HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության որոշմամբ՝ կստեղծվի հասցեների միասնական ռեգիստր

Կառավարությունն այսօրվա նիստին հաստատեց հայեցակարգը, ըստ որի պետք է ստեղծվի հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգ։

Կադաստրի պետական կոմիտեի փոխանցմամբ՝ հանրապետությունում հասցեների ճշգրիտ և լիարժեք ռեեստր ստեղծելու համար անհրաժեշտ է ունենալ հավաստի, չկրկնվող և ամբողջական տեղեկատվություն Հայաստանի հասցեների վերաբերյալ:

Այդ նպատակով կադաստրի կոմիտեն առաջարկում է հստակեցնել և պարզեցնել բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական oբյեկտների անվանակոչման, անվանափոխման գրանցման և անշարժ գույքի համարակալման, հասցեավորման ընթացակարգերը՝ դրանք դարձնելով համակարգված և ինքնաշխատ: «Անհրաժեշտ է ապահովել անշարժ գույքի հասցեների վերաբերյալ տեղեկատվության միատեսակությունը պետական ​​մարմինների գործառույթների իրականացման գործում` բացառելով անշարժ գույքի տարբեր օբյեկտների նույնական հասցեների առկայությունը»,- ասվում է գործադիր բերված որոշման նախագծում։

Հասցեների ռեեստրում ներառված տեղեկատվությունն առցանց տարբերակով կթարմացվի և հասցեի անվանափոխման, համարակալման ցանկացած փոփոխություն անմիջապես կարտացոլվի համակարգում և հասանելի կլինի օգտվողների համար: Տեղական ինքնակառավարման մարմինները հնարավորություն կստանան մուտք գործել համակարգ և ներկայացնել անշարժ գույքի հասցեավորման կամ համարակալման հայտ, ռեեստրի տեղեկատվությունն ինքնաշխատ ձևով կարտացոլվի կադաստրային, ինչպես նաև առցանց տիրույթում առկա քարտեզներում (Google Maps, Yandex.Map և այլն)։

Ըստ կադաստրի կոմիտեի՝ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման մասին որոշումներն ընդունվում են, անշարժ գույքի հասցեավորումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, իսկ հասցեների գրանցումը, ռեեստրի վարումը՝  կադաստրի կոմիտեի կողմից: Գործառույթների՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև բաժանված լինելը, ոլորտում առաջացնում է տեղական ինքնակառավարման մարմինների (համայնքների) և պետական մարմնի միջև տվյալների փոխանակմանն առնչվող մի շարք խնդիրներ, ինչի արդյունքում հասցեների ռեեստրը պարունակում է որոշ դեպքերում սխալ և թերի տեղեկատվություն։ Մասնավորապես՝ բազմաթիվ համայնքներում անշարժ գույքի առաջին հասցեավորմանը հաջորդող ժամանակաշրջանում կատարված փոփոխությունները չեն ընդգրկվել հասցեների ռեեստրում և կադաստրային քարտեզներում, քանի որ նոր հասցեավորումներն ու համարակալումները սահմանված կարգով չեն ներկայացվել պետական գրանցման, չեն ներառվել հասցեների ռեեստրում։

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կառավարության նիստին հայտնեց իր մտահոգությունն այս հայեցակարգի վերաբերյալ։ Ասաց՝ մի շարք օրենքներում և խարտիաներում պետք է փոփոխություններ կատարվեն: Նա առաջարկեց՝ Կադաստրի կոմիտեի վերը նշված փոփոխությունները կարգավորել հավելվածի միջոցով։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ համալիր փոփոխություններ են կատարվում, և կառավարությունը չպետք է սահմանափակվի գոյություն ունեցող խարտիաներով՝ անհրաժեշտ հայեցակարգերը չընդունելով։ 

Այս նախագիծը Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն շրջանառության մեջ էր դրել դեռևս մարտի 7-ին՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter