HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Օդի մեջ» խոստացած կոյուղագծերը․ մարդիկ չգիտեն՝ ում դիմեն

Էրեբունի վարչական շրջանի Մուշական թաղամասում զայրույթ է առաջացրել կառավարության այն որոշումը, որով 124 միլիոն դրամ հատկացվեց Քաղաքացու օրը նշելու համար։ Բնակիչներն ասում են՝ իրենք էլ են քաղաքացի, բայց տարիներով պայքարում են ու չեն կարողանում «մարդավարի» ապրել, որովհետև իրենց ասում են՝ բյուջեում գումար չկա։

Թաղամասը գրեթե ճահճի մեջ է։ Տների տակ ջուր է լցվում ու թուլացնում հիմքերը։ Բնակիչների աչքի առաջ իրենց տները «նստում են», նրանք չեն հասկանում՝ որտեղից է այդքան ջուր կուտակվում, բայց գիտեն, որ եթե լիներ ջրահեռացման համակարգ, իրենք «կփրկվեին»։

«Հետք»-ն ամիսներ շարունակ փորձում է պարզել, թե ով պետք է ջրահեռացման համակարգ, կոյուղագծեր անցկացնի Երևանի այն թաղամասերում, որտեղ դրանք չկան, արդյո՞ք ֆինանսական միջոցներ նախատեսվել են, կա՞ն արդյոք մշակված ծրագրեր՝ այս տարվա համար կամ ապագայի։

Սկսեցինք զբաղվել այս թեմայով, երբ տարեսկզբին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հաստատեց քաղաքի զարգացման հնգամյա պլանը, որում լավատեսական, բայց և հավակնոտ կետ կար. «Նախատեսվում է իրականացնել առանց կոյուղատար համակարգի թաղամասերում դրանց կառուցումը»։

Առայժմ հստակ է միայն, որ պատասխանատու կառույցները չեն պատրաստվում ֆինանսական հատկացում անել 2019թ.-ին, իսկ առաջիկա տարիների համար որևէ ներդրումային ծրագիր չեն մշակել։

Բնակիչները համաձայն են նույնիսկ «ապառիկով» ունենալ ջրահեռացման համակարգ

Երևանում բազմաթիվ են այն փողոցներն ու թաղամասերը, որոնցում բացակայում է ջրահեռացման համակարգը։ Բնակիչներն այստեղ մեծ հոգս ունեն՝ ինչ-որ ձևով բնակավայրից հեռացնել կոյուղաջրերը։ Ամռանը այս թաղամասեր դժվար է մտնել տհաճ հոտի ու հակասանիտարական վիճակի պատճառով. կոյուղաջրերը երբեմն հոսում են փողոցով, եթե դրանց համար փորված հորերը խցանվում կամ լցվում են։ Իսկ հորեր փորելու կամ հորը մաքրելու համար այստեղ ապրողները պարբերաբար գումարներ են ծախսում։

Էրեբունու Մուշական թաղամասում կոյուղաջրերին գումարվել է նաև «անհայտ ծագման» ջուրը և ուղիղ իմաստով խորտակում է մարդկանց տները։ Բնակիչները կարծում են են, որ ջրի աղբյուրը կարող է լինել մոտակա ջրավազանը, որը, հնարավոր է, ճաքել է։

Ասում են, որ իրենց ձայնը հասնում է ամենաշատը Էրեբունու թաղապետարանի կոմունալ բաժին, որը ֆինանսապես անզոր է ջրահեռացման համակարգ անցկացնել, իսկ ջրի աղբյուրը պարզելու ու հոսքը կանխելու համար մասնագիտական ուսումնասիրություն չեն անում։

«Էդ մեր ամենացավոտ տեղն է, մենք որ դրսում իրար բարև ենք տալիս, էդպիսի օր չկա, որ էս ջրերի մասին չխոսենք», - ասում է Արթուր Գրիգորյանը։ Նրա տան նկուղում փոքր լիճ է գոյացել, քարը նետում ես, ու էլ չի երևում։ Խոնավությունից պատերի ծեփը թափվում է, թեև տունը վերջերս է վերանորոգել։

Արթուրի հարևանը՝ Լեռնիկ Համբարձումյանն էլ, որպեսզի չտեսնի անընդհատ հավաքվող ջուրը, տան նկուղում ձեռակերտ շարժիչ է պատրաստել, որ ջուրը դուրս է մղում դեպի մոտակա առու։ Ասում է՝ երկու րոպեում 150 լիտր ջուր է մղվում դուրս։

«Ամիսը 7-8000 դրամ ես միայն նասոսի հոսանքի փող եմ տալիս անիմաստ, էնքան որ աչքս էս ջուրը չտեսնի։ Նենց չի, որ ես խոնավությունից պրծել եմ, ընդհակառակը՝ ես ավելի վատ բան եմ անում․ էդ ջուրը հոսում է, ֆունդամենտը հետը տանում է, էնքան որ ներվերս էն աստիճանի էր խախտված, որ տեսնում էի էդ ջուրը», - ասում է Լեռնիկը։

Նա էլ է տան վերանորոգումը վերջերս արել, բայց պատերի գաջը թափվում է։

Այս թաղամասում փոփոխություններն այնքան դանդաղ են կատարվում, որ զրուցակիցներս մինչև հիմա պարզ հիշում են դեռևս նախկին վարչապետներից Անդրանիկ Մարգարյանի օրոք նախագծված ջրահեռացման համակարգը։

Լեռնիկ Համբարձումյանն ասում է, որ տեսել է այդ գծագիրը, նախագիծը քաղաքապետարանում կա, պետք է մոտ 5 մետր խորությամբ կոյուղագծեր կառուցվեին, դրա վրայից նոր ջրագծեր անցկացվեին՝ արդեն մոտ 1,5 մետր խորությամբ։ Ծրագիրը, սակայն, չի իրագործվել։ Եթե կոյուղին ընդհանրապես բացակայում է, ապա ջրագծերն էլ 1960-ական թվականների են։

Հարակից Վարդաշեն թաղամասում կոյուղագիծ կա, բնակիչներն ասում են, որ կարելի է իրենց համար էլ կառուցել ջրահեռացման համակարգ՝ միացնելով ուղիղ այդ կոյուղագծին։ Հիմա կոյուղաջրերը թափվում են կամ փողոցին զուգահեռ հոսող առուն, կամ էլ փորված հորերը, որոնք դարձյալ արագ լցվում են ջրով։

Թաղամասի այն հատվածում, որտեղ Լեռնիկ Համբարձումյանի և Արթուր Գրիգորյանի տներն են, մոտ մեկ տասնամյակ առաջ կառուցվել է դրենաժ (ջրահեռացման համակարգ)։ Բայց կառուցապատողը, ինչպես պատմեցին բնակիչները, անբարեխիղճ է գտնվել ու խողովակն անցկացրել է ոչ այն խորությամբ, որ նկուղների ջուրը հեռացվեր։ Տան նկուղները, որտեղ լցվում է ջուրը, ավելի բարձր դիրքում են, քան դրենաժը։

Էրեբունու թաղապետարանում վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ բնակիչները խնդրել են՝ եթե ոչ նոր ջրահեռացման համակարգ կառուցել, ապա գոնե այդ դրենաժը խորացնել, որն այնքան ծախսատար չէ, քանի որ խողովակներն արդեն իսկ կան։ Դրենաժը փողոցը միացնում է մոտակա ձորին, և բնակիչները կարծում են, որ եթե ոչ կոյուղաջրերը, ապա տների տակ լցվող ջուրը կարելի դրանով հեռացնել տներից դեպի ձորը։

Մեր զրուցակիցներն ասում են, որ թաղամասում համաձայն կլինեն նույնիսկ «ապառիկով» ունենալ ջրահեռացման համակարգ ու կոյուղագծեր, ամսական ավելի շատ գումար տալ ջրի ու կոյուղու համար, քան պահանջում է օպերատորը, միայն թե իրենց համար կառուցեն ջրահեռացման համակարգ։

Պատասխանատու կառույցներին իրենց ֆինանսական օգնությունն են առաջարկում նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի բնակիչները։ Այստեղ ևս չկա ջրահեռացման համակարգ։

Նրբանցքներից մեկում ապրող ընտանիքները վերջերս 250 հազարական դրամ գումար են հավաքել ու խողովակ անցկացրել մինչև գլխավոր փողոց։ Մնում է կոյուղագիծ անցկացվի գլխավոր փողոցում, որն այդպես էլ տարիներ շարունակ չի արվում։

Հաղթանակում կոյուղաջրերը հեռացնելու համար հորեր են փորում, բայց դրանք պարբերաբեր փակվում են, և բնակիչները պիտի դարձյալ ծախս անեն՝ նոր հոր փորելու (250-300 հազար դրամ) կամ մաքրելու (մոտ 25 հազար դրամ) համար։

Բնակիչներից Ալիսա Կիրակոսյանն ասում է, որ մեծ ընտանիքներում հորը մաքրելու անհրաժեշտություն առաջանում է գրեթե ամեն շաբաթ, ու հնարավոր չէ այդքան ծախս անել։

Հարևաններից Զաբել Հովհաննիսյանն էլ ավելացնում է, որ արդեն այնքան ծախս են արել, որ համաձայն են իրենք էլ ֆինանսապես օգնել քաղաքապետարանին-թաղապետարանին, եթե վերջիններս որոշեն «տեղից շարժվել»։

Պատմեցին, որ վերջերս Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի աշխատակիցները այցելել են իրենց և ասել, որ այս տարի կոյուղագծերի հարցը կլուծվի։ Բնակիչները, սակայն, թերահավատ են. նրանք պաշտոնյաներից խաբվելու հարուստ փորձ ունեն։ Այս մարդկանց ամեն ընտրությունից առաջ գրեթե բոլոր թեկանծուները խոստացել են կոյուղագծեր կառուցել։

Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի կոմունալ բաժնից հրաժարվեցին մեկնաբանություն տալ՝ նշելով, թե պետք է թույլտվություն ունենան քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քաղաքապետարանը «Հետք»-ի գրավոր հարցմանը պատասխանում է, որ Երևանի 2019թ․ բյուջեից հատկացում չի նախատեսվել մայրաքաղաքում կոյուղագծեր կառուցելու նպատակով։

Կոյուղի չունեցող թաղամասերն ու փողոցները Երևանում

Վերջին անգամ Երևանի՝ կոյուղագծեր չունեցող թաղամասերին անդրադարձել էինք մոտ երեք տարի առաջ։ Մեզ համար հետաքրքիր էր, թե ինչ են պատրաստվում անել ջրահեռացման համակարգերի համար պատասխանատու պաշտոնայները իշխանափոխությունից հետո։

«Հետք»-ը քաղաքապետարանից ստացավ կոյուղագծեր չունեցող թաղամասերի ու փողոցների ցանկը, ըստ որի՝ մայրաքաղաքում բացակայում է նվազագույնը 62  հազար 500 գծամետր կոյուղագիծ։

Քարտեզում կարող եք տեսնել, թե որ վարչական շրջանի որ փողոցում քանի գծամետր կոյուղագիծ չկա։ Երևանի քաղաքապետարանը գծամետր չի նշել միայն Նուբարաշեն համայնքի դեպքում՝ տեղեկացնելով, որ կոյուղագծերը բացակայում են վարչական շրջանի Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ , Է թաղամասաերում․ վերը նշված թվի մեջ ներառված չէ Նուբարաշենում բացակայող կոյուղագծերի երկարությունը։

Կոյուղագիծ չունեցող փողոցը կամ թաղամասը գունավորված է։ Մկնիկի կուրսորը պահելով գունավորված պատկերի վրա՝ կարող եք տեսնել, թե քանի գծամետր կոյուղագիծ է բացակայում տվյալ փողոցում կամ թաղամասում։

Ֆրանսիական խոշոր վարկ, որն այդպես էլ չի ընդլայնել կոյուղատար համակարգը

Ջրահեռացման ոլորտում ներդրումային վերջին ծրագիրն իրականացվել է Ֆրանսիայի կառավարությունից ստացած վարկով։ «Երևանի խմելու ջրի և ջրահեռացման համակարգերի վերականգնում» ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 11 միլիոն 590 հազար եվրո (ներառյալ ԱԱՀ-ն)։ Ջրային կոմիտեն մեզ տեղեկացնում է, որ վարկը վերցվել է ցածր տոկոսադրույքով, իսկ շինարարական աշխատանքներն իրականացրել է ֆրանսիական «SADE CGDE» ընկերությունը։ Ծրագիրը, ըստ ՋԿ-ի մեզ փոխանցած տեղեկության, ավարտվել է 2015թ․ դեկտեմբերին։

Նշված ծրագրով, սակայն, ջրահեռացման ոլորտում ծախսված գումարները ուղղվել են ոչ թե ցանցը ընդլայնելուն, այլ եղած կոյուղագծերը վերակառուցելուն ու նորացնելուն։ Այս տեղեկությունը հաստատում է Ջրային կոմիտեն։ Եվ սա այն դեպքում, երբ գոյություն ունեցող ցանցի՝ բարվոք վիճակում պահպանելը եղել է ջրամատակարարաման և ջրահեռացման համակարգերն այդ ժամանակ վարձակալած «Երևան ջուր» ընկերության պայմանագրային պարտավորությունը։  

Այսպես, Ջրային կոմիտեի փոխանցած տեղեկությամբ՝ վարկային ծրագրով նոր փողոցների կոյուղացում չի նախատեսվել։ «Ծրագրի շրջանակներում իրականացվել են շուրջ 20 փողոցների գոյություն ունեցող ջրահեռացման ցանցերում 5.8 կմ երկարությամբ նոր կոյուղագծերի կառուցման աշխատանքներ», - մեզ պատասխանել է ՋԿ նախագահի տեղակալ Կամո Սարգսյանը (ընդգծումը մերն է)

Վարկային ծրագրի իրականացման ժամանակահատվածում՝ 2014-2015թթ․, ջրահեռացման և ջրամատակարարման գոյություն ունեցող համակարգերի վարձակալներից մեկը ֆրանսիական «Վեոլիա գրուպ» ընկերության դուստր ընկերությունն էր՝ «Երևան ջուր»-ը, որը, ըստ պայմանագրի, պատասխանատու էր իրեն հանձնված գույքի պահպանման և բարելավման համար։

«Երևան ջուր» ընկերության վարձակալության պայմանագրի հավելված 2-ի` «Ծառայությունների նկարագրության» 4-րդ կետում բերվում են Պահպանման և վերանորոգման ընդլայնված աշխատանքների ծրագրի (ՊՎԸԱԾ) հիմնական կանոնակարգերը: Նախատեսվել է, որ Վարձակալը, այսինքն՝ «Երևան ջուր»-ը, պետք է իրականացնի ՊՎԸԱԾ, որի նպատակն է պահպանման աշխատանքներից զատ օբյեկտների վիճակի բարելավումը` փոխանցման պահին եղած վիճակի համեմատ:

Այսինքն՝ աշխատանքը, որն արվել է վարկային միջոցներով, հնարավոր էր պատվիրել «Երևան ջուր» ընկերությանը արդեն իսկ կնքված պայմանագրի, մասնավորապես՝ ՊՎԸԱԾ աշխատանքների շրջանակում։ Հնարավոր է, որ այդ դեպքում ցանցը վերանորոգելուն ուղղված գումարները ծառայեին այն ընդլայնելուն։

Կոյուղագծերի ցանցը ընդլայնելու ոչ մի ծրագիր չի մշակվել

2016թ․-ից ջրահեռացման և ջրամատակարարման համակարգերի վարձակալը «Վեոլիա ջուր» ընկերությունն է։ Ընկերության հետ կնքված պայմանագրի հավելվածներից մեկով դարձյալ նախատեսվել է կապիտալ աշխատանքների ծրագիր (ՊԿԱԾ)։ Վարձակալության ողջ ժամանակահատվածի համար, ըստ պայամանագրի, ընկերությունը պետք է այս նպատակով ներդնի 37 միլիարդ 500 միլիոն դրամ։

«Հետք»-ը հարցում ուղարկեց «Վեոլիա ջուր»։ Կարծում էինք՝ ներդրումները կարող են վերաբերել նաև ցանցի ընդլայնմանը, խնդրել էինք տեղեկացնել՝ արդյո՞ք «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն 2019թ.-ին պատրաստվում է կառուցել կոյուղագիծ քարտեզում առկա որևէ փողոցում կամ թաղամասում: Հարցրել էինք նաև, թե ընկերությունը զարգացման ծրագիր ունի՞` կապված Երևանում կոյուղագիծ չունեցող փողոցների և թաղամասերի հետ:

Մեզ պատասխանեց ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Գրիգորյանը։ «Վեոլիա»-ն ցանցի ընդլայնում չի նախատեսում։ Ընկերությունը, ըստ Գրիգորյանի, ստանձնել է «վարձակալված գույքի շահագործման, պահպանման և նորոգման աշխատանքների իրականացման պատասխանատվություն»։ Շուրջ 37 միլիարդ դրամի ապագա ներդրումները դարձյալ ուղղվելու են արդեն գոյություն ունեցող ցանցի վերանորոգմանն ու բարեկարգմանը։

Իսկ թե ինչ է լինելու այն թաղամասերի հետ, որոնք երբևէ չեն ունեցել ջրահեռացման համակարգ, կառավարությունը ևս պատասխան չունի։ Մենք հարցում էինք ուղարկել կառավարություն՝ հասկանալով, որ Երևանի քաղաքապետարանը, չնայած լավատեսական հնգամյա ծրագրին, նոր փողոցների ու թաղամասերի կոյուղացման ոչ մի քայլ առայժմ չի պատրաստվում ձեռնարկել։ Ի թիվս այլ հարցերի վարչապետին ուղղված նամակով խնդրել էինք տեղեկացնել, թե կառավարությունը զարգացման ի՞նչ ծրագիր ունի` կապված Երևանում կոյուղագիծ չունեցող փողոցների և թաղամասերի հետ։ Ստացանք պատասխան, որ մեր հարցերի հասցեատերը Ջրային կոմիտեն է։ 

Վերջինիս նախագահի տեղակալ Կամո Սարգսյանը օրեր անց պատասխանեց, որ 2019թ․ համար Երևան քաղաքի ջրահեռացման համակարգերում ներդրումային ծրագրեր նախատեսված չեն։ Իսկ եթե ոչ 2019-ին, ապա կա՞ որևէ ծրագիր կամ նախագիծ՝ կապված Երևանի կոյուղագիծ չունեցող թաղամասերի հետ, մոտավորապես ե՞րբ կարող են բնակիչները հույս ունենալ, որ կունենան կոյուղագիծ, Կ․ Սարգսյանը  պատասխան չի տվել։ Ջրային կոմիտեն, ըստ Կ․ Սարգսյանի ապահովում է սպասարկման տարածքում գույքի խոշոր նորոգումների, ցանցի ընդլայնման և նորացման ներդրումները «համապատասխան միջոցների առկայության դեպքում»։ 

Մենք Ջրային կոմիտեին նույնիսկ երկրոդ անգամ հարցում ուղարկեցինք, որ որևէ հստակ պատասխան ունենանք, սակայն դրա համար հստակ ծրագրեր են պետք, որոնք թե կոմիտեն, թե քաղաքապետարանը, թե կառավարությունը ակնհայտորեն չունեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter