HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Վարչապետն ինչպես որոշի, այնպես կլինի». Արգիշտի Քյարամյանը չբացառեց, որ կարող է նշանակվել ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանը հերքում է լուրն այն մասին, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ քավոր–սանիկական հարաբերություններ ունի։

«Ես որևէ մեկի հետ իմ արյունակցական, ազգակցական, քավոր–սանիկական, ընկերական կապերից չեմ ամաչում և երբևէ թաքցնելու առիթ չեմ ունեցել, բարոյական էլ չեմ համարում նման կապերը թաքցնելը կամ որևէ կերպ խուսափելը դրանցից։ Ես ինքս փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ ունեմ պարոն Գասպարյանի հետ, սակայն քավոր–սանիկական հարաբերություններ չունենք։ Եթե ունենայի, մեծ սիրով կբարձրաձայնեի»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քյարամյամը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք նա պատրաստվո՞ւմ է զբաղեցնել ՊՎԾ պետի պաշտոնն, ինչին ի պատասխան՝ Քյարամյանն ասաց, որ Դավիթ Սանասարյանը շարունակում է մնալ ՊՎԾ ղեկավար:

«Ես շատ բարձր եմ գնահատում Դավիթ Սանասարյանի դերը հայ պետականաշինության գործում, շատ հարգում եմ նրան: Պարոն Սանասարյանն այս պահին շարունակում է մնալ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, մենք՝ աշխատակիցներս մեծ հույս ունենք, որ պարոն Սանասարյանը կվերադառնա և կշարունակի ղեկավարել այս կառույցը, հետևաբար այս համատեքսում ես որևէ բան չունեմ ասելու»,-  նշեց Արգիշտի Քյարամյանը:

Հարցին՝ համաձայն ե՞ք, որ Սանասարյանի նկատմամբ գործը «կարված է եղել», ՊՎԾ ղեկավարի տեղակալը պատասխանեց, որ ինքն իրավաբան է, և նկատի ունենալով, որ այժմ քրեական գործի քննությունն ընթացքի մեջ է, ինքն իրեն թույլ չի տա դրան գնահատական տալ, որ ինքը գործի նյութերին ծանոթ չէ:

«Կարճ ժամանակ է, որ ճանաչում եմ պարոն Սանասարյանին, և կարծում եմ, որ պարոն Սանասարյանը բացառիկ հայրենասիրական դրսևորումներ ցուցաբերած և արդարության, անաչառության տեսանկյունից բացառիկ որակներ ունեցող անձ է»,- ասաց Արգիշտի Քյարամյանը:

Քյարամյանն, այնուամենայնիվ չբացառեց, որ կարող է նշանակվել ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչպես որոշի, այնպես կլինի:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում Քյարամյանը հայտարարագրել է 32 մլն դրամ և 40 հազար ԱՄՆ դոլար գումար: Լրագրողները հետաքրքրվեցին՝ որտեղից նրան այդքան գումար:

«Ես աշխատել եմ տարբեր ուժային կառույցներում, զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, երբևէ որևէ կոռուպցիոն սկանդալի մեջ չեմ հայտնվել, կլանային որևէ համակարգում չեմ եղել, և կոռեկտ չեմ համարում իմ ունեցվածքն այս համատեքստում քննարկել»,- ի պատասխան ասաց Արգիշտի Քյարամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter