HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սով, սառնամանիք, պատերազմ՝ ահա մեր տեսածը»,- հիշում է Լենինգրադի շրջափակումից փրկված կինը

Մայիսի 9-ին Աննա Սորոկինան կնստի տանը, առավոտյան կչափի զարկերակային ճնշումը, կգրանցի սեղանին դրված տետրում, ապա կխմի օրվա դեղորայքի չափաբաժինը: Եվ նա գուցե կրկին հիշի մանկությունը, որ իրենից խլեց Մեծ Հայրենական պատերազմը:

1941 թ. հունիսի 22-ին ռումբերի ձայնից 10 տարեկան Աննան դուրս էր եկել բակ: Նրա ընտանիքը բնակվում էր Լենինգրադի մերձակայքում գտնվող Լուգա քաղաքում:

«Երբ դուրս եկա բակ, նայեցի երկնքին, տեսա բազմաթիվ գերմանական ինքնաթիռներ: Սկսեցի հաշվել դրանք, բայց այնքան շատ էին, որ հաշիվս կորցրեցի: Դրանք թռչում էին Լենինգրադի կողմ, բայց քանի որ այնտեղից թույլ չէին տալիս, սկսել էին ռումբեր գցել (Լուգայի վրա): Սարսափելի էր,- Վանաձորի մեկսենյականոց բնակարանի կենտրոնում դրված սեղանի մոտ նստած՝ հիշում է 88-ամյա Աննա Սորոկինան,- ամբողջ քաղաքը հրդեհի ու ծխի մեջ էր, ես ոտքից վիրավորվեցի, գիտակցությունս կորցրել էի, բան չէի հիշում»:

Անցյալն իր ծանրությամբ լցվել է հյուրասենյակը, ես հատուկենտ հարցեր եմ տալիս նրան, լսում եմ: Պատերազմից 78 տարի անց 10-ամյա Աննան դեռ կանգնած է մեր կողքին: Աննա Պավլովնան մերթընդմերթ գրպանից հանում է թաշկինակն ու մաքրում խոնավացած աչքերը:

«Դժոխք էր, սարսափելի է հիշելը: Տատիկս սպանվեց, գլուխը մասերի էր բաժանվել, ես վիրավորեցի, ավագ քույրս սարսափից գիտակցությունը կորցրեց: Ահա թե ինչ ենք տարել: Սանիտարները հավաքում էին վիրավորներին: Մենք մոտ էինք ապրում հիվանդանոցին, ինձ տարան ուղիղ կայարան եւ մյուս վիրավորների հետ պատգարակներով տեղավորեցին ապրանքային վագոններում»,- պատմում է Աննա Պավլովնան:

Լուգայից Լենինգրադ մոտ մեկ ժամ էր, բայց շարունակվող ռմբակոծությունների պատճառով վիրավորներով լի գնացքը Լենինգրադ հասել էր մեկ օրում: Վիրավոր երեխաներին տարել էին Ռաուխֆուսի անվան մանկական հիվանդանոց, իսկ սեպտեմբերի 9-ին, երբ գերմանական զորքերն արդեն շրջափակել էին Լենինգրադը, նրանց տեղափոխել էին ապաստարաններ:

«Լուսարձակների լույսից գիշերները լուսավոր էր, ինչպես ցերեկը: Դրանք ամբողջ ընթացքում որսում էին գերմանական ինքնաթիռներ եւ խոցում: 6 ամիս մնացի հիվանդանոցում, հետո ուղարկեցին Դերժինսկու անվան առողջարան, բայց քաղաքն արդեն շրջափակված էր, դուրս գալն անհնար էր: Քանի դեռ պաշարները հերիքում էին, մեզ նորմալ էին կերակրում, բայց հետո դժվարացավ: Հացի նորման, որ մեզ էին տալիս, չեմ կարող ասել… (սեղանից վերցնում է հեռուստացույցի հեռակառավարման վահանակը, ձեռքով ցույց տալիս դրա կեսը) այ այսքան էր՝ 125 գրամ սեւ հաց էր, սեւ էլ չէր, ինչ ասես կար մեջը, միայն անունն էր հաց: Շատ վախենալու օրեր էին»,- ասում է 88-ամյա կինը: Սակայն գերմանական ինքնաթիռները սկսել էին ռմբակոծել նաեւ առողջարանը: Տիկին Աննան պատմում է, որ հրաշքով են փրկվել, շենքն այրվում էր, ու երեխաներին արագ տարհանեցին: Քանի որ մանկատներում արդեն տեղ չկար, երեխաներին տեղավորեցին դպրոցներում:

«Այսքան տարիներ են անցել, բայց հիշում եմ այդ տպավորությունները: Ոչ մահճակալ կար, ոչ հաց կար, ցուրտ էր: Բոլորս նստել էինք գետնին, այդտեղ էլ քնում էինք, հագուստն էլ չէինք հանում, ցրտից կուչ էինք գալիս, իրար կպնում, որ մի քիչ տաքանանք: Ամբողջ դասարանները լիքն էին երեխաներով, իսկ առավոտները դաստիարակները գալիս էին, հավաքում սովից մահացած երեխաներին: Ջուրը բերում էին Նեւայից: Մենք անընդհատ ուտել էինք ուզում»,- հիշում է 88-ամյա Աննա Սորոկինան:

1943 թ. շրջափակման օղակը ճեղքելուց հետո առաջնահերթ երեխաներին են տեղափոխել: Աննա Պավլովնան ասում է՝ «սոված, կմախք դարձած, մահացող երեխաների տեղափոխեցին Մայկոպ»: Գերմանական ինքնաթիռները, սակայն, ռմբակոծեցին նաեւ Մայկոպը, ինչի հետեւանքով երեխաներին նորից բեռնեցին վագոններն ու բերեցին Հայաստան: Այստեղ էլ սոված էին մնում, թեեւ, Աննա Պավլովնայի խոսքով, Լենինգրադի դաժան օրերի պես չէր: Հայաստանում նա պլեւրիտով է հիվանդացել, ու մանկատնից տեղափոխել են Կիրովականի հիվանդանոց: Ասում է՝ բժիշկներն անգամ չէին հավատում, որ կապաքինվեր:

«Երբ արդեն քայլում էի, հիվանդանոցի մուտքի մոտ մի մեծ հայելի էր դրված, մոտեցա՝ խալաթով, գլխաշորով, ինձ վրա նայում էր 12-ամյա մի պառավ, այնքան նիհար էի ու կրկին ուտել էի ուզում»,- 88-ամյա կինը սա պատմելուց դադար է տալիս եւ ուղիղ նայում ինձ:

Ասում է, որ հարազատների մեծ մասը մահացել է կա՛մ սովից, կա՛մ ռազմաճակատում: Հայրը պատերազմի առաջին օրերին անհետ կորել էր, Լենինգրադի շրջափակումից առաջ մայրն ու ավագ քույրը մյուս բնակիչների հետ տարհանվել էին Բաշկիրիա: Աննա Պավլովնան պատմում է, որ մայրը խանգարում ստացած քրոջը տարել էր հոգեբուժարան, իսկ ինքն անցաթղթով եկել էր Հայաստան՝ միասին վերադառնալու պայմանով: Աննայի՝ Հայաստանում գտնվելու մասին մորը հայտնել էր հարազատներից մեկը: Ու քանի որ ինքը հիվանդանոցում էր, մայրը ստիպված էր մնալ մինչեւ իր բուժվելը: Բայց անցաթղթի ժամկետն ավարտվել էր, ու մայրը ստիպված մնացել էր Հայաստանում, միաժամանակ տեղեկացել էին, որ քույրը մահացել է:

Մայրն աշխատանքի էր տեղավորվել զինվորական հոսպիտալում որպես սանիտար: Աննան ապաքինվելուց հետո դպրոց էր հաճախել Կիրովականում, իսկ հետո աշխատանքի էր անցել քիմգործարանում, որտեղ աշխատել էր մինչ 1991 թ.: Պատերազմից հետո էլ վերապրել է Սպիտակի երկրաշարժը՝ «այ այսպիսի ճակատագիր էր»: Ինչպես երկրաշարժից հետո շատերը, նա էլ մոր հետ ապրում էր տնակում: Մայրը կյանքի վերջին տարիներին կուրացել էր, Աննան աշխատանքից դուրս էր եկել՝ նրան խնամելու համար:

Հյուրասենյակի պատերին փակցված են Աննա Պավլովնայի որդու, հարսի եւ թոռների լուսանկարները: Որդին ռազմական օդաչու է, բնակվում է Ռուսաստանում: Աննա Պավլովնան ասում է, որ այնտեղ չի կարողացել ապրել, մեկ ամիս մնալուց հետո վերադարձել է Վանաձոր, որովհետեւ պատկառելի տարիքում դժվար է հարմարվել տեղափոխություններին, Ռուսաստանում ամեն ինչ օտար էր իր համար, իսկ Վանաձորում իր արմատներն են:

-Հիմա ինչո՞վ եք զբաղվում,- երկար դադարից հետո հարցնում եմ:

-Ինչո՞վ պիտի զբաղվեմ. դեղեր եմ խմում եւ սպասում իմ ժամին,- պատասխանում է, ապա տխուր ժպտում:

Զգեստապահարանից հանում է դեղերով լի տոպրակը: Ասում է՝ ամսական մեծ գումար է ծախսում դեղերի համար, ու պատերազմի վետերաններն այսօր որեւէ արտոնություն չունեն:

«Դժվար է, չափազանց դժվար: Վիրավոր ոտքիս մեջ մնացած մանր բեկորները ցավեցնում են: Երբ հեռուստացույցով ցույց են տալիս պատերազմի մասին ֆիլմեր, տեսնելը մի բան է, զգալը՝ բոլորովին այլ բան: Պատերազմից դաժան ոչինչ չկա, ու թող երբե՛ք, երբե՛ք մարդկությունը չտեսնի եւ չիմանա, թե ինչ է պատերազմը,- ասում է 88-ամյա կինն ու հավելում,- սով, սառնամանիք, պատերազմ՝ ահա մեր տեսածը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter