնարկներ պատրաստելուն: Մեծ պահանջարկ ունեն այստեղ աշխատող ճարտարապետները, որոնք տրամաբանորեն նախընտրում են լավ վարձատրությամբ տարբեր նախագծեր իրականացնել, քան թե ցածր աշխատավարձով, ասենք, նստել-գործ անել արխիվներում: Պրոֆեսոր Աղասյանը նշում է, որ բոլոր դեպքերում եթե գիտնականն այլ բնագավառում է սկսում աշխատել, ապա ամբողջությամբ չի կարող կենտրոնանալ գիտության վրա, վերջինս նրա համար, ըստ էության, դառնում է հոբբի, ինչն ընդունելի չէ: Մյուս կողմից՝ որպեսզի գիտնականը միայն գիտությամբ զբաղվի, աշխատավարձերը պետք է բարձրացվեն:

ԱԻ-ում արտաբյուջետային գումարներով միջանցքներն ու մասամբ պատուհաններն են թարմացրել, 10-12 փոքր սենյակ են վերանորոգել հովանավորների միջոցով, սակայն նախեւառաջ վերանորոգման կարիք ունի 1972-ին կառուցված ամբողջ շենքը (ԳԱԱ նախագահության հարեւանությամբ է), որում գտնվում է ոչ միայն ԱԻ-ն, այլեւ, մասնավորապես, Պատմության եւ Արեւելագիտության ինստիտուտները:

Ատենախոսություն են պաշտպանում նաեւ իրանցիները

Ինստիտուտում 1995-ից գործում է ՀՀ-ում արվեստագիտության բնագավառի միակ մասնագիտական խորհուրդը, որի առաջ ատենախոսություններ են պաշտպանում ապագա թեկնածուներն ու դոկտորները: Տնօրենը պատմում է, որ վերջերս նաեւ Իրանից էին եկել՝ թեկնածուական պաշտպանելու: Ընդ որում՝ պարտադիր չէ, որ իրանցի ասպիրանտների թեմատիկան կապվի հայ արվեստի հետ, նրանք կարող են ընտրել զուտ իրանական թեմա, որն իրենց երկրում չի ուսումնասիրվել: Բայց, որպես կանոն, առաջարկվում է ուսումնասիրել հայ-իրականական մշակութային առնչությունները:

068A7099.jpg (120 KB)

Արվեստաբանական գրադարանի վարիչ Գայանե Մեկբեկյանը

Ինչ վերաբերում է հայ մասնագետներին, ապա, չնայած ԱԻ-ն կենտրոնացած է հայ արվեստի վրա, այստեղ չի արգելվում այլ երկրների արվեստի թեմաներով ատենախոսություն պաշտպանելը, բայց նաեւ չի խրախուսվում: Սա Ա. Աղասյանը պատճառաբանում է նրանով, որ նույն հայ արվեստի պատմության մեջ ահագին չուսումնասիրված խնդիրներ կան, նաեւ ուսումնասիրողների պակաս կա: Օրինակ՝ քիչ են Ուրարտուով զբաղվող արվեստաբանները, ինչը չի կարելի ասել պատմաբանների կամ հնագետների մասին, հնագույն շրջանի կիրառական արվեստը, գորգը քիչ թե շատ ուսումնասիրողներ կան, բայց խեցեգործությունը, փայտի գեղարվեստական մշակույթը, մետաղի, ապակու, դիզայնի գծով մասնագետներ չկան: Այս բնագավառներն, ըստ Արարատ Աղասյանի, անտեսված են մնում, քանի որ հիմնականում հետաքրքրությունը մեծ է հայ միջնադարյան կերպարվեստի եւ ճարտարապետության նկատմամբ, որն առավել հայտնի է աշխարհում:

Ինստիտուտը շուտով նոր հանդես կունենա

ԱԻ-ն պայմանագրեր ունի Մոսկվայի շինարարության եւ ճարտարապետության ինստիտուտի ու Արվեստաբանության պետական ինստիտուտի (Մոսկվա) հետ: Հայկական գիտական հիմնարկի հետ վերջերս ցանկացել է համագործակցել չինական Նանկին քաղաքի Նորմալ համալսարանը: Այժմ երկու կողմերը մտածում են համագործակցության եղանակների մասին: ԱԻ-ի գիտաշխատողները Եվրոպայում ու Ռուսաստանում պարբերաբար մասնակցում են աշխատաժողովների ու գիտաժողովների: Դրանց օգտակարությունը փորձի փոխանակումն ու գիտական մտքի ընդլայնումն է:

068A7127.jpg (220 KB)

2009-2014 թթ. ինստիտուտը հրատարակել է «Հայ արվեստի հարցեր» տարեգիրքը, որի տպագրությունը դադարեցնելուց հետո ստանձնել է «Կանթեղ» հանդեսի հրատարակումը, որը մինչ այդ թողարկվում էր ԲՈՀ-ի (այժմ՝ ԲՈԿ, բարձրագույն որակավորման կոմիտե) կողմից: «Կանթեղում» ամենամեծ բաժինը արվեստաբաններինն է, սակայն հոդվածներ են տպագրում նաեւ պատմաբանները, հնագետները, լեզվաբանները եւ այլոք: Ա. Աղասյանը նշում է, որ ԲՈԿ-ի ներկա նախագահ Սմբատ Գոգյանն իրենց առաջարկել է հրատարակել առանձին մասնագիտական հանդես: Դրա անունը դեռ չեն որոշել, բայց մտադիր են խիստ պահանջներ սահմանել, որպեսզի դարձնեն միջազգային հանդես՝ ներգրավելով նաեւ օտարերկրյա գիտնականների:  

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter