
Մահվան ելքով վթարի գործով տուժող ճանաչված Ռաֆայել Սարգսյանի փաստաբանն անդրադարձել է նրա հասցեին հնչած մեղադրանքներին
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի գործով ամբաստանյալ Սուրեն Ջեյրանյանն ու վերջինիս պաշտպան Արման Թամրազյանը «Հետքի» հետ զրույցում բարձրաձայնել էին Ջեյրանյանի նկատմամբ ենթադրյալ ապօրինությունների մասին: Ըստ պաշտպանական կողմի՝ գործի քննության ընթացքում թույլ են տրվել քրեադատավարական կոպիտ խախտումներ, և որպես հետևանք՝ Ջեյրանյանը մեղադրվում է մահվան ելքով ավտովթարի գործով այն դեպքում, երբ իրականում ոչ թե ինքն, այլ ընկերը` գործով տուժողի կարգավիճակ ունեցող Ռաֆայել Սարգսյանն է եղել մեքենայի ղեկին:
Սարգսյանի ներկայացուցիչ, փաստաբան Ինգա Օգանեզովան ևս իրենց կողմի դիրքորոշումն է հայտնել «Հետքի» «Ամբաստանյալը պնդում է, որ մահվան ելքով վթարի ժամանակ մեքենայի ղեկին ոչ թե ինքը, այլ ընկերն է եղել» հոդվածում Սուրեն Ջեյրանյանի և վերջինիս պաշտպանի բարձրացրած հարցերին:
«Սուրեն Ջեյրանյանը, գլխիվայր շուռ տալով գործի փաստական հանգամանքները և փորձելով հնարավորինս անմեղ երևալ, հանրությանը տրամադրել է տեղեկություն, որը տանում է դեպի մոլորություն: Հարգելով ՀՀ քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքը և առաջնորդվելով իմ պաշտպանյալի շահերով` պարտավորվում եմ հանրության դատին ներկայացնել գործի իրական հանգամանքները»,- ասաց Ինգա Օգանեզովան ու նշեց, որ վթարից անմիջապես հետո և մինչ օրս տարաբնույթ փորձեր են կատարվում Սուրեն Ջեյրանյանին ազատել սպասվող քրեական պատախանատվությունից։
Մասնավորապես, ըստ պաշտպանի` դեպքից անմիջապես հետո Սուրեն Ջեյրանյանի հայրը՝ Սամվել Ջեյրանյանը, փորձել է իր վրա վերցնել որդու մեղքը։
«Սամվել Ջեյրանյանի ցուցումով Սուրեն Ջեյրանյանը և Ռաֆայել Սարգսյանը դիմել են թիվ 2 բուժմիավորում, որտեղ թե՛ իրենց անձնական տվյալները, թե՛ իրենց բուժօգնություն ցույց տալու փաստը որևէ փաստաթղթային ձևակերպում չի ստացել։ Հատկանշական է այն, որ հիշյալ բուժմիավորման փոխտնօրեն է եղել Սուրեն Ջեյրանյանի մորաքույրը»,- ասաց Օգանեզովան` շեշտելով, որ այս բժշկական հիմնարկում գրանցվել է Սամվել Ջեյրանյանի այցը «գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ:
Ըստ Ինգա Օգանեզովայի` Սամվել Ջեյրանյանն այժմ հերքում է, որ ներկայացել է որպես վարորդ, բայց հիվանդանոցի բժիշկներից մեկը դատարանում տված ցուցմունքով հաստատել է, որ Սամվել Ջեյրանյանն անձամբ իրեն է ասել, որ վթարված մեքենայի վարորդը ինքն է եղել։
«Այսինքն, փորձ է կատարվել ներկայացնել այնպես, իբրև Սամվել Ջեյրանյանն է եղել վթարված մեքենայի մեջ։ Ակնհայտ է, որ Սամվել Ջեյրանյանը, տեղեկացված լինելով վթարի մանրամասների և հատկապես իր որդու վարորդ լինելու հանգամանքի մասին, ամեն կերպ փորձել է իր որդուն պատասխանատվությունից ազատել` նույնիսկ իր վրա մեղքը վերցնելու եղանակով, ինչը, բնականաբար, չէր անի, եթե մեքենայի ղեկին լիներ ոչ թե իր որդին, այլ Ռաֆայել Սարգսյանը»,- եզրակացնում է Ինգա Օգանեզովան:
Փաստաբանի համոզմամբ` Սուրեն Ջեյրանյանի մեղքը իրեն մեղսագրվող հանցանքում ամբողջովին ապացուցված է գործով ձեռք բերված հետևյալ ապացույցներով և փաստերով։
- Սուրեն Ջեյրանյանի խոստովանական ցուցմունքներով այն մասին, որ ինքն է եղել մեքենայի ղեկին. այս ցուցմունքը Ջեյրանյանը պնդել է շուրջ 4 ամիս։
- Դատագենետիկական փորձաքննությամբ այն մասին, որ վարորդի նստատեղին նստած անձի արյան հետքերը 99,9 % հավանականությամբ համընկել են Սուրեն Ջեյրանյանի ԴՆԹ-ին, իսկ ուղևորի նստատեղին առկա արյան հետքերը 99,9% հավանականությամբ համընկել են Ռաֆայել Սարգսյանի ԴՆԹ-ին։
- Դատահետքաբանական և դատաբժշկական համալիր փորձաքննության եզրակացությամբ, համաձայն որի՝ առջևի աջ դիմապակին ամբողջությամբ վնասված՝ կոտրված և աջ կողմում վերին եզրից անջատված ու թեքված է դեպի սրահի ուղղությամբ։ Սուրեն Ջեյրանյանի ճակատային աջ հատվածի վնասվածքը առաջացել է դեպի առաջ և աջ տեղաշարժվելուց մեքենայի կոտրված դիմապակու հետ փոխազդեցության արդյունքում, ինչը չէր կարող առաջանալ առջևի աջ նստատեղում գտնվելու պայմաններում։
- Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ այն մասին, որ Սուրեն Ջեյրանյանի աջ ձեռքի հատվածում հայտնաբերվել են միայն սալջարդ վերքեր և ճանկռվածքներ, այլ վնասվածքներ և/կամ ձեռքին դրված կարեր չեն հայտնաբերվել։
- Վթարից անմիջապես հետո կատարված տեսագրությամբ, որտեղ Սուրեն Ջեյրանյանը ներկայացնում է վթարը, և, փաստաբանի գնահատմամբ, հպարտությամբ մանրամասն նշում իր գործողությունները, մասնավորապես այն, թե ինչպես է մինչև վերջ պահել մեքենայի ղեկը, որպեսզի հանկարծ մեքենան շուռ չգա։
- Տուժողների ցուցմունքով այն մասին, որ Սուրեն Ջեյրանյանի հարազատները հանդիպել են իրենց և փորձել համոզել այնպես անել, որպեսզի Սուրեն Ջեյրանյանը պատասխանատվության չենթարկվի։
«Վերը նշվածից բացի՝ Սուրեն Ջեյրանյանի մեղավորությունը հաստատվել է օբյեկտիվ նախաքննությամբ ձեռք բերված այլ տվյալներով։ Իմ պաշտպանական պրակտիկայում դեռևս օրինական ուժ չստացած դատավճռի բացակայության պայմաններում ես զերծ եմ մնացել հայտարարություններ անելուց, որպեսզի այդ քայլը չխախտի որևէ անձի անմեղության կանխավարկածը և այն չդիտարկվի որպես դատարանի վրա ազդեցության փորձ։ Սակայն այս դեպքում ստիպված եմ բացառություն անել, քանի որ Սուրեն Ջեյրանյանը և նրա պաշտպանը «Հետքին» տրված հարցազրույցով, ըստ ինձ, անհիմն մեղադրելով Ռաֆայելի Սարգսյանին՝ փորձում են հանրությանը մոլորության մեջ գցել»,- խոսքը սահմանափակեց Ինգա Օգանեզովան:
Նշենք, որ Սուրեն Ջեյրանյանի գործով դատարանն արդեն հեռացել է խորհրդակցական սենյակ` դատավճիռ կայացնելու, որը կհրապարակվի մայիսի 13-ին:
Լուսանկարում՝ փաստաբան Ինգա Օգանեզովան
Մեկնաբանել