
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենսդրական նախաձեռնությունն առաջիկայում կներկայացվի խորհրդարան
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին կառավարության մշակած օրենսդրական նախաձեռնությունն առաջիկայում կներկայացվի խորհրդարան։
Այս մասին ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Պետությանը պատճառված վնասի և հատկապես կոռուպցիոն հանցագործությունների բոլոր մեխանիզմներով արդյունավետության ապահովմանը մեծապես կնպաստի ներկայումս կառավարության կողմից նախաձեռնված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումն ու իրականացումը։ Թեև ամենատարբեր մեկնաբանություններ ստացավ այդ օրենքը, դիտարկվեց անցումային արդարադատության մաս, առանձին սուբյեկտներ փորձեցին նկարագրել որպես մարդու իրավունքների խախտում և այլն, բայց դատախազությունը ներգրավված է աշխատանքային խմբում, և ես միանշանակ վստահ ասում եմ, նախագիծը կհասնի շուտով ձեր դատին, և դուք էլ կտեսնեք, որ տառը տառին համադրումներ է իրականացվում եվրոպական իրավունքի մոտեցումների հետ։ ՄԻԵԴ դատարանի նախադեպերն այս առումով ուղենիշային են աշխատանքային խմբի համար»,- ասաց Դավթյանը։
Գլխավոր դատախազի խոսքով՝ գաղափարը հետևյալն է՝ բոլոր այն դեպքերում, երբ քրեական արդարադատության ընթացքում խոչընդոտներ, արգելքներ են լինում պետությանը պատճառված վնասի պարագայում, կլինեն քաղաքացիադատավարական բնույթի մեխանիզմներ, որոնցով հետապնդում կիրականացվի։
«Հետապնդում կիրականացնենք ոչ թե անձի, այլ կոնկրետ ապօրինի ծագում ունեցող գույքի նկատմամբ: Այս օրենքի թիրախավորած ուղղությունները շատ պարզ են՝ պետական պաշտոնատար անձանց ունեցած գույք, հանցավոր համագործակցության, փողերի լցվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղված անձանց պատկանող գույք»,- ասաց Արթուր Դավթյանը։
Մեկնաբանել