HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Վազաշենում հանրային լսումները կայացել են

Տավուշի մարզի Վազաշեն համայնքում ոսկի-բազմամետաղային հանքերևակման Կարմիր քարի, Ժանգոտ ձորի և Ադուլյարային մետասոմատիտների տեղամասերի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներն այսօր կայացել են։ Առավոտվանից թեեւ համայնքում հավաքված բնապահպանները փորձել են միջամտել եւ տապալել լսումները, ինչպես կատարվել էր նախորդ՝ փետրվարի 27-ին կայացած լսումների ժամանակ, բայց հանրային լսումների կայացման վերաբերյալ համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանը արձանագրություն է կազմել։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց ակտիվիստ Նարեկ Վարդանյանը։

Ըստ բնապահպանի՝ համայնքի ղեկավարը լսումներին մասնակցելու համար հավաքել էր իր ծանոթներին, որպեսզի մասնակցություն ապահովեն, եւ համայնքի բոլոր մասնակիցները ներգրավված չէին։

«Լսումների իմաստը տեղեկատվության տարածումն էր, բայց այս անգամ եւս գյուղացիները պատշաճ չեն ծանուցվել»,- նշեց Նարեկ Վարդանյանը։

Հիշեցնենք, որ Վազաշենում ոսկի-բազմամետաղային հանքերևակման սահմաններում երկրաբանական ուսումնասիրություն ցանկանում է իրականացնել գյուղի մշակույթի տանը գրանցված «Էյ Յու գրուպ» ՍՊԸ-ն։

Ընկերության երկրաբան Գագիկ Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չնայած բնապահպանները ուղղորդված եկել և փորձել են խանգարել հանրային քննարկմանը, այնուամենայնիվ, հանրային քննարկումները կայացել են: Իրենք բացատրել են, որ ուսումնասիրությունները որևէ բացասական ազդեցություն չեն ունենա, և 30-ից ավելի ներկաների ստորագրությամբ արձանագրություն է կազվել այն մասին, որ ներկաները համաձայն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter