HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում․ Էդմոնդ Ավետյան

սկիզբը

Էդմոնդ Գեղամի Ավետյանը ծնվել է  1929 թ., Ուզբեկստանի Անդիջան քաղաքում: Ավետյանի հայրը եղել է ժամանակի   լավագույն գերմանագետներից մեկը: 1937 թվականին նրան կալանավորել, այնուհետեւ գնդակահարել են, իսկ ընտանիքին`աքսորել:  Ավետյանի մանկությունը, նրա ժամանակակից շատ մանուկների նման, լցված է եղել անսահման սիրով ու հավատով առ խորհրդային երկիր ու առ Ստալին: Ավետյանի գործով դատապարտված Գեորգի Խոմիզուրին պատմում է, որ Ավետյանը հաճախ էր հիշում, թե ինչպես էր աքսորավայրում, ձմռան սաստիկ սառնամանիքի  պայմաններում, սառած մանկական ձեռքերով ջրով լի երկու դույլ բռնած քայլում դեպի տուն ու մտածում, թե ինչ լավ է, որ ինքն ապրում է խորհրդային այս ազատ ու երջանիկ երկրում:

Պատերազմից հետո Ավետյանների ընտանիքին թույլատրում են վերադառնալ Հայաստան: 16 տարեկանում Ավետյանն արդեն, ի տարբերություն շատերի, սկսում է հասկանալ, թե ինչ է իրականում Սովետմիությունը, եւ ով է Ստալինը: 1946-ին Ստալինին ուղղված նամակների շարք է գրում, շարադրում է այն ամենն, ինչ մտածում է իրական, այլ ոչ առասպելական Ստալինի մասին: Ե՛վ նրա հանցագործություններն է հիշատակում, ե՛ւ անմեղ զոհերին, ե՛ւ նրա կազմակերպած բռնությունները: Բայց նամակն ստորագրում է այլ անուն-ազգանունով: Չեկիստները հեշտությամբ կարողանում են պարզել, թե ով է նամակի իրական հեղինակը: Ավետյանին ձերբակալում են: Ըստ ժամանակի պատկերացումների`  միայն հոգեկան հիվանդը կարող էր «բոլոր ժամանակների հանճար» Ստալինին նման մեղադրանքներ ներկայացնել, եւ Էդմոնդ Ավետյանին, որպես հոգեկան հիվանդի, տեղափոխում են հոգեբուժարան:

Ազատ արձակվելուց հետո Ավետյանն իր հայացքները չի փոխում, բայց եւ` ակտիվ հակախորհրդային գործունեություն չի ծավալում: Շարունակում է ուսումը: 1956-ին Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետն ավարտելուց հետո, ռուսաց լեզու եւ գրականություն է դասավանդում հանրակրթական դպրոցներում: 1961- 64 թթ. սովորում ԵՊՀ ասպիրանտուրայում, իսկ 1966-ին պաշտպանում է թեկնածուական թեզ: 1965-ից աշխատում է համալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնում: Եղել է ժամանակի ամենահայտնի մտավորականներից ու սիրված դասախոսներից մեկը: Նա հայկական նշանագիտության (semiology) հիմնադիրներից է: Հեղինակել է «Լեզվաբանական  նշանի բնույթը» (1968), «Իմաստ և նշանակություն» (1979), «Նշանագիտություն և լեզվաբանություն» (1989) լեզվաբանական աշխատությունները, «Վերադարձի օղակ» (1998, 2003), «Բանտային բանաստեղծություններ» (2002) եւ այլ ստեղծագործություններ:

1970-ականներին սկսվում են նրա ակտիվ շփումներն այլախոհական շրջանակների հետ: Հայաստանի հելսինկյան խումբ ստեղծելու նպատակի մասին Շահեն Հարությունյանը, ի թիվս այլոց, նաեւ Էդմոնդ  Ավետյանի հետ է քննարկել 1976-ին: Ճիշտ է, սկզբնական փուլում Ավետյանը չի ներգրավվել խմբի մեջ, բայց ցուցաբերել է ամենայն աջակցություն: Նրա մոտ կենտրոնացել է ինքնահրատ մեծ քանակությամբ գրականություն, որից օգտվել են հայաստանյան այլախոհները: Այդ շրջանում մեծ ճնշումների ու հալածանքների  էին ենթարկվում ոչ միայն հելսինկյան խմբերի մեջ ներգրավված եւ իրենց ստորագրությունները հրապարակվող փաստաթղթերի տակ դնող գործիչներն, այլ նաեւ նրանք, ովքեր աջակցում էին վերջիններիս: 1977-ին, Հայաստանի հելսինկյան խմբի անդամներ Շահեն Հարությունյանի ու Ռոբերտ Նազարյանի կալանավորումների կապակցությամբ,  Ավետյանի եւ Ռաֆայել Պապայանի բնակարաններում խուզարկություն են իրականացնում: ՊԱԿ-ն այդ ժամանակ նրանց չի ձերբակալում: Բավարարվում են պաշտոնական նախազգուշացմամբ եւ դասախոսություններ կարդալու իրավունքից զրկելով: 1978-ին` Նազարյանի, այնուհետեւ 1980-ին` Հելսինկյան խմբի ղեկավար Էդուարդ Հարությունյանի դատապարտվելուց հետո, Էդմոնդ Ավետյանը` Ռաֆայել Պապայանի եւ Գեորգի Խոմիզուրիի հետ էլ ավելի է ակտիվացնում իր գործունեությունը: 1982 թ. նոյեմբերին Պետանվտանգության կոմիտեն նրանց ՀԽՍՀ քր. օր.-ի 65 հոդվածով (հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա) մեղադրանք է առաջադրում ու կալանավորում: Ի սկզբանե հարուցված քրեական գործով` որպես այս եռյակի ղեկավար ու կազմակերպիչ է անցնում Էդմոնդ Ավետյանը: Սակայն, հետագայում` 1983-ի ապրիլին, կալանավորումից հինգ ամիս անց վճռում են Ավետյանին ընկերներից առանձնացնել: Ամենայն հավանականությամբ, ՊԱԿ-ում զգուշանում են Ավետյանին դատարան տանելու եւ քաղբանտարկյալի կարգավիճակով կալանավայր ուղարկելու հեռանկարից: Իրենց համար անցանկալի մեծ աղմուկ կարող էր բարձրանալ: Խորհրդային ՊԱԿ-ը նախընտրում է փակել նրան հոգեբուժարանում, որտեղից Ավետյանն ազատ  է արձակվում 1984 թվականին: Ազատ արձակվելուց հետ նա զրկվում է աշխատելու հնարավորությունից։ Միայն 1986 թվականին է՝ գորբաչովյան պերեստրոյկայի շնորհիվ տեղավորվում աշխատանքի` որպես հանրապետական ուսումնամեթոդաբանական կաբինետի մեթոդիստ: 1991-ին, երբ Հայաստանն արդեն անկախ հանրապետություն էր, հրավիրվում է համալսարան` դասախոսական աշխատանքի: Կյանքի վերջին տարիները նա անցկացրեց անկողնուն գամված: Վախճանվել է 2002 թ. դեկտեմբերի 6-ին:

                           Էդմոնդ Ավետյանի գործով որոշումը

(Այս որոշումը նույնպես ԱԱԾ-ից ստացել ենք գործով անցնող վկաների ջնջված անուններով: Հարակից դատավճիռների ու այլ փաստաթղթերի համադրմամբ, չնչին բացառություններով,  կարողացել ենք վերականգնել բացթողումները: Հոգեբուժարան տեղափոխելու որոշումը կայացվել է ռուսերեն: Ստորեւ ներկայացնում ենք մեր կողմից արված հայերեն թարգմանությունը):

                                                            ՈՐՈՇՈՒՄ

23 մայիս 1983թ. ք. Երեւան

                   Հայկական ՍՍՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան, մասնակցությամբ

                       նախագահող`          Ս. Ասատուրյանի

                    ատենակալներ`           Խ. Չոբանյանի

                                                              Գ. Հովհաննիսյանի

            քարտուղարությամբ`           Կ. Մելքոնյանի

մասնակցությամբ դատախազ`        Պ. Թոխյանի

Քննության առնելով դատական նիստում քրեական գործը Էդմոնդ Գեղամի Ավետյանի նկատմամբ, ծնված 1929 թ. Ուզբեկական ՍՍՀ-ի գ. Անդիջանում, հայ, ՍՍՀՄ քաղաքացի, ամուսնալուծված, բարձրագույն կրթությամբ, աշխատում է Երեւանի պետական համալսարանում որպես դոցենտ, բնակվում է ք. Երեւանի Կասյան փ. նո. 2 բն. 37-ում, մեղադրվում է Հայկական ՍՍՀ քր. օր.-ի 65 հոդվածի առաջին մասով

                                                               Պ Ա Ր Զ Ե Ց

Այս քրեական գործը 18.04.83 թ. առանձնացվել է որպես առանձին վարույթ Հայկական ՍՍՀ ՊԱԿ-ի կողմից 10.11.82 թ. Խոմիզուրի Գեորգիի եւ այլոց նկատմամբ Հայկ. ՍՍՀ քր. օրի 65 հոդ. 1-ին մասով հարուցված քր. գործից:

1982 թ. նոյեմբերի 2-ին Է. Ավետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը:

Գործով պարզվել է, որ Ավետյանը 1976-1982 թթ. ընթացքում պատրաստել, պահել եւ  տարածել  է սովետական  պետական ու հասարակական  կարգը արատավորող զրպարտչական հերյուրանքներ պարունակող գրականություն (հ. 1 գթ. 26-245):

1977 թ. գարնանը, Երեւանում Ավետյանը` հետագայում հակասովետական գործունեության համար դատապարտված Ռոբերտ Նազարյանից ստացել եւ պահել է հակասովետական  զրպարտչական բովանդակությամբ նյութեր, վերնագրված` «ՍՍՀՄ-ի Հելսինկյան պայմանագրի կատարմանը աջակցող խումբ», «Բելգրադյան կոնֆերանսի երկրների ներկայացուցիչներին, հայրենակից հայերին», «Աշխարհի դեմոկրատական հասարակությանը», «Դիմում» (ֆոտոնեգատիվ), ինչպես նաեւ «Բաց նամակ ԱՄՆ պրեզիդենտ Քարտերին» հոդվածը, որը նա թարգմանել է հայերենից ռուսերեն եւ վերադարձրել  Նազարյանին:

Վերոհիշյալը հաստատվում է Նազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի արձանագրությամբ այն մասին, որ Ավետյանը Նազարյանից ստացել եւ պահել է այդ նյութերը (հ.2 գթ. 258-270), խուզարկության ժամանակ Ավետյանի բնակարանից այդ նյութերի մի մասի հայտնաբերմամբ (հ. 1 գթ. 26-51), այդ նյութերի ուսումնասիրման արձանագրությամբ, ինչից երեւում է, որ դրանք պարունակում են հակասովետական, զրպարտչական հերյուրանքներ (հ.2 գթ. 84-257), ձեռագրաբանական փորձաքննության  եզրակացությամբ այն մասին, որ «Բաց նամակ ԱՄՆ պրեզիդենտ Քարտերին» գրված է Ավետյանի կողմից (հ.2 գթ. 26-50), գործին կցված վերոնշյալ իրեղեն ապացույցներով (հ.3 գթ. 1-8, 48-65, 187-193, 196-202, 269-272):

1976-1979 թթ. ընթացքում Ավետյանը Երեւան քաղաքում արտասահմանյան աղբյուրներից ռուսերեն թարգմանելու եղանակով պատրաստել եւ պահել է հակասովետական,  զրպարտչական բովանդակությամբ «Ստալինյան ռեժիմի զոհերի ընդհանուր թիվը», «Լենինի մահը», «1931-1934 թվականների մեծ բարեգործությունը», «Աստվածները տենչում են», «Ի. Ստալինի բնական մահը», «Ստալինի վերելքը» եւ «Վեցգլխանի հիդրան», «Ստալինի քաղաքական ցանցը» հոդվածները, որոնք այդ ժամանակ էլ տարածել է` ծանոթանալու նպատակով դրանք տալով այլ գործով մեղադրյալ Ռաֆայել Պապայանին:

Այդ ժամանակահատվածում Ավետյանը պատրաստել եւ պահել է «Հեռու՞ ենք, արդյոք, մենք աղետից», «Տնտեսագիտական բնույթի հարցեր», «Բրեժնեւը` մեծ մարշալ», «Օղուց լավ խմիչք չկա», «Լիբերալ այլախոհությունը չպետք է», «Գրականություն եւ կյանք» թերթին», «Ես օղին խմում եմ առանց տխրության ու ձանձրույթի», «Կրեմլյան սրիկաները», «Խանութ մտավ Բուդյոննին» եւ «Քաղբյուրոն օղուց շիկացավ» սովետական պետական ու հասարակական կարգը, ՍՄԿԿ քաղբյուրոն եւ Սովետական պետությունը արատավորող զրպարտչական բովանդակություն պարունակող նյութերը:

Սա հաստատվում է վերը հիշատակված Պապայանի ցուցմունքներով այն մասին, որ Ավետյանը  տվել է իրեն  ծանոթանալու թվարկված  հոդվածների ձեռագրերը, որոնք հայտնաբերվել եւ առգրավվել են նրա մոտից նոյեմբերի 9-ի խուզարկության ժամանակ (հ.1 գթ. 141-193) իրեղեն ապացույցների ուսումնասիրման արձանագրությամբ, ինչից երեւում է այդ բոլոր ձեռագիր նյութերի հակասովետական, զրպարտչական բնույթը (հ. 2  գթ. 84-257), ձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ, որ դրանք պատրաստել է Ավետյանը (հ.2 գթ. 26-50), գործին կցված իրեղեն ապացույց-հակասովետական բովանդակությամբ նյութերով (հ.3 գթ. 1-127, հ.6 գթ. 258-263):

Սկսած 1976 թ., Երեւանում այլ գործով մեղադրյալներ Խոմիզուրիից եւ Պապայանից, ինչպես նաեւ ք. Մոսկվայում այլ անձանցից Ավետյանը ձեռք է բերել եւ պահել հակասովետական   բովանդակությամբ գրականություն` Սոլժենիցինի «Արշիպելագ ԳՈՒԼԱԳ» գիրքը, «Նամակ ՍՍՀՄ գրողների միության 15-րդ համագումարի նախագահությանը», Մարչենկոյի «Իմ ցուցմունքները» գիրքը, «Ընթացիկ դեպքերի խրոնիկա, թողարկում 1947 թ.», «ՍՄԿԿ ղեկավարության պատմություն» 12 եւ 14-րդ հրատարակություն, «Վ. Ի. Լենինի քննադատական ժառանգությունը» երկու օրինակից, «ՍՄԿԿ նոր ղեկավարությունը» 10-13 թողարկումները 5 օրինակից, «26 անհայտներով հավասարում» 3 օրինակից, «ՍՍՀՄ նոր ղեկավարությունը», «Մեծ տեռորի հանրագումարը», «Ա. Ավտորխանովի «Ստալինի մահվան հանելուկը (Բերիայի դավադրությունը) գրքի գրախոսությունը», «Տեռորի խրոնոլոգիան», «Մամուլի ասուլիս ժանտախտի ժամանակ», «Նիժնի Տագիլի Վ. Ի. Լենինի անվան մետաղագործական կոմբինատի բանվորների բաց նամակը ՍՍՀՄ ԳԱ նախագահությանը», «ՍՍՀՄ-ի Հելսինկյան պայմանագրի կատարմանը  աջակցող խումբ», «Հենց իր գոյության պահից», «Մարդու իրավունքներ: Փաստաթղթեր մարդու իրավունքների մասին», «Գնացքը Խաբարովսկից դեպի Մոսկվա», Տ. Խոդորովիչի «Խղճի թելադրանքով», Հայնրիխ Բյոլի «Անազատության երկիրը», Ա. Ամալրիկի  «Կգոյատեւի՞ արդյոք Սովետական Միությունը մինչեւ 1984 թվականը», Մ. Ս. Ագուրսկու «Դիմում ամերիկյան մտավորականությանը», Ն. Սոլժենիցինայի «Ալեքսանդր Իսայի Սոլժենիցինը արտաքսված է», Մ. Ագուրսկու «Արեւելքի եւ Արեւմուտքի տնտեսական համակարգերը», Ա. Ավտորխանովի «Պարտիակրատիա», Ա. Բելենկովի նամակը Պեն-Կլուբի կոնգրեսին», Վ. Դելոնեի «Ճամբարային էքսպրոմտներ», «Գրառումներ ինքնակենսագրության համար», «Քամյուի ելույթը Նոբելյան մրցանակ ստանալիս», Վոյնովիչի «Եղել են չեն եղել` երկու չինացի են եղել», «Բաց նամակ ՎԱԱՊ-ի նախագահին» եւ «Դիմում ՌՖՍՍՀ ԳՄ ՄԲ քարտուղարությանը», Մ. Բուլգակովի «Շան սիրտը», Ա. Գալիչի «Երգերի գիրք», «Հայկական ՍՍՀ փաստաբանների կոլեգիայի անդամի ելույթը», «Օ՛խ դուք, հարբեցողներ», «2000 թվականին», Ա. Սոլժենիցինի հոդվածների ժողովածուն, «Նամակներ առաջնորդներին», «Ինչ է սպասվում Սովետական Միությանը», 1980 թ. մայիսի «Խարպեր» հանդեսը, Ա. Ավտորխանովի «Իշխանության տեխնոլոգիան» գրքի ֆոտոպատճենը:

Շարադրվածը հաստատվում է այլ գործով մեղադրյալներ Պապայանի եւ Խոմիզուրիի ցուցմունքներով այն մասին, որ նշված գրականության մի մասը Ավետյանը ստացել

է իրենցից (հ. 1 գթ. 141-218), Է. Ավետյանի տան խուզարկության արձանագրությամբ, որի ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել է այդ գրականությունը (հ. 1 գթ. 26-51), այդ գրականության ուսումնասիրման արձանագրությամբ, ինչից երեւում է, որ դրանք պարունակում են հակասովետական հերյուրանքներ (հ. 2 գթ. 84-257), գործով իրեղեն

ապացույցներ հանդիսացող հիշատակված գրականությամբ (հ. 3 գթ. 1-271, հ.5 գթ. 258-263):

Այդ գրականությունը Ավետյանը 1976-1980 թվականներին տարածել է` ծանոթանալու համար փոխանցելով վկաներ Գ-ին եւ Դ-ին, «Ա. Բելենկովի նամակը Պեն-Կլուբի կոնգրեսին» եւ Ա. Ավտորխանովի գրքից առանձին գլուխ «Պարտիակրատիան», այլ գործով մեղադրյալ Պապայանին է տվել Ա. Սոլժենիցինի հոդվածների ժողովածուն, «Նամակներ առաջնորդներին», «Ինչ է սպասվում Սովետական Միությանը», Ավտորխանովի գրքից առանձին գլուխ «Պարտիակրատիան», Հայնրիխ Բյոլի հոդվածները «Անազատության երկիրը», Վ. Դելոնեի «Ճամբարային էքսպրոմտներ», «Գրառումներ ինքնակենսագրության համար», Մ. Բուլգակովի «Շան սիրտը», Ա. Ամալրիկի «Կգոյատեւի՞ արդյոք Սովետական Միությունը մինչեւ 1984 թվականը», «Քամյուի ելույթը Նոբելյան մրցանակ ստանալիս», «Ա. Բելենկովի նամակը Պեն-Կլուբի կոնգրեսին», Տ. Խոդորովիչի «Խղճի թելադրանքով» եւ «Հայկական ՍՍՀ փաստաբանների կոլեգիայի անդամի ելույթը»:

Այս ամենը հաստատվում է Ե-ի, Գ-ի եւ Դ-ի ցուցմունքներով այն մասին, որ նրանք ստացել են Ավետյանից նշված գրականությունը եւ ծանոթացել (հ. 1 գթ. 141-193, 239- 245), վերեւում նշված մյուս ապացույցներով:

Վերոգրյալը հաստատվեց նաեւ դատական նիստի ընթացքում: Այսպիսով, Ավետյանի կողմից կատարվել է հանցագործություն` նախատեսված Հայկ ՍՍՀ քր. օր.-ի 65 հոդ. 1-ին մասով:

Սակայն, ինչպես պարզել է դատա-հոգեբուժական փորձաքննությունը, փորձագետ

Զ-ի 1983 թ. մարտի 29-ին դատարանին տրված եզրակացությամբ` Է. Գ. Ավետյանն իրեն վերագրվող հանցագործությունը կատարելու ընթացքում գտնվել է հոգեկան հիվանդության վիճակում, որն արտահայտվել է «անձի պարանոյալ կրուսի պաթոլոգիկ զարգացում`       անհատականության մակարդակի նշանակալի անկմամբ» (патологического развития личности параноялного круса со значительным снижением уровня личности), ինչի կապակցությամբ էլ նա ճանաչվել է անմեղսունակ եւ ընդհանուր տիպի հոգեբուժարանում հարկադիր բուժման կարիք ունի (հ.2 գթ. 71-83):

Դատական կոլեգիան, հաշվի առնելով գործած հանցանքի բնույթը եւ հասարակական վտանգավորությունը, հաշվի առնելով Ավետյանի անձը եւ ներկա դրությամբ նրա վիճակը, համարում է, որ Ավետյանին պետք է տեղավորել ընդհանուր տիպի հոգեբուժարանում:

Առաջնորդվելով Հայկ. ՍՍՀ քր. դատ. օր.-ի. 318 հոդվածով, Հայկ. ՍՍՀ Գերագույն

դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան

                                                      Ո Ր Ո Շ Ե Ց

1 Էդմոնդ Գեղամի Ավետյանին Հայկ. ՍՍՀ քր. օր.-ի 11 հոդ. հիման վրա ազատել քրեական պատասխանատվությունից եւ Հայկ ՍՍՀ քր. օրի 53-54 հոդվածների հիմքով հարկադիր բուժման նպատակով տեղավորել նրան ընդհանուր տիպի հոգեբուժարանում:2 Է. Գ. Ավետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնել: Հայկ. ՍՍՀ ՊԱԿ-ի քննիչի 28.04.83 թ. տեղեկանքի 4-րդ կետում նշված իրեղեն ապացույցները (հ.6 գթ. 296) պահել գործում:      

3 Այս որոշման պատճենը ուղարկել Սովետաշենի հոգեբուժարանի գլխավոր բժշկին` որոշումը ի կատար ածելու համար եւ Հայկ. ՍՍՀ ՊԱԿ-ի քննչական բաժին` ի գիտություն:

Նախագահող` ստորագրություն

ժող. ատենակալներ. 1.

                                      2.

Ճիշտ է` ստորագրություն

Լուսանկարը՝ mediamax.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter