HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ախուրյանում բրիկետի արտադրության ծրագրում առաջացած խոչընդոտը հարթվել է՝ կատարվել է առաջին գումարային փոխանցումը

Ախուրյան խոշորացված համայնքում բրիկետի արտադրության ծրագրի հետ կապված «սառույցը տեղից շարժվել է»: «Հետք»-ն անդրադարձել էր գործարանի հիմնման հետ կապված համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանի ստեղծած խոչընդոտներին, որոնք բանակցությունների եւ ավագանու անդամների դիրքորոշման շնորհիվ արդեն իսկ հարթվել են, ու կատարվել է առաջին գումարային փոխանցումը ծրագիրն իրականացնող հիմնադրամին:

«Ինչպես գիտեք, ծրագրի ողջ արժեքը 50.5 մլն դրամ է, որից 10 մլն դրամը համայնքային ֆինանսավորումն է: Գումարի առյուծի բաժինը ծախսվելու է հոսքագծի ձեռքբերման վրա, իսկ համայնքի բյուջեից տրամադրվող գումարը՝ տարածքի մաքրման, հողային աշխատանքների ու շինությունների նորոգման վրա,- ասում է Ախուրյանի «Համայնքային զարգացման կենտրոն քաղաքացիական շրջանառու հիմնադրամի տնօրեն Սամվել Սաֆարյանը:- Դեռ 200 հազար դրամ է փոխանցվել, որ թղթաբանական գործերն անենք, բայց մենք ապրիլի 19-ից սկսել ենք նաեւ տարածքի մաքրման, հողահարթեցման աշխատանքներն ու մեկ շաբաթից ամբողջությամբ կավարտենք»:

Տնօրենի փոխանցմամբ, եթե չլինեն խոչընդոտներ, ապա 20 օր էլ կծախսեն շենքի տանիքի հիմնանորոգման եւ շենքային պայմանների բարելավման վրա: Դրանից հետո նոր կարող են արդեն պատվիրել հոսքագիծը, եւս երկու ամիս անց սկսել արտադրությունը: «Քանի դեռ շենքային պայմանները բարելավված չեն, մենք չենք կարող հոսքագիծը բերել: Բուն արտադրությունը պետք է սկսենք սեպտեմբերին, այսինքն բերքահավաքից հետո, երբ գյուղացին հացքաղ կանի ու մենք հնարավորություն կունենանք ծղոտը վերցնելու՝ որպես բրիկետի հումք: Անցած տարի աշնանից մենք պահեստավորած ունենք տերեւ եւ ծառի ճյուղեր, սակայն հիմնական հումքը ծղոտն է լինելու»,- ասում է Սամվել Սաֆարյանը:

Որքան շուտ սկսեն արտադրությունն, այնքան մեծ է շանսերը իրացման: Նախնական հաշվարկներով բրիկետի մեկ տոննայի արժեքը տատանվելու է 60-70 հազար դրամի սահմաններում, սակայն հստակ գինը կձեւավորվի միայն արտադրական ողջ ցիկլն անցնելուց հետո: «Այդ ժամանակ հնարավոր է՝ գինը բարձրանա, երբ հաշվարկենք արդեն հոսանքի ծախս, փոխադրում եւ այլն, խոսքը 10 հազար դրամով թանկանալու մասին կլինի կարծում եմ,- նկատում է հիմնադրամի տնօրենը:- Գուցե շատերը համարեն, թե թանկ է փայտի համեմատ, սակայն էստեղ պետք է հիշել, որ նույն քանակի փայտի դեպքում բրիկետի ջերմատվությունը 4 անգամ բարձր է, ու էս դեպքում արդեն գնային տարբերությունն իրեն արդարացնում է»:

Բրիկետի գործարանում կստեղծվի 3-4 կայուն աշխատատեղ ողջ տարվա համար, իսկ սեզոնին աշխատակիցների թիվը կարող է հասնել 15-ից 20-ի: Հիմնադրամում մտածում են խնայողությունների հաշվին երկու միավոր տեխնիկա ձեռք բերել՝ բեռնատար մեքենա եւ տրակտոր: Սամվել Սաֆարյանն ասում է, որ եթե չստացվի դա անել խնայողությունների հաշվին, ապա ստիպված են սպասել մինչեւ հիմնադրամը եկամուտ ապահովի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter