
Զարուհի Բաթոյան. «Ստամբուլի կոնվենցիայի շուտափույթ վավերացումը մեր օրակարգում է»
«Առաջիկայում մենք շատ կարևոր անելիքներ ունենք: Մենք սկիզբ ենք դնում մի շարք նոր ծրագրերի, այդ թվում՝ Գենդերային ռազմավարության, Կառավարության հնգամյա ծրագրի, և այս համատեքստում հատկապես կարևոր է Ձեզ հետ համագործակցության հնարավոր ուղիների քննարկումը՝ հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Ձեր կողմից իրականացված ծրագրերի փորձառությունը: Մեր օրակարգում է Ստամբուլի կոնվենցիայի վավերացմանն ուղղված աշխատանքները, որը շատ ոգևորիչ է»,- այս մասին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում Երևանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն՝ Բաթոյանը նշել է, որ կոնվենցիայի վավերացման գործընթացին զուգահեռ կարևոր է հանրային իրազեկման աշխատանքների իրականացումը, քանի որ հասարակությունը պետք է տեղեկացված լինի ընտանեկան և կանանց նկատմամբ բռնությունների ամբողջական պատկերին, ինչը կօգնի խուսափել թյուրըմբռնումներից:
Նատալյա Վուտովան տեղեկացրել է, որ ԵԽ-ն Հայաստանում մեկնարկում է 2.5 տարի տևողությամբ նոր ծրագիր՝ «Հայաստանում կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելում և պայքար դրա դեմ»:
«Ես ուրախ եմ, որ այս ծրագրի շրջանակներում համագործակցելու ենք Ձեր կառույցի հետ, քանի որ վերջին զարգացումները ցույց տվեցին մարդու իրավունքներին Ձեր անխախտ նվիրվածությունը և Ձեր անձնական խիզախությունը, ինչը առանցքային նշանակություն ունի պետության հոգածության կարիքն ունեցող անձանց պաշտպանության և աջակցության հարցում»,- ասել է Ն. Վուտովան:
Նա նշել է, որ ծրագրի հիմնական նպատակը կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման հուսալի և գործուն մեխանիզմների ստեղծումն է: Ծրագրի իրականացման հիմքում լինելու է Ստամբուլի կոնվենցիայի վավերացումը Հայաստանի կողմից:
Նշենք, որ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա) ընդունվել է 2011 թ. մայիսի 11-ին Ստամբուլում: Այն ուժի մեջ է մտել 2014թ.-ին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել