HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Ալաշկերտ»-ը հաղթեց «Լոռի»-ին և նվաճեց Հայաստանի գավաթը

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում Երևանի «Ալաշկերտ»-ը նվազագույն 1:0 հաշվով առավելության հասավ Վանաձորի «Լոռի»-ի նկատմամբ և տիրացավ գավաթին: Վճռորոշ խաղը տեղի ունեցավ վերակառուցված «Բանանց-1» մարզադաշտում:

Առաջին խաղակեսն անցավ վանաձորյան թիմի առավելությամբ, սակայն ամբողջ խաղակեսի ընթացքում թե՛ «Լոռի»-ն, թե՛ «Ալաշկերտ»-ը իրական գոլային պահեր չստեղծեցին: Իհարկե, հարվածներ եղան, սակայն դրանք լուրջ վտանգ չէին ներկայացնում:

Երկրորդ խաղակեսը կրկին մեկնարկեց «Լոռի»-ի առավելությամբ, սակայն երևանյան թիմին շատ արագ հաջողվեց հավասարեցնել խաղը և այնուհետև տիրել նախաձեռնությանը, ինչն էլ տվեց իր արդյունքը: 65-րդ րոպեին ձախ եզրից Արթուր Եդիգարյանի իրացրած անկյունային հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին, սակայն անդրադարձից հետո վանաձորյան ակումբի կիսապաշտպան Ֆրայդի Ուբոնգը պատահմամբ գնդակն ուղարկեց սեփական դարպասը, ինչն էլ հաղթական բերեց «Ալաշկերտ»-ին: Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Լոռի»-ին չհաջողվեց բեկել խաղի ընթացքը:

«Լոռի»-ն Հայաստանի գավաթի խաղարկության 2018/19 մրցաշրջանում պայքարը սկսել էր ⅛ եզրափակչից և առավելության էր հասել «Յունիոր Սևան»-ի նկատմամբ: Այնուհետև պայքարից դուրս էր թողել նաև «Փյունիկ»-ին և «Բանանց»-ին ու հայտնվել եզրափակչում: «Ալաշկերտ»-ը, պայքարը սկսելով ¼-ից, եզրափակչի ճանապարհին հաղթել էր «Արցախ»-ին և «Արարատ-Արմենիա»-ին:

Վերջին երեք տարիների Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Ալաշկերտ»-ը իր պատմության ընթացքում առաջին անգամ նվաճեց Հայաստանի գավաթը: 2018թ. նույնպես երևանյան ակումբը դուրս էր եկել գավաթի խաղարկության եզրափակիչ, սակայն 11 մետրանոց հարվածաշարում զիջել էր «Գանձասար-Կապան»-ին:

Եթե «Լոռի»-ն այսօր կարողանար հաղթել «Ալաշկերտ»-ին, ապա կնվաճեր իր պատմության առաջին տիտղոսը, սակայն վանաձորցիներին այս անգամ հաջողությունը չժպտաց:

Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության ավարտից 5 տուր առաջ «Լոռի»-ն 39 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Ալաշկերտ»-ը 46 միավորով գտնվում է 4-րդ հորիզոնականում՝ 6 միավոր զիջելով առաջատար «Փյունիկ»-ին, չնայած «Փյունիկ»-ի համեմատ մեկ խաղ պակաս է անցկացրել:

Լուսանկարները՝ «Ալաշկերտ»-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter