HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Առինջի խաչքարադաշտում կարող ենք թույլ չտալ Ջուղայի խաչքարադաշտի կոտորածը

«Առինջի պատմական գերեզմանոցը Հայաստանի ամենաարվեստային խաչքարադաշտն է: Այն բացառիկ է խաչքարային արվեստի կատարյալ ու եզակի նմուշներով, հորինվածքների բազմազանությամբ: Այսպիսի արձանագրություններ չկան ողջ Հայաստանում»,- Առինջի գերեզմանոցի խաչքարադաշտն այսպես է բնութագրում հնագետ-մշակութաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը:

Հայաստանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում «Գերեզմանոց 5-20-րդ դար» անվանումով գրանցված խաչքարադաշտը Ջուղայի խաչքարերի բարբարոսական ոչնչացումից հետո իր թվաքանակով այսօր երկրորդն է՝ Նորատուսից հետո: Բայց նրա գոյությունը նույնպես վտանգված է, խաչքարադաշտի տարածքում պարբերաբար իրականացվող հուղարկավորությունները բազմաթիվ խաչքարերի ու տապանաքարերի անհետացման ու ֆիզիկական ոչնչացման պատճառ են դարձել։

Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն այն դասել է առավել վտանգված հուշարձանների ցանկում: Երեւանի մերձակայքում գտնվող, վաղ միջնադարից միչեւ ուշ միջնադարն ընդգրկող համալիր հուշարձանադաշտը զարմանալիորեն անտեսված է։

Համլետ Պետրոսյանի հետ գերեզմանոցի տարածքում դիտարկում ենք վերջին փոփոխությունները: Հնագետի քննախույզ հայացքը նկատում է գետնին ընկած նախշազարդ բեկորը: Շուրջը զննելով` գտնում է կոտրված խաչքարը, պոկված բեկորը տեղադրելուց հետո, խաչքարն ամբողջանում է: «15-րդ դարի ամենահայտնի խաչքարագործի՝ վարպետ Գրիգորի խաչքարի արձանագրության մի կտորն է։ Տեսնո՞ւմ եք, տառերի մեջ մարդկային դեմքեր են քանդակված»,- բացատրում է պրն. Պետրոսյանը:

Պրոֆեսորը պատմում է, որ այցելությունների ժամանակ մի քանի այդպիսի բեկորներ է գտել, որոնք պահում է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնում: «Իրավունք չունեմ, բայց չգիտեմ, թե ինչ պետք է արվեն դրանք, արձանագրությունները փշրվել եւ ոտքի տակ ընկած կորչում են»,- ասում է Համլետ Պետրոսյանը:

Այստեղի խաչքարերը պատմագրությանը համարժեք արձանագրություններ ունեն, դրանցից շատերին դրոշմված են քանդակագործ վարպետների նշանները: Պատմական գերեզմանոցում ամենահինը 1181 թ. արձանագրությամբ Սարկավագ գրիչի քանդակն է: Տարիներ առաջ այս գերեզմանոցից մի քանի խաչքարեր են տեղափոխվել թանգարաններ: Փարիզի Լուվրի թանգարանում ցուցադրվում է 1266 թ. մի խաչքար, որը 1976 թ. փոխադրվել է առանց պատճենը վերցնելու: Երկու խաչքար՝ թվագրված 1523 թ.-ի եւ 1548 թ.-ի, 1980-ականներին տեղափոխվել եւ ցուցադրվում են Սարդարապատի թանգարանում:

Նույն ա՞զգն է այդ մշակույթը ստեղծողը, եւ այսօրվա «վայելողը»

Հուշարձանի տարածքում թարմ շիրմաթմբեր կային, 2018 թ.-ին կատարված թաղումներ, որոնց գոյությունը փորձում են ժխտել հուշարձանի պահպանության բոլոր պատասխանատուները։ Պատճառն այն է, որ հուշարձանի տարածքը փակ է հայտարարված հուղարկավորությունների համար։ Պատասխանատուները միաբերան պնդում են, որ հուղարկավորությունների համար նոր տեղեր չեն հատկացվում, դրանք կատարվում են ընտանեկան գերեզմանոցներում։ Այս հարցի ճշմարիտ պատասխանը տալիս են հուշաքարերը՝ վաղ թե ուշ ծննդյան ու մահվան թվականները տեղադրվում են շիրմաքարերին։ Ավելի ճշգրիտ վիճակագրություն ոչ մի հիմնարկ չի տալու։

Հուղարկավորություններն այս խաչքարադաշտում սկսել են իրականացվել 1980-ական թվականներին: Վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանը պատմում է, որ խորհրդային տարիներին գերեզմանատունը մետաղյա ցանցկեն ցանկապատ է ունեցել, որով պատմական շերտը բաժանված էր ժամանակակից գերեզմանատան տարածքից, բայց դա չէր խանգարում, որ այդտեղ թաղումներ արվեին։ Ցանկապատը 80-ական թվականներից սկսել էին տեղ-տեղ բացել։

«1980-ականներին, երբ չափագրական աշխատանքներ էինք կատարում խաչքարադաշտում, որպես նախագծային խմբի գլխավոր ճարտարապետ-ղեկավար, 10 օրը մեկ անգամ վերադասին զեկուցագրեր եմ գրել այն մասին, որ օրեցօր, ժամ առ ժամ, Առինջ գյուղի բնակիչները հարձակում են գործում խաչքարերի վրա»,- վերհիշում է վերականգնող ճարտարապետ, «Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիա»-ի հիմնադիր անդամ Ամիրան Բադիշյանը։

Խաչքարադաշտի ոչնչացման հիմնական պատճառն, ըստ պրն. Բադիշյանի՝ թողտվությունն է, խորհրդային շրջանում գյուղսովետն էր պատասխանատու այդ բոլոր արարքների համար, հիմա՝ համայնքապետարանը։ «Երբ բնակիչը տեսնում է, որ հնարավոր է պատմական գերեզմանոցում տեղ վերցնել եւ հուղարկավորություն անել, նույնիսկ առանց հուղարկավորելու տեղ վերցնել, գնում է դրան»։

Պրն. Բադիշյանը հայտնեց, որ 1980-ական թվականներին, երբ իր ղեկավարությամբ գերեզմանոցի հուշարձանները վերականգնելու համար նախագծային աշխատանքներ էին կատարում, տարածքում ամբողջական կանգուն կամ մասնակի մոտ 250-ի հասնող խաչքար կար, մոտ 400-ի հասնող խաչքարի բեկորներ են չափագրվել, որոնցով ամբողջանում էին շատ թերի խաչքարեր, կամ վերականգնվում նորերը:

Այդ ժամանակներից անցել է մոտ 30 տարի, այսօր պետական սեփականություն համարվող, «Գերեզմանոց 5-20-րդ դար» (4.2-4.219) դասիչի տակ ներկայացված է 218 հուշարձան:

«Վերջին անգամ 2 տարի առաջ եմ այցելել այնտեղ, եւ ավելի քան ահասարսուռ էր տեսարանը, քան 80-ական թվականներին։ Տարօրինակ է. Առինջ գյուղի կողքին դարերի ընթացքում ձեւավորվել է մշակութային դաշտ՝ հարյուրավոր գեղաքանդակ խաչքարեր, շատ հետաքրքիր գծային պատկերաքանդակներով, սիմվոլներով հարուստ տապանաքարեր, խոյաքանդակ տապանաքար 4-րդ դարի սյուն-կոթող, որի մեծ մասը պահպանված է։ Շատ ազգեր կերազեին նման մշակույթ ունենալ: Միաժամանակ ապշելու է, որ նույն գյուղի բնակիչները բարբարոսաբար ոչնչացնում ու հոշոտում են այն։ Մտածում ես, արդյոք, նույն ա՞զգն է այդ մշակույթը ստեղծողը, եւ այսօրվա «վայելողը. այս մասշտաբի բարոյական խզու՞մ»,- զարմանում է Ամիրան Բադիշյանը։

Պետությունը չի՞ կարողանում պահպանել պատմամշակութային հուշարձանը

Առինջի պատմական գերեզմանոցում կատարվող նոր հուղարկավորությունների վերաբերյալ հարցը կրկին բարձրաձայնվել է 2011 թ.-ից: Մշակույթի նախարարությունը 2011 թ. նոյեմբերի 18-ին հաստատել է Առինջի «Գերեզմանոց 5-20-րդ դար» հուշարձանի պահպանական գոտին՝ այն 3 հա տարածք է զբաղեցնում, կազմվել է պատմական գերեզմանոցի (0,4 հա) եւ 12-13-րդ դարերի եկեղեցու (մատուռ 0,03 հա) տարածքների շուրջ: Սակայն, դրանից հետո էլ գերեզմանոցի պահպանական գոտում նոր հուղարկավորությունները չեն դադարեցվել:

Հուշարձանը միայն 2007 թ.-ին է ներառվել «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում (թիվ 6.11.3), (Կառավարության 2007 թ., մարտի 15-ի թիվ 385 որոշում): Սա նշանակում է, որ հուշարձանը կարող է օգտագործվել միայն գիտական, կրթական, մշակութային, ճանաչողական եւ զբոսաշրջության նպատակներով:

«Ես լսել եմ, որ 2000-ական թվականներին, երբ հնագետները տարածքում աշխատում էին, սափրագլուխները մոտեցել են նրանց եւ ասել, որ այլեւս չհանդգնեն երեւալ այս տարածքում։ Ոմն մեկը համարել է, որ ինքն է դրա տերն ու որոշողը, այսպիսի բարձիթողի վիճակում է եղել հուշարձանը,- պատմում է Ամիրան Բադիշյանը եւ ափսոսանքով ավելացնում,- սա է այսօրվա իրականությունը, միայն գրավել, ոչնչացնել, քարի ջարդոնի վերածել եւ տեղում իրենց հանգուցյալին հուղարկավորել»:

«Ինքս եմ տեսել, որ ջարդում եւ բետոնի մեջ են լցնում խաչքարերը։ Գերեզմանների աղբը հավաքում եւ լցնում են խաչքարերի վրա: Մոռանում են, որ խաչքարային մշակույթը միայն արվեստ չէ, այն սրբատեղի է»,- իր զարմանքն է հայտնում Համլետ Պետրոսյանը:

Ամիրան Բադիշյանը կասկածներ ունի, որ այստեղից նաեւ խաչքարերի գողություն է տեղի ունեցել, որոշ դետալներ (չի բացառվում նաեւ ամբողջական խաչքարեր) տեղափոխվել են այլ տեղ: Այս կասկածը կարելի է ճշտել համեմատելով 1980-ականների լուսանկարները տեղում եղած նյութերի հետ:

Կոտայքի պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) մարզային ծառայությունը հաղորդում է, որ քիչ չեն դեպքերը, երբ ծառայության աշխատակիցները կանխել են քաղաքացիների կողմից ընտանեկան գերեզմանոցին կից տարածքում տապանաքարերի տեղաշարժերի, նաեւ բարեկարգման նպատակով ընդարձակելու դեպքերը։

ՊՄՊ մարզային ծառայությունը 2013-14 թթ. հուշարձանի տարածքում կատարված իրավախախտման փաստով՝ ապօրինի հուղարկավորության, երկու դիմում է ներկայացրել իրավապահներին: Մարզային ծառայության պետը գրավոր ահազանգել է Առինջ համայնքի ղեկավարին եւ ոստիկանության Կոտայքի բաժնի պետին` խնդրելով միջոցներ ձեռնարկել նոր հուղարկավորությունները կանխելու համար: Ոստիկանությունից տեղեկացրել են, թե քաղաքացիների խոսքով, հուղարկավորությունները կատարվել են ընտանեկան գերեզմանոցում: Դեպքերից մեկը ոստիկանությունը չի համարել ապօրինի հողազավթում, եւ մերժել է քրեական գործ հարուցելու պահանջը:

Պատմական հուշարձանի պահպանական գոտու տարածքում կատարված երկրորդ իրավախախտման դեպքով ոստիկանության Կոտայքի բաժինը քրեական գործ է հարուցել Առինջ համայնքի բնակչուհի Վիկտոր Հովհաննիսյանի դեմ։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015 թ. հունվարին, 77-ամյա Վ. Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել Քր. օր.-ի 264 հոդվածով այն բանի համար, որ նա 2014 թ. մարտի 15-ին պահպանման պետական ցուցակում ներառված Կոտայքի մարզի Առինջ գյուղի հին գերեզմանատանը հուղարկավորել է իր դստեր որդուն, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել պետութան պահպանության տակ գտնվող եւ պատմամշակութային արժեք ներկայացնող տեղի խաչքարերին եւ տապանաքարերին: Դատարանը Վ. Հովհաննիսյանին տուգանել է 200.000 դրամով:

Սա միակ դեպքն է, երբ որեւէ մեկը պատժվել է հուշարձանի տարածքը զավթելու համար։ Միաժամանակ, շատ վատ նախադեպ է, որովհետեւ ստացվում է, որ 200 000 դրամով կարող են օրինականացնել ապօրինությունը, իսկ ավերված կոթողնե՞րը ․․․

Մշակույթի նախարարությունն իրեն այս արժեքի տերը չի համարում, իսկ մի աներեւույթ ձեռք այն իր բիզնես տարածքն է համարում

Գործող օրենքի համաձայն՝ տարածքում թաղումների համար հողհատկացումը պետք է կատարի Առինջի համայնքապետարանը: Համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը ժխտում է, որ խաչքարադաշտում հուղարկավորություններ են կատարվում: «Այդ գերեզմանոցը կիսափակ է, ովքեր հանգուցյալներ ունեն այդտեղ եւ նրանց մոտ հուղարկավորելու հնարավորություն կա՝ նրանք պետք է հուղարկավորվեն, չեն կարող արգելել, բայց նոր տարածքներ չեն հատկացվում հուղարկավորության համար»,- ասում է համայնքի ղեկավարը։

«Հասկացանք, որ կնոջ կողքին ամուսնուն տեղ է պահված, բայց հետո դա ձգվում է 10-15 մետր, իսկ այդքան տեղը, որ պարսպապատում են՝ տասնյակ տապանաքարեր ու մի քանի խաչքար է եղել։ Խաչքարը տեղահանում են եւ տեղում նոր թաղում կատարում՝ պղծելով նախորդ ննջեցյալի շիրիմը, կամ պատրաստում հետագա հուղարկավորության համար։ Միգուցե բացատրական աշխատանքի պակաս էլ կա այստեղ, մարդն իր մեղքի բաժինը պետք է հասկանա»,- ասում է Ամիրան Բադիշյանը։

«Մանր խորամանկություններ էլ են անում՝ չեն շտապում արագ տարածքը մաքրել, խաչքարերը նետում են տարբեր ուղղություններով եւ տեղ են բացում նոր թաղման համար»,- պատմական կոթողներից տարածքն ազատելու ձեւերն է ներկայացնում Համլետ Պետրոսյանը: Նա համոզված է, որ ինչ-որ մեկը հողակտոր է վաճառում՝ հուշարձանը համարելով իր բիզնես տարածքը։

Առերեւույթ, համենայնդեպս վաճառողը Առինջի համայնքապետը չէ: Այնինչ, գործող օրենքի համաձայն, թաղման համար հողահատկացումը պետք է կատարի համայնքապետարանը: Կոտայքի մարզպետարանն այս տարի վարչական հսկողություն է իրականացրել Առինջի համայնքապետարանում եւ արձանագրել է, որ համայնքապետարանը

  1. թաղումների եւ գերեզմանատեղերի գրանցման մատյան չի վարում,
  2. գործող գերեզմանատան համար հողերի օգտագործման հատակագծեր չունեն և այլն:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը մեզ պատասխանում է, որ հուշարձանի տարածքում հուղարկավորությունների հարցը խնդրահարույց է, քանի որ համայնքը չունի այլ գերեզմանոցի տարածք։

ՊՈԱԿ-ը 2014 թ. դիմել է Մշակույթի նախարարությանը՝ հուշարձանի պահպանական գոտու պայմանակարգը (ռեժիմը) սահմանելու համար, որով կհստակեցվի, թե ինչ է թույլատրվում անել հուշարձանի տարածքում: Օրեր առաջ, մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը մեր հարցմանը պատասխանել է, որ հուշարձանի պահպանական գոտին չունի սահմանված պայմանակարգ (ռեժիմ):

«Նկատի ունենալով Երեւանի քաղաքամերձ հատվածում գտնվող կարեւորագույն հուշարձանի, դրա հին հատվածի պատմական միջավայրի անխաթար պահպանության խնդիրը՝ Մշակույթի նախարարությունը 2014 թ.-ին Տարածքային կառավարման նախարարությանը գրությամբ առաջարկել է՝ հուշարձանի պատմական տարածքը փակ հայտարարել, դրա սահմանագծով ցանկապատ տեղադրել, գերեզմանոցի երկրորդ հատվածը մասնակի փակ հայտարարել՝ ցանկապատելով դրա տարածքում գտնվող խոնարհված մատուռի տարածքը, իսկ Առինջ համայնքի գերեզմանատան համար նոր հողահատկացում կատարել»,- հայտնում է մշակույթի նախարարի տեղակալը։

Գագիկ Սարգսյանը մեզ հետ համաձայնեց, որ օրենքով թաղումների համար հողհատկացումը համայնքապետարանը պետք է կատարի, բայց իրենք չեն անում: Նաեւ՝ թաղումների եւ գերեզմանատեղերի գրանցման մատյան չեն վարում, որովհետեւ դրա համար պետք է գերեզմանոցի տարածքը քարտեզագրել, հասցեավորել, նշված լինեն հատուկ տարածքները, որտեղ հուղարկավորելն արգելվում է։ «Դրանք մեծ ծախսերի հետ են կապված, այդ հարցին պետք է պետական մակարդակով լուծում տրվի, բայց ասացին, որ գումար չունեն։ Պարսպապատելու համար նույնպես ասվեց, որ գումար չունեն»,- հայտնեց համայնքի ղեկավարը:

Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը հայտնեց, որ գյուղի երկու գերեզմանոցներն էլ կիսափակ են, իսկ նոր գերեզմանոցի համար այդպես էլ հողահատկացում չի արվել:

Սա շատ լավ հնարավորություն է կատարվածի պատասխանատվությունը միմյանցից հեռացնելու համար: Համայնքապետարանը հողհատկացման գրանցում չի կատարում, հետեւաբար, նրան դժվար է ուղղակիորեն մեղադրել խաչքարադաշտը ոչնչացնելու մեջ, մյուս կողմից՝ Կառավարությունը գերեզմանոցի համար նոր տարածք չի հատկացնում՝ գիտակցելով, որ մահացողները պետք է հուղարկավորվեն:

Ինչո՞ւ են կառավարությունում ինքնախաբեությամբ զբաղվում. ինչո՞ւ նոր գերեզմանի համար հողահատկացում չի արվում, ինչո՞ւ հուշարձանի տարածքն ընդհանրապես փակ չի հայտարարվում, որպեսզի մեկընդմիշտ լուծում տրվի հուշարձանը ոչնչացումից փրկելու հարցին: Ինչո՞ւ է մարզպետարանը իրավախախտումները վերացնելու ժամանակ տրամադրում, եթե համոզված չէ, որ համայնքի ղեկավարը կարող է լուծում տալ այդ հարցերին։ Առհասարակ, ինչո՞ւ են նախարարությունները ձեւական գրություններ ուղարկում միմյանց, դրանից նվազո՞ւմ է նրանց պատասխանատվության չափը ոչնչացվող հուշարձանի նկատմամբ։

«Երբ պատկան մարմինների ենք դիմում՝ խոսում են ֆինանսից, բայց հանգիստ թողնենք այդ կողմը, որովհետեւ դա չէ խնդիրը, դա ֆիկցիա է։ Խնդիրն այն է, որ Մշակույթի նախարարությունն իրեն այս արժեքի տերը չի համարում»,- նշում է Ամիրան Բադիշյանը։

«Խնդիրն օրենքի եւ պետության մեջ է եւ ոչ թե անհատի, բայց պետությունն ի վիճակի չէ սա պահպանելու։ Կարող են այսքան տարածքն առանձնացնել ու պահպանել, բայց այս գերեզմանոցն այսօր էլ գործող է համարվում։ Ջուղան կորցրել ենք, գոնե սա պահպանենք»,- ասում է Համլետ Պետրոսյանը:

Ամեն ինչ դեռ կորած չէ. կան նախագծեր, եւ կան այդ գործի նվիրյալներ

Առինջի պատմական գերեզմանոցի ճակատագիրը մի քանի նեղ մասնագետներից բացի, ոչ ոքի չի մտահոգում։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը «Առինջ գյուղի պատմական հուշարձանները» աշխատության մեջ նշում է. «Հակառակ հնավայրում թե քանակապես եւ թե արվեստի կատարելության առումով մեծարժեք խաչքարերի իրողությանը՝ Առինջի գերեզմանոցը կարելի է ասել ցարդ բավարար չափով չի արժանացել մասնագետների ուշադրությանը»:

Առինջի պատմական գերեզմանոցի հուշարձանները վերականգնելու համար, վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանի ղեկավարությամբ, 1983 թ.-ից սկսած նախագծային հետազոտական աշխատանքներ են կատարվել։ Աշխատանքները դադարեցվել են 1988-ին, ազգային շարժման սկսվելուց հետո։ «Ամբողջ խաչքարերի տարածքը լուսանկարվել է, չափագրվել, քարտեզագրվել՝ համարներով նշվել են բոլոր կոթողների տեղերը։ Քարտեզով կարող ենք տեսնել, թե որ դետալը որ հատվածում է ընկած: Բոլոր կոթողների եւ առանձին դետալների վերաբերյալ կազմվել է եզրակացություն-առաջարկ։ Վերականգնման համաչափություններով և զարդանախշերի գծապատկերներով պարզել ենք, թե որ դետալը որի մասն ու շարունակությունն է, բացակայող հատվածները լրացնելով իներտ ձուլանյութով։ Այս եղանակով վերականգնվում էր մոտ 250 խաչքար»,- ասում է պրն. Բադիշյանը։

Գերեզմանոցի մատուռի եւ խաչքարերի վերականգնման նախագծերից բացի, նաեւ տարածքի ցանկապատման եւ մուտքի նախագիծ է արվել՝ պահակակետով, սանհանգույցով, տոմսերի վաճառքի կետով, հուշարձանը մատչելի ու գրավիչ դարձնելով թե՛ զբոսաշրջության, թե՛ գիտական շրջանակների, թե՛ դպրոցականների, ուսանողների եւ ընդհանրապես հասարակության համար։ Այդկերպ կզսպվեին նաեւ բոլոր ապօրինություններն ու ավերումները:

Ա. Բադիշյանը պատմում է, որ վերականգնման աշխատանքները մատուռից էին սկսել: Առաջին անգամ փորձ է արվել ամբողջովին վերականգնել քանդակազարդ էլեմենտներով պատված մատուռը։ Մատուռն, ըստ ավանդության, պայթեցվել է Լենկ Թեմուրի արշավի ժամանակ, բայց բոլոր բեկորները տեղում պահպանվել էին: Ճարտարապետական խումբն իրականացրել էր մատուռի ամբողջական վերականգնման նախագիծ, կատարվել էին փլատակների եւ հողային մաքրման աշխատանքներ, բարելավվել էր հարակից ճանապարհը եւ կռունկը մոտեցվել տարածքին՝ աշխատանքները սկսելու համար, բայց ԽՍՀՄ փլուզման հետեւանքով դրանք ընդհատվել են:

Վերջին տարիներին մատուռի տարածքը աղբահորի է վերածվել, իսկ շրջակայքը նոր գերեզմանոցներով է շրջափակվել: «Վերջին անգամ, երբ տեսա, ամբողջ ճանապարհը նոր գերեզմաններով փակվել է, եւ պետք է մոռանալ որեւէ մեխանիզմով վերականգնելու մասին»,- խոր ափսոսանքով նշում է ճարտարապետը:

Ա. Բադիշյանը կարծում է, որ հուշարձանի վերաբերյալ պետք է արտակարգ իրավիճակ հայտարարել, համապատասխան բոլոր օղակների մասնակցությամբ կատարել գույքագրում-հաշվառում, արխիվներից հանել եւ համեմատել նյութերը ինչ-որ բաներում համոզվելու եւ ճշտելու համար, այնուհետև ուրվագծել հետագա քայլերի ու միջոցառումների ռազմավարությունը։ Առինջի պատմական գերեզմանոցի հուշարձանները վերականգնելու նախագծերը պահպանվում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արխիվում։ Ամեն ինչ դեռ կորած չէ. կան 80-ականին արված նախագծերը, մանրամասն փաստագրումները եւ դրանք իրականացրած մասնագետները, որոնք այսօր էլ պատրաստակամ են ծառայել այս գործին։

Համլետ Պետրոսյանը, Ամիրան Բադիշյանը եւ Արտակ Ղուլյանը (Առինջի եկեղեցու եւ շրջակայքի վերականգնման հեղինակ) «Առինջի պատմական գերեզմանոցի պահպանության եւ վերականգնման» ծրագիր են ներկայացրել Մշակույթի նախարարություն: Նախարարությունը չի արձագանքում հնագետների ու ճարտարապետների ո՛չ անհատական դիմումներին, ո՛չ էլ մասնագիտական կազմակերպությունների անունից ներկայացված կոչերին:

Ներդիր

Առինջի գերեզմանատան պատմական հատվածը միջնադարյան Հայաստանի յուրօրինակ հուշարձաններից է: XIII դարի եկեղեցու փլատակների շրջակայքում, պահպանվել է XII-XVII դդ. թվագրվող մոտ 180 խաչքար (քարգործ-վարպետներ` Գրիգոր, Սարկավագ գրիչ, Վարդ, Աստվածատուր եւ այլք): Խաչքարերի զգալի մասը 1950-1987 թթ. ընթացքում վերականգնողական աշխատանքների շնորհիվ, մեզ են հասել գրեթե ամբողջական, իսկ որոշ խաչքարերի վրա պահպանվել են արձանագրություններ, որոնք հետազոտողներին հնարավորություն են ընձեռել թվագրելու դրանք:

XII դարից սկսած, երբ խաչքարագործությունը սկսում է լայն տարածում ստանալ, աստիճանաբար խաչքարը դառնում է նաեւ միջնադարյան գերեզմանոցի համապատկերի հիմնական տարրը (որպես վերգերեզմանային կոթող)` ձեւավորելով խաչքարային ընդարձակ դաշտեր (Ջուղա, Նորատուս, Առինջ): Ջուղայի խաչքարերի բարբարոսական ոչնչացումից հետո Առինջի խաչքարային դաշտն իր թվաքանակով այսօր երկրորդն է՝ Նորատուսից հետո:

XV-XVII դդ. ինչպես ողջ երկրում, այնպես էլ Առինջում սկսեցին գերակշռել ամբողջովին քանդակազարդ մակերեսով խաչքարերը: Օգտագործվում է սալը բազմաթիվ խաչերով հարդարելու պարզ հիմնաձեւը, ինչպես նաեւ խաչանշաններից ազատ տարածքը ոչ բարդ հյուսածո զարդերով ու վարդյակներով լրացնելը: Առինջի խաչքարերի վրա կան նաեւ բազմաթիվ յուրօրինակ պատկերներ (ինքնախոցոտվող թռչուններ, վեցաթեւ աստղերով խաչաթեւեր, թռչնային հորինվածքներ քիվի վրա, վեցաթեւ աստղով հարդարված վարդյակ եւ այլն), որոնք իրենց բնույթով եզակի են կամ քիչ հանդիպող: Առինջի գերեզմանոցում պահպանվել են նաեւ որոշ թվով տապանաքարեր, որոնց վրա կարելի է տեսնել աշխարհիկ պատկերներ (որսի տեսարան, խնջույքի սեղան, երկրագործական պատկերներ եւ այլն):

Տեսանյութերը՝ Սարո Բաղդասարյանի, լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի և Անի Սարգսյանի

Մեկնաբանություններ (1)

Արթուր Գրիգորյան
Հոդվածում նշված հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Առինջ գյուղի պատմական հուշարձանները» աշխատության հղումը չի ակտիվանում (նյութը չի բացում): Խնդրում եմ ուղղեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter