HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քոչարյանի օրինական զենքը չի վերադարձվել նրան, կալանքի տակ են առանձնատունը, արժեթղթերն ու ակտիվները

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունով գրանցված, Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող անշարժ գույքը՝ առանձնատունը, նրա արժեթղթերը և ակտիվները կալանքի տակ են: Խուզարկությամբ նրա աշխատասենյակի չհրկիզվող պահարանից առգրավվել են 27 300 ԱՄՆ դոլար գումար, առանձնատնից և աշխատասենյակից առգրավված մի շարք իրեր, այդ թվում նրա օրիական զենքը, գործով իրեղեն ապացույց չեն ճանաչվել, բայց և չեն վերադարձվել Քոչարյանին:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվեց Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը, որի ընթացքում քննարկման առարկա դարձան վերը նշված հանգամանքները:

Քոչարյանի գույքի վրա կալանք է դրվել 2018 թվականի հուլիսի 30-ին` նրան «Մարտի 1-ի գործով» մեղադրյալ ներգրավելուց օրեր անց: Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ որոշումն անօրինական է և ենթակա վերացման:

Այսօրվա դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը դատարանին ներկայացրեց  Ռոբերտ Քոչարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտնեց դատարանին հետաքրքրող տեղեկություններ` կապված քաղաքացիական հայցի, տուժողների, դատական ծախսերի հետ:

Պետրոսյանը նշեց, որ Քոչարյանի և ևս երեք մեղադրյալի՝ Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի վերաբերյալ անջատված մասով ընդհանուր առմամբ 113 տուժող, տուժողի ներկայացուցիչ և իրավահաջորդ է ներգրավված, գործով քաղաքացիական հայց այս պահին ներկայացված չէ, անջատված մասով գործի դատական ծախսը կազմում է 898 500 ՀՀ դրամ:

Պետրոսյանը նշեց, որ գույքի վրա կալանք դնելը կարող է իրավաչափ համարվել՝ նկատի ունենալով, որ գործի նախաքննության ընթացքում կարող է քաղաքացիական հայց հարուցվել, առաջանալ մեծաթիվ դատական ծախսեր, ինչպես նաև հետագայում կարող է առաջանալ գույքի բռնագանձման, բռնագրավման պահանջ:

Դատախազի խոսքով՝ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման և 3 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ, և հաշվի առնելով, որ երկրորդ մեղադրանքը կարող է առաջացնել գույքի հնարավոր գռնագանձման և բռնագրավման անհրաժեշտություն՝ դրա վրա դրված կալանքն իրավաչափ է:

Պետրոս Պետրոսյանը միջնորդեց մերժել Քոչարյանի պաշտպանի բողոքը:

Պաշտպան Հովհաննես Խուդոյանն իր խոսքում նշեց, որ վարույթն իրականացնող մարմինն իրավասու էր գույքի վրա կալանք դնել դատական ծախսերի ու քաղաքացիական հայցի գումարի չափով, այնինչ կալանքը դրվել է Քոչարյանի ամբողջ գույքի վրա:

Ըստ Խուդոյանի՝ կալանք դնելու որոշման պահին գույքի հնարավոր բռնագրավման կամ բռնագանձման անհրաժեշտություն չի եղել, քանի որ այդ որոշման պահին Քոչարյանը մեղադրվում էր միայն սահմանադրական կարգի տապալման մեջ, որը չի նախատեսում գույքի բռնագրավման կամ բռնագանձման սանկցիա:

Հովհաննես Խուդոյանը նշեց նաև, որ առ այսօր Քոչարյանի առանձնատնից և աշխատասենյակից առգրավված առարկաները չեն վերադարձվում Քոչարյանին՝ թեև դրանք «Մարտի 1-ի գործից» անջատված մասով, որով անցնում է Քոչարյանը, իրեղեն ապացույց չեն ճանաչվել:

Նշենք, որ այդ իրերի մեջ են Քոչարյանի բանկային փաստաթղթերը, օրինական կարգով ձեռք բերված հրազենը, նրա նույնականացման քարտը, աշխատանքային պայմանագիր:

Անդրադառնալով Քոչարյանի գույքի հնարավոր բռնագրավման կամ բռնագանձման հանգամանքին՝ Խուդոյանը նշեց, որ բռնագրավման ենթակա գույքի արժեքը չի կարող լինել ավելին, քան հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի արժեքն է:

«Եթե մեղադրողը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը 3 մլն ԱՄՆ դոլարի չափով կաշառք է ստացել, ապա ենթադրվում է, որ բռնագրավման ենթակա գույքը չի կարող գերազանցել 3 մլն ԱՄՆ դոլարը, մինչդեռ Ռոբերտ Քոչարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքը անգամ չի գնահատվել»,- ասաց Հովհաննես Խուդոյանը՝ նշելով, որ նման պայմաններում խախտվել է Քոչարյանի իրավունքը:

Ինչ վերաբերում է գույքի բռնագանձմանը, Խուդոյանը նշեց, որ բռնագանձման կարող է ենթարկվել միայն հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը, մինչդեռ որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել, որ Քոչարյանին պատկանող առանձնատունը կարող էր հանցավոր ճանապարհով ձեռք  բերված լինել, քանի որ այն նրան հանձնվել է պետության կողմից՝ օրենքով սահմանված կարգով, նույնը վերաբերում է նաև նրա բանկային հաշիվներին:

Ըստ Խուդոյանի՝ վարույթն իրականացնող մարմինը պետք է առանձնացներ այն գույքը, որը, ըստ նրանց, հանցավոր ճանապարհով է ձեռք բերված:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն, արձագանքելով Խուդոյանի խոսքին, նշեց, որ ողջամիտ է 3 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեղադրանքի պարագայում առանձնատան վրա կալանք դնելը, ասաց, որ հնարավոր քաղաքացիական հայցեր և նոր դատական ծախսեր կարող են առաջանալ նաև գործի դատաքննության ընթացքում՝ մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը:

Ինչ վերաբերում է Քոչարյանի իրերը չվերադարձնելուն՝ Պետրոսյանը հիշեցրեց, որ դրանք կարող են տնօրինվել միայն Քոչարյանի կողմից, և նկատի ունենալով, որ նա կալանքի տակ է՝ դրանք որևէ մեկի հսկողությանը հանձնվել չեն կարող:

Դատախազ Վահե Դոլմազյանն էլ հիշեցրեց, որ Քոչարյանի առանձնատնից և աշխատասենյակից  փաստաթղթեր ու առարկաներ են  առգրավվել օրինական կարգով՝ դատարանի թույլտվությամբ իրականացված խուզարկության արդյունքում:

Խուդոյանը նշեց, որ Քոչարյանի նույնականացման քարտը, աշխատանքային պայմանագիրը չեն կարող սահմանադրական կարգի տապալման հետ կապ ունենալ:

«Նույն տրամաբանությամբ կարող էր Քոչարյանի տան ամբողջ գույքն առգրավվել»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:

Պաշտպանը նշեց, որ Քոչարյանի աշխատասենյակի չհրկիզվող պահարանից վերցվել է 27 300 ԱՄՆ դոլար, որը իրականում ոչ թե նրան, այլ որդուն՝ Լևոն Քոչարյանին է պատկանում, ու պնդեց, որ այդ գույքը վերցվել է Քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված կարգով:

Դատական նիստն այսօր հետաձգվեց, և հաջորդը նշանակվեց հունիսի 6-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter