HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Գագիկ Ծառուկյանը ներգրավված է եղել բելգիական «Ռոբերտոյում»

Վերջին օրերին լայն քննարկման առարկա է դարձել 2002-ին «Արարատցեմենտ» ԲԲԸ-ն սեփականաշնորհած արտասահմանյան ընկերությունը: Խոսքը բելգիական «Ռոբերտոյի» մասին է, որին Անդրանիկ Մարգարյանի կառավարության 1465-Ա որոշմամբ (12.09.2002) օտարվել են ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (317.003 հատ):

Դրանց վաճառքի գին է սահմանվել 200 հազ. դոլարը, սակայն գնորդը, ըստ գործադիրի որոշման, պարտավորվել է առքուվաճառքի պայմանագիր ստորագրելուց հետո 3 օրվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին ազատել «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի կողմից մատակարարված գազի դիմաց ապրանքային վճարումների գծով առաջացած պարտքերից` 6,866 մլն դոլարի արտարժութային վճարման չափով (9,7 մլն դոլարի ապրանքային մատակարարմանը համարժեք)՝ կնքելով պարտքից ազատման համապատասխան գործարք: Այսինքն՝ «Ռոբերտոն» իր վրա է վերցրել նաեւ «ՀայՌուսգազարդի» պարտքի մարումը:

Հիմա հասկանանք, թե ինչ ընկերություն է բելգիական «Ռոբերտոն», որը 2002-ին դարձել է ցեմենտ արտադրող հայկական խոշոր ձեռնարկության սեփականատեր:

Պաշտոնական փաստաթղթերի համաձայն, որոնք հրապարակվել են «Belgisch Staatsblad»-ում (սա հոլանդերեն անվանումն է, նշանակում է բելգիական պաշտոնաթերթ, ֆրանսերեն անվանումը՝ «Monitor belge». Բելգիայի պաշտոնական լեզուներն են հոլանդերենը, ֆրանսերենը եւ գերմաներենը)՝ «Ռոբերտո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997-ի մայիսի 25-ին, գրանցում ստացել՝ հունիսի 3-ին: Ընկերությունը գրանցվել է Ժետ (Jette) քաղաքում, որը 18 այլ համայնքների հետ ձեւավորում է Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանը: Ժամանակի ընթացքում ՍՊԸ-ն 3 անգամ փոխել է հասցեն, բայց դրանք եղել են Ժետի սահմաններում:     

«Ռոբերտոյի» հիմնադիրները եղել են ՀՀ քաղաքացիներ Ազատ, Ռոբերտ եւ Ռոման Մուրադյանները, որոնցից յուրաքանչյուրի բաժնեմասը կազմել է 250.000 բելգիական ֆրանկ (այն ժամանակ եվրոն դեռ գործածության մեջ չէր): Այսինքն՝ ընկերության ընդհանուր կապիտալը եղել է 750.000 ֆրանկ (հավասար է 18.592 եվրոյի): ՍՊԸ-ի կառավարիչ է նշանակվել Վահագն Գուլոյանը, ով, ըստ փաստաթղթերի, բելգիական Աուդենարդե (Oudenaarde) քաղաքի բնակիչ էր: Վ. Գուլոյանը ՀՀ քաղաքացի է, գրանցված է Կոտայքի Առինջ գյուղում, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամու՝ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի կրտսեր եղբայրն է, Ծառուկյանի փեսայի՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի հորեղբայրը:  

Բելգիական ընկերության գործունեության ոլորտները տարբեր են եղել՝ սննդամթերքի, ապրանքների, հումքի, կիսաֆաբրիկատների ներկրում եւ արտահանում, մեծածախ ու մանրածախ առեւտուր, առեւտրային տարածքների (ինչպիսիք են սուպերմարկետները, արտադրական, հանրային սննդի ձեռնարկությունները) շահագործում, ծառայություններ առեւտրի ու արդյունաբերության բոլոր ճյուղերում: Կանոնադրության մեջ նշվել է, որ այս գործունեությունն ընկերությունը կարող է ծավալել թե՛ Բելգիայում, թե՛ դրա սահմաններից դուրս իր կամ երրորդ անձանց միջոցով: Առաջ անցնելով՝ նշենք, որ 1998-ի փետրվարին վերը նշվածներին ավելացվել են հետեւյալ ոլորտները՝ լվացքատան, բենզալցակայանի շահագործում, տրանսպորտային միջոցների ներկրում եւ արտահանում, ավտոտեխսպասարկում, ոսկերչական իրերի եւ արվեստի գործերի առքուվաճառք, տեքստիլի արտադրություն:

Ընկերության հիմնադրումից շատ չանցած՝ նույն տարվա հոկտեմբերին, Վ. Գուլոյանը ձեւակերպվել է որպես չվճարվող (կարելի է ասել՝ հասարակական հիմունքներով) կառավարիչ, սակայն արդեն նոյեմբերին այդ պաշտոնում նրան փոխարինել է Ռոբերտ Մուրադյանը, ում անունով էլ հավանաբար կոչվել է ընկերությունը:

1998-ի դեկտեմբերին հերթական փոփոխությունն է տեղի ունեցել. Ռ. Մուրադյանը թողել է կառավարչի պաշտոնը, եւ այն նորից ստանձնել է Վ. Գուլոյանը: Մեկ այլ որոշմամբ Աուդենարդեի բնակիչ Յուրգեն Գաստոն Ժան Դե Կլերկը (Jurgen Gaston Jean De Clercq) ՍՊԸ-ում դարձել է ակտիվ գործընկեր (associe actif):

1999-ի մարտին կառավարիչ Վ. Գուլոյանին փոխարինել է Դե Կլերկը (նշանակվել է որպես «non-statutory manager»): Այդուհանդերձ, վերջինս Գուլոյանին լիազորել է ընկերության անունից կատարել ֆինանսական գործարքներ:

«Արարատցեմենտը» մասնավորեցնելու ՀՀ կառավարության որոշումից 6 ամիս անց՝ 2003-ի մարտի 23-ին, «Ռոբերտո» ՍՊԸ-ի ժողովը որոշել է ընկերության միանձնյա կառավարիչ նշանակել Գագիկ Ծառուկյանին՝ առանց ժամկետի սահմանափակման: Միաժամանակ Վ. Գուլոյանն ազատվել է լիազորված անձի իր դերից:  

Tsarukyan-Roberto.jpg (153 KB)

Սակայն 2003-ի հունիսի 26-ին Բրյուսելի դատարանը հայտարարել է «Ռոբերտոյի» լուծարման գործընթացի մասին, նշանակվել է լուծարային կառավարիչ, որին հանձնարարվել է ստուգել ընկերության ակտիվները, կատարել օրենսդրությամբ նախատեսված համապատասխան գործողություններ, իսկ վերջում դատարանին հայտնել վարույթի ավարտի մասին: Եվ ահա ավելի քան 5 տարի անց՝ 2008-ի դեկտեմբերի 18-ին, դատարանը հայտարարել է, որ «Ռոբերտո» ՍՊԸ-ի լուծարման վարույթն ավարտվել է:

Ստացվում է, որ «Արարատցեմենտի» մասնավորեցումից հետո թիթեռնիկի կյանք ունեցած բելգիական ընկերությունը ժամանակին ընդամենը միջոց է եղել Հայաստանում օտարերկրյա ներդրողի տպավորություն թողնելու կամ պարզապես գործարանի իրական նոր տերերի (տիրոջ) անունները թաքցնելու համար:

Այս առումով հետաքրքիր է «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի տարածած հայտարարությունը, որում, մասնավորապես, ասվում է. «2002 թվականին «Ռոբերտո» ընկերության կողմից «Արարատցեմենտ» գործարանի մասնավորեցումից միայն ամիսներ հետո է Գագիկ Ծառուկյանը ձեռք բերել բաժնեմասերի 25 տոկոսը, իսկ հետագայում արդեն՝ 2006 թվականին, նոր միայն ձեռք է բերել մնացած 75 տոկոսը»: Նախ նշենք, որ ԱԺ վերջին երկու (2017 եւ 2018 թթ.) ընտրություններից առաջ ԿԸՀ-ին ներկայացրած իր հայտարարագրերում պատգամավորության թեկնածու Գ. Ծառուկյանը չի նշել, որ անհատական մասնակցություն ունի «Արարատցեմենտում», այսինքն՝ նա ՓԲԸ-ի անմիջական բաժնետեր չէ: Մյուս կողմից՝ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կայքում ասվում է, որ գործարանը 2002-ին մասնավորեցվել է կոնցեռնի կողմից: Երրորդ՝ այն, որ Ծառուկյանն ու նրա շրջապատը «Ռոբերտոյի» մաս են կազմել, պարզ է դարձնում, որ գործարարն ի սկզբանե ներգրավված էր մասնավորեցման գործընթացում:    

Մեկնաբանություններ (1)

gevorg
եթե այս հոդվածում գրվածները իրականություն են,ապա ծառուկյանը պետքե իր խոսքի տերը լինի գործարանը նվիրի հայկ գևորգյանին կամ ետ վերադարձնի պետությանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter