HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Միջամտություն խոսքի ազատությանը. ֆեյսբուքյան օգտատեր Գարեգին Միսկարյանի գնահատականը՝ ԱԱԾ-ի «հերքման առաջարկին»

Ապրիլի 25-ին քաղաքացի Գարեգին Միսկարյանը փոստով նամակ է ստանում Ազգային անվտանգության ծառայությունից, որով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանն առաջարկում է հերքել իր ֆեյսբուքյան գրառումներից մեկը:

Ըստ Ենգիբարյանի` «հոդվածում տպագրված տեղեկություններն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը եւ պարունակում են զրպարտչական բնույթի տեղեկատվություն»: ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչը եւս մեկ առաջարկ է անում Գարեգինին` որպես բարի կամքի դրսեւորում իր գրառումը հերքել եռօրյա ժամկետում:

«Առաջին միտքը, որ ունեցա նամակն ընթերցելիս, այն էր, որ սա չար կատակ է։ Դա պրոֆեսիոնալ իրավաբանի ձեւակերպում չէր։ Վաղը պատրաստվում եմ գրավոր դիմել ԱԱԾ եւ խնդրել, որ կամ հերքեն, որ դա իրենց նամակն է եւ փորձենք գտնել հեղինակին, կամ հաստատեն եւ հավաստիացնեն, որ Վահե Ենգիբարյանն իրենց լիազոր ներկայացուցիչն է։ Լիազորագիրը պիտի պահանջեմ»,- երեկ` մայիսի 1-ին, մեզ ասաց Գարեգին Միսկարյանը։

Բայց մինչ Գարեգինը մտածում էր, թե ով է չար կատակ խաղացել ԱԱԾ-ի անունից եւ պատրաստում էր իր դիմումը, ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ նամակի հեղինակն ինքն է եւ ԱԱԾ աշխատակից է:

Չնայած Վահե Ենգիբարյանի ձեւակերպումները իրավական տեսանկյունից տարօրինակ են Միսկարյանի համար, նա բարի կամք է դրսեւորել եւ իր էջում հերքում է հրապարակել: Հեգնանք էր դա, թե լուրջ հերքում հարցին պատասխանում է. «Ես լուրջ էի հերքել, եւ ցավով, որովհետեւ ինչ մեկնաբանել եմ հերքումից հետո, ինձ համար խնդրահարույց է: Ինչո՞ւ է մեր ԱԱԾ-ն իրավաբանական առումով այդ մակարդակի վրա, երկրորդը՝ ինչո՞ւ է ԱԱԾ-ն միջամտում քաղաքացիաիրավական հարաբերություններին։ Եթե այդ նամակը լիներ պրն. Վանեցյանից կամ նրա հասցեից, ես դա կհասկանայի, բայց ԱԱԾ-ից ստանալ նամակ քաղաքացու հետ կապված, տարօրինակ է։ Նամակում նշված չէ, որ ԱԱԾ պետ Վանեցյանին է վերաբերում այս ամենը, չնայած հասկանալի է։ Բայց ինձ թվում է, որ սա քաղաքացիաիրավական հարաբերություններով կարգավորվող հարց է»:

Միսկարյանը իր հետ տեղի ունեցածը համարում է վատ նախադեպ եւ միջամտություն խոսքի ազատությանը: Ասում է` եթե պրն. Վանեցյանը զրպարտություն է տեսել իր գրառման մեջ, ապա պետք է գնար քաղաքացիական դատարան։ Կամ եթե նամակ էր ուղարկում, ապա ոչ ԱԱԾ բլանկով եւ ԱԱԾ-ի անունից, այլ` որպես քաղաքացին քաղաքացուն։ «Եթե, օրինակ, նրա փոխարեն լիներ Սուրեն Պապիկյանը, նամակը հո չէր գալու Տարածքային կառավարման նախարարությունից»,- հարցնում է Միսկարյանը։

Վանեցյանի ներկայացուցիչը «Ազատությանը» տված հարցազրույցում իր հերթին զարմանում է, թե ինչու պետք է նամակը ԱԱԾ-ի անունից չուղարկվեր Միսկարյանին, և չի համարում, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը վարչական ռեսուրս է կիրառել:

Գարեգինը կարծում է, որ ԱԱԾ-ի այս գործելակերպը կարող է կապված լինել թե’ Վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի մասին իր գրառման հետ, թե’ քաղաքական ենթատեքստ ունենալ, քանի որ նամակում նշվել էր, որ Միսկարյանը «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ է: «Թե ինչու, դա էլ չհասկացա՝ ի՞նչ կապ ուներ իմ գրառումը կուսակցական պատկանելիությանս հետ։ Մի շարք այլ հանգամանքներ էլ կան։ Բայց ես հակված եմ սա կապել իրենց ոչ պրոֆեսիոնալիզմի հետ։ Նույնիսկ ինչ-որ տեղ լավատես եմ, կարծում եմ՝ իրենց կողմից սա փորձ է պետական պաշտոնյա-քաղաքացի հարաբերությունը տանել իրավական հարթություն, ոչ թե նախկինի պես զանգերով վախեցնելով, այլ տանել իրավական դաշտ։ Բայց նման պարզունակ ձեւով, սխալներով ու վրիպակներով, անգրագետ իրավական ձեւակերպումներով՝ աբսուրդ է»,- ասում է պրն. Միսկարյանը։

Այն, որ Արթուր Վանեցյանի ընտանիքը ծաղկի եւ վառելանյութի բիզնեսում է ներգրավված, ստուգված եւ չհերքված փաստ է, սակայն Գարեգինի գրառման մեջ նշված էր, որ «ջերմոցների անվան տակ ժամանակին պարսկական (եվրո 4, ԵՏՄ-ի օրենքով արգելված) դիզելը վառարանի վառելանյութի (печное топливо) անվան տակ մաքսազերծում ու վաճառում էին»: Իր հերքումը Գարեգինը բացատրում է հետեւյալ կերպ. «Անկեղծ ասած՝ այստեղ կա Վանեցյան քաղաքացու եւ Վանեցյան պաշտոնյայի հանգամանքը։ Ես կիսել եմ Վանեցյան քաղաքացու մտահոգությունը։ Ինձ դրել եմ նրա փոխարեն։ Վառարանային վառելիքի անվան տակ դիզվառելիք ներկրելու մասին տեղեկությունը լսել եմ երկու տարի առաջ, երբ տեղեկություններ էինք հավաքում տարբեր պաշտոնյաների մասին այն համատեքստում, որ բիզնեսը պետք է տարանջատվի քաղաքականությունից։ Եվ իմ հերքումը միայն այդ մասով էր։ Ու երբ որպես քաղաքացի հերքեցի, իմ մտահոգությունները ԱԱԾ-ի հետ կապված շարադրեցի, որպեսզի իրենք աշխատեն իրենց իրավաբանների վրա հետագայում»։

Այս պատմության մեջ հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ թեեւ «Զանգավածային լրատվության մասին» ՀՀ օրենքը չի տարածվում սոցիալական ցանցերի եւ դրանց օգտատերերի վրա, ԱԱԾ-ն Գարեգինի ֆեյսբուքյան գրառումը համարել է հոդված, եւ գիտակցելով, որ քաղաքացին զանգվածային լրատվություն իրականացնող չի, այնուամենայնիվ, առաջարկել է բարի կամք դրսեւորել եւ հերքում հրապարակել: Հակառակ դեպքում էլ հավաստիացրել, որ դիմելու է իրավունքի պաշտպանության մյուս մեթոդներին, որն օրենքով դատարանն է:

Գարեգին Միսկարյանը տարօրինակ չի համարում, որ ինքը` որպես ֆեյսբուքյան օգտատեր, հավասարեցվել է ԶԼՄ-ին: Ասում է, որ «Ֆեյսբուքը» հանրային հարթակ է՝ անկախ նրանից` կորակվի՞ ԶԼՄ, թե նոր անուն կտրվի։ Այդտեղ կա սոցիում, որը վիրտուալ շփման մեջ է, տեղեկատվություն է փոխանցվում։ Նույն հարթակի միջոցով պետական մարմիններին քաղաքացիները տեղեկություններ են փոխանցում, գործողության կոչեր անում եւ այլն։

«Այս հարթակում արտահայտած կարծիքներն ու դիրքորոշումները հանրային են, միանշանակ։ Այո, «Ֆեյսբուքը» կարգավորման պետք է ենթարկվի, բայց ոչ վերահսկման։ Դրանք տարբեր բաներ են։ Եթե կարելի է զրպարտության մեղադրանք ներկայացնել հազար հոգու ներկայությամբ հրապարակային հնչեցրած կարծիքի կամ տեղեկության համար, ապա նույնը կարելի է «Ֆեյսբուք»-ում հրապարակած տեղեկատվության համար անել։ Բայց թե ինչպես սա պետք է կարգավորվի, դժվարանում եմ ասել, որովհետեւ ռիսկ կա, որ դրա անվան տակ սպառնալիք կարող է ստեղծվել խոսքի ազատության համար»։

Հիշեցնենք, որ դեռեւս 2012-ին Հայաստանում քննվել է դատական գործ («Դ. Իոաննիսյանը, Բ. Պողոսյանը, Հ. Սիմոնյանը՝ ընդդեմ «Մեկ Ազգ» կուսակցության`պատասխանող կազմակերպությունից հայցվորների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելու համար գումարի բռնագանձման, ինչպես նաև հրապարակային ներողություն խնդրելու պահանջի մասին) «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արված գրառման վերաբերյալ, եւ դատարանը կայացրած վճռով կիրառել է «հրապարակային հայտարարություն» հասկացության գնահատման նոր՝ «հասանելի է բոլորին» չափանիշը: Ըստ այդմ, սոցիալական ցանցում տեղադրված նյութը կամ տարածված խոսքը ցանկացած հանգամանքում համարվում է հրապարակային, քանի որ հասանելի է բոլորին:

Գարեգին Միսկարյանը նաեւ կապ է տեսնում ֆեյքերի դեմ պայքարելու` ԱԱԾ-ին վարչապետի տված հանձնարարականի եւ այս դրսեւորման միջեւ։ Նա համարում է, որ վարչապետի կողմից եւ օրենքով սահմանված կարգով ԱԱԾ-ն շատ լայն լիազորություններ ունի։ «Եվ իմ հիմնական մտահոգությունն այն է, որ այս նախադեպով հանկարծ ԱԱԾ-ն չփորձի հիմա էլ խառնվել քաղաքացիաիրավական հարաբերություններին»,- ասում է Միսկարյանն ու թվարկում այն ոլորտները, որտեղ ներգրավված է Ծառայությունը` կազմակերպված հանցագործություններ, կոռուպցիայի դեմ պայքար, տնտեսական հանցագործություններ, ազգային անվտանգություն, արտաքին հարաբերություններ, բանակ:

«Ինչով ասես, որ չի զբաղվում, բոլոր բնագավառներում ԱԱԾ-ն միջամտություն, ներգրավվածություն ունի։ Դա շատ մտահոգիչ է՝ հաշվի առնելով ԱԱԾ-ի փակ լինելը ու որեւէ մեկին հաշվետու չլինելը՝ բացի վարչապետից։ Իսկ թե ինչ ինֆորմացիա է հասնում վարչապետին ԱԱԾ-ից՝ մի ուրիշ խնդիր է։ Ուժային կառույցին անսահման լիազորություններ տալու տենդենց եմ ես նկատում, որը մտահոգիչ է»,- ասում է Գ. Միսկարյանը։

Նրա մյուս մտահոգությունը կապված է անձնական տվյալների հավաքագրման հետ, որի հատկանիշները տեսնում է իր հետ կատարված այս դրվագում: «Ես իմ հասցեն չեմ հրապարակել ու չգիտեմ՝ իրենք իրավունք ունեի՞ն այն ձեռք բերել կամ հավաքագրել։ Ավելին, իմ գրառումն արվել է ապրիլի 18-ին, 23:43-ին, իրենք նամակում նշել են 19-ին, այսինքն՝ սքրին են արել իմ գրառումը, հրապարակումից մի քսան րոպե հետո սքրինը ֆիքսվելու էր իրենց համակարգչի մեջ ամսի 19-ին, ու իրենք չեն էլ մտածել` մի հատ բացեն ստուգեն, սքրինի հիման վրա նամակը պատրաստել են ու ուղարկել, այսինքն` ինֆորմացիա են հավաքագրում։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Այդ ֆայլում կարող էր լինել իմ հասցեն, իմ կուսակցական պատկանելությունը։ Երբ այս բոլորը համադրում ես, ստացվում է, որ իմ մասին ինֆորմացիա էին հավաքագրում, որի իրավունքը չունեն»,- եզրափակում է Գարեգինը։

Իրավաբան, փաստաբան, «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի հիմնադիր Արա Ղազարյանն ասում է, որ ԱԱԾ-ի հերքման առաջարկը իրավական գործընթաց չէ, չի կատարվել իրավական պաշտպանության որևէ կառուցակարգի ներքո, քանի որ նման կառուցակարգ չի կարող սահմանվել։ Սահմանադրական դատարանը դեռ 2011 թվականին իր ՍԴՈ-997 որոշման մեջ սահմանել է, որ քաղաքացու ազատ արտահայտման, ազատ խոսքի իրավունքի իրականացման կարևոր երաշխիք է պետական մարմինների միջամտության բացառումը, ինչը տվյալ դեպքում տեղի է ունենում։ Հայտնի չէ, թե պարոն Վանեցյանը այդ նամակը ուղարկել է որպես քաղաքացիական անձ, թե ԱԱԾ տնօրեն։ Փաստերը մատնացույց են անում երկրորդի վրա։ Դա նշանակում է` քաղաքացիական իրավունքի պաշտպանություն հայցելու համար հնարավոր է, որ օգտագործվում են հանրային ռեսուրսները։ Նույնիսկ եթե դա այդպես չէ, պետական մարմինները և բարձրաստիճան պաշտոնատար անձինք պետք է դրսևորեն ծայրահեղ զսպվածություն քննադատական խոսքի հանդեպ, եթե դա վերաբերում է նրանց հանրային գործառույթներին։ Այլ բան է, եթե խոսքը ուղղված է նրանց անձնական կյանքի շրջանակին։ Հաշվի առնելով ՍԴ դիրքորոշումը, ցանկալի է, որ պարոն Վանեցյանը այդ առաջարկով էլ սահմանափակվեր։

ՀՀ սահմանադրական դատարանը դեռևս իր ՍԴՈ-278 որոշման մեջ փաստելով, որ Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի կոնվենցիան, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին 1966 թվականի միջազգային դաշնագիրը և միջազգային մյուս համապատասխան փաստաթղթերը, յուրաքանչյուրի՝ ազատորեն արտահայտվելու, այդ թվում սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունն ամրագրելով, դրա իրականացման կարևոր երաշխիք են դիտում պետական մարմինների միջամտության բացառումը, արձանագրել է, որ օրենքով նախատեսվող հնարավոր սահմանափակումները պետք է լինեն համաչափ և բխեն ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ ազգային օրենսդրության ժողովրդավարական սկզբունքների էությունից, չպետք է լինեն այնպիսին, որոնք վտանգեն մարդու իրավունքների հիմնական բովանդակությունը։

Այսօր Միսկարյան-ԱԱԾ միջադեպի վերաբերյալ հայտարարություն տարածեց «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, որում, մասնավորապես, ասված է. «...ԱԱԾ նման գործելաոճը կարող է ընկալվել որպես ինչպես քաղաքացու քաղաքական համոզմունքների, այնպես էլ կուսակցության միջոցով նրա այլ համոզմունքների վրա ճնշում գործադրելու փորձ, ինչն անընդունելի է մեզ համար։

Գրության հեղինակ, դրա մեջ որպես ՀՀ ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչ հանդիսացող անձը «Ազատություն» ռադիոկայանին ներկայացել է որպես ԱԱԾ աշխատակից։ Այս կապակցությամբ, մտահոգիչ է այն հանգամանքը, որ հանրային-պետական ռեսուրսը օգտագործվում է մասնավոր անձի՝ Արթուր Վանեցյանի, նեղ անձնական շահերի սպասարկման համար։

Տպավորություն է ստեղծվում, որ Արթուր Վանեցյանը, հարկատուների հաշվին, իր անձնական հարցերը լուծելու համար հատուկ հաստիք է ստեղծել՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչ։

Մեզ համար կարևոր են խոսքի ազատության և բազմակարծության սկզբունքները, որպես ժողովրդավարական հանրություն կառուցելու հիմնասյուներ։ Պետական որևէ ինստիտուտի կամ պաշտոնյայի նկարագրված տիպի միջամտությունը սահմանափակում և խոչընդոտում է քաղաքացու խոսքի ազատության իրավունքի իրացումը։

Ցանկանում ենք նաև այս ակնառու օրինակով հիշեցնել վտանգի մասին, որ ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետի կողմից ԱԱԾ տնօրենին օրենքով վերապահված իր լիազորություններից դուրս, «կեղծ լուրերին հետևելու և արձագանքելու» հանձնարարական տալը խոսքի ազատության սահմանափակման հարցում կարող է հանգեցնել աղետալի հետևանքների»:

 

Գլխավոր լուսանկարում՝ Գարեգին Միսկարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter