HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առաջնագծում Ադրբեջանի քայլերը նվազագույնը սահմանային լարվածությունը կառավարելու համար են»

«Հետքի» գրավոր հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը

-Պարոն Աբրահամյան, Վիեննայում Փաշինյան-Ալիեւ առաջին պաշտոնական հանդիպումից հետո երկու կողմերն էլ դրական գնահատեցին հանդիպումը, իսկ դրան հաջորդած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների՝ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո անգամ հայտարարվեց որոշակի պայմանավորվածությունների մասին: Սակայն հակառակ դրանց՝ վերջին օրերին ՊԲ-ն հայտարարում է համեմատաբար անհանգիստ վիճակի մասին: Ադրբեջանի այս վարքագիծն ինչի՞ մասին է խոսում:

-Հետաքրքիր զուգադիպությամբ մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած Ալիեւ-Փաշինյան հանդիպումից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարը լայն կազմով՝ գլխավոր շտաբի, կորպուսների, բրիգադների հրամկազմի ղեկավարությամբ, խորհրդակցությունների շարք անցկացրեց, որի նպատակը, ինչպես ներկայացված է այդ հանդիպումների պաշտոնական հաղորդագրությունում, զորքը մարտական գործողություններին նախապատրաստելն է:

Այդ խորհրդակցությունների մասին բաց տեղեկատվությունից նաեւ հայտնի է, որ արդյունքում Ադրբեջանի գլխավոր շտաբի մարտական պատրաստության պլանում փոփոխություններ են իրականացվել՝ ավելացվել է գիշերային պայմաններում հրաձգությունը, մարտավարական պարապմունքները, մեծ ուշադրություն է առանձնացված տարբեր մասշտաբների զորավարժություններին:

Այսինքն՝ մի կողմից՝ կայանում է հանդիպում, որից հետո կողմերը դրական ազդակներ են փոխանցում գործընթացի հեռանկարների հետ կապված, սակայն մյուս կողմից՝ Ադրբեջանում գնալով ավելի ու ավելի բաց տեքստով սկսում են խոսել հարցի կարգավորման ռազմական ճանապարհի մասին:

Պետք է նաեւ նկատի ունենալ, որ անկախ այն հանգամանքից, որ կողմերը դրական մեկնաբանություններով փոխանակվեցին, հանդիպման գլխավոր թեմաներից մեկի՝ բանակցությունների վերսկսման հիմքում դրված-առաջարկված փաստաթղթի մասին նրանք չեն շտապում պաշտոնական դիրքորոշում արտահայտել: Այսինքն՝ իրավիճակը հեշտերից չէ, եւ չի բացառվում, որ դա ստիպի Ադրբեջանին՝ անցնելու սահմանը թեժ պահելու իր հին ու հայտնի մարտավարությանը:

Համենայնդեպս, այն քայլերը, որոնք Ադրբեջանն իրականացնում է առաջնագծում ամրաշինական-ինժեներական աշխատանքների ուղղությամբ, նվազագույնը սահմանային լարվածությունը կառավարելու համար նախատեսված միջոցառումներ են: Դա տեղի կունենա վաղը, մյուսը օր, թե մեկ տարի հետո, ցույց կտա ժամանակը:

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ադրբեջանի այս գործողությունները կարող են լայնամասշտաբ գործողությունների վերաճել մոտ ապագայում:

-Մոտ ապագայում բարդ է ասել, սակայն եթե առկա ռիսկերը մոտ ապագայում չչեզոքացվեն, ապա իրավիճակը կարող է առավել լարված փուլ թեւակոխել:

-Ի՞նչ եք կարծում, երբեւէ Մինսկի խմբի համանախագահների կողմից սադրիչ կամ ագրեսիվ վարքագիծ դրսեւորող կողմին ուղղված հստակ կոչեր կլսե՞նք:  Եվ ի՞նչ պիտի անի հայկական կողմը, որ համանախագահների եւ ընդհանրապես միջազգային հանրության կողմից նույն զսպվածության կոչերը ճիշտ հասցեով ուղղվեն:

-Ապրիլյան մարտական գործողություններից հետո այս հավերժական թվացող հարցադրումն արդեն իսկ կորցրել է իր ակտուալությունը: Արդեն մեկ անգամ՝ 3 տարի առաջ, գործընթացները ցույց տվեցին, որ նույնիսկ էսկալացիայի պայմաններում միջնորդների գործադրած ջանքերը լուրջ արդյունքների չեն հանգեցնում: Մյուս կողմից՝ եթե պետք է լինեն հասցեական հայտարարություններ, սակայն մինչեւ վերջ հետեւողականություն չդրսեւորվի, ապա «օդում հնչած» հայտարարություններն էլ իրավիճակը ոչ մի կերպ չեն փրկի:

Հ.Գ. Հարցազրույցից քիչ անց հայտնի դարձավ, որ առաջնագծում հակառակորդի կրակոցից ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter