HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վազաշենում ոսկու երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու մասին հանրային լսումը չկայացավ

Տավուշի մարզի Վազաշեն համայնքում՝ ոսկի-բազմամետաղային հանքերևակման սահմաններում, երկրաբանական աշխատանքներ կատարելու վերաբերյալ այսօր նախատեսված հանրային լսումը չկայացավ` ընկերության աշխատակիցները համայնք չներկայացան։
«Տավուշն առանց հանքի» նախաձեռնության անդամները և «Էյ Յու գրուպ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները հանդիպում ունեցան Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ։ «Մարզպետը հայտնեց, որ հանրային լսումներ այս փուլում հնարավոր չէ իրականացնել, քանի որ կողմերն ընկերության կողմից ներկայացրած ծրագրի մասին պատշաճ տեղեկացված չեն»,- նշեց «Տավուշն առանց հանքի» նախաձեռնության անդամ Գարիկ Փայտյանը։

Մինչեւ մարզպետի հետ հանդիպումը կավարտվեր, համայնքապետարանի շենքի դիմաց հավաքված վազաշենցիները, բնապահպանները, և մտահոգ  քաղաքացիներ քննարկում  էին հանքարդյունաբերության վտանգները։ Համայնքում հանքի շահագործման դեմ արտահայտվողները պնդում էին, որ հանրային լսումներ չպետք է թույլատրել իրականացնել։

Հիշեցնենք, որ Վազաշենում ոսկի-բազմամետաղային հանքերևակման սահմաններում երկրաբանական ուսումնասիրություն ցանկանում է իրականացնել գյուղի մշակույթի տանը գրանցված «Էյ Յու գրուպ» ՍՊԸ-ն։

Ըստ Բնապահպանության նախարարություն ներկայացված ծրագրի՝ ուսումնասիրության աշխատանքներ պետք է իրականացվեն Վազաշենի Կարմիր քար, ժանգոտ ձոր և Ադուլյարային մետասոմատիտների տեղամասերում։

Վազաշենի համայնքապետ Լորիկ Բադիրյանը 2018թ. հունվարի 11-ին տեղեկանք է տրամադրել ընկերությանը՝ հայտնելով, որ Վազաշեն համայնքն իր նախնական համաձայնությունն է տալիս ընկերության ոսկի-բազմամետաղային հանքերևակման սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելու համար:

Այսօր կայանալիք հանրային լսումների մասին բնակիչներին տեղեկացրել են փետրվարի 21-ին։ Գարիկ Փայտյանի պնդմամբ՝ բնակիչները տեղեկություն ստանալու համար քիչ ժամանակ են ունեցել, չեն կարողացել հանդիպել մասնագետների հետ։ Լսումների մասին գյուղի բնակիչների մի մասը տեղեկացել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացված «Վազաշենն առանց հանքի» խմբից, իսկ նախորդ լսումներից համայնքապետարանի դիմաց հավաքված բնակիչներից որեւէ մեկը տեղյակ չէր։

Օրեր առաջ «Հետք»-ին տված հարցազրույցի ընթացքում համայնքի ղեկավարը տեղեկացրել էր, որ փետրվարի 27-ին նախատեսվում է երրորդ հանրային լսումը իրականացնել, սակայն այսօր մեր հանդիպման ընթացքում վերջինս ժխտեց, որ նման խոսակցության է եղել, հավելելով, որ այսօր հրավիրվել է երկրորդ լսումը։ Համայնքի ղեկավարը նաեւ հրաժարվեց «Հետք»-ի հետ զրույցում հնչեցրած իր այն խոսքից, թե ուսումնասիրություն համար նախատեսված հողերը «անպիտան բաներ են»։

Ավագանու անդամ Թաթուլ Բադիրյանը եւս տեղյակ չի եղել հանրային լսումների մասին, ըստ նրա՝ «կարող ա եղել ա նիստ, սակայն ես տեղ էի գնացել»։

Ըստ ծրագրի՝ երկրաբանական ուսումնասիրությունների իրականացումը նախատեսվում է 2019-2021 թթ.-ին։ Վազաշենի հանքերևակման տեղամասը գտնվում է գյուղից 1,5-4 կմ արևելք-հարավ-արևելք  և Հախում գյուղից 3-6 կմ հյուսիս-արևմուտք:

Տեղամասի հյուսիսային հատվածը՝ Ադրբեջան - ՀՀ պետական սահմանից 0,5-1 կմ հեռավորության վրա է:

Նախագծի մեջ նշվում է, որ տարածքը թփուտապատ է, սակայն երկրաբանահետախուզական փորվածքներ փորվելու են անտառազուրկ տարածքներում, հորատանցքի համար նախատեսվող հարթականեր նախատեսվում է կառուցել՝ օգտագործելով գոյություն ունեցող ավտոճանապարհները։ Հորատման համար ջուրը պետք է ներկրվի մեքենաներով եւ օգտագործվի շրջանառու համակարգով։ Բացառվելու է անտառային ծածկի (ծառերի, թփերի) հատման հնարավորությունը, քանի որ նախատեսվում է հանքավայրի հետագա շահագործումն իրականացնել ստորգետնյա արդյունահանման եղանակով։

Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանի խոսքերով՝ ստորգետնյա արդյունահանման մասին դեռ վաղ է խոսել, քանի որ դեռեւս ուսումնասիրություն կատարված չէ. «Շահագործման մասին ոչ մի խոսք դեռեւս չկա, հիմա ոչ մեկը չի կարող ասել շահագործումը կլինի բաց, ստորգետնյա, թե այլ կերպ։ Եթե հետախուզում չի արվել, ընկերությունը ինչ գիտի, որ ստորգետնյա շահագործումը ձեռնտու կլինի։ Մնացածը ինչ իրենք գրել են՝ ցանկություն է։ Սա հատուկ է գրվել, որ բնակիչներին մանիպուլացնեն, կարող է փակ լինել, բայց հիմա ոչինչ չես կարող պնդել»։

Վազաշենի Կարմիր քար կոչվող տարածքում ԽՍՀՄ տարիներին եւս երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ են կատարվել, այնտեղ առկա են փորված մի քանի թունելներ։ Լեւոն Գալստյանը նշեց նաև, որ այդ ուսումնասիրություններն ու համապատասխան գնահատականները տրվել են 1970-ականներին. «Իմ կարծիքով այս մարդկանց նպատակը ուսումնասիրություն անելը չէ, քանի որ այս տարածքը ուսումնասիրված է։ Կամ թունելները խորացրել են, կամ հնարավոր է՝ անօրինական հանքաքար են հանել, քանի որ 2014-ին ահազանգեր են եղել, որ տարածքից բեռնատար մեքենաներով ինչ-որ բան են հանել»։

«Էյ Յու գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017թ. դեկտեմբերի 18-ին: Համաձայն Արդարադատության նախարարության ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի, «Էյ Յու գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրը Կանադայի քաղաքացիություն ունեցող Վահագն Ժայռենց Գայայանն է:

Էներգետիկայի նախարարությունը 2012-2015թթ.-ին նույն տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու արտոնագիր է տրամադրել «Պոլիմետ կորպորացիա» հայ-կանադական ՀՁ-ին, որի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2017թ. նոյեմբերի 6-ը:

Այս ընկերության բաժնետերերը կանադական «Ասեսմենթ Սիսթեմս Կորպորացիա»-ն է՝ 80 % և արդեն իսկ գործունեությունը դադարեցրած հայկական «Ստիմուլ» ՍՊԸ-ն՝ 20 %: «Պոլիմետ կորպորացիա»ն ևս գրանցված է Վազաշեն համայնքնում: Ներկայիս տնօրենը նույն Վահագն Ժայռենց Գայայանն է: Ընկերությունը լուծարված չէ, բայց դատական քաշքշուկների մեջ է եղել նախկին տնօրեն Իշխան Հովհաննիսյանի հայցերով:

Այսօր լսումների չկայանալու մասին լուրը իմանալուց հետո համայնքապետարանի մոտ եկավ նաեւ Իշխան Հովհաննիսյանը։ Վազաշենցիների եւ բնապահպանների հետ զրույցի ընթացքում նա պնդեց, որ կատարվածը համայնքապետի ձեռքի գործն է. «Լսումները չպիտի կայանան, քանի որ գործ ունենք կատարյալ մի սրիկայի հետ, եթե Ժայռենց Գայայանն ասել է, որ ինչ-որ գումարներ է բերելու, դա բացարձակ սուտ է, այս ամեն ինչը գյուղապետն է անում, փայ է մտել»։

Որոշ ժամանակ հետո Իշխան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքն է առաջին անգամ ծրագիր մշակել առանց պոչամբարների հանք շահագործելու վերաբերյալ՝ հավելելով, որ Ժայռենց Գայայանի հետ աշխատելու ընթացքում իրեն առաջարկվել է լիցենզիան վաճառել եւ գումարը բաժանել միմյանց միջեւ։

«Տավուշն առանց հանքի» խմբի անդամ Նարեկ Վարդանյանն ասաց, որ հանրային լսումները մեկ անգամ կասեցնելով՝ աշխատանքը չի ավարտվում. բնակիչների իրազեկումը շարունակվելու է։ «Հանքարդյունաբերությունը Հայաստանում ապագա չէ, եւ միայն ժամանակավոր լուծում կարող է լինել։ Հանրային լսումը կասեցնելով՝ մենք չենք սահմանափակվելու, մենք չենք ասում՝ դեմ ենք հանքարդյունաբերությանը եւ գնում առաջ, մենք նաեւ տարբերակներ ենք առաջարկում»։ Նարեկ Վարդանյանի կարծիքով՝ տարածքի կլիմայական պայմանները հաշվի առնելով կարելի է զարգացնել տուրիզմը և էկո գյուղատնտեսությունը։ Իսկ խմբի մյուս անդամ Գարիկ Փայտյանի պնդմամբ՝ հանքարդյունաբերողները օգտվում են տարածքի բնակչության սոցիալական վիճակից եւ աշխատատեղ ստեղծելու պատրվակով հանքերի շահագործման նախագծեր ներկայացնում։ Գարիկի կարծիքով ևս խնդիրների լուծումը կայուն աշխատատեղերի ստեղծումն է։

Վերջում, խմբի անդամները հանրային լսումը չկայանալու մասին արձանագրություն կազմեցին, սակայն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանը հրաժարվեց այն ստորագրել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter