HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ադրբեջանից գաղթած փախստականները 30 տարի է՝ ապրում են Դարբնիկի վթարային հանրակացարանում

Արարատի մարզի Դարբնիկ համայնքն ունի երկու բազմաբնակարան բնակելի շենք՝ հանրակացարաններ: Առաջինում բնակվում են 1988-90թթ. Ադրբեջանից գաղթած փախստականները: Իսկ երկրորդ հանրակացարանում ապրում են Իրաքից և Սիրիայից ներգաղթած հայերը: Վերջինս համեմատաբար ավելի բարվոք վիճակում է:

Աննա Հարությունյանը Ադրբեջանից գաղթած փախստականների հանրակացարանում ապրում է արդեն 31 տարի՝ 1988թ.-ից: Երբ գաղթել են Հայաստան, աղջիկը 1 տարեկան է եղել, իսկ որդին՝ 40 օրական: Որդին արդեն երկու երեխա ունի, սակայն տան հարցն այդպես էլ չի լուծվել: Տիկին Աննան հիշում է, որ սկզբնական տարիներին ոչ լույս են ունեցել, ոչ ջուր: Հարևան փողոցներից ձեռքով ջուր են բերել: Այսօր էլեկտրաէներգիայի հարցը լուծված է, սակայն բնակարաններում ջուր չունեն: Սանհանգույց տանող ընդհանուր միջանցքից են ջուրը վերցնում:

Շենքը գազիֆիկացված չէ: Ձմռանը բնակարանները տաքացնում են փայտի վառարանով, ոմանք էլ՝ էլեկտրական սալիկներով: Ձմռանը ջուրը սառչում է, իսկ ամռանը՝ չի բավարարում, որ 4-րդ հարկ բարձրանա: Պատուհաս է նաև կոյուղին: Հաճախ է դիտահորը լցվում կամ խցանվում, և կեղտաջրերը լցվում են փողոց: Խողովակները փտած են և վթարների ժամանակ ջուրը լցվում է նաև նկուղները՝ խարխլելով առանց այդ էլ ոչ լավ վիճակում գտնվող պատերը:

Շենքի պատերը խարխլում են նաև անձրևաջրերը: Տանիքն ասբեստից է և արդեն մաշվել ու տեղ-տեղ կոտրատվել է: Անձրևաջրերը լցվում են շենքի մեջ: Բնակիչները վրդովված են, ասում են պաշտոնյաները իրենց բողոքներին ընթացք չեն տալիս:

«Հիմա մենք միայն տուն ենք ուզում, ուրիշ ոչինչ: Զուգարան, բաղնիք չկա, ընդհանուր է: Պիտի սպասենք, որ մեկը զուգարանից, բաղնիքից դուրս գա, որ մենք մտնենք»,- ասում է Աննա Հարությունյանը:

Շենքի բակում հավաքված բնակիչները պատմում էին, որ պատշգամբներից չեն կարողանում օգտվել, քանի որ խիստ վթարային են, քարեր են պոկվում, թափվում: Իսկ որոշ բնակարանների պատշգամբների բետոնն ամբողջությամբ է թափվել: Հիշեցին, որ 4 տարի առաջ շենքի բնակիչներից մեկին հյուր եկած 18-20 տարեկան աղջիկ էր ընկել 4-րդ հարկի պատշգամբից: Բարեբախտաբար ողջ է մնացել, սակայն, իրենց պարտքն են համարում տուն մտնողին զգուշացնել՝ պատշգամբ դուրս չգալ:

Շենքի բնակիչներից ոմանք չեն նայում, որ պատշգամբը փլված է, մոտենում, լվացք են փռում, քանի որ այլ հարմարություն չունեն: Սակայն, բոլորն էլ գիտակցում են, որ իրենց կյանքում դա կարող է լինել վերջինը:

«30 տարի է՝ ասում ենք, բայց ոչ ոք մեզ ուշադրություն չի դարձնում»,- ասում է Ա. Հարությունյանը: Նա պատմեց, որ տարիներ առաջ բնակարաններ գնելու համար բնակիչներին սերտիֆիկատներ են բաժանել, սակայն որոշ ժամանակ անց հետ են վերցրել: Աննա Հարությունյանի խոսքերով՝ ընտանիքներին միջինը հատկացրել են 5000 դոլար, որով պետք է տուն գնեին, սակայն գյուղում ամենափոքր տունը 15.000 դոլար է եղել, և չեն կարողացել գնել: Սերտիֆիկատը հետ են վերցրել: Ով հնարավորություն ունեցել է՝ գումար է ավելացրել, տուն է գնել, մյուսներն էլ՝ մեծամասնությունը, շարունակում է բնակվել վթարային շենքում:

Բնակարանները, որտեղ ապրում են բնակիչները, նույնիսկ իրենց սեփականությունը չէ: Շենքը պետական է և չի սեփականաշնորհվել:

Շենքի բնակիչներից Իրինա Ավագիմյանն էլ ասաց, որ այս տարիների ընթացքում իրենք պաշտոնյաների չեն տեսել, իսկ նախորդ տարի Արարատի նորանշանակ մարզպետը նույնիսկ չի իմացել, որ Դարբնիկում հանրակացարան կա, վթարային շենքում մարդիկ են ապրում: Սակայն, իմանալուց հետո էլ չի այցելել, իր աչքով չի տեսել պայմանները:

Ի. Ավագիմյանի ասելով՝ միայն ՀՀ միգրացիոն պետական ծառայության նախկին պետ Գագիկ Եգանյանն է տարիներ առաջ եկել իրենց մոտ, համոզել, որ ստանան Հայաստանի քաղաքացու անձնագիր՝ խոստանալով, որ նրանք կպահպանեն փախստականի կարգավիճակը: Սակայն հետո են իմացել, որ խաբվել են, և հիմա իրենք Հայաստանի քաղաքացի են և չեն օգտվում ոչ մի արտոնությունից:

Դարբնիկի համայնքապետ Դավիթ Գզիրյանը «Հետք»-ին ասաց, որ շենքը վթարային է, իսկ պատշգամբների վատ վիճակի համար իրենց մեղքի բաժինն ունեն նաև բնակիչները, քանի որ 90-ականներին այնտեղ ցախ են կոտրել:

«Առաջ այս շենքը եղել է գյուղնախարարությանը, հետո տվել են կրթության նախարարությանը, հիմա էլ Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում է: Բոլորին դիմել եմ, որպեսզի շենքի մասին մի բան մտածեն: Հիմա քննարկվում է, որ բնակիչներին անհատույց հատկացնեն այն տարածքները, որոնք օգտագործում են: Նույնիսկ տեղեկացրել եմ, որ շենքը տանիքի, պատշգամբների, կոյուղու խնդիր ունի: Սպասում ենք, տեսնենք ինչ կլինի»,- ասում է համայնքապետ Դ. Գզիրյանը:

Համայնքապետարանից նշեցին, որ մոտ 50 ընտանիք է ապրում հանրակացարանում:

Մեկնաբանություններ (1)

GB
"She says Yeganyan met with residents years ago to convince them to apply for Armenian citizenship. The official promised them that citizenship would allow them to be granted refugee status and all applicable services". Armenian Government brought refugees from Syria and ignore the rights of Axerbaijani Armenians!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter