HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղազախստանում բերման են ենթարկել երևակայական պաստառով լուսանկար հրապարակած ակտիվիստին

Ղազախստանում ակտիվիստ Ժանբոտա Ալժանովան լուսանկար է հրապարակել սոցցանցերում՝ ձեռքին երևակայական պաստառով: Մայիսի 9-ին Նուր-Սուլթանում իրավապահ մարմինները նրան ուժի կիրառմամբ բերման են ենթարկել և մի քանի ժամ հարցաքննել: Այս մասին հաղորդում է Дождь-ը:

Երևակայական պաստառով լուսանկարը Ալժանովան ու ևս մեկ ակտիվիստ հրապարակել էին մայիսի 6-ին՝ հետևյալ գրառմամբ. «Ի՞նչ եք կարծում՝ կձերբակալե՞ն: Կարծես թե պրովոկացիոն ոչինչ գրված չէ»: Ակտիվիստները լուսանկարը հրապարակել են այն բանից հետո, երբ Ուրալսկում մեկ այլ ակտիվիստի էին բերման ենթարկել, որը փողոց էր դուրս եկել դատարկ պաստառով:

Մայիսի 9-ին Ալժանովային բերման են ենթարկել քաղաքացիական հագուստով անձինք, որոնք վկայականներ ցույց չեն տվել, նրան ուժի կիրառմամբ նստեցրել են ավտոմեքենան և տեղափոխել են Նուր-Սուլթանի Բայկոնուրի շրջանի ներքին գործերի բաժին: Նրա հեռախոսը վերցրել են, իսկ հարցաքննության ժամանակ հարցրել են, թե ինչ ծրագրերից է օգտվում, ինչ քաղաքական հայացքներ ունի և արդյոք կապ ունի ծայրահեղականների հետ: Ալժանովային տեղեկացրել են, որ իրեն հարցաքննել են որպես վկա:

Երկու ժամ անց ակտիվիստին թույլատրել են կապվել փաստաբանի հետ: Ալժանովան հրաժարվել է բոլոր ցուցմունքներից: Նրա խոսքով՝ բերման ենթարկելու պահին ինքը կապտուկներ է ստացել:

Дождь-ի հաղորդմամբ՝ Ժանբոտա Ալժանովան օգնում է այլ ակտիվիստների, որոնց դատապարտում են բողոքի ակցիաների ժամանակ խախտումների համար, նրանց ծանրոցներ է տանում և ներկա լինում դատական նիստերին:

Ղազախստանում մայիսի 9-ին բազմաթիվ ակտիվիստներ են ձերբակալվել, որոնք տարբեր քաղաքներում «Անմահների գնդի» երթին զուգահեռ բողոքի ակցիաներ էին կազմակերպել: Ցուցարարները պահանջում էին անցկացնել արդար և թափանցիկ արտահերթ նախագահական ընտրություններ: Բողոքի ակցիաների մեկնարկելուց հետո Ղազախստանի իշխանությունները արգելափակեցին «Ֆեյսբուքը», «Ինստագրամը», «Տելեգրամը», «Յութուբը», ինչպես նաև մի շարք լրատվական կայքեր: 

Հիշեցնենք, որ մարտի 19-ին Ղազախստանը 1990 թվականից ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական տվեց: Երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար դարձավ խորհրդարանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որն էլ ապրիլի 9-ին հայտարարեց, որ Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ տեղի կունենան այս տարվա հունիսի 9-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter