HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ու Յուն-Գընին: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքը: 

Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո երկու երկրների միջեւ ձեւավորվել են բարեկամական կապեր, ինչը պետք է իր զարգացումն ունենա: 

Արարատ Միրզոյանն անդրադարձել է համատեղ իրականացված բազմաթիվ ծրագրերին, մասնավորապես այն տեխնիկական վերազինման աջակցությանը, որ Կորեայի Հանրապետությունն իրականացրել է մեր երկրի տարբեր պետական գերատեսչություններում, այդ թվում` Ազգային ժողովում:
 
Նա դրական է գնահատել հաստատված հայ-կորեական միջխորհրդարանական փոխգործակցությունը` կարեւորելով փորձի փոխանակումը, փոխադարձ այցերն ու պատգամավորական բարեկամական խմբերի աշխատանքը: 

Ազգային ժողովի նախագահը վստահություն է հայտնել, որ հայ-կորեական հարաբերությունների ընդլայնմանը մեծապես կնպաստի Երեւանում Կորեայի Հանրապետության դեսպանատան բացումը: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ու Յուն-Գընը շնորհավորել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների ու ժողովրդավարական գործընթացների կապակցությամբ` ընդգծելով, որ իր երկիրը պատրաստակամ է այսուհետ եւս զարգացնելու հարաբերությունները տնտեսական, մշակութային, հումանիտար եւ այլ ուղղություներով: 

Նա վստահեցրել է, որ աջակցության ծրագրերը, այդ թվում` ուղղված ՀՀ Ազգային ժողովի կարողությունների հզորացմանը, հետայսու եւս շարունակական կլինեն: Առաջիկայում քննարկման առարկա կլինեն Հայաստան-Կորեա գործակցության կոնկրետ ուղղությունները: 

Կողմերն անդրադարձել են միջազգային զարգացումներին` կարեւորելով փոխգործակցությունը նաեւ արտաքին քաղաքականության` երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերում: Արարատ Միրզոյանը ողջունել է այն երկխոսությունը, որ ծավալվել է Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ: Նա նաեւ վերահաստատել է Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների խորհրդակցությունը Երեւանում անցկացնելու պատրաստակամությունը: 

Անդրադառնալով Ներդրումների խրախուսման եւ պաշտպանության երկկողմ համաձայնագրին` խորհրդարանի ղեկավարը հավաստիացրել է, որ դրա վավերացումն օրենսդիր մարմնի օրակարգում է: Երկուստեք արձանագրվել է, որ համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա Հայաստան-Կորեա հարաբերությունների հետագա ընդլայնմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter