
Վարդգես Գասպարին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատարանի դիմաց իր հետ տեղի ունեցած դեպքից հետո
Քաղաքացիական ակտիվիստ Վարգես Գասպարին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել այսօր դատարանի դիմաց իր հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց ինքը` Գասպարին:
Վերջինիս խոսքով՝ շշով իրեն հարվածելու, պաստառը պատռելու և իրեն քաշքշելու իրադարձություններից հետո դատարան է եկել հետաքննիչ, և ինքը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Նշենք, որ Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի ժամանակ դատարանի տարածքում մեծաթիվ ոստիկաններ են եղել:
Հետաքննիչը Գասպարիին ուղեգիր է տվել բժշկական հետազոտություն անցնելու համար: Նա արդեն եղել է հիվանդանոցում ու անցել անհրաժեշտ հետազոտությունները: Նշենք, որ Գասպարին վնասվածք ուներ այտոսկրի շրջանում: Նա չի տեսել, թե իրեն կոնկրետ ով է շշով հարվածել:
«Չեմ տեսել. դա խմբակային խուլիգանական գործողություն էր. բոլորը հայհոյում էին, քաշքշում, սպառնում, և քննության խնդիրն է, որ խմբակային խուլիգանության շրջանակը որոշի»,- ասաց Վարդգես Գասպարին:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստի ընթացքում Վարդգես Գասպարին բողոքի ակցիա էր իրականացնում դատարանի դիմաց: Նրա մոտ «Ռոբիկ սրիկա, Ռոբիկ մարդասպան» պաստառներ էին: Նրա հետ վիճաբանության մեջ մտած անձինք վերցրել են նաև պաստառը:
Մեկնաբանել