HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Քաղաքացու օր․ մի լուսանկարի պատմություն (#hրաժարական, 2018)

Ապրիլի 23-ի կեսօրին Սերժ Սարգսյանի հրաժարականի լուրը լսեցի Բաղրամյան 26-ի դիմաց գտնվող (մետրոյի կայանի կողքի) սրճարանում, որտեղ օրվա լուսանկարներն էի մշակում՝ ականջս լուրերին, նոթբուքիս պատուհանների քանակը՝ 17․․․ Մի աղջիկ սկսեց ուժեղ լացել, անցորդները փաթաթվեցին լացող աղջկան, սրճարանի տերը արագ իջավ երկրորդ հարկից ու ասաց՝ ինչքան շամպայն կա, բացեն․․․

Մի քանի րոպեի ընթացքում քաղաքն ուրիշ կերպ ստացավ, այնպիսի կերպ, որ 28 տարիների ընթացքում երբեւէ չեմ տեսել, չեմ զգացել։

Տեսախցիկն արագ այս ու այն կողմ թեքելով՝ փորձում էի ֆիքսել ընթացքը, որն արագության մեջ վերափոխվում էր բարձր երաժշտության, սուլոցների, աղմուկի, որի մեջ ծիծաղի ու շնորհավորանքի խոսքերն էին, գրկախառնություններ, համընդհանուր մի ցնծություն, որը մինչեւ հիմա աննկարագրելի է, չնայած՝ վավերագրված․․․

Բաղրամյան 26-ի դիմացի ավտոբուսների դիմակավորներից մի քանիսը հանեցին դիմակները․ տեսախցիկը մոտեցրի աչքիս․ փոքրիկ ապակյա քառակուսու մեջ արցունքս ընկավ։ Հուզականությունը սահման չուներ․ կատարվում էր մի բան, որն անբացատրելի կերպով գրավել էր բոլորին, բոլորին ու էլի բոլորին։ Ոստիկաններից մեկը մոտեցավ ու խնդրեց՝ լուսանկարեմ, հետո փաթաթվեց ու ականջիս ասաց․ «Չեմ հավատում»։

Մի ուրիշ անշտապությամբ, ծակ կեդերով, շարունակեցի ուղղվել դեպի Օպերա։

Բոլորը Հանրապետության հրապարակ էին շտապում․ արդեն պողոտայում պարզ էր, որ Ամիրյանը շրջանցելը բարդ է լինելու․ նեղ արանքով թեքվեցի դեպի Բուզանդ, որտեղ էլ դիմացս դուրս եկան լուսանկարիս կերպարները՝ միջազգայնագետ, թարգմանիչ Դավիթ Իսաջանյանը, կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ Արթուր Ավանեսովը, արձակագիրներ Արմեն Հայաստանցին (Օհանյանը) եւ Արամը Պաչյան (ձախից աջ)։ Ասում եմ կերպար, որովհետեւ իրենք էլ հանկարծ ուրիշ երեւացին, այլ կերպով, բայց եւ հարազատ, բայց եւ քաղաքային, բայց եւ կարեւոր մի ձեւով, որը ստացվելու, հասնելու, հաստատելու, լինելու ու այլ մղումների ամրագրման կերպն էր։

Նրանց քայլելը գրավման ակտի եզրափակիչ տոնով լցնում էր Բուզանդը։ Լցնում էր Բուզանդի էն խեղճությունը, որ արմատուրաների ու բետոնի տակ մնաց, որ «սպասեց» փոփոխությանը․․․ Թեեւ ուշացանք։

Հենց այդ պահին որոշեցի, որ լուսանկարը պիտի արխիվացնեմ, մեկ տարի անց նորից նայեմ, խոսեմ չորսի հետ, ովքեր ամրագրվեցին, կիսվեմ այս պատումով ու այս պատկերով, վավերագր(վ)ածին բովանդակություն տամ, հանրայնացնեմ։

Մեկ տարի անց գրում եմ Արամին, որ Գերմանիայում է, Արմենին, որ Ղազախստանում էր, Դավիթին ու Արթուրին, որ Երեւանում էին։


***

Արմեն Հայաստանցի

Ապրիլ 23 (2018), հրաժարականից հետո

«Ապրիլ 23,5»։ Հրանտ Դինքի բանաձեւն է։ Մեկ այլ առիթով է մատնանշել տոնի ու դրան հաջորդող մեռելոցի արանքում էն կետը, ուր հնարավոր է դառնում նոր, բոլորովին նոր իրավիճակը։ Բայց արի ու տես, որ ապրիլ 23 ու կեսն իրական դարձավ հենց Հայաստանում՝ 24-ի նախօրեին։

Նոր իրավիճակն ինձ «բռնացրեց» Աբովյան-Թումանյան խաչմերուկում, որտեղ «հրաժարական տվեց»-ին ի պատասխան հնչում էին հարցական «հաստա՞տ»-ները, ու «100%»-ները վերահաստատում էին լուրը մինչեւ Հյուսիսայինի սկիզբ, ուր արդեն կասկածի նշույլ իսկ չէր մնացել, ուր արդեն բարձրացել էր հուզմունքի առաջին ալիքը, հետո երկրորդը, երրորդը, ու էդպես մինչեւ ցնծության իններորդ ալիքը վրա հասավ, Հանրապետության հրապարակի մատույցներում կուլ տվեց անգամ ամենակասկածամիտներին։

Արտերկրացի մի կին լրագրող փղձկալով լացում էր։ Իրեն գրկել ու մտածում էի, որ մենակ մերը չի էս հաղթանակը, որ վերջապես աշխարհով մեկ եղանք՝ էս անգամ ուրախությունից։

Աշխարհով մեկ եղանք ապրիլ 23 ու կեսին։

Ապրիլ 23 (2019), մեկ տարվա զգացական եւ բովանդակային պատկեր

Տարին տալի՞ս են, թե՞ տոնում, երբ հանգուցյալը համակարգ է, որ չի համակերպվել իր մահվան փաստի հետ։ Հին վախերը, անցյալի ստվերները, կասկածի որդերը, էկրան ու մոնիտորից գալարվելով, լցվում են վրադ, որ օրեցօր խամրի ցնծության հուշը, որ կոտրած տաշտակի առաջ «վա՜յ» ասես ու գլխիդ տաս, որ մտածես «հայի բախտ է», ու աշխարհը նորից գլխիդ շուռ գա, բայց չէ՜․․․ Փոխվել է, տե՛ս, մի բան հաստատ փոխվել է՝ դու ես փոխվել, առաջվանը չես էլ, դու ապրել ես քո ապրիլ 23 ու կեսն ու այլեւս երբեք, երբեք թույլ չես տալու, որ քեզանից խլեն քո ուրախության հավերժ կեսօրը։  

Աշխարհը գուցե մոռանա, վաղը գուցե մեկ ուրիշ հեղափոխականի գրկում անկեղծորեն լաց լինի արտերկրացի էն լրագրող կինը, բայց դու հիշիր ու պահանջիր, որ դե յուրե ամրագրված Քաղաքացու օրդ վաղը դե ֆակտո կայանա։ Թե չէ մեռելոցը կհաղթի տոնին, տարին կտան ու չեն տոնի հաղթանակդ, այլ կողբան տարաբախտ անցյալդ։

Հրաժարականի տարելիցն ինձ «բռնացրեց» երկնքում՝ Ալմաթայից տունդարձի օդային ճամփեքին, էն մտքի վրա, թե ինչքան բախտավոր ենք մենք, որ չունենք ոչ նավթ ու գազ, ոչ էլ մի կարգին բնական պաշար-հարստություն, ինքներս մեզնից բացի կորցնելու բան էլ չունենք, փոխարենը՝ անարյուն հեղափոխություն անելու հնար ունեցանք, ու, «կյանքիդ մեռնեմ» ասելով, շարունակում ենք ապրել՝ տոնից մեռելոց վերագտնելով մեր անդառնալի կորուստներն ու ազատությունը։  

Սերը հաղթեց ատելությանը, երեկվա զոհն ինքն իր դահիճը չդարձավ ու եղբայրական արյուն չթափեց, հենց սրանում է ապրիլի մեծ խորհուրդը, որ դարձավ ոչ միայն հավերժ հիշատակի, այլեւ վերապրման ամիս մեր պետական տոնացույցում։

Ի վերջո, ոչ մի ժողովուրդ արժանի չէ ատելության, բայց մենք սիրված լինելու պատիվ ունեցանք հենց ապրիլ 23․5-ին։

 

***

Արթուր Ավանեսով

Ապրիլ 23 (2018), հրաժարականից հետո

Երբեք այսքան ոգեւորություն չէի տեսել: Ինձ թվում էր՝ նման հրճվանք միայն երաժշտությունը կարող է պատճառել: Այդ օրը դիոնիսական տոնախմբության օր էր:

Ապրիլ 23 (2019), մեկ տարվա զգացական եւ բովանդակային պատկեր

Չափազանց մեծ ճանապարհ կա դեռ անցնելու: Մենք պետք է սովորենք տքնաջան աշխատելու արվեստը, հասկացող, հանդուրժող եւ բարեխիղճ լինելու արվեստը, ոչ միայն ինչ-որ մեկի դեմ, այլ նաեւ մի արժանի գաղափարի կողմ միավորվելու արվեստը:

Կցանկանայի հավատալ, որ այսուհետ ընդդիմական լինելը ոչ թե գոյության միակ հնարավոր միջոցը կդառնա, այլ պարզապես ուրիշների գաղափարների կողքին սեփականը առաջարկելու հնարավորությունը կլինի: Կցանկանայի հուսախաբ չլինել․․․

***

Արամ Պաչյան

Ապրիլ 23 (2018), հրաժարականից հետո

Իրականության բացարձակ վերադարձն էր, ու դրա բացարձակ ապրումը։

Ապրիլ 23 (2019), մեկ տարվա զգացական եւ բովանդակային պատկեր

Հեղափոխությունը, որն ավարտվում է, դեռ չի էլ սկսվել։

 

***

Դավիթ Իսաջանյան

Ապրիլ 23 (2018), հրաժարականից հետո

Երեւանն այդ օրը վերածվել էր հին հունական ագորայի, որն, ինչպես գիտեք, պոլիսի հիմնական ժողովատեղին էր անտիկ Հունաստանում, որտեղ կարծիքներ էին փոխանակում, բանավիճում ու որոշումներ կայացնում պոլիսի ազատ քաղաքացիները:

Ագորան նաեւ մետաֆոր է. դա այն վայրն է,  որտեղ ձեւ ու մարմին է առնում քաղաքականը բառի հին հունական նշանակությամբ։ Հույները, ի տարբերություն այսօրվա տարածված պատկերացման, քաղաքականը ոչ թե համարում էին այս կամ այն վեհ նպատակի միջոց (որպես կանոն՝ ազատության իդեալին հասնելու միջոց), այլ գտնում էին, որ քաղաքականը հենց նպատա՛կն է, որ կա:

Ի վերջո, մարդկային ազատությունը՝ ազատ գործելու, խոսելու, տեղաշարժվելու, հաղորդակցվելու՝ կյանքն իր բազմօրինակ տարակերպության մեջ լիուլի փորձառելու մարդկային կարողությունը ոչ թե քաղաքականության գերնպատակն է, որին այն ձգտում է, այլ դրա էությունն ու բուն իմաստը:

Քաղաքականությունը, այլ կերպ ասած, նույնինքը՝ ազատությունն է, որը պլատոնականությունը նույնացրել է տեխնեի՝ աշխարհագործման, արարման, նորի հիմնադրման ու կենսագործման կարողության հետ, իսկ արիստոտելականությունը՝ պրաքսիսի՝ գործողության հետ, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ հանրային ոլորտում խմորվող եւ անհատական ու հավաքական համակեցության հարցերին առնչվող գործելակերպ, իր շրջանը երբեք չփակող մի բաց տիրույթ, որից ներս գույների ողջ ներկապնակով դրսեւորվում են մարդու՝ մարդ լինելու հատկանիշները:

Սա է, թերեւս, պատճառը, որ Հաննա Արենդթն իր «Մարդկային պարագան» («The Human Condition») աշխատության մեջ քաղաքական գործողության բերած նորամուծությունը համեմատում է կրոնական հրաշալիքի հետ: Հանրային կյանքում, ինչպեսեւ բնության մեջ, նորը միշտ էլ ծնվում է ի հեճուկս անսահման անհավանականության:

Ըստ Արենդթի՝ դժվար է անվանել բնության հրաշարարին, բայց մեզ հայտնի է հանրային կյանքի հրաշագործի անունը: Դա գործուն մարդն է, որից միշտ էլ կարելի է ակնկալել անսպասելի եւ անհավանական նորագործություններ, քանի դեռ նա ունի գործելու ազատություն, ասել է թե՝ քանի դեռ նա զբաղվում է քաղաքականությամբ:

Հենց այդ հրաշքն էր, որ այդ օրը ծովածավալ ծփանք էր հաղորդել Երեւանի փողոցները հեղեղած հազարանուն բազմությանը, որ մե՛կ «ուռա՜» էր հրճված վանկարկում, մե՛կ էլ ապշում էր՝ այդ ինչպես եղավ: Երեւան եկել էր քաղաքականը: Երեւանը դարձել էր հունական ագորա:

Ապրիլ 23 (2019), մեկ տարվա զգացական եւ բովանդակային պատկեր

«Եվրոպական հեղափոխություններ. 1492-1992 թթ.» հետազոտության մեջ Չարլզ Թիլին մասնավորեցնում է, որ նշված ժամանակաշրջանում Եվրոպան տեսել է թվով 707 հեղափոխական իրավիճակ, որոնք, ըստ տարբեր չափորոշիչների, ունեցել են մոտ 30 կամ 50 տարբեր հանգուցալուծումներ:

Տեղավորվո՞ւմ է, օրինակ, hայաստանյան «Դուխո՛վ»-ը այդ հարացույցի մեջ, թե՞ ժամանակն է, որ վերանայվի հեղափոխական ելքերի թիլիական դասաբաշխությունը: Հեղափոխությունից ուղիղ մեկ տարի անց ցանկությունս է, որ կատարվածին տրվի հանգամանալից տեսական, քաղաքական եւ պատմական գնահատական, ու, որ կարողանանք, ինչպես Ժան Պոլ Ռիկյորը կասեր, ներկայի միջոցով ըմբռնել «անցյալի ու ապագայի միջեւ եղած դիալեկտիկան»:

Հեղափոխությունը վերլուծելը ոչ միայն տեղային, այլ նաեւ համաշխարհային նշանակություն կարող է ունենալ, քանի որ, ինչպես ընդունված է համարել, 1789 թվականի Ֆրանսիական հեղափոխությունից ճիշտ 200 տարի անց՝ 1989 թվականին,  կոմունիզմի հետ մեկտեղ իր վախճանն է կնքել նաեւ «հեղափոխություն» կոչվածը՝ գոնե դրա այն դրսեւորումները, որոնք մեզ ծանոթ էին արդիության դարաշրջանում:

Սա չի նշանակում, թե հեղափոխություններ կամ հեղաշրջումներ այլեւս տեղի չեն ունենում (դրանք կլինեն թե՛ քանի դեռ կանգուն է կենտրոնացված պետությունը, թե՛ եթե հանկարծ այն կազմաքանդվի մի օր, քանի որ, ինչպես ոմանք են պնդում, կենտրոնամետ պետությունը եւ՛ պատճառն է հեղափոխությունների բռնկման, եւ՛ նաեւ հետեւանքը այդ բռնկումների): Բայց պնդումն այս թերեւս հուշում է մեզ, որ հավանաբար հեղափոխության մյութոսը կորցրել է տրամաբերական (դիսկուրսիվ) իր երբեմնի բովանդակությունը: Ի վերջո, Ֆրանսիական հեղափոխությունից հետո «ռեվոլյուցիա» կոչվածը մշակութային այնպիսի ինքնավար երեւույթի էր վերածվել, որ այն կարող էր՝ ինքն իրենով ու իր ուժով, դառնալ իր իսկ սանձազերծման շարժառիթը հեղափոխությունները բռնկվում էին հեղափոխության գաղափարից:

Ավելին՝ հեղափոխության դասական տեսությունները, որոնց ուսումնասիրության առարկան դասական հեղափոխություններն են, այսօր այլեւս չեն կարողանում ըստ արժանվույն իմաստավորել հեղափոխության մերօրյա պոռթկումները:

Ճգնաժամ, որի ճյուղավորումները տեսանելի են նաեւ հայաստանյան հեղափոխության քննարկումներում. բոլորս էլ գիտենք, որ մարդիկ դժվարանում են հստակ սահմանել՝ արդյոք կատարվածը հեղափոխություն էր, իշխանափոխություն, թե այլ մի բան: Շփոթի մեղավորը նաեւ այն է, որ անցքերը կրկին դրվում են ավանդական տեսությունների մանրադիտակի ներքո, այդ թվում՝ Մարքսիզմի, որը զանգվածային բողոքները կապում է ներխմբային սոլիդարության եւ միջխմբային հակամարտության հետ, Դյուրկհեյմականության, որը համարում է, որ հավաքական գործողությունները բխում են աշխատանքի խորացող բաժանումից եւ ինտեգրման կամ տարինտեգրման ուղեկցվող գործընթացներից, Ջոն Սթյուարտ Միլի օգտապաշտության, որը զանգվածային շարժումները բացատրում է անհատական շահի դիրքից, երբեմն էլ Վեբերականության, որը շեշտում է ներխմբային հավատո վեմի առկայության կարեւորությունը:

Այսօր էլ, ինչ խոսք, այս տեսությունները կարեւոր դիտապակու նշանակություն ունեն, բայց դրանք այլեւս չեն կարողանում լիարժեքորեն բացատրել ներկայիս (այդ թվում՝ Հայաստանի) ու ոչ վաղ անցյալի էլի շատ իրադարձություններ, օրինակ՝ Թուրքիայի եւ Իրանի սահմանադրական հեղափոխությունները 20-րդ դարասկզբին, Գերմանիայի եւ Իտալիայի հեղաշրջումները 20-րդ դարի երկրորդ կեսին, Արեւելյան Եվրոպայի ու Հարավային Աֆրիկայի թավշյա հեղափոխությունները, ոչ էլ 2011 թվականի Արաբական հեղափոխությունը:

Վախենամ, որ մեր հեղափոխությունը իմաստավորելու հարցում առանձնապես օգտակար չեն լինի ոչ էլ հին ու միջնադարյան հեղաշրջումները պատմականացնող արիստոտելական, խալդունական ու տոկվիլյան մոդելները, որոնք օգնում են այս կամ այն չափով իմաստավորելու, օրինակ՝ Աքքադական, Աթենական, Հռոմեական, Սասանյան, Իսլամական, Մոնղոլական հեղափոխական խռովությունները («հեղափոխություն» բառը պայմանական եմ օգտագործում, քանի որ մինչեւ Ֆրանսիական հեղափոխությունը «ռեվոլյուցիա» բառը օգտագործել են այլ՝ «շրջապտույտ, բոլորաշրջան» իմաստով, իսկ հեղափոխական խռովումների համար տարբեր դարաշրջաններում կիրառել են տարբեր եզրույթներ, որոնցից ամենատարածվածը «mutatio rerum» («իրերի/ իրավիճակի փոփոխություն» եւ «commutatio reipublicae» («կառավարության փոփոխություն») տարբերակներն են):

Ժամանակն է, որ հեղափոխության ծրագրային դրույթները համալրվեն տեսական եւ վերլուծական լուրջ հետազոտություններով, ու որ այնպես չստացվի, որ այս հեղափոխության գլխավոր առանձնահատկությունը մնա միայն այն, որ հայաստանյան դեպքերը տեղի են ունեցել ուժի կիրառման լիակատար բացակայության պայմաններում: Սա, ինչ խոսք, փառավոր ձեռքբերում է, բայց պետք է հիշել, որ ռազմական սոցոլոգիան փաստում է՝ կիրառված բռնության տեսակը, չափը կամ դրա բացակայությունը սովորաբար չեն անդրադառնում հետհեղափոխական ընթացքի եւ հեղափոխության թողած հետեւանքների վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter