HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Սերժ Մելիք-Հովսեփյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխվել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանն է։

Սերժ Մելիք-Հովսեփյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Նա միշտ փորձել է ուղղորդվել փիլիսոփայական մտքերով, այդպես վերաբերել կյանքի ընթացքին՝ միշտ փնտրելով դրա իմաստը, բայց չգտնելով՝ շարունակել է ապրել։

Պարսիկ պոետ Մոլավին ասում էր՝ ճշմարտությունը մի հայելի է, որն Աստված նետեց, որպեսզի մարդը բռնի, բայց հայելին ընկավ գետնին ու փշրվեց․․․ Մարդը վերցրեց հայելու կտորը՝ կարծելով, որ դա է ճշմարտությունը։ Նրա մոտեցումն էլ է այդպիսինինքն էլ է փնտրում ճշմարտությունը ոչ վերացական իմաստով։

․․․Բայց ճամփորդություն եղավգնաց Ղարաբաղ ու հարցադրում ունեցավ՝ ինչպես է մարդն այդտեղ ապրում առանց փիլիսոփայական մտքի տվայտանքի, ինչպես է ապրում մի կյանք, որն ինքը երբեւէ չէր կարող ապրել։ Այդ «ինչուների» պատասխանները գտավ առօրեական էներգիաների, ուրախության մեջ՝ հակառակ բոլոր դժվարություններին, որն ուներ արցախցին։ Նկատեց, որ հնարավոր է ապրել եւ հատուկ իմաստներ չփնտրել այդ ապրումի մեջ, գիտակցել, որ ձեռքինդ կոտրված հայելու մի մասն է ընդամենը, եւ այն ամբողջացնելու համար մյուսների հետ պիտի առնչվես, հարաբերվես, մոտեցնես կտորը կտորին։

Այդ ճամփորդությունից հետո կյանքին սկսեց ուրիշ կերպ նայել, չնեղվեց դժվարություններից, ավելի համեստ եղավ, մեծ սպասելիքներ այլեւս չունեցավ, սովորեց ապրել պահը, որովհետեւ վաղը հայտնի չէ՝ ինչ է լինելու։

Եվ այդ ձեւով հանգստության մեջ մտավ, եթե կուզես՝ ուրիշ տարածքում ապրելու ձեւն իմացավ․․․

Հետաքրքիր է՝ մարդ, ով ծնվել է Թեհրանում, կրթություն ստացել Բրիտանիայում, կյանքի մեծ մասն ապրել Փարիզում, առերեսվում է առօրեական մի էներգիայի, որից ամեն բան բեկվում է․․․ Մեծ փոփոխության մասին խոսեցիք, Սերժ։

Հա, գիտե՞ս՝ ինչ պատահեցսարերի վրա էինք (բարձրանում էինք նկարահանման), մի գյուղացի էր իջնում ձիով, հարցրեց՝ ուր ենք գնում, ինչ ենք անում, հետո ասաց՝ որս է արել, գործերն ավարտելուց հետո իջնենք իր տուն՝ միս ուտելու։ Մեզ չէր ճանաչում, չգիտեր՝ ով ենք, ինչ ենք։

Այդպես գիշերով Քարվաճառի գյուղերից մեկում հավաքվեցինք, որ ուտենք միսըմի բան, որ ամեն օր խանութից կգնես, բայց իրենց համար ուրիշ իմաստ ունեցող մի մտերմության ձեւի սահմանում էր փաստորեն։

Մտածում էի՝ ոնց են այս քանդված տանը տանիք դրել, ոնց են վարուցանք անում, ոնց են հաց առնում, որի համար չորս կիլոմետր պիտի անցնեն, ո՞նց են ապրում․․․ Պարտադրություն չկա, կյանքին ուրիշ ձեւ են նայում (կամ գուցե նայելու ձեւի մասին չեն էլ մտածում)։

Այդ ճամփորդությունից հետո իսկապես շատ բան փոխվեցավելի հանդուրժողական դարձա, կարող եմ ասել նաեւ, որ Հայաստանում մնալու պատճառներից մեկը եղավ։

Հա, զրույցից շեղվելու ցանկություն եղավմտածում եմ՝ սպառողի աշխարհում ինչ-որ մեկը փորձում է ինքը ստեղծող դառնալ՝ էլի սպառելով, իսկ այս պատմությունը՝ Քարվաճառի որս արած տղայի դրվագով, նուրբ մի ձեւով ուղղակի ծածկում է այդ մտորումը։

Շատ վաղուց՝ դեռ Թեհրանում, ռեժիսոր ընկերներիցս մեկը դիպլոմային ֆիլմն էր նկարում, եւ ես պիտի գլխավոր հերոսին մարմնավորեի, ով մտավորական էր, գյուղ պիտի վերադառնար, որ գտներ կյանքի իմաստը։ Այն ժամանակ ընկերոջս ասում էի՝ ոնց կարող ես նման բան մտածել, ինչպես կարող ես կյանքի իմաստը գյուղում փնտրել․․․ Հիմա փորձառություններս ուրիշ բան են ասում, հիմա արդեն գիտեմ, որ բնությանը մոտ լինելը փոխում է դժվարություններին նայելու դիտանկյունը։

Կարճ ասած՝ հայելիիդ համար էլ չես կռվում, չես ասում՝ սա է ճիշտը։ Կարեւորը դա է։ Այդպես մարդուն սիրում եմ ոչ աբստրակտ ձեւով, սիրում եմ այն վերաբերմունքի հաշվին, որն ինքը տածում է նախ իր, ապա կյանքի նկատմամբ։

Հիմա կասես՝ տարիքդ առել ես, ամբիցիաներ չունես, բայց ինձ համար ամբիցիան դատարկ բան է, շարժիչ ուժ լինել չի կարող․․․ Ուժեղ ցանկությունն է մղիչըդու անելիքդ արա, ինչ լինելու է, կլինի։

Հաճախ եմ երիտասարդ դերասաններից, ռեժիսորներից լսում «մեզ չեն գնահատում» արտահայտությունը․․․ Է՛, ո՞վ պիտի գնահատի, ի՞նչ պիտի անենհո դուք թռչուն չեք, որ կուտը շաղ տան, իջնեք, սնվեք․․․ Գնահատել բառը, երբ հոլովում ես, վերագրում ուրիշին, սպասում ուրիշից, արդեն ինքդ քեզ չես գնահատում։

Այնպես է ստացվել, որ երկու մեծ տեղափոխությունների կրող եքնախ Թեհրան- Փարիզ, ապա Փարիզ- Երեւան։ Թեհրանից Փարիզ մեկնելու պատմության մասին մի զրույցի ընթացքում (թատրոնի կուլիսներում) լսեցի, որ ձիով է տեղի ունեցել։

1983թ․-ին, երբ արդեն Իսլամական հեղափոխությունից անցել էր մոտ 4 տարի, Թեհրանից պիտի դուրս գայինք եւ օրինական ճանապարհով չէինք կարողթաքուն պիտի լիներ, անցնեինք մարզերով, հասնեինք Թուրքիա, Վան, այնուհետեւ Ստամբուլ, որտեղից էլ վերջապես Փարիզ։ Ահավոր փորձառություն էր։

Ինչքա՞ն ժամանակում անցաք տեղափոխության այս քարտեզը։

Մարզ անցնելը երկու օր տեւեց (քանի որ միայն գիշերով կարող էինք անցնել ճանապարհը, որպեսզի նկատելի չլինենք)։ Բոլոր մանրամասները հիմա չեմ կարող հիշել, բայց եղավ գիշեր, երբ սարի վրա մնացինք, այնինչ պիտի գյուղում գիշերեինք․․․ Չնայած ամառ էր, բայց սարի վերեւում շատ ցուրտ էր, իսկ մենք մի վերնաշապիկով՝ գրկներիս երկու ամսական երեխա․․․

Ձին հիշեցիր, ուրեմն ասեմ՝ 17 ժամ ձիու վրա մնալուց հետո հասանք մի գյուղ, որտեղից էլ անցանք Վան։ Վանում արդեն մնացինք երկու ամիս՝ ոչ որպես հայեր։ Երեք ամիս էլ մնացինք Ստամբուլում, որովհետեւ թղթաբանական խնդիրներ առաջացան։ Մի խոսքով այնպես պատահեց, որ որոշեցինք կեղծել ամեն ինչ, որպեսզի հասնենք Փարիզ․․․ Փարիզ հասնելու օրը, չգիտես՝ ինչու, Միտերանի սոցիալիստական կառավարությունը որոշել էր, որ փախստականների ընդունել չի կարող։

Ե՞վ․․․

Եվ հետ ուղարկեցին (դեպորտ արեցին) Թուրքիա․․․Դա այն ժամանակ էր, երբ ԱՍԱԼԱ-ն մի քանի ամիս առաջ պայթեցրել էր Օռլի օդանավակայանում գտնվող Թուրքիայի ավիաընկերության գրասենյակը։

Տեսնում ես՝ երկար-բարակ պատմություն է, այնքան խիտ ու հագեցած, որ նույնիսկ սկսեցի սցենար գրել այդ մասին։ Մի խոսքով 5 ամիս ձգված այս փորձառությունն ավարտվեց մեր՝ Փարիզում հայտնվելով։

Մինչ Փարիզում հայտնվելը Թեհրանում վավերագրական ֆիլմեր էիք նկարում․․․

Աշխատում էի Մշակույթի նախարարության Կինոյի բաժնի համար։ Այնտեղից ֆիլմեր էին պատվիրում, ես էլ մի քիչ առավելություններ ունեի եւ ընտրության հնարավորություն։ Այդպես զերծ էի մնում խիստ պրոպագանդիստական ֆիլմերիցնկարեցի 7 վավերագրական ֆիլմ, հետո հիմնական զբաղմունքս թատրոնում էր։

Գիտե՞ս՝ իրականում վավերագրական կինոն չեմ սիրում։

Ինչու՞։

Ես դրամատիկ գործողությունն եմ սիրում, վավերագրական ֆիլմում այդտեսակ դրաման, կարծում եմ, հնարավոր չէ ստանալ, այսինքն՝ գոնե թե ինձ վավերագրական կինոն՝ որպես արտահայտչամիջոց, երբեւէ չի գրավել։

Եթե շարունակեիք ֆիլմեր նկարել, կանցնեիք խաղարկայինին։

Այո, եւ հնարավորությունները կային, բայց հեղափոխությունը եւ շատ այլ բաներ փոխեցին ընթացքը։ Ամեն դեպքում թատերական խումբ ունեի, որ հայկական միջավայրում էր, բեմադրություններ էինք անում, թերթ էինք տպում, հետո Դաշնակցությունը մեզ վռնդեց իր տարածքից ․․․ Եվ կարծում եմ՝ իրավացիորեն, որովհետեւ ուրիշ բան էինք քարոզումկենտրոնական թեման ազգայինը չէր։ Հեղափոխությունից հետո՝ մոտ երկու տարի բացարձակ ազատություն էր, հետո ամեն ինչ փոխվեց։

Մինչ հեղափոխությունների մասին կխոսենք, մեկ անգամ էլ անդրադառնանք Փարիզին, որտեղ կյանքի մի մեծ շրջան եք ապրել։ Փարիզում ինչ-որ մեկը սպասու՞մ էր Ձեզ։

Փարիզն ընտրելու այլ պատճառներ ունեինախ Լոնդոնում կրթությունս ստանալուց հետո մեկ տարի մնացի Փարիզում, որպեսզի լեզուն սովորեմ։ Փարիզն ինձ համար միշտ հետաքրքիր գրավչություն է ունեցել։ Այսինքն ինչ-որ իմաստով գիտեի՝ ուր ենք գնում, բայց սպասող բարեկամ, հարազատ չկար, աշխատանքի առաջարկ չունեի, կային գաղափարական ընկերներ։

Ինչի՞ց սկսվեց Փարիզի ապրումը։

Շինարարությունից․․․

Իսկապե՞ս։

Փոքր երեխա ունեինք, որին կերակրել եւ խնամել էր պետք․․․ Երկու տարի զբաղվեցի շինարարությամբ, ներկարարությամբ, որից հետո աշխատանքի դիմեցի կրկնօրինակման մի ընկերությունումքանի որ ունեի մոնտաժելու հմտություն եւ փորձ, ինձ աշխատանքի վերցրին, հետո դարձա գլխավոր մոնտաժողը, հետո ընկերությունը սնանկացավ․․․ Այդ ընթացքում հաջողեցրի երկու կարճամետրաժ ֆիլմ նկարել՝ մեկը պետական ֆինանսավորմամբ, մյուսը՝ ընկերների օգնությամբ։

Քննություն էի անցել, որ տաքսի վարեմ Փարիզում, երբ մի օր պարսակահայ վաղեմի ռեժիսոր ընկերս, ով Փիթեր Բրուքի հետ աշխատելու առիթ էր ունեցել, ասաց, որ Բրուքը ասիստենտ է փնտրում։ Այդպես էլ հայտնվեցի Բրուքի թատերախմբում, որտեղ աշխատեցի ութ ամիս։

Ինչ բազմազան ընթացք է, իրար հաջորդող արագ կադրերի պես։

Հա, որովհետեւ Եվրոպայում առանց աշխատելու չես կարող ապրել։ Չգիտեմ՝ միշտ տպավորություն ունեմ, թե այստեղ կարծում են՝ Եվրոպայում կարելի է «պետության հաշվին» ապրել, բայց դա ուրիշ ծայրահեղություն է։ Ինչեւէ․․․ Ես ու կինս բոլոր այս փորձություններից ու փորձերից հետո լուսանկարչական խանութ բացեցինք, որտեղ աշխատում էինք օրական 12 ժամ եւ ավելի։

Հայաստան գալն ինչպե՞ս պատահեց։

Միանգամից ասեմ, որ հայրենադարձի մղում չէր, հայրենասիրական քայլ չէր․․․ Մի պահ եղավ, որ դեպրեսիայի նման մի բան զգացի, հոգնածություն (չգիտեմ՝ ոնց անվանեմ)․․․ Կինս առաջարկեց Հայաստան մեկնել, այդպիսի մի ճամփորդություն նախաձեռնել։

Մինչ այդ Հայաստանում չէիք եղել, չէ՞։

Երբեք չէի եղել, կինս՝ մեկ անգամ։ 2000 թվականն էր, երբ առաջին անգամ եկա Հայաստան։ Այդ ժամանակ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ կար, հիմնադիրը Արմեն Հախնազարյանն էր։ Իրենց տպագրած առաջին գիրքը, որ վերաբերում էր Արցախի հուշակոթողներին, ձեռքս ընկավ ու շատ հետաքրքրեց։ Գիրքն ուսումնասիրելուց հետո Արմենին հարցրեցի՝ ֆիլմ նկարելու փորձ արվել է, պատասխանեց, որ Անահիտ Աբադն է փորձել նկարել, բայց կիսատ է մնացել։ Այդպես պայմանավորվեցինք, որ ֆիլմը ես կնկարեմ, եւ 2001 թվականին արդեն Սամվել Կարապետյանի հետ 20 օրով մեկնեցինք Ղարաբաղ։

Ֆիլմը մոնտաժում էի Փարիզում եւ այնտեղ էլ հասկացա, որ այն չի, ինչ ուզում եմ, որովհետեւ մարդը բացակայում էր կադրից։ Զանգեցի Արմենին ու ասացի, որ նորից եմ գալիս, նկարելու էլի բան կա․․․ Արմենն ընդունեց նաեւ երկրորդ անգամ՝ արդեն 2002-ին։

Ասացիք, որ հայրենասիրական որեւէ մղումով չեկաք Հայաստան․․․ Գալուց հետո ինչ-որ բան փոխվե՞ց։

Բան չփոխվեց։ Ես 2003-ին կոնկրետ արտահայտություն արեցի, ասացի, որ սա իմ երկիրը չէ, որ այլեւս չեմ վերադառնա։ «Իմ երկիրը չէ» արտահայտությունն արեցի ոչ թե այն իմաստով, որ ես հայ չեմ, Հայաստանը չեմ արժեւորում, այլ պարզ մի իմաստով, որ այստեղ ինձ չեմ գտնում, չեմ զգում ինքս ինձ այս տարածքում։

Գիտե՞ս՝ մեր ընտանիքում ազգայինի մասին չեն խոսել, այդ իմաստով իմ դաստիարակությունն էլ տարբեր է եղելինքս որեւէ հայկական կազմակերպության չեմ հարել, որեւէ հայկական կուսակցության անդամ չեմ եղել, դրա փոխարեն կարելի է ֆիքսել, որ ծնվել եմ Պարսկաստանում, եղել Անգլիայում եւ Ֆրանսիայում․․․ Այսինքն ես տարբեր ինքնությունների խառնուրդ եմ, որոնցից որեւէ մեկը չի կարող գերակշռել մյուսին, եւ, անկեղծ ասած, ուրախ եմ դրա համար։

Բայց, երբ ասում եմ՝ «երկիրն իմ չէ», դրա տակ պիտի նկատի առնենք այն սովորությունները, մտածելակերպը, որոնք ձեւավորվել են այդ փորձառություններից եւ ինձ հարազատ են, որոնք չեն համընկնում այն տարածքի մշակույթին, որտեղ կարող եմ անել այդ արտահայտությունը․․․ Հիմա, եթե դու ինձ հարցնես՝ ինչպես կբնութագրեք հային, ազնիվ խոսք, պատասխան տալ չեմ կարող․․․ Չեմ կարող հուզվել մի բանից, ինչից հայն անմիջապես հուզվում է։

Դադար

Հայաստանում առաջին թատրոնը Դրամատիկականն էր, որ պիտի գնայի։ Չեմ հիշում՝ ինչ իրադարձություն էր, բայց մուտքի մոտ լրագրողներ կային, եւ նրանցից մեկը մոտեցավ ինձ, հարցրեց, թե ինչ եմ մտածում «հայ թատրոնի» մասին, ու ես ապշեցի (ուրիշ բան, եթե հարցներ՝ ինչ եմ մտածում Հայաստանում եղած թատրոնի մասին)… «Չգիտեմ՝ ինչ է հայ թատրոնը», պատասխանեցի։ Լրագրողը մի պահ դադար տվեց ու ավելացրեց «Ահ, Դուք հայրենադարձ եք, դրանից է․․․ Հայրենի՞ք եք վերադարձել»։ Պատասխանեցի, որ դա էլ չգիտեմ․․․ Խեղճ աղջիկ, տեսնես՝ ինչ էր մտածում իմ մասին մտածում էր արդյոք, որ ազնիվ էի խոսում։

Հայրենիքի գաղափարը, աուրան, որի մեջ մտնում ես, պիտի մեջդ մի բան արթնացնի, չէ՞։ Այսօր ես շատ բան կպաշտպանեմ, լավը տեսնեմ, գեղեցիկը տեսնեմ, կասեմ՝ այդպես է, լավն է, գեղեցիկ է, բայց էլի չեմ կարող վատին, տգեղին ասել հակառակը միայն նրա համար, որ պիտի պաշտպանեմ հայկականը, հային։

Այդ դեպքում Ձեր եւ Հայաստանի հարաբերությունները ինչպե՞ս կձեւակերպեք։

Հարաբերությունները ձեւավորվել են մարդկանց հետ։

Այսինքն Հայաստանի հետ հարաբերությունը նախ մարդկա՞նց հետ հարաբերությունն է։

Անպայման։

Տես՝ 2003-ին ծանոթացա Սերգեյ Դանիելյանի հետ, իր միջոցով էլ մի քանի այլ մարդկանց հետ։ Նախքան այդ ասել էի՝ գնում եմ ու չեմ վերադառնա, որովհետեւ մինչ այդ ծանոթությունների վատ փորձառություն էի ունեցել, հիասթափված էի տեղի երիտասարդությունից, եւ այլն, եւ այլն․․․ 2004-ին էլ համագործակցել եմ Համահայկական հիմնադրամի հետ՝ որպես Թելեթոնի գեղարվեստական խորհրդատու, որը, «շնորհիվ» պատասխանատուների, եւս տհաճ փորձառություն եղավ ինձ համար։

Նորից պիտի ասեմ, որ ես ազգային դաստիարակություն չունեմ, հայկական դպրոց հաճախել եմ մինչեւ վեցերորդ դասարանը, պարսիկ եւ թուրք ընկերներս ավելի շատ էին, քան հայ ընկերները, բայց ենթագիտակցությանս մի անկյունում պահված լեզուն արեց իր անելիքը։

Ի՞նչ իմաստով։

Լեզվի շնորհիվ Հայաստանում մշակութային անմիջականությունը զգացի, մեծ խոչընդոտներ չեղան։ Ենթագիտակցությանս մեջ մնացած լեզվի մոտեցումն ու տիրապետումը Հայաստանում հաղթահարելի դարձրին դժվարությունը, որն անգամ Փարիզում չհաղթահարեցի:

Նորից եմ ասում՝ այստեղ շատ բաներ ինձ համար խորթ էին, կային այլ խնդիրներ, որոնք անմիջական կապ ունեն մշակույթի հետերբ անձնագրայինում հրամայական տոնով ասում էին՝ «մոտեցե՛ք» կամ «ի՞նչ ա պետք», զարմանում էի, որովհետեւ ե՛ւ Պարսկաստանում, ե՛ւ Ֆրանսիայում սովորել էի էթիկետին, սովորել էի «ինչո՞վ կարող ենք օգնել» արտահայտությանը։

Հասկանու՞մ ես չէ ինչ եմ ասումմշակութային տարբերությունների մասին եմ խոսում, որոնց այստեղ առերեսվեցի։ Յուրաքանչյուր այդ տարբերությունից, յուրաքանչյուր այդ մոտեցումից օտարանում էի, չէի ուզում դատել կամ համեմատել, ուղղակի զգում էի օտարացումս, հարցադրումներ էին առաջ գալիս, թե ինչպես կարող եմ դա «տանել» կամ «չտանել»․․․

Հետո ծանոթությունները շատ բան փոխեցին, հասկացա, որ կա, այս է, չկա, այս է։ Կամ մնում ես եւ անում սիրելի գործդ, կամ գնում ես եւ մոռանում անելիքներիդ մասին։

Պարզ է, բայց հակասությունն ակնհայտ է ուզում եմ հիմա ամեն լսած բան կապել իրար։ Պատկերն այսպես է երեւումՓարիզում մի շրջան ավարտվել էր, եւ պետք էր տեղ, որտեղ փորձառությունը պիտի դրսեւորվեր, գործողությունն այլ բնույթ ստանար։ Այդպե՞ս է։

Ազնվորեն ասացի այն, ինչ զգացել եմ։

Շարունակում եմ նույն ազնվությամբ ասել, որ Փարիզում ինձ նման փորձառություն ունեցող մարդիկ հազարներով կան։ Այն ժամանակ, երբ ես Հայաստան եկա, տեսնում էի՝ այդ փորձառության պակասը, տեսնում էի, որ այստեղ դաշտն ազատ է, կարելի է փոխանցել գիտելիքը, կիսվել ունեցածով։ Մեծամտաբար թող չհնչի, բայց ոչ այն ժամանակ, ոչ էլ թերեւս հիմա Հայաստանում չեմ ճանաչում մեկին (հուսամ` սխալվում եմ), ով ծանոթ լինի միջազգային դրամատուրգիային։ Կան առանձին դեմքեր, ովքեր գիտեն մի քանի անուններ եւ կարդացել են նրանց, բայց ժամանակակից դրամատուրգների գործերին շատ քիչ են ծանոթ։

Հենց սա էր, որ ֆիքսեցի ինձ համար որպես հետաքրքրություն, սկսեցի անհատական հետազոտություն անել, թարգմանել ժամանակակից դրամատուրգների պիեսները հայերեն։ Մինչ օրս մոտ քսան պիես եմ թարգմանել, որոնցից տասը հասցրել եմ բեմադրել։ Սա ինձ բավարարում է՝ անկախ տեղից… Չնայած ինչ-որ իմաստով գուցե տեղն էլ իր ազդեցությունն ու նշանակությունը ունի, որովհետեւ միեւնույն ժամանակ հնարավորություն ունեի Պարսկաստանում բեմադրություն անել ամեն ինչ պատրաստ էր, բայց շատ շուտ հասկացա, որ դա իմ ուժերից վեր է, որովհետեւ նախ, 30-40 տարի հեռու լինելով կոնտեքստից՝ չգիտեի՝ ինչ է կատարվել, ինչ է փոխվել․․․ Հետո նաեւ տեսա, որ հարեւան երկրում՝ Պարսկաստանում, թատրոնը շատ առաջ է, շատ լավն է, ներկայացումները մեկը մեկից հրաշալի են։ Կարճ ասած՝ Պարսկաստանում անելիք չունեի, որոշեցի հենց Հայաստանում աշխատել։

Դադար

Տես` մեր թատերախումբը՝ «Ագորան» արդեն ունի իր հանդիսատեսը, դերասանները անվճար էին աշխատում, ուզում էին աշխատանքի հաճույքն ու բերկրանքը զգալ։ Ինձ համար կարեւոր էր նաեւ այդ պահը։

Եղա օգտակար, թե ոչ, հետո կպարզվի, բայց ազնիվ լինելով պիտի ասեմ, որ նախ ինձ հաճույք պատճառելու համար նախաձեռնեցի այս ամենը, որն ամենեւին էլ կապ չունի եսասիրության հետ․․․ Կան չէ՞ մարդիկ, որ ասում են՝ «կյանքս տվեցի թատրոնին», ես ասում եմ՝ ապրում եմ թատրոնով սրանք երկու տարբեր բաներ են։ Եվ այդ ապրումի պահն ինձ հաճելի է։

Թատրոնը դառնում է ապրելու միջոց։

Այո, միջոց՝ գործիական իմաստով, ոչ թե համբավի, ֆինանսի, մեծ հարգանքի, մրցանակների․․․

Եթե ինքնության հարցը չենք դիտարկում, երկիրն էլ չենք սահմանում որպես հայրենիք, այդ դեպքում առհասարակ տեղի հարց չի՞ առաջանում։

Երեւի լեզուն է ապահովում այդ տեղը․․․ Սկզբում ասում էի «դուք» եւ «մենք»՝ նկատի ունենալով տեղացիներին եւ սփյուռքի հայերիս։ Հիմա արդեն ասում եմ՝ «մեզ մոտ այսպես է, այնպես է»։ Ստացվում է՝ ընդունել եմ սա, ապրում եմ այստեղ Ֆրանսիայում չկարողացա, Ֆրանսիայից էլ օտարացա։

Այսպես ասում եմ ու մտածում՝ ներքին օտարության հարցը լուրջ էայն կապ չունի տեղի, երկրի, հայրենիքի հետ։ Ամեն տեղ կարող ես զգալ օտարացումը, կարող ես վատ զգալ որպես արվեստագետ, որպես մարդ։ Այդպես ինձ կարող է ցավ պատճառել Դրամատիկական թատրոնի վերջին ներկայացումը, որից ուղղակի ապշում եմ, վատ եմ զգում, զարմանում, թե ինչպես կարելի է այդքան տարի հետո էլ այդ ճաշակն ունենալ, այդ ընտրության վրա կանգ առնել, այդտեսակ խոսք հղել հանդիսատեսին։

Սա թերեւս ամեն տեղ պատահող բան է, բայց այստեղ արդեն պայմանավորվում է ցավի զգացումով։

Դադար

Տես՝ երբ մենք արդեն ծնվում ենք «արտաքսման, աքսորի» մեջ ենք՝ մոր փորից դուրս գալու պահից սկսած․․․ Հետո էլի ու էլի։ Այս փորձառությունը շատ բաներ է ձեւավորում, շատ բաների առաջ է կանգնեցնում, գուցե գտնում ես մի տեղ, որը հարազատ է թվում, «մորդ փորի» նման է, բայց դա չի պայմանավորվում հայրենիքով, ազգով։

Կիսվեմ քեզ հետ «օտարացմանս» վերջին փորձով։

Համազգային թատրոնում մեծ նվիրումով վերջին ներկայացումն արեցի՝ «Մինուս երկուսը», երեւի տեղյակ ես։ Հետո տեսնում եմ, թե ինչպես են դերասանները մի հաղորդման ընթացքում խոսում ներկայացման, իրենց մասին, ու ոչ մի բառ չի հնչում ռեժիսորի վերաբերյալ։

Առաջին հերթին վերագրում եմ մոռացությանը, հետո ասում եմ՝ չէ, տգիտություն է, անմարդկային․․․ Հասկանու՞մ ես չէ հարցը առավոտյան այդ ծրագիրը չէր, հարցը անունս հնչեցնելը չէր, այլ այն, որ այդ մարդկանց հետ նվիրումով աշխատում ես երեք ամիս, իսկ իրենք այդքան հեշտ մոռանում են գործը, պիեսը, որ թարգմանեցիր, որ տվեցիր, որ աշխատեցիր, որ իրենց հետ անցար այդ ճանապարհը․․․

Չգիտեմ՝ գուցե շատերի համար սա սովորական պահվածք է, կարելի է հեշտ ու թեթեւ անցնել, բայց ինձ համար օտարացման եւս մեկ փորձառություն էրտեսնում եմ, թե ինչպես կարելի է սեփական գիտակցության հանդեպ պատասխանատվություն չունենալ․․․ Վիրավորվում եմ, հա․․․ Դրանից հետո դժվարանում եմ մտնել Համազգային թատրոն։

Նմանօրինակ օտարացումները ո՛չ երկիրը, ո՛չ ազգը, ո՛չ ազգայինը փարատել չեն կարող։ Այդպես կարող ես հայրենիքում լինել եւ միաժամանակ «արտաքսման» մեջ։

Գանգատվելու պես եղավ ոնց որ թե, բայց ուզում էի պարզ լինի «օտարվելու» մասին մեջբերումս։

Ձեր նախընտրած եւ թարգմանած պիեսներից ինչ-որ իմաստով պարզ է դառնում, որ կարեւորվում եք նախ պատմությունը, գործողությունը, ոչ թե տեղը, ազգայինը․․․

Ափսոս մեր դրամատուրգիան նմանատիպ օրինակներ չունի։ Մերոնք սահմանափակվում են դաստիարակելու, դաս տալու գաղափարական մոտեցումներով։

Իսկ հանդիսատե՞սը։

Հանդիսատեսին սպառողի տեղ են դնում, հետեւաբար մեր թատրոններն էլ մեծամասամբ սուպերմարկետների պես փաթեթավորում են ներկայացումը, որպեսզի վաճառվի․․․ Կամ ամենալավ դեպքում՝ իրենց արժեքներով են «կերակրում» հանդիսատեսին։

Ինձ համար թատրոնն ուրիշ տեղ էհանդիսատեսը ներկայացումից հետո պիտի դուրս գա ոչ թե պատասխաններով, այլ ինքն իրեն ու ուրիշներին հարցեր տալով․․․ Թեպետ ինքս էլ ժամանակին Բրեխտ եմ բեմադրել հստակ ասելիք, կամ, ինչպես մեզ մոտ են սիրում ասել, պատգամներ է հնչել բեմից, բայց հիմա համոզմունք ունեմ, որ հանդիսատեսին ուղիղ իմաստով «դաստիարակել» չի կարելի․․․

Կուլմինացիա, գիծ, զարգացումներայս ի՞նչ բառեր են, չեմ հասկանում, ինչու՞ պիտի ծամծմված, քլիշե դարձած բարոյականությունը դոմինանտ դառնա, դրանով առաջնորդվելու միտումը ո՞րն է․․․

Թարգմանել եմ Ֆլորիան Զելլերի «Ճշմարտություն» պիեսը, որը բեմադրվել է Համազգային թատրոնում։ Այդ պիեսը ծայրից ծայր հարցադրումներով է պայմանավորված։ Ի՞նչ եմ տեսնումբեմադրողը փոխել է վերջը, բարոյական լուծում է տվել, աղավաղել է հեղինակի մտահղացումը։ Ո՞նց կարելի է այդպես, ո՞նց կարելի է քո պատկերացրած «բարոյականությունը» պարտադրել ուրիշին։

Սերժ, զրույցից այսպիսի մի եզրակացության արեցի, որ համակարգ եք մերժում, որը կարող է խախտել այն կոտրված հայելիներ ճշմարտության պահը։ Այսինքն չկա հաստատված մի բան, որի մեջ կարող եք մնալ, հարմարվել, ընդունել համակարգը որպես այդպիսին։

Հարցիդ պատասխանը կարող է լինել այն, որ որեւէ թատրոնում չեմ աշխատել։ Համակարգն ունի իր ձեւերն ու պահանջները։ Ես ընտրել եմ իմ ազատությունը, ուրեմն չեմ կարող դառնալ այդ ձեւերի եւ հաստատված պահանջների կրողը։

Բայց դա ընդդիմանալու փորձ չի, չէ՞։

Իսկ ինչու՞ ոչընդդիմանալ է գուցե, բայց դրական իմաստով։

Տես՝ ես համոզված չեմ, որ, եթե համակարգի մաս դարձա, կարող եմ ներսում փոփոխություն մտցնել։ Այդ է եղել պատճառը, որ հրաժարվել եմ նաեւ Թատերական ինստիտուտում դասավանդելուց։

Էներգիա ես վատնում, փորձում ես համակարգային փոփոխության առաջարկներ անել, տեսնում ես անհավանականությունը եւ միաժամանակ սպառվում ես։

Թատերախումբը ստեղծել եմ այս ամենին ի պատասխան․ որտեղ ուզում ենք, խաղում ենք, ինչպես ուզում ենք, իրագործում ենք միտքը, որեւէ մեկը չի պարտադրում այս բաժակի փոխարեն մյուսն ընտրել, այս կամ այն աթոռը որեւէ մեկը ավելորդ չի համարում։ Ի վերջո հարցեր, որոնք բովանդակային նշանակություն չունեն, բայց կարող են հանել հավասարակշռությունից։

Համակարգն անընդհատ «պատասխան» է ուզում մեծամասամբ այդ պատասխաններն ուղղակի ժամանակի կորուստներ են։

Անցյալ տարվա իրադարձությունների մասին ի՞նչ կասեք։ Հեղափոխություն անվանու՞մ եք կատարվածը։

Սա երկրորդ հեղափոխությունն է, որ ապրում եմ առաջինը Պարսկաստանինն էր։

Բառային սահմանումը թողնենք մասնագետներիննրանք ավելի ճիշտ կորակեն՝ հեղափոխություն էր եղածը, հեղաշրջում, թե իշխանափոխություն, բայց այն, ինչ տեղի ունեցավ, իմ կարծիքով, ժամանակակից Հայաստանում ամենակարեւոր բանն էր։

Հեղափոխությունից մեկ ամիս առաջ հետաքրքիր մի բան եղավՆունե Հախվերդյանն ինձ հետ հարցազրույց արեց մեդիայի դերի եւ այլ հարցերի շուրջես այնքան հուսահատական արտահայտություններ էի արել, որ, երբ շարժումը սկսվեց, զանգեցի Նունեին, ասացի «Նունե ջան, ես սխալվել եմ, այդ ձայնագրությունն այլեւս ոչինչ չի նշանակում»։

Կարեւոր էր այն հսկայական փոփոխությունը, որ եղավ, որ ամրագրեցինք․․․ Տեսնենք՝ ուր է գնում։ Իմ կարծիքով Նիկոլի ներկայությունն էլ, հայտնվելն էլ էր կարեւոր․․․ Եթե մենք սկսեցինք պաշտել այդ ներկայությունը, կհաստատենք, որ «իշխանությունը իշխանություն է սիրում», բայց սա արդեն լրիվ ուրիշ պատմություն ու հոգեբանություն է․․․ Հուսամ՝ երիտասարդությունը չի թողնի, որ նույնը պատահի։ Կարծում եմ՝ արդեն անհնարին է այդ նույնությունը։

Կարճ ասած՝ ապագայի դրական միտում ունեմ՝ չնայած որ ունքերս զարմանքից բարձրացնելու առիթներ դեռ լինում են։

Դադար

Գիտե՞ս, Անուշ, մենք ժողովրդավարական խաղի կանոնները չգիտենք։ Ես Ֆրանսիայում 40 տարի ապրել եմ, երբեմն քվեարկել եմ, հինգ տարով մանդատ եմ տվել այս կամ այն քաղաքական կուսակցությանը, բայց սրան հաջորդել է բնականոն ընթացքը մեկ տարի հետո գոհ չենք եղել, բողոքել ենք։ Այսինքն մեր կենդանի լինելը որպես քաղաքացիական միավոր ցույց ենք տվել, չենք ասել՝ «ի՞նչ է փոխվելու, որ․․․»։ Ինքդ ես տեսնում Ֆրանսիայի ներկայիս զարգացումները։

Բայց Հայաստանում իրավիճակն այլ էես թատրոնում տեսնում եմ դերասանների վերաբերմունքը, անտարբերությունը, բողոքն եմ լսում, որը կառուցողական չէ, հենց այնպես մտքեր են օդի մեջ։ Կա՞ քննադատություն, ուրեմն ձեւավորիր պահանջդ, դուրս արի, ժողովրդավարական խաղի մեջ մտիր, որ փոփոխություն լինի․․․ Ի վերջո մի գիշերվա ընթացքում մեծ փոփոխություններ ակնկալելն առնվազն միամտություն է։

«Ագորա» թատերախմբի անվանումը Հայաստանում ժողովատեղի, հրապարակ, մտքի կենտրոնացման տեղի հետ կապ ունե՞ր։

Ավելի շատ թատրոնի ակունքներին վերադառնալու, անմիջականության խնդիրներ կային։ Ինքս թատերական միջավայրից դուրս ներկայացումներ անել սիրում եմ, գիտես։ Իհարկե դա էլ սիստեմատիկ բնույթ չունի, որովհետեւ կա ներկայացում, որը թատերական տարածություն է պահանջում, ինչպես «Մայր» ներկայացման դեպքում էր․․․ դրան հակառակ «Սերը բավական չէ՞» ներկայացումը, որ տեղի ունեցավ ՆՓԱԿ-ում, ենթադրում էր տարածքների փոփոխություն, որովհետեւ բեմադրությունը բաղկացած էր 12 տարբեր նովելներից։

«Ագորա» անվանումը այս իմաստով կարելի է դիտարկել այսպես՝ տարածք, որը կարող է դառնալ գործողության տեղ։

Ժոյել Պոմռայի «Երկու Կորեաների վերամիացում» պիեսի հիման վրա բեմադրած «Սերը բավական չէ՞» ներկայացման հարցադրումը Ձեզ ուղղեմ, եւ ամփոփենք զրույցըսերը բավական չէ՞․․․

Տեսարանը հիշու՞մ եսամուսինը քնած է, արթնանում է, տեսնում է կինը ճամպրուկներով նստած է, հարցնում է՝ քունը չի տանում, կինը պատասխանում է, որ չէ, գնում է, բաժանվում են։ Ինչու՞ են բաժանվում․․․ «Քեզ շատ եմ սիրում, բայց սերը բավական չէ»,- պատասխանում է կինը։

Ապրումն իր հետ բազմաթիվ հարցեր ու հարցադրումներ է բերում, այնքան շատ, որ սերը, որը կա, այլեւս բավական չէ միասին մնալու համար։ Ընդդիմացողներին ասում եմ՝ ինքներդ գտեք հարցի պատասխանըարդյո՞ք սերը բավական է ապրումի համար․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter