Travelan տուրիստական գործակալության տնօրեն Աննա Սահակյանը կկալանավորվի
Travelan տուրիստական գործակալության 24-ամյա տնօրեն Աննա Սահակյանը կկալանավորվի: Նման որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Քննչական կոմիտեի քննիչի միջնորդության հիման վրա: Այս մասին «Հետք»-ին հայտնեց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Նրա փոխանցմամբ՝ Travelan-ի քրեական գործը միացել է YEREVAN TRAVEL տուրիստական գործակալության գործին, և Աննա Սահակյանը գործում ներգրավվել է որպես մեղադրյալ:
Հիշեցնենք, որ Աննա Սահակյանը նախկինում աշխատել է YEREVAN TRAVEL տուրիստական գործակալությունում: Գործակալությունը ևս հայտարարել էր, որ իրենց մոտ որպես տուրմենեջեր գրանցված աշխատակցուհի Աննա Սահակյանը ընկերության անունից իրականացրել է տուրիստական ծառայությունների վաճառք՝ ընկերության դրամարկղ մուտքեր չանելով, եւ նախնական տվյալներով, իրենց հասցնելով 10 մլն դրամի վնաս:
YEREVAN TRAVEL-ը 2018թ. դեկտեմբերին հաղորդում է ներկայացրել ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: Հարուցված է քրեական գործ:
Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ օրեր առաջ պարզել էին, որ Travelan տուրիստական գործակալության տնօրեն Աննա Սահակյանից գնած տուրիստական փաթեթները գոյություն չունեն, և իրենք խաբեության զոհ են դարձել՝ կորցնելով վճարած գումարները: Տուժածներից երկուսի հետ զրուցել էինք, ներկայացրել նրանց պատմությունները:
Travelan տուրիստական գործակալության տնօրեն Աննա Սահակյանը չորեքշաբթի օրը՝ մայիսի 1-ին, բերման էր ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին՝ քաղաքացիներից խաբեությամբ գումար հափշտակելու կասկածանքով: Քաղաքացիների բողոքների հիման վրա կատարված հետաքննության արդյունքում ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել Travelan տուրիստական գործակալության նկատմամբ՝ խարդախության հատկանիշով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել