HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գագիկ Ծառուկյանը մանրամասնեց, թե որ դեպքում է պատրաստ հրաժարվել մանդատից (տեսանյութ)

Հակառակ որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատգամավորական մանդատից չի հրաժարվում, սակայն մանրամասնեց, թե որ դեպքում է պատրաստ դիմել այդ քայլին։

«Ոչ միայն պարոն Միրզոյանի համար, այլ հանրության և որ ամենակարևորը՝ ընտրողների համար իմ պատասխանում և՛ իրավական, և՛ քաղաքական բոլոր պատասխանները լիարժեք ներկայացված են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանը՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի նամակին։

Հիշեցնենք, որ խորհրդարանի նախագահը, դիմելով ԲՀԿ-ական պատգամավորին, կոչ էր արել հետևել պատգամավորի շահերի բախման իրավիճակների համար սահմանված կարգավորումներին, որին ի պատասխան Ծառուկյանը ներկայացրել էր իր հիմնավորումները։

«Այդպիսի խոսակցությունները վնաս են պետությանը, այս լարվածությունը անիմաստ, որ կա... Բոլորը գիտեն, որ Ծառուկյանը ազնիվ է, բոլորը գիտեն, որ կառույցներ տարիներով չեմ գնում։ Ներդրողների մոտ արդեն մտավախություն կա, որ մեկը քնից կարթնանա ու անհիմն հայտարարություն կանի, ներդրողը պետք է վստահ լինի, բայց ամեն մեկը, տեղից հելնողը անհիմն հայտարարություն է անում, կարող ա վատ քնել, չգիտեմ երազում ինչ ա տեսել, չի կարելի։ Ես կարամ գրեմ, ստորագրեմ, որ դա ազդելու է ներդրումների վրա, դա ազդելու է մեր տնտեսության զարգացման համար, մարդկանց մեջ մտավախություն կա ներդրում անեն, թե չէ, ես չեմ արդարանում, ուղղակի սիրում եմ իմ երկիրը, ուզում եմ կապերս օգտագործել, որ ներդրումներ լինեն»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Հարցին, թե ինչու են պատգամավորների մոտ կասկածներ առաջացել, որ Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրությամբ է զբաղվում, ԲՀԿ նախագահն արձագանքեց. «Կասկած չի առաջացել, դա նախանձն է, որ իրենք չեն երևում, ոչ մի բան չեն կարողանում անեն, Ծառուկյանի քայլի վրա գալիս են, տվյալ խոսացողները իրական կյանքում ոչ հարևանին են օգնել, ոչ երկրին, ոչ էլ որևէ գործ են կատարել։ Փոխանակ մարդու կատարածի վրա էլ ուրախանան, իրենց վատ են զգում, ես դաժե գիտեմ՝ մյուս քայլն ինչ են անելու»։

Մեր հարցին, թե ինչու չի հրաժարվում իր մանդատից, Ծառուկյանը զարմացավ, որ իր մանդատը կարծես երկրի գլխավոր հարցն է. «Էսօր երկրի խնդիրները լուծվե՞լ ա, ներդրումներն արվե՞լ են, ժողովրդի վիճակը լավացե՞լ ա, Ղարաբաղի խնդիրը լուծվա՞ծ է, ամենակարևոր խնդիրը Ծառուկյանի մանդա՞տն ա»։

Այն հարցին, թե որ իրավիճակում է պատրաստ հրաժարվել մանդատից, Ծառուկյանը պատասխանեց. «Ես կհրաժարվեմ մանդատից այն ժամանակ, երբ իմ պատկերացրած երկիրը լինի, մարդիկ վարկերը փակած լինեն, ժողովրդի վիճակը լավանա, բոլորի դեմքին ժպիտ լինի։ Սա երկրորդ ծանրությունն է, որ ես ուզում եմ տանել ցանկացած քայլով, եթե Ծառուկյանը որպես կուսակցության ղեկավար, պատգամավոր կարա օրինակ ծառայի… Ես մարդ եմ՝ ժողովրդի դարդ ու ցավով ապրող, մատից փուշ հանող մարդ եմ։ Ուզում եմ՝ մեր լրագրողական անձնակազմն արդարացի լինի, նայի՝ ով ինչ է ասել ու ինչ է արել»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։


 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter