HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չորացրած ծաղիկներով պատմություններ. Լուսինե Հարությունյանի ձեռագործ զարդերը

-Ա՜յ, որ էս փոշու հատիկը իջավ, չէ՞, - արևի լույսի տակ երևացող փոշու հատիկներն է ցույց տալիս ձեռագործ զարդերի հեղինակ Լուսինե Հարությունյանն ու միտքը շարունակում,- եթե դրանք նստեն թաց խեժի վրա, խեժապատումից հետո կերևան, ու զարդն արդեն շուկա դուրս չի գա: Օրինակ, այս մի ականջօղի վրա փոքր փուչիկ կա, դա նշանակում է, որ այն չի հայտնվելու վաճառքում:

Լուսինեի ասելուց հետո վերցնում եմ այդ ականջօղն ու փորձում գտնել նրա ասած փուչիկը, միայն մանրադիտակի աչք ունեցողը կարող է գտնել այն: Իսկ զարդարվեստով զբաղվող Լուսինեն հենց մանրադիտակային աչքով էլ նայում է իր ստեղծագործությունները:

Առհասարակ զարդեր պատրաստել Լուսինեն սկսել է դեռ մանկությունից: Ասում է, որ ժամանակին զրդեր էր պատրաստում հեռախոսագծերի լարերից:

Լուսինե Հարությունյանը մասնագիտությամբ նկարիչ-դիզայներ է, սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանում, այնուհետ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բեմանկարչության բաժնում:

Արդեն 15 տարի զբաղվում է զարդարվեստով: Նյութերն անընդհատ փոփոխվում են, մի փուլում կանգ առնելն, ըստ նրա, սխալ է: Անընդհատ պրպտում է, նոր գաղափարներ է փնտրում: Ուսումնարանում սովորելու տարիներից էլ սկսել է զբաղվել զարդարվեստով: Սկզբից աշխատում էր պոլիմերային կավով եւ կաշվով: Պատրաստված զարդերը գնում էին նույնիսկ դասախոսները:

Թեև շարունակում է օգտագործել կավն ու կաշին, դրանցով աշխատանքներն այդքան շատ չեն, ինչպես նախկինում: Հիմա հիմնականում արծաթյա զարդեր է պատրաստում չորացած ծաղիկների համադրությամբ: Արծաթն, ըստ նրա, լավ նյութ է, որով հետաքրքիր է աշխատելը: Իսկ ծաղիկներն արծաթի հետ համադրելը, Լուսինեի խոսքով, եկել է խեժի հետ աշխատելուց: Ասում է՝ ինչ նյութ ուզում ես, կարող ես դնել խեժի մեջ: Շեշտում է, որ չորացած ծաղիկներով զարդեր պատրաստելը նորարարություն չէր իր կողմից, տեղական շուկայում արդեն կային նման զարդեր: Սակայն յուրաքանչյուրն իր ձեռագիրն ունի:

Լուսինեի կարծիքով՝ իր զարդերը տարբերվում են գույներով, բացի դրանից, ասում է՝ տարբեր ճաշակի մարդկանց համար են: Գնորդներին էլ առաջինը գրավում են գույները, երկրորդ հերթին՝ էներգետիկան: Օրինակ, պատմում է, երբ շաբաթ-կիրակի օրերին Վերնիսաժում ներկայացնում էր զարդերը, մի քանի անգամ մի կին է եկել, երկար նայել ու հեռացել: Մի անգամ էլ Լուսինեին ասել է, թե դրական էներգիա է ստանում նրա զարդերից: Ասում է՝ բարձր տրամադրությունն ու դրական էներգիայով աշխատելը կարևոր պայման են զարդեր պատրաստելիս: 

«Զարդեր պատրաստելիս անում եմ այն, ինչ զգում եմ այդ պահին: Հիմնականում առանց էսքիզների եմ աշխատում, հանպատրաստից, ինչ միտք ծնվում է այդ պահին»,- ասում է Լուսինեն: Եթե անգամ զարդի երկրորդ օրինակն է պատրաստում, նշում է, չի կարող նույնը լինել: Ամեն զարդն իր տրամադրությունն ու պատմությունն ունի:

5 տարի է, որ զարդեր պատրաստելուն միացել է նաև Լուսինեի քույրը՝ լեզվաբան Անին: Նրա տան լուսավոր սենյակի աշխատանքային սեղանը լցված է չորացրած ծաղիկներով: Անին զբաղվում է զարդերի ծաղիկների կոմպոզիցիաներով, իսկ խեժապատումն անում է Լուսինեն:

Խեժապատումը, վերջինիս կարծիքով, ամենաբարդ գործընթացն է: Խեժապատված զարդերն առաջին հայացքից ապակու տեսք ունեն, սակայն ավելի ամուր են: Լուսինեն սեղանից վերցնում է զարդերից մեկն ու գցում սեղանին՝ ասելով, որ եթե ապակի լիներ, ապա կվնասվեր:

«Խեժապատումը մեկ օր է տևում: Եթե չստացվեց, ապա հավաքած կոմպոզիցիան էլ, արծաթի ֆորման էլ հեչ են դառնում: Պետք է լավ խեժապատել, որակով, որ ժամանակի ընթացքում չփոխվի»,- նկատում է ձեռագործ զարդերի հեղինակը:

Լուսինեի ապրանքանիշը կրում է նրա անուն-ազգանունը՝ «Լուսինե Հարությունյան»:

Հեղինակը գործնականորեն է վերաբերվում զարդարվեստին: Ասում է՝ այն, ինչ վաճառվում է, բիզնես է դառնում: Նշում է, որ շատերի պես չի ասի, թե տեսեք՝ սա ստեղծագործական մոտեցում է, ներշնչանքով է պատրաստվում, հակառակը՝ գնորդին, նրա կարծիքով, դա այդքան էլ չի հետաքրքրում:

Լուսինեն նկատում է, թե քանի համբերատար չէ աշխատելիս, աշակերտներ չունի: «Ինձ հարցնում են, թե ինչու աշակերտներ չունեմ, ինչու չեմ սովորեցնում, բայց համբերատար չեմ: Մինչեւ բացատրեմ, թե ինչպես պետք է անեմ, ինքս արագ կանեմ-կվերջացնեմ»,- ասում է դիզայներ-նկարչուհին:

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter