HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Խորհրդարանում քննարկվեց էլեկտրամոբիլների ներմուծումը ավելացված արժեքի հարկից ազատելու մասին նախագիծը

Ազգային ժողովում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Նախագծով առաջարկվում է 2019թ. հուլիսի 1-ից մինչև 2022թ. հունվարի 1-ը Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաեւ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը:

Նախագծի հիմնական զեկուցող բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ նախագծի ընդունմամբ կլուծվեն ոչ միայն բնապահպանական հարցեր, այլ նաև սոցիալ-տնտեսական: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության էներգետիկ կախվածության նվազեցման համար: Էլեկտրական շարժիչով մոտոցիկլների (ներառյալ մոպեդների) կիրառման ավելացումը, բացի վերը նշված դրական ազդեցություններից, կնպաստի նաեւ խցանումների նվազմանն ու երթեւեկության անվտանգության մեծացմանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը նախարար Գրիգորյանից հետաքրքրվեց, թե արդյոք չի՞ պատրաստվում որպես նախարար առաջինը օրինակ ծառայել և անցնել էլեկտրական շարժիչով մեքենայի: Էրիկ Գրիգորյանը նշեց, որ իրենք նախագիծ են ներկայացրել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ, համաձայն որի՝ նախատեսվում է, որ ոչ միայն բնապահպանության նախարարը, այլև մյուս բոլոր նախարարները կանցնեն էլեկտրական շարժիչով մեքենաների, որը կատարվելու է բնապահպանական դրամաշնորհների միջոցով:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հետաքրքրվեց, թե արտոնությունը տարածվելու է էլեկտրական շարժիչով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների, թե միայն թեթև մարդատար մեքենաների վրա, ինչին ի պատասխան՝ Էրիկ Գրիգորյանը նշեց, որ արտոնությունը կիրառվելու է մինչև 10 մարդու տեղափոխող մեքենաների, մոտոցիկլների, մոպեդների և էլեկտրական շարժիչով աշխատող հեծանիվների վրա:

Օրենքի կիրառելիության ժամկետների մասին պատգամավորների հնչեցրած հարցին, թե ինչու է 2,5 տարի ընտրվել, Էրիկ Գրիգորյանը նշեց, որ սրանք ընդամենը առաջին քայլերն են. «Մենք նախատեսում էինք մինչև 2030թ., սակայն մեր կանխատեսումները գուցե չափից ավելի օպտիմիստական էին: Հնարավոր է, որ մինչև 2030 թվականը գլոբալ ավտոմոբիլային շուկան փոփոխությունների ենթարկվի և էլոկտրամոբլիների տեսակարար կշիռը մեծանա: Այնպես որ այս պիլոտային գաղափարի նպատակն է, խթանել առաջինը շուկա մտնողներին»,- ասաց բնապահպանության նախարարը:

Մեկնաբանություններ (1)

Հայկ Համբարձումյան
Ինձ համար տարօրինակ էր արտոնություն ստացող ապրանքների ցանկում էլէկտրական հեծանիվների առկայությունը, որովհետև՝ եթե մեքենաների, մոտոռոլլեռների դեպքում ավանդական տարբերակները վնասում են բնությանը, և բնապահպանության տեսանկյունից իմաստ ունի շահագրգռել էլեկտրական տարբերակների տարածմանը, ապա հեծանիվների ավանդական տարբերակները բնության համար ավելի քիչ վնաս են քան էլեկտրականները՝ եթե հաշվի առնենք կուտակիչների (ակկումուլյատորների) արտադրության ընթացքում առաջացած վնասակար արտանետումները։ Կարճ մտածելուց հետո, միայն մի կապ եմ տեսնում այդ ցանկում հեծանիվներ ավելացնելու համար՝ Հայաստանի բնապահպանության նախարարի հեծանիվային բիզնեսը։ Ճիշտն ասած վստահ չեմ այդ բիզնեսը դեռ կա թե ոչ, ու երե կա արդյոք դեռ նախարարին է պատկանում։ Սակայն շատ տհաճ ու հուսալքող կլիներ եթե "նոր Հայաստանում" նույնպես անձնական շարժառիթներով օրենքներ ձևավորվեին կամ ձևափոխվեին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter