HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծննդյանդ 100-ամյակը կնշենք միասին. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է պատերազմի 99-ամյա վետերանի տանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալվել է Հայրենական պատերազմի վետերան Միկիտ Ամիրյանի տանը: Նախագահը պատերազմի վետերանին է այցելել շնորհավորելու ոչ միայն Հաղթանակի ու խաղաղության տոնի, այլև նրա ծննդյան օրվա առթիվ: Միկիտ պապիկն այսօր դարձել է 99 տարեկան, և նրա համար իր հարազատների շնորհավորանքների կողքին առանձնահատուկ են եղել Հանրապետության նախագահի այցն ու բարեմաղթանքները:

Նախագահ Սարգսյանն ու պատերազմի ամբողջ ճանապարհն անցած վետերանը ընտանեկան մթնոլորտում զրուցել են երեկվա, այսօրվա ու վաղվա մասին՝ պատերազմի բովից հասնելով այսօրվա Հայաստանին ու հայ ժողովրդին: Հանրապետության նախագահն անմիջական զրույցի ընթացքում հետաքրքրվել է Միկիտ Ամիրյանի առողջական վիճակով, հարց ու փորձ արել ընտանիքից ու անցած ուղուց: 99-ամյա վետերանն իր մարտական ուղին սկսել է Կովկասից, մարտնչել Ուկրաինայում, Լեհաստանում, մասնակցել Պրահայի, Բեռլինի ազատագրմանը:

Ջերմ շնորհավորանքներից բացի նախագահ Սարգսյանը նաև իր երախտագիտությունն է հայտնել 99-ամյա վետերանին և ի դեմս նրա՝ բոլոր վետերաններին՝ կերտած հաղթանակի, իրենց վաստակի ու հայրենիքին նվիրվածության համար: Եվս մեկ անգամ շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել և խոստացել, որ հաջորդ տարի միասին նշելու են Միկիտ Ամիրյանի ծննդյան մեկդարյա հոբելյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։