HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քաղաքացիները հանգստի ուղեգրեր են գնել եւ պարզել, որ խաբեության զոհ են դարձել

«Travelan» տուրիստական գործակալության տնօրեն Աննա Սահակյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին՝ քաղաքացիներից խաբեությամբ գումար հափշտակելու հանգամանքով: Այս մասին «Հետք»-ին հայտնեցին ոստիկանությունից:

Մի խումբ քաղաքացիներ օրեր առաջ պարզել են, որ իրենց գնած տուրիստական փաթեթները գոյություն չունեն, խաբեության զոհ են դարձել՝ կորցնելով վճարած գումարները: Տուժողներից մեկը Աննա Հայրապետյանն է: Մայիսի 21-ին ամուսնու և որդու հետ Աննան պետք է մեկներ 9-օրյա հանգստի, Եգիպտոս, սակայն երկու օր առաջ պարզել է, որ իր անունով որևէ ամրագրում չկա:

Աննան ուղեգիրը գնել է «Travelan» տուրիստական գործակալության տնօրեն Աննա Սահակյանից՝ ապրիլի 20-ին, Մաշտոցի 18 հասցեում տեղակայված գրասենյակից:

Աննան միակ զոհը չէ: Մի շարք քաղաքացիներ արդեն դիմել են ոստիկանություն՝ «Travelan» տուրիստական գործակալության կատարած խաբեության մասին հաղորդում ներկայացնելով:

Աննա Հայրապետյանի պատմելով՝ ապրիլի 20-ին իրենց նախընտրած հյուրանոցային համալիրը զեղչված առաջարկ է արել, այդ պատճառով համաձայնել են Աննա Սահակյանի ներկայացրած փաթեթին: Ուղեգիրը գնելիս Աննայի հետ կնքվել է պայմանագիր, տրվել ստացական:

«Աննա Սահակյանի առաջարկն այն աստիճան մատչելի չէր, որ մտածեինք` գուցե մեզ խաբում են: 9 օրվա համար երեքով՝ երկու մեծահասակ և մեկ երեխայի համար, վճարել ենք 1100 դոլար: Փաթեթը գնելու օրը ողջ գումարը չէինք տարել, Աննան ասաց՝ օրվա ակցիա է, և երկու օր անց արդեն այն չի լինի: Այսինքն՝ եթե ողջ գումարը չվճարեինք, արդեն ակցիայով չէինք գնի: Հետ եկանք տուն, ողջ գումարը տարանք: Դրա դիմաց մեզ տվեցին ստացական, որ ես վճարել եմ 531 հազար դրամ, կնքել ենք պայմանագիր»,-«Հետք»-ին պատմեց Աննա Հայրապետյանը:

Հանգստի փաթեթը ներկայացնելիս Աննա Սահակյանը պատմել է, որ երկար տարիներ աշխատել է տուրիստական գործակալություններում՝ որպես մենեջեր, հետո որոշել իր գործակալությունը հիմնել, քանի որ «բոլոր ծակուծուկերը գիտի, հյուրանոցների հետ լավ համագործակցում է, իրեն լավ փաթեթներ են առաջարկում»:

Օրեր անց Աննա Հայրապետյանը զանգահարել է Աննա Սահակյանին՝ վաուչերները (հավաստատոմսերը-հեղ.) ստանալու համար: Վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանել: Ապրիլի 30-ին Աննան այցելել է տուրիստական գործակալություն և ընկերության դուռը փակ գտել, որի առջև տասնյակ քաղաքացիներ են հավաքված եղել` իրենց տոմսերն ու ամրագրումները ստանալու ակնկալիքով:

Աննան հեռախոսազանգերին չի պատասխանել: Միայն այն բանից հետո, երբ Աննայի ընկերներից մեկը Աննա Սահակյանին հաղորդագրություն է գրել, որ Աննա Հայրապետյանն իր ընկերն է, մասնագիտությամբ` լրագրող, և «այս խաբեությունից հեշտ չի պրծնի», ընկերության տնօրենը զանգահարել է Աննային: «Շատ կարճ ժամանակ անց Աննան ինձ հետ է զանգում, ասում է՝ ոչ մի խնդիր չկա, հանգիստ եղի: Ասեցի՝ մենք արդեն ստուգել ենք, մեր անունով մայիսի 21-ի համար տոմս չկա: Ասեց՝ սխալ ընկերությունով ենք նայել, ինքը ուրիշ ընկերությամբ է տոմսերը ամրագրել: Ես քեզ կապացուցեմ, որ ամեն ինչ նորմալ է: Եթե չէ՝ ես ձեր փողը կվերադարձնեմ: Բայց երեկ առավոտյան ես «Ֆեյսբուք»-ով նամակ եմ ստանում Աննայից: Գրել էր՝ Աննա ջան, ես ունեմ խնդիրներ, ինձ փորձել են գցել, դժվար կացության մեջ եմ, հիմա օֆիս գնալ չեմ կարող, որովհետև ինձ այնտեղ շատ մարդ է սպասում: Առաջարկում եմ հանդիպենք, փաթեթը ձեզ կհանձնեմ»,-ասում է Աննա Հայրապետյանը:

Աննան համաձայնում է հանդիպման տարբերակին, սակայն խնդրում է ուղարկել ամրագրումների էլեկտրոնային տարբերակները: Աննա Սահակյանը եւս համաձայնում է, սակայն ողջ օրվա ընթացքում չի ուղարկում և չի հանդիպում Աննայի հետ:

Աննան ասում է՝ պատահական չէր ընտրել «Travelan» տուրիստական գործակալությունը. իր ծանոթներից մեկն օգտվել էր նրա ծառայություններից, հանգստի մեկնել Եգիպտոս եւ գոհ եղել:

Աննան արդեն հույս չունի, որ իր փոխանցած 1100 դոլար գումարը կվերադարձնեն՝ հաշվի առնելով նաև տուժողների մեծ թիվը:

Տուրիստական գործակալությունից տուժած մեկ այլ քաղաքացի՝ Քրիստինա Հակոբյանն, այսօր առավոտյան նույնպես դիմել է ոստիկանություն: Կենտրոնի բաժնում նրան հայտել են, որ այս ընկերությունից տուժած հինգ այլ քաղաքացուց էլ են դիմում ստացել:

«Ես և մայրս հուլիսի 23-ին պետք է մեկնեինք Իտալիա, իսկ քույրս ամուսնու հետ Կուբա պիտի գնային՝ մեղրամիսն այնտեղ անցկացնելու: Քույրս 1400 դոլար էր վճարել, մենք` 800 դոլար, մնացած գումարը պիտի վճարեինք դեսպանատուն մտնելուց հետո, երբ արդեն վիզաների հավաստումը կստանայինք»,- նշեց Քրիստինա Հակոբյանը:

Քրիստինան խաբեության մասին տեղեկացել է երեկ երեկոյան՝ Աննա Հայրապետյանից:

Երեկվանից նա չի կարողանում կապ հաստատել Աննա Սահակյանի հետ՝ պարզելու, թե ինչպես պետք է հետ ստանա իր փոխանցած գումարը: Երեկ երեկոյան զանգահարել է Աննայի քրոջը` Հասմիկին, որի հեռախոսահամարին պատասխանել է նրա ամուսինը՝ Մանվելը: «Ասեց՝ մենք իրա հետ ոչ մի գործ չենք ուզում բռնենք, վաղուցվա շառլատան և գցող է, խնդրում եմ՝ իմ ընտանիքին մի զանգեք, մենք իրենց հետ չենք խոսում: Ասեց՝ նախկինում երկու քույր աշխատում էին իրար հետ, բայց քանի որ Աննան ամուսնացել է, և նրա ամուսինն է դրդում նրան մութ գործերի մեջ մտնել, մենք իրանց հետ ոչ մի կապ չենք ունեցել»,- պատմեց Քրիստինան:

Քրիստինայի ծանոթներից մեկը ևս տուժել է Աննա Սահակյանի գործողություններից: Վերջինս մայիսի 8-ին պետք է մեկներ ԱՄՆ, սակայն օդանավակայանից պարզել է, որ իր անունով ավիատոմս ամրագրված չէ:

Աննա Սահակյանի գործունեության մասին երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում կատարեց նաև նրա նախկին գործատուն` «YEREVAN TRAVEL» տուրիստական գործակալությունը: Գործակալությունը, մասնավորապես, նշել է, որ որպես տուրմենեջեր գրանցված աշխատակցուհի Աննա Սահակյանը ընկերության անունից իրականացրել է տուրիստական ծառայությունների վաճառք` ընկերության դրամարկղ մուտքեր չանելով եւ, նախնական տվյալներով, իրենց հասցնելով 10 մլն դրամի վնաս: «YEREVAN TRAVEL»-ը 2018թ. դեկտեմբերին հաղորդում է ներկայացրել ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:

Հարուցված է քրեական գործ, հետաքննությունը շարունակվում է:

«Կա կարծիք, որ վերոհիշյալ անձը միայնակ չի գործում, հետևաբար խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր տուժել են, ներկա պահին արդեն Travelan ընկերության անվան տակ գործող, Աննա Նաիրիի Սահակյանի գործունեությունից հաշվեհարդարի տարբերակներ չփնտրել, այլ դիմել իրավապահ մարմիններին՝ համապատասխան փաստաթղթեր ներկայացնելով»,-նշել է «YEREVAN TRAVEL» տուրիստական գործակալությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter