
Սպասելով, որ հայրիկը հաց բերի. 5 երեխաներով ընտանիքը հայտնվել է անելանելի պայմաններում
Գայանեն պահարանից հանում է նապաստակներով կապույտ մանկական սրբիչը, որ փռի իշաոտնուկի վրա: Խոնավ սենյակում աթոռ չկա, հին, փոս ընկած բազմոցն ու բազկաթոռն են: Գայանեի լարվածությունն եմ նկատում, խնդրում եմ՝ սրբիչը տեղավորի պահարանում, ու զրուցենք:
Երկուսս էլ նստում ենք իշաոտնուկին: Գայանե Պապոյանը 27 տարեկան է՝ երկար վարսերով, կապույտ աչքերով, իր տարիքից շուտ թափված ատամներով: Վանաձորի Լեռնապատ գյուղից է, որտեղից ծնողների, եղբոր ու քրոջ հետ 13 տարի առաջ տեղափոխվել են Կոտայքի մարզի Զովունի գյուղ: Այստեղ ծնողները անասնապահությամբ են զբաղվել:
«Պարտքերի մեջ էինք, տղայիս պիտի վիրահատեինք, Զովունիում էլ անասնապահության գործ կար, դրա համար եկանք»,- զրույցին միանում է Գայանեի մայրը՝ Ալլա Աբգարյանը, ով ամուսնու եւ որդու ընտանիքի հետ Զովունիում բնակվում է երկսենյականոց տան մեջ:
Գայանեն դարձյալ լարված է մեր զրույցի ընթացքում: Ձեռքերն իրար մեջ է առել, եղունգների վարդագույն ներկը կիսաթափված է:
Մայրն ասում է՝ աղջիկը սիրահարվեց Զովունիում, 18 տարեկանում էլ փախցրեցին: Գայանեն էլ ասում է, որ ամուսնու ընտանիքը բազմանդամ է՝ 13 երեխա են՝ 8 աղջիկ եւ 5 տղա: Քանի որ այնտեղ բնակվելու համար արդեն տեղ չկար, ստիպված վարձով են ապրել ու անընդհատ տեղից տեղ են տեղափոխվել:
Նախորդ տարվա դեկտեմբերից Գայանեն ամուսնու ու երեխաների հետ վարձով բնակվում է Զովունիում, ամսական 50 հազար դրամ վարձ են տալիս: Մինչ այդ 4 ամիս աշխատել են Գավառում: Ամուսինն օրավարձով անասուն էր պահում, Գայանեն էլ օրական 60 կով էր կթում՝ ամսական 50 հազար դրամի դիմաց:
27-ամյա մայրն ասում է, թե երբ մարդիկ իմանում են, որ 5 երեխայի հետ են վարձակալելու տունը, հրաժարվում են գործարքից: Ներկա տունը վարձակալելիս ստիպված թաքցրել են 5 երեխա ունենալու փաստը:
Գայանեն հիմա չի աշխատում, ամուսինը դարձյալ օրավարձով անասուն է պահում՝ օրական 4-5 հազար դրամով: «Ամուսնուս աշխատածով ուտելիք էինք առնում, իմ աշխատածով տան վարձն էինք տալիս, հիմա որ չեմ աշխատում, էրեխեքին սոված թողնելով, մի կերպ տվել ենք վարձը, բայց տանտերն ասել ա, որ ազատենք տունը: Երկու օր ժամանակ ա տվել, իսկ մենք ոչ մի տեղ չունենք գնալու»,- ասում է Գայանեն: Ապրիլ եւ մայիս ամիսների վարձը չեն կարողացել վճարել:
Արցունքները գլորվում են նրա այտերին, 3-ամյա Լիանան մոտեցել է մորը, խեթ հայացքով մերթ մորն է նայում, մերթ ինձ. կարծես փորձում է հասկանալ, թե ով է նեղացրել մորը:
Տան բակից ներս են մտնում երեխաները: Աստղիկն ավագն է՝ 7 տարեկան, Վարդուհին՝ 6, Սամվելը՝ 4, Լիանան՝ 3, Դավիթը՝ 2:
Երեխաներից Դավիթը ոտաբոբիկ է, մյուսների հագած կոշիկները մաշված, քրրքրված են: Երեխաներին հագուստ հարեւաններն են տալիս, ասում են՝ կոշիկների հարցն է դժվար լուծել:
Նախորդ սեպտեմբերին Աստղիկը պետք է դպրոց գնար, սակայն շարունակական տեղափոխությունների, գրանցման խնդրի պատճառով չի գնացել:
«Նպաստ էլ չենք ստանում երեխաների համար: Փաստաթղթերը՝ ծննդականները, սոցքարտերը, Քյավառի խանութի աշխատողի մոտ են: 37 հազար պարտքի դիմաց վերցրել է, ասել է՝ երբ փողը տանենք, փաստաթղթերը կտա»,- ասում է 5 երեխաների մայրը:
Գումար չունենալու պատճառով երեխաներին նաեւ մանկապարտեզ չեն տանում: Գայանեն ասում է՝ եթե էրեխեքին նայող լիներ, ինքը կաշխատեր: Նախկինում, երբ աշխատում էր, Աստղիկն ու Վարդուհին էին խնամում փոքրերին:
Մի անգամ էլ Աստղիկը ճաշ պատրաստելիս տաք ձեթը թափել է ոտքին: Այսօր էլ այրվածքի հետքեր կան աղջկա ոտքին: Այդ դեպքից հետո, մոր խոսքով, այլեւս չի գնացել աշխատանքի:
Գայանեի ձայնը կրկին խզվում է: Ասում է՝ եթե դարակները բացի, տանն ուտելու բան չի գտնի, ոչինչ չունեն: «Ամուսինս ընկնում ա չոլերը, որ իրիկունը գա, հաց բերի: Էրեխեքը սպասում են մինչեւ իրիկուն, որ տեսնեն՝ հերը երբ ա գալիս տուն, որ հաց ուտեն»,- ասում է 27-ամյա կինը:
Մեր այցելության օրը երեխաները, մոր պատմելով, ոչինչ չէին կերել: Երբ երեխաներին հարցրեցի, թե ինչ խաղեր են խաղում, նրանք ժպտացին: 4-ամյա Սամվելին ասում եմ՝ ի՞նչ խաղալիքներ ունես, կբերե՞ս խաղանք:
«Պիտի խաղալիք ունենան, որ խաղան»,- ասում է Գայանեն:
Հ.Գ. Զրույցի ժամանակ թյուրընկալում է եղել. Գայանեի ընտանիքը բնակվում է Զովունիում, իսկ Մրգաշեն գյուղից նրա ամուսինն է (տեքստում փոփոխություն է արվել)։
Մեկնաբանություններ (25)
Մեկնաբանել