
Լարված իրավիճակ դատարանում. Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ քննվում է նրա խափանման միջոցի հարցը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում այսօր խստացված հսկողություն է: Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Գրիգորյանի, քննում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը: Առաջին անգամ նիստը դռնբաց է անցկացվում: ԱԱԾ մեկուսարանից դատարան է բերվել նաև Ռոբերտ Քոչարյանը: Դահլիճում ներկաներից շատերը ծափահարություններով դիմավորեցին նրան:
Դատարանում հավաքվածների մի մասը պահանջում է ազատ արձակել Քոչարյանին, մյուս մասը՝ հակառակը, պահանջում են նրան թողնել կալանքի տակ:
Դատական նիստերի դահլիճում է նաև երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը:
Նիստի մեկնարկից կես ժամ առաջ արդեն նիստերի դահլիճում տեղ չկար. շատ քաղաքացիներ այս պահին դատարանի դիմաց են:
Նշենք, որ նիստի մեկնարկից անմիջապես հետո պարզ դարձավ, որ ապակեպատ դահլիճից այն կողմ գտնվող քաղաքացիների համար ձայնը լավ լսելի չէ, ուստի մի քանի րոպեից նիստն ընդմիջվեց՝ տեխնիկական խնդիրը լուծելու համար:
Մեկնաբանել