
Ըստ Փաշինյանի` Հայաստանում վերացել է սուպերվարչապետական համակարգը
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ ըստ ընդդիմության` կառավարության կառուցվածքի այս մոդելը շարունակելու է սուպերվարչապետության համակարգը։
«Սուպերվարչապետը կարա՞ք բացատրեք ինչի է լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնում, ինչի՞ համար, սուպերվարչապետն ինչո՞ւ է հինգ ասուլիս անում, ձեզ որևէ մեկը ինստրուկտաժ արե՞լ է, թե ինչ հարց տաք։ Էն, ինչ էս մեկ տարում եղել է, վերջին երեսուն տարվա ընթացքում քա՞նի անգամ է եղել»,- ասաց Փաշինյանը:
Նրա պատկերացմամբ` սուպերվարչապետը նա է, ով ասում է՝ դու շաքարավազ կներկրես, դու` չէ, դու բանան կներկրես, սա իմ փայն է, էստեղ գյուղապետ պետք է ընտրվի էսինչը, էսինչի նկատմամբ գործ հարուցեք, էնինչի նկատմամբ կարճեք:
«Ինչու՞ են Բաղրամյան 26-ի ու խորհրդարանի դռները բաց, տեսե՞լ եք սուպերվարչապետ, որ գնում է դատարան վկայի կարգավիճակով, ոմանք ասում էին` դա շոու է, ոչ, շոու չէ, քաղաքական կամքի ցուցադրում է»,- ասաց նա։
Փաշինյանը վստահեցրեց՝ Հայաստանում վերացել է սուպերվարչապետական համակարգը, ժողովրդավարական երկրում չի կարող լինել սուպերվարչապետ։
«Եթե խոսքը վերաբերում է մեկ-երկու գերատեսչության կարգավիճակին, էդտեղ կան փաստեր ու փաստարկներ: ԱԱԾ-ն նախարարություն դարձնելու վերաբերյալ. մենք ասում ենք՝ ուզո՞ւմ ենք երկրում նոր Սերժ Սարգսյան, ո՞նց է ձևավորվել Սերժ Սարգսյանի քաղաքական կարիերան։ Սուպերվարչապետական համակարգն էն է, որ խումբը կամ մարդը պահում է իշխանությունը, ասում է` ոչ մեկին չեմ տա, ես ասում եմ՝ ես չունեմ իշխանություն, այն պատկանում է ժողովրդին։ Երկրում, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին, չի կարող լինել նման համակարգ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն անդրադարձավ նաև ընդդիմադիրների քննադատություններին, քանի որ վերջինս ժամանակին խորհրդարանում խոստացել էր ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դարձնել նախարարություններ։ «Մարդիկ կան, որ ասելիք չունեն, չեն էլ ունեցել, ընդամենն իրենց գործողությունները մեզնից ցիտատներ անելն է, թող մեր ասածները ուշադիր գրառեն, իրենց առաջիկա քաղաքական կարիերայում պետք կգա»,- ասաց նա։
Մեկնաբանել