
Ն. Փաշինյան. «Մեր զինվորներն ապահովվում են բարձրորակ վարտիքներով և շապիկներով»
Զինվորների ծնողներն, ինչո՞ւ են ծանրոցներ ուղարկում վերջիններիս, եթե այժմ բանակի միջոցները չեն թալանվում: Նման հարց ուղղվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին նրա հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Դրա հետ կապված հիմա հետաքննություն է ընթանում, առնվազն հիմնավոր կասկածներ կան, որ որոշ կոռուպցիոն մեխանիզմներ գործում են»,- պատասխանեց Փաշինյանը:
Վարչապետը տեղեկացրեց, որ Գլխավոր շտաբի պետի հետ խոսել է այդ հարցի շուրջ: «Ասել եմ` նման խնդիր եմ դնում, կարո՞ղ եք այդ խնդիրը լուծել, ինձ ասել են` ոչ մի պրոբլեմ չկա, կլուծենք, որից հետո մի տարօրինակ բան է եղել: Լուր եմ ստացել, որ սպաները մտնում են զորամասեր, խուզարկում են, ծնողների ուղարկած ամեն ինչ առգրավում են: Ես ասել եմ` ես ինչ եմ հանձնարարել, դուք ինչ եք իրականացնում»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ դրանից հետո գնացել է առաջնագիծ և փորձել զինվորների ուտելիքը: «Ես անձամբ բացել, կերել եմ, որի արդյունքում վատ եմ զգացել, հանձնարարել եմ էդ ամբողջ ուտելիքը հանել շրջանառությունից, դրանից 2-3 ամիս անց արձանագրել եմ, որ էդ ուտելիքը չի հանվել շրջանառությունից»,- ասաց Փաշինյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ մեխանիզմների խնդիրներ էլ կան, քանի որ նախորդ տարի մինչ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները Զինված ուժերում մթերքի գնում հնարավոր չի եղել իրականացնել: Տենդերին մասնակցած ընկերությունները իրար դատի են տվել, ինչի պատճառով պրոցեսը կանգ է առել:
«Մենք պետք է լուծեինք վարտիքների խնդիրը, և դա պետք է իրականացնեինք այնպես, որ կոռուպցիոն համակարգի տարրեր չլինեն: Ես հանձնարարել եմ բոլոր ընկերություններին հրավիրել, նրանց հետ միաժամանակ զրույցներ ունենալ տեսախցիկների առաջ, և արվել են տարբեր առաջարկներ: Այսօր կարող ենք արձանագրել, որ մեր զինվորներն ապահովվում են բարձրորակ շապիկներով ու վարտիքներով: Հիմա փորձարկման շրջանում է նոր կոշիկը»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ պայմանագրային զինծառայողների սնունդը եւս խնդրահարույց է, քանի որ նրանք դիրքեր մեկնելուց առաջ իրենց համար սնունդ են գնում: Մինչդեռ սննդակարգն այնպես պետք է փոխվի, որ պայմանագրային զինծառայողները նախընտրեն պետության տրամադրած սնունդը:
Մեկնաբանել