
«Հեսա ես քո վրա ընենց կինո եմ ասելու նկարեն, որ սաղ կյանքդ հիշես». Իսրայել Սարգսյանի հայտարարությունը Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ
Քրեական աշխարհում «Կայարանցի Թևոս» անունով հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր և Մովսես Ներսիսյանի սպանության գործով 25 տարվա ազատազրկման դատապարտած Իսրայել Սարգսյանն այսօր Վերաքննիչ դատարանում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ հայտարարություն արեց, որի մասին նախկինում չի խոսել:
Սարգսյանի խոսքով՝ երբ իրեն ձերբակալել են, տարել են Վովա Գասպարյանի մոտ, ու վերջինս խոստացել է նրա մասին «նենց կինո նկարել, որ կյանքում չմոռանա»:
«Ինձ տարել էին մի սենյակ և անընդհատ հարցնում էին, թե որտե՞ղ է գտնվում Մովսեսը, ո՛չ սպանության մասին էին հարցնում, ո՛չ այլ բանի, միայն ստիպում էին ասել Մովսեսի տեղը. ես էլ ասում էի՝ չգիտեմ»,- պատմեց Իսրայել Սարգսյանը:
Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Սարգսյանը նախ Մովսես Ներսիսյանին պատվիրել է Թևոս Սաֆարյանի եղբոր սպանությունն, ապա ինքը սպանել Մովսես Ներսիսյանին:
Սարգսյանի խոսքով՝ իր մոտ է գնացել Երևանի այն ժամանակվա ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ապա՝ ոստիկանության շտաբի պետ, գեներալ Արա Զաքարյանն ու նրանք ևս հետաքրքվել են, թե որտեղ է Մովսես Ներսիսյանը:
«Ձեռնաշղթաներով էի, եկավ ոստիկանության աշխատակիցներից մեկը, «Բերետա» տիպի ատրճանակը դրեց գոտկատեղիս, ասաց՝ սա քոնն է»,- պատմեց Սարգսյանն ու նշեց, որ ինքն այդ ժամանակ հայտարարել է, որ երբ ձերբակալել են, իր մոտ զենք չի եղել:
Դրանից հետո, ըստ Սարգսյանի պատմածի՝ իրեն տարել են մի սենյակ, որտեղ հանդիպել է Վլադիմիր Գասպարյանին:
«Տարան մի այլ սենյակ, նստեցրին մի կլոր սեղանի մոտ, 5 րոպե անց այնտեղ մտավ Վովա Գասպարյանն՝ իր շքախմբով: Այնտեղ Աշոտ Կարապետյանն էլ էր, Արա Զաքարյանն էլ: Կանգնեց դիմացս, երկու բառ ասաց ու գնաց: Էդ Գոռ Վարդանյանի հետ կինո՞ եք նկարում, հա՞, սաղ աշխարհով մեկ ցույց տալիս, հեսա ես քո վրա նենց կինո եմ ասելու նկարեն, որ սաղ կյանքդ հիշես»,- ըստ Սարգսյանի՝ իրեն ասել է Վովա Գասպարյանն ու կատարել խոսքը: Շուտով «02» հաղորդաշարով ոստիկանությունը «ֆիլմ է» ցուցադրել այն մասին, որ սպանությունները կատարել են Իսրայել Սարգսյանն ու Մովսես Ներսիսյանը:
Սարգսյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ այս ամենի մասին խոսել չէր կարող, քանի որ այն ժամանակ իրավիճակը Հայաստանում այլ էր, և Վլադիմիր Գասպարյանը ՀՀ ոստիկանապետն էր:
Ամբաստանյալը վստահ է, որ իր վերաբերյալ գործի քննությունը հանձնարարվել է ԱԱԾ-ին, քանի որ այն ժամանակ դատարանները հաստատում էին ԱԱԾ-ից ուղարկված բոլոր գործերով մեղադրանքները:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, 2017 թվականի դեկտեմբերին հրապարակել է քրեական աշխարհում որպես «Կայարանցի Թևոսիկ» հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության գործով դատավճիռ` ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին դատապարտելով 25 տարի ժամկետով ազատազրկման: Իսրայել Սարգսյանն այս որոշման դեմ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան:
Նշենք, որ Արթուր Սաֆարյանը սպանվել է 2014-ի հունվարի 27-ին՝ Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ: Սպանության գործով կալանավորվել են Թևոս Սաֆարյանի շրջապատում գտնվող անձինք՝ Իսրայել Սարգսյանը և Տիգրան Ասատրյանը: Վերջինս շուտով ազատ է արձակվել, իսկ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանությունը կազմակերպելու ու դրան օժանդակելու համար: Ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին պատվիրել է Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա հանցագործության հետքերը թաքցնելու համար սպանել Ներսիսյանին ու մարմինը նետել դիտահորը: Սարգսյանը մեղադրվում է նաև ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ: Մովսես Ներսիսյանի դին առայսօր չի հայտնաբերվել, և նախաքննություն իրականացնող մարմինը նրան սպանված է համարել ապացույցների համակցությամբ:
Ըստ գործի նյութերի՝ Իսրայել Սարգսյանն ու Մովսես Ներսիսյանը վերջինիս անհետացման օրը հանդիպել են, և Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին սպանել, ապա դին Մովսեսի մեքենայով տեղափոխել է Զովունի-Քանաքեռավան ճանապարհի մոտ, որտեղ էլ նետել է կոյուղու դիտահորն, ապա մեքենան տարել ու թողել «Զվարթնոց» օդանավակայանում՝ տպավորություն ստեղծելով, թե Մովսես Ներսիսյանը գնացել է Հայաստանից:
Նշենք, որ դիտահորը, որտեղից, ըստ գործի նյութերի, Իսրայել Սարգսյանը նետել է սպանված Մովսես Ներսիսյանին, գտնվում է Սարգսյանին պատկանող հողատարածքի մոտ: Այստեղ տևական ժամանակ ապարդյուն որոնողական աշխատանքներ են տարվել՝ Ներսիսյանի դիակը հայտնաբերելու ուղղությամբ: Չարենցավան քաղաքից մինչև Աերացիա հասնող կոյուղաջուրը Աերացիայում մաքրման է ենթարկվում, ապա թափվում Արաքս գետը: Աերացիայում նույնպես Մովսես Ներսիսյանի դին չի հայտնաբերվել:
Գործի քննության ընթացքում 4 անկենդան շուն և մեկ խոզ է նետվել այն դիտահորը, որից, ըստ գործի նյութերի, Իսրայել Սարգսյանը նետել է սպանված Մովսես Ներսիսյանի դին, և որոնողական աշխատանքների արդյունքում ինչ-որ ոսկորներ են հայտնաբերվել, որոնք, սակայն, չեն պատկանել մարդու:
Իսրայել Սարգսյանը երեքուկես տարուց ավելի տևած գործի քննության ամբողջ ընթացքում պնդել է, թե Մովսեսին չի սպանել, որ ինքն անձամբ է նրան հորդորել մեկնել Հայաստանից:
Դատական նիստի մանրամասները՝ տեսանյութում:
Մեկնաբանել