Կառավարությունը մերժեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկը
Կառավարությունը մերժեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Պատգամավորը առաջարկում էր աշխատանքային օրենսգրքով սահմանել, որ աշխատողի տարիքը չի կարող հանդիսանալ օրինական արգելք կամ պատճառ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար, բացառությամբ այլ օրենքներով կարգավորվող դեպքերի: Սակայն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մերժեց պատգամավորի առաջարկը՝ նշելով, որ առաջարկվող կարգավորումը իր բովանդակությամբ չի համապատասխանում աշխատանքային օրենսգրքի այն կարգավորմանը, որով սահմանվում է՝ աշխատանքային պայմանագրերը կարող են լինել երկու տեսակի՝ անորոշ ժամկետով և որոշակի ժամկետով:
«Միայն տարիքին վերաբերող մասով արգելքի առանձին դրույթ սահմանելը ընդունելի չէ, քանի որ այդ պարագայում անհրաժեշտ կլինի օրենսգրքում նման արգելք սահմանել նաև սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի և այլ հանգամանքներով պայմանավորված ևս»,- նշել է նախարարությունը:
Նախարարությունը ընդգծել է նաև՝ հստակ սահմանված է, որ աշխատանքային իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը (աշխատանքային իրավունակություն) հավասարապես ճանաչվում է Հայաստանի բոլոր քաղաքացիների համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել