HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Վահե Արսենն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելունա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում բանաստեղծ, թարգմանիչ, ԵՊՀ դասախոս Վահե Արսենն է։

Վահե Արսենը՝ ինքն իր մասին (երրորդ տարածությունում)

Հնարավո՞ր է լռությունը գրել ուրեմն այդ լռությունը գրի, Անուշ։

Մարդն ինքն իր մասին ավելի լավ է՝ լռի, որովհետեւ ամենաքիչը մեր մասին ինչ-որ բան գիտենք, ամենաշատը հեռու ենք հենց մեզնից, եւ մարդն անընդհատ ձգտում է ինքն իրեն, իր ներսը հասնելուն, հասկանալուն՝ ինքն ով է, ինչու է ապրում։

Ուզում եմ անկեղծ լինել ու ասել, որ դժվար է ինքդ քո մասին խոսելը։ Փորձում եմ հասկանալ՝ դիմացինս իմ մասին խորքում ինչ է մտածում, որովհետեւ մակերեսային հարաբերությունները հաճախ մեզ խաբում են, մենք չգիտենք՝ դիմացինն ով է, ինչ ներաշխարհ ունի նա մեզ է ներկայանում որպես հերթական մարդ, հերթական մեկը, ու անցնում, գնում է։

Մենք գիտենք, որ սոսկ օրգանիզմներ չենք, մենք գիտենք, որ ինչ-որ բան կա մեր մեջ, որ ավելին է, շատ էական, մեծ կամ փոքր, բայց մի բան, որը չկա կենդանու մեջ, չկա ծառի ու տերեւի մեջ, եւ դա միայն մերն է, ու մենք ձգտում ենք դեպի այդ ակունքը, տառապում ենք մեր լինելիությամբ։

13 տարի անցավ այն օրից, երբ ընթերցեցի «Քաղաքը երբեմն զարթնում է․․․ Կամ ժամանակի ժանգոտ քաղաքը» բանաստեղծությունդ։

Քաղաքը երբեմն զարթնում է․․․

Զարթնում է առավոտվա արխիվում

զարթնում է եւ երկաթյա մեղուներ ծնում։

 

Պատկերն ու ընկալումը նու՞յնն է։

Քաղաքը նաեւ մեռնում է․․․ Եվ մեռնող քաղաքն էլ է դառնում պոեզիա (բանաստեղծություններիցս մեկի վերնագիրն է)։ Հիմա ինձ համար քաղաքն ավելի շուտ մեռյալ է եւ մեռյալների իրականության տարածքն է, ոչ ծաղկունքի, այլ հակառակի․․․ Փոխվել է։ Քաղաքն ինձ համար դարձել է իմիտացիաների լավագույն հողը, որ ծպտված է բետոնի տակ, եւ որտեղ յուրաքանչյուրը փորձում է ներկայանալ այնպիսին, ինչպիսին ավելի ընդունված ու ներկայանալի կլինի այլոց աչքին, եւ, ցավոք սրտի, ներկայանում է մակերեսային՝ ի ցույց դնելով լոկ իր դիմակներից մեկը։

Ինչպե՞ս ես առնչվում այդ քաղաքին։

Փախա քաղաքիցհիմա ապրում եմ Ավան-Առինջում՝ սեփական տանը, բնության մեջ, չնայած որ փողոց կա, ակտիվություն կա, ի վերջո քաղաքային ձայներ կան, որ նույնպես սիրում եմ, բայց, ինձ թվում է, որ քաղաքը վատագույն տեղն է ինքդ քեզ գտնելու համար․․․ Եվ նաեւ ուրիշին։

Բայց դու այդ քաղաքում գտել էիր․․․ Այսինքն բանաստեղծությանդ մեջ կա քաղաքի մարդը։

Մարդն է, հա, եւ նաեւ դատարկությունը, վակուումի մեջ որոնումն ավելի է սրվում, ինտենսիվանում։ Խարխափելն ավելի դյութիչ է, Անուշ, ավելի զգայուն, ավելի նուրբ է այդ զարկերակը, որովհետեւ բնությունը սեր է, իսկ քաղաքում այդ սերը պիտի մարմնավորես ինչ-որ կերպարի, առարկայի մեջ։ Նա իր ձեւը չունի:

Մարդուն շարունակու՞մ ես սիրել։

Սիրում եմ, բայց ամբողջության մեջ, բնության մեջ։ Մարդուն տեսնում եմ բնության մեջ որպես ներդաշնակությունքաղաքն այդ առումով անբնական միջավայր է, սուտը քաղաքում շատանում է, հազարապատկվում, մեր աղտոտ գիտակցությունն անգամ հետներս բնության գիրկն ենք տանում ու հենց մեզնով աղտոտում միջատներին, ծառն ու խոտը, վարակում մեր ագրեսիայով, քաղաքային-կենցաղային մեր սոսկալի խեղճությամբ։

Ինձ համար եվրոպական գողտրիկ քաղաքներն են քաղաքի մոդելը, մեր Գյումրին էլ էր լավ մոդել, բայց այնտեղ քաղաքային առաջվա մշակույթն այլեւս չկա․․․ Ի վերջո քաղաքը մշակույթն է, շենքը չի։ Ես շատ եմ ցավում, բայց տուրիստական, մեծ, տպավորիչ քաղաքն ամենասուտ քաղաքն է։ Տե՛ս՝ չեմ սիրում Բեռլինը, չեմ սիրում Կրակովը, սիրում եմ Լյուբլինը, սիրում եմ գերմանական Մերզեբուրգը, որ Պաստեռնակի սիրելի քաղաքն էր նաեւ։

Բայց չե՞ս հերքում քաղաքը, չէ՞։ Այդպես եթե լիներ, «կանաչ աստվածներդ» չէին վերադառնա, ձյան փաթիլի կշիռը «չէիր ստուգի», «Սամսունգի» գովազդի կողքով անտարբեր կանցնեիր․․․ Կարճ ասած՝ չէր լինի պոեզիայիդ մի ահռելի հատված, եթե քաղաքը չլիներ։

Լավագույն հակադրությունն է․․․ Մարդը եւ քաղաքը, եւ քաղաքը՝ որպես պաստառ, քաղաքը որպես գովազդ, քաղաքը, որ «էստի՛ համեցեք» է անում, որպեսզի ինչ-որ բան գնենք, որպեսզի ինչ-որ բան տանք, այն էլ ցավալիորեն գումարի տեսքով։

Տխուր է․․․

Հա, դրա համար եմ ասում՝ բնությունն է, որ ցույց է տալիս կյանքի ամբողջական շարժումը, շրջապտույտը։ Միայն բնության մեջ է հնարավոր ինքդ քեզ գտնել։

Բնությունը վերջին չի՞ մոտեցնում։

Վերջի՞ն․․․

Մահվանը, եթե մահը վերջն է։

Սկիզբն է ու վերջը, եւ վերջը, որպես այդպիսին, սկիզբն էբնության մեջ կյանքի ակունքին ես մոտենում, իսկ քաղաքն այդ ակունքի հետեւանքներից մեկն է միայն։

Մեջբերում պիտի անեմ «Samsung` թաքնվելն անհնար է» բանաստեղծությունիցդ

Անցյալս Արեւ էր,

ներկաս՝ լուսին եւ աստղեր,

ապագաս՝ second hand:

Այդ ապագան, որ տասը տարի առաջ ձեւակերպեցիր որպես «second hand», այսօր այլ ձեւակերպում ունի՞։

Ապագային դեռ չեմ հասելչեմ էլ ուզում հասնել։ Հիմա կարեւորը ներկայի մեջ լինելն է, հիմա ապագա չկա․․․Առաջ կար։

Իսկ ներկայի նոր ձեւակերպում կա՞։

Բարդ է ձեւակերպելը․․․ Ներկան թերեւս ապագայի մասին չմտածելու պահն էայսինքն՝ ապագայի վախը եւ անցյալի հուշը, եթե քեզ այլեւս չի ճնշում, ուրեմն իսկական ներկայի մեջ ես։

Փաստորեն այլեւս չի կրկնվի այդ հստակ ձեւակերպումը։

Իհարկե չի լինի նույն ձեւակերպումըառհասարակ ոչինչ չի կրկնվում, եթե մարդն ուզում է զարգանալ, ապրում է արվեստով, անընդհատ փոխվում է։ Կան բաներ, որոնք չեն փոխվում, բայց այլ մարմին են ստանում (թեկուզ առարկայի տեսքով), այլ կերպարանք են ստանում, չեն մնում առաջնային վիճակի մեջ։

Կարծում էի՝ կան վիճակներ, պատմություններ, որոնց շատ կպած եսամառանոցը, որտեղից երեւում էր Վահեն, բանաստեղծությունը, որտեղից էլի երեւում էր Վահեն։

Ժամանակի ընթացքում ամառանոցը դառնում է բնություն, որովհետեւ մարդը դանդաղ գիտակցում է՝ այն ամենը, ինչ թվում էր, իրենն է, լոկ իրենն էր․․․Իրականությունը սա է ոչինչ իմը չէ բացի այս պահի ապրումից, այս պահի զգացումից, մաքուր զգացմունքից։ Գուցե այս ամենը ձայնագրվում է տիեզերական մի կրիչի վրա, եւ էներգիան չի կորչում, բայց, մեկ է, դանդաղ համոզվում եմ, որ նույնիսկ մարմինս, որ թվում էր՝ իմն է, նույնպես իմը չէ։

Հասցեն անկարեւոր է դառնում։

Հա․․․

Այդ դեպքում տեղի հարց չի՞ առաջանում։

Ներուդան մի լավ ժողովածու ունիկոչվում է «Բնակավայրս՝ երկիր»․․․ Բնակավայրը Երկիր մոլորակն է։

Ռոմանտիկ է հնչում։

Հակառակը․․․ Նույնիսկ պրագմատիկ է։

Ուզու՞մ ես ասել՝ այն, ինչ կատարվում է մոլորակում, ներսումդ ես կրում․․․ Ահաբեկչությունները, պատերազմները, վառվող Նոտր-Դամը ․․․

Ես միայն ես չեմես շատ ենք, ես շատերն են։

Ես միայն իմ տունը չեմ, իմ հարազատները չեմ, իմ ընկերները չեմ, իմ թշնամիները չեմ, անծանոթները չեմ։

Թշնամինե՞ր ունես։

Կա՞ մարդ, որ թշնամի չունի․․․ Եթե չունես, ուրեմն ոչինչ չես արել եւ չես կարող հաղթահարել այդ թշնամուն ներելու եւ թշնամանքից ազատվելու պահը, որովհետեւ դա էլ է մարդկային, դա էլ է բնական։ Կա՞ մարդ, որ չի թշնամանում նույնիսկ ինքն իր ու իր հարազատի հանդեպ։

Գուցե փորձում է չթշնամանալ՝ անգամ չգիտակցելով, որ թշնամացել է․․․

Ուրեմն արդեն տեղի է ունեցել այն, ինչ դեռ չի հասկացել, չի գիտակցել գուցե։

Բա ո՞նց անել, «ո՞նց ապրել բռնաբարված այդ սրտով», ինչպե՞ս պատասխանել Ռեմբոյի այս հարցադրմանը մեր ապրումի կերպով։

Շարունակել ապրել «բռնաբարված այդ սրտով»։

Ուրեմն պատկերը մնում է Ռեմբոյի այս հարցադրմանը հաջորդող տողը «ու ապուրի շիթերը այս ու այն կողմ են ցատկում․․․» ։

Անուշ, ինչ-որ բան միշտ մնում էկարեւորը դա է։

Դադար

Քո ու Հայաստանի հարաբերությունները։

Ինչպես ամեն բան, դա էլ է փոխվում․․․ Եվ ուրախ եմ այդ փոփոխության համար։ Ուրախ եմ, որ քաղաքը փոխվում է, ուրախ եմ, որ իշխանությունը փոխվում է, ուրախ եմ, որ փողոցները փոխվում են։ Ուզում եմ մշակույթն էլ փոխվի, շատ բան եմ ուզում, բայց սա արդեն քո ասած ռոմանտիկն է։

Կա հայրենիքի ընկալում, իհարկե, ինչպես բոլորի մեջ կա, որովհետեւ մերն է, մեր հիշողությունն է․․․ Ինչպես ընկերներիցս մեկը մի անգամ Երեւանի մասին ասաց «Սիրուն է, որովհետեւ մերն է, եւ տխուր է, որովհետեւ հիշողություն է»։ Երեւի սրանից լավ ձեւակերպում դժվար լինի։ Ես չեմ կարող Երեւանի մասին օբյեկտիվ խոսել, որովհետեւ իմ քաղաքն է։

Այսինքն Հայաստանի հետ հարաբերության մասին էլ օբյեկտիվ չես կարող խոսել․․․

Իհարկե, որովհետեւ այստեղ եւ սիրել եմ, եւ տառապել եմ, եւ սոսկալի ցավ եմ ապրել։ Այստեղ գտել եմ ու կորցրել: Դրանից է, որ հաճախ թշնամանում ենք մեր երկրի հանդեպ․․․ Ջոյսը չէր սիրում Իռլանդիան, որովհետեւ իրեն նեղացրել էին, եւ Ջոյսը շատ էր սիրում Իռլանդիան․․․ Այդ չսիրելու մեջ հենց Ջոյսի ամբողջ սերն էր։

Հայաստանում մնալը սիրո արդյունք, հետեւա՞նք է, թե՞ ապրելու կերպ։

Հիմա այլեւս գնալ չեմ կարող, որովհետեւ ունեմ ծնողներ, ովքեր ունեն խնդիրներ։ Միեւնույն ժամանակ ծնողներս երկրի, հայրենիքի, Արցախի հանդեպ այնքան սեր են սերմանել, այնքան անհավանական․․․ Դեռ այն ժամանակ, երբ կարող էի գնալ ու ունեի ֆանտաստիկ առաջարկներ Չինաստանից, Եվրոպայից, մոտ երկրներից, Հայաստանն ընտրեցի եւ հիմա փախուստի ճանապարհ չունեմ, ելք չունեմ։

Միգուցե սա հենց ճակատագիրն է։ Նույն դանդաղությամբ սկսում եմ հավատալ ճակատագրինայն աշխատում է եւ նույնիսկ չի էլ թմրում։

Տղաներիդ նույնկե՞րպ ես փոխանցել այդ սերը, թե՞ վերապահումներ կան։

Նույնկերպ եմ փոխանցել, որովհետեւ եթե մարդը չի սիրում իր ծնողին, չի սիրում իր քաղաքը, չի սիրում իր տունը, չի սիրում նույնիսկ իր կահ-կարասին, որի մեջ հոգի է դրել, չի սիրում բնությունը, որի հետ իր քաղաքում, գյուղում, արվարձանում է առաջին անգամ առնչվել, էլ օտարին, ուրիշին ո՞նց կարող է սիրել․․․ Ուրեմն շահ պիտի հետապնդի, ինչ-որ բան վերցնի եւ մոռանա․․․

Սերը միակ բանն է, որ հնարավոր է պահպանել եւ փոխանցել։ Սերն ամենախորը, ամենաանդավաճան, ամենաաստվածային բանն է։ «Աստված սեր է» սրանք ուղղակի խոսքեր չենայդ սերն է, որ շարունակելուն արժեք է տալիս եւ միեւնույն ժամանակ չունի համարժեքը։ Սերը նույնիսկ նյութի մեջ կարող է լինել, եւ այդ նյութը դրանից կյանք կստանա, կփոխվի։

Թաքնվելն արդեն հնարավո՞ր է։

Թաքնվելը միշտ էլ անհնար է, եւ դա մարդու ողբերգությունն է, որովհետեւ ինքը ոչ կյանքից կարող է թաքնվել, ոչ մահից։ Կյանքից թաքնվեց՝ մահն է․․․ Եթե մահից անգամ թաքնվել հնարավոր եղավ, ուրեմն կյանքն է։

Քո դեպքում այդ երկուսի արանքում պոեզիա՞ն է։

Պոեզիան աշխարհի հետ յուրահատուկ հաղորդակցության ձեւն է։ Պոեզիան նաեւ հարաբերություն է, որով դաշինքի մեջ ես կյանքի եւ մահվան հետ։

Պոեզիան երկխոսության վերածվելու հնարավորություն ունի՞։

Եթե կայացավ, արդեն երկխոսություն է․․․ Ուղղակի մյուս կողմը միշտ անտեսանելի է, խոսում է հազվադեպ, հաճախ անհաղորդ է, երբեմն էլ գալիս է սոսկալի ցավի, տառապանքի պահերին։

2017-ի հարցազրույցներից մեկում ասում ես, որ մեր ընտրությունը մշտապես եղել է վատի եւ վատթարագույնի միջեւ, 2018-ին մի այլ առիթով շեշտում ես, որ կատարվածը իշխանափոխություն չէր, այլ իրական հեղափոխություն․․․ Հիմա՝ 2019-ին, ի՞նչ պատասխան ունես հարցին այն, ինչ եղավ, հեղափոխությու՞ն էր։

Այո, իրական հեղափոխություն էր, որ կուտակվել էր տարիներ շարունակ։ Սա 20 տարվա կուտակվածը չէր միայն, 70 եւ ավելի տարիների կուտակում էր, մեր գենի մեջ ամբողջացող հեղափոխություն։

Կարեւոր չի, թե իշխանության վերին օղակներում ովքեր ենես ուրախանում եմ, որ մարդն ուզում է քաղաքացի դառնալ, ուզում է իր իրավունքը պաշտպանել, իր քաղաքի, իր գյուղի իրավունքըուզում է լինել իր երկրի տերը, որ այլեւս այլ տեղ չփնտրի իր չգտածըսա է հեղափոխությունը։

Ու այնպես չի, որ հեղափոխությունից հետո ձեռքերդ պիտի լվանաս ու գնասամեն օր պիտի լինի այդ հեղափոխությունը, որովհետեւ պիտի պահենք իրար, սիրենք իրար, փորձենք միջանձնային հարաբերություններ կարգավորել․․․ Մեր մեջ թշնամանքը շատ է, եւ այս իմաստով իշխանության վերին օղակները նախ սա պիտի հաղթահարեն, ոչ թե «սեւի ու սպիտակի» բաժանման գնան։

Պաշտոնավարելը չարչարանք է, տառապանք։ Պաշտոն ստանձնած մարդը պիտի լավ պայմաններում աշխատի, շատ վճարվի, բայց օր ու արեւ չունենա, պիտի մոռանա անհոգ կյանքը։ Դրա համար ինքս որեւէ պաշտոնի չեմ ձգտում, որեւէ կուսակցության չեմ պատկանել, քանի որ ուժերիցս վեր է այդ պատասխանատվությունը, չեմ կարող այդքան ժամանակ ու եռանդ տրամադրել այդ գործին․․․ Ես նվիրված եմ իմ ընտանիքին, արվեստին, գրական իմ ակումբին, համալսարանին, ուսանողներիս, թարգմանության գործին, որն ինձ համար փրկօղակ է նաեւ։

Երրորդ տարածությունից խոսելու բարդությանը զուգահեռ հիշեցի դասախոսությունդ, որ մի անգամ սկսեցիր «ո՜վ մարդ, ճանաչի՛ր ինքդ քեզ» արտահայտությամբ։

Սոկրատեսի հայտնի ձեւակերպումն է, բայց դա այնքան դժվար է․․․ Ամբողջ բուդդիզմի հայացքը դեպի ներս է ուղղվածճանաչողությունն այդտեղ է, մնացածը խաբկանք է։

Իսկ կապիտալի՞զմը, թվայնացու՞մը, բարձր տեխնոլոգիանե՞րը․․․ Զարգացումը ներս ուղղվելու հնարավորություն տալի՞ս է։

Ինչքան շատ են առարկաները, այնքան դժվար է կենտրոնանալը։ Շատ նկարների մեջ ավելի դժվար է կողմնորոշվելը՝ որն ես դու։

Մեկի դեպքում էլ քո ասած խաբկանքը կահամեմատության հնարավորություն չունես։

Դրա համար քո ներսում պիտի որոնես այդ նկարը։ Ամբողջ խնդիրն այն է, որ ամեն ինչ դրսում ենք փնտրում՝ եւ թնշամի, եւ բարեկամ, բայց չենք հարցնում՝ ներսում ինչ կա։

Ինչի՞ն ես ընդդիմանում։

Ընդդիմանալ կարելի է համընդհանուր ապուշացմանը, որ տիրել է համայն մարդկությանը, որը կորցնում է կապը հոգու, հոգեւորի հետ, ամբողջը փորձում է դիտարկել որպես գիտական կամ քիմիական երեւույթ։ Սա առավել անհեթեթ է դարձնում կյանքը, լրիվ իմաստազրկում է։

Ինչքան շատ բանաձեւ, այնքան բովանդազրկու՞մ։

Իհարկե․․․

Մի խոսքով, ինչպես մի անգամ ասացիր, կրակելուց առաջ Դանիել Դեֆո պետք է կարդալ․․․

Դանիել Դեֆո պետք է միշտ կարդալ․․․ Անգամ կրակելուց հետո։

Ձայնս խզվեց։ Այլեւս հարց չեմ տա։ Հենց այսպես կավարտեմ «ձայնս խզվեց»։

Հա, քեզնով ավարտիր․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter