HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Ծախողը դուք եք, ո՞վ բարոյական իրավունք ունի ինձ որևէ բան ծախելու մեջ մեղադրի»

Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացի միակ ձեւաչափը ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահությունն է։

Պաշտոնական Երեւանի այս տեսակետը մամուլի ասուլիսում վերահաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ կարգավորման խնդրին:

«Եթե բանակցում ենք, տեսականորեն հնարավոր ենք համարում հարցի լուծումը: Ինչ վերաբերում է կոնկրետ փաստաթղթին, կոնկրետ փաստաթղթի վերաբերյալ որևէ խոսակցություն չկա։ Ես ասել եմ, որ այդ հարցի վերաբերյալ ևս գաղտնիքներ չեմ ունենալու: Եթե ինձ մնար, կնախընտրեի էդ ամեն ինչը իմ ֆեյսբուքյան ուղիղ եթերով լիներ, բայց կոռեկտության առումով չեմ կարող ամեն ինչ ասել` ես սա ասացի, նա սա ասաց»,- հայտնեց վարչապետը։

Փաշինյանը վստահեցրեց՝ գործող կառավարությունը ԼՂ բանակցությունների հարցում հանրությունից գաղտնիք ունենալ չի կարող:

«Փորձագետի մակարդակով Ղարաբաղի հարցին տիրապետելու իրավունք ունի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, մեր քաղաքականությունն էդ հարցի վերաբերյալ էնքան թափանցիկ է, էնքան բաց է»,- ասաց նա։

Անդրադառնալով ԵՄ-Ադրբեջան սպասվող համաձայնագրի ստորագրմանը` Փաշինյանն ասաց. «Դա ԵՄ-ի ու Ադրբեջանի բանակցություններն են, իհարկե առնչություն ունի մեզ հետ, բայց ուղիղ առնչություն չունի։ ԵՄ մեր գործընկերների հետ շփումներում ես ասել եմ, որ ճիշտ կլինի բանակցային գործընթացները տարածաշրջանային իրավիճակների հետ որդեգրված սկզբունքները տարբեր իրավիճակներում չաղավաղվեն»։

Փաշինյանն անդրադարձավ նաև այն խոսակցություններին, որ որոշ փորձագետներ ու քաղաքական գործիչներ հեգնում են իր այն թեզը, թե ԼՂ հարցը որոշելու է ժողովուրդը։

«Էն ժամանակ էլ ասում էին` ժողովո՞ւրդը պետք է որոշի ով ընտրվի վարչապետ, հանրապետականները հարցազրույցներ էին տալիս ու ծիծաղում, ընտրեցի՞ն, եղա՞վ, թե չէ։ Հիմա էլ ասում ենք` ժողովուրդը պետք է որոշի ԼՂ հարցը, էլի մարդիկ կան, ասում են` ո՞նց պետք է ժողովուրդը որոշի, բա ո՞վ պետք է որոշի, դո՞ւք պետք է որոշեք մի քանի կոռուպցիոներներով, բանակ թալանածներով պետք է Ղարաբաղի հարցի ճակատագիր որոշե՞ք, դուք ո՞վ եք, որ Ղարաբաղի հարց որոշեք: Այո, ամեն ինչ պետք է որոշի ժողովուրդը, համակերպվեք»,- ասաց նա։

Փաշինյանը վստահեցրեց` եթե բանակցությունների արդյունքում լինի այնպիսի լուծում, որ համարի այն արժանի է ներկայացնել ժողովրդին, հնարավոր է հանրահավաք, հանրաքվե կամ տեսաուղերձ լինի։

«Գնում ենք բանակցությունների՝ ասում են ծախում են, ծախողը դուք եք, ո՞վ բարոյական իրավունք ունի ինձ որևէ բան ծախելու մեջ մեղադրի: Մարդիկ, որ երկիրը թալանել են, գրում են՝ գնաց բանակցությունների, հաստատ ծախում են: Ո՞վ են դրանք ընդհանրապես, էդ սերմացու գողացող մկները, բանակ թալանածները, զինվորի հաշվին վզները հաստացրածները, փեսեքին ու տղերքին միլիոնատեր դարձրածները, նրա՞նք են Ղարաբաղի հարցը լուծելու: Նրանք չունեն բարոյական իրավունք, ինչ մեդալ ուզում է դոշներից կախած լինի, բանակ թալանածն իրավունք չունի Ղարաբաղի հարցից խոսի»,-ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter