HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քոչարյանի գործով դատական նիստը. բողոքի ակցիա, միջադեպեր, ծափահարություններ, ինքնաբացարկ՝ դատավորին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում այսօր ոստիկանների ու կարգադրիչների թիվը մի քանի անգամ գերազանցում էր սովորական օրերին:

Դատարանի դիմաց հավաքված քաղաքացիների հոսքը չէր դադարում: Առաջին անգամ պետք է դռնբաց դատական նիստով քննվեր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործը: Ըստ էության, կալանավորումից ի վեր առաջին անգամ հանրությունը հնարավորություն ուներ տեսնելու Քոչարյանին:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, մեղադրվում է կաշառք ստանալու և 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Քոչարյանը Հայաստանի նախագահն է եղել 10 տարի: 2008 թվականի գարնանը լրանում էր նրա պաշտոնավարման երկրորդ շրջանի ժամկետը: Փետրվարի 19-ին Հայաստանում անց էին կացվել նախագահական  ընտրություններ, և ըստ արդյունքների՝ նախագահ էր ընտրվել 2008-ին վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը: Հայ Ազգային Կոնգրեսի անդամները, սակայն, չէին ընդունում ընտրությունների արդյունքները:  Քաղաքական ուժի առաջնորդ, նախագահական ընտրություններում թեկնածությունն առաջադրած Լևոն-Տեր Պետրոսյանը Սահմանադրական դատարանում վիճարկել էր ընտրությունների արդյունքները: Փետրվարի 20-ից սկսած՝ Երևանում բազմամարդ բողոքի ակցիաներ էին:

Մարտի 1-ի, լույս 2-ի առավոտյան քաղաքացիներն Ազատության հրապարակում էին, երբ ոստիկանությունն ուժով ցրեց հավաքը: Մարդիկ սկսեցին հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ: Նույն օրը հրազեն կիրառեցին ցուցարարների դեմ, որի հետևանքով զոհվեց 10 քաղաքացի, մարմնական վնասվածքներ ստացան հարյուրավոր քաղաքացիներ:

Մարտի 1-ից հետո բազմաթիվ քաղաքացիներ, որոնց թվում՝ այժմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտվել են զանգվածային անկարգություններ կազմակերպելու և այլ հոդվածներով:

2008 թվականի իրադարձություններից 10 տարի անց, երբ Հայաստանում տեղի էր ունեցել իշխանափոխություն ու Նիկոլ Փաշինյանը դարձել էր վարչապետ, Մարտի 1-ի գործի քննությունը նոր թափ ստացավ: Այժմ ամբաստանյալի աթոռին են հայտնվել այն ժամանակվա իշխանության ներկայացուցիչները, որոնց թվում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Վերջինս արդեն մի քանի ամիս գտնվում է կալանքի տակ:

Քաղաքացիները չէին տեղավորվում դատական նիստերի դահլիճում

Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական նիստը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի ամենամեծ` ապակեպատ դահլիճում էր: Նախկինում այս դահլիճում տեղավորվում էին մեծ թվով քաղաքացիներ, սակայն դատավարության կողմերի ու այլ քաղաքացիների միջև ապակիներ տեղադրելուց հետո քաղաքացիներին հատկացվող տեղերը խիստ սահմանափակվել են:

Նիստից կես ժամ առաջ արդեն դատական կարգադրիչները սկսեցին թույլ չտալ քաղաքացիներին մուտք գործել դատարան` պատճառաբանելով, որ դահլիճում տեղ չկա: Այս հանգամանքը լարվածություն ստեղծեց դատարանի դիմաց: Քաղաքացիներից ոմանք պնդում էին, որ սահմանափակվում է իրենց` հրապարակային դատական նիստին մասնակցելու իրավունքը: Դահլիճից դուրս էին մնացել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Նիստի մեկնարկին դատավոր Դավիթ Գրիգորյանը, կարելի է ասել, աննախադեպ որոշում կայացրեց ու դատական կարգադրիչներին հրահանգեց բացել դահլիճի դուռն ու դրսում գտնվող քաղաքացիներին թույլ տալ անարգել մուտք գործել ներս. վերջին տարիների ընթացքում, թերևս առաջին անգամ դատական նիստերի դահլիճում «նստելու տեղ չունեցող» քաղաքացիներին արգելված չէր ներկա գտնվել ու հետևել նիստի ընթացքին:

Քոչարյանին դիմավորեցին ծափողջյուններով

Ինչպես պարզվեց, դատարանում հավաքվածների մեծամասնությունը եկել էր` Ռոբերտ Քոչարյանին աջակցելու: Քոչարյանին դիմավորեցին ծափողջյուններով, «ազատություն նախագահին» բացականչություններով: Նա ձեռքի ժեստի միջոցով բարևեց հավաքվածներին ու նստեց: Նիստին ներկա էր նաև Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը:

 

Գլխավոր դատախազը դահլիճ եկավ դատավորի համար նախատեսված մուտքով

Այսօրվա նիստին մեղադրանքը պաշտպանելու էր եկել 4 դատախազ, այդ թվում` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Դատարանում էին նաև գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող ավագ դատախազ Պետրոս Պետրոսյանը, Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը, դատախազության Հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը:

Արթուր Դավթյանը դատարան եկավ դատավորի համար նախատեսված ծառայողական մուտքով: Այս հանգամանքը չվրիպեց Քոչարյանի պաշտպանական թիմի աչքից և հետագայում քննարկման առարկա դարձավ:

Դատական նիստին դատավարության ոչ բոլոր կողմերի խոսքն էր լսելի

Դատական նիստի մեկնարկին պարզ դարձավ, որ ապակիներից այն կողմ գտնվող քաղաքացիների համար լսելի չէ այն, ինչ կատարվում է նիստերի դահլիճում: Հստակ լսվում էր միայն դատավոր Դավիթ Գրիգորյանի ձայնը: Լրագրողները բարձրաձայնեցին այս մասին, նիստը ընդմիջվեց` տեխնիկական խնդիրը լուծելու համար, և շուտով վերսկսվեց` առանց տեխնիկական խնդիրը լիարժեք լուծելու:  Ապակիներից այս կողմ լրագրողները հնարավոր միջոցներով փորձում էին նորից բարձրաձայնել խնդրի մասին, բայց ապարդյուն. դատարանն աշխատում էր չնկատել լրագրողների ու քաղաքացիների դժգոհությունը: Դատական նիստի ընդմիջման ժամանակ կապ հաստատեցինք Դավիթ Գրիգորյանի աշխատակազմի հետ` ևս մեկ անգամ բարձրաձայնելով խնդրի մասին, և ի պատասխան հայտնեցին, որ իրենց հնարավորության սահմաններում փորձել են լուծել տեխնիկական խնդիրը, ապա հայտնեցին, թե զբաղված են ու խոսել չեն կարող:

Դատական նիստի մասին ծանուցվել էին դատավարության ոչ բոլոր մասնակիցները

Այսօրվա դատական նիստի մասին ծանուցվել էին միայն Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ու մեղադրող դատախազները: Չնայած այդ հանգամանքին` դատարան էին եկել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը, տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը, ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Դատարանում քննակման առարկա դարձավ հարցը` արդյոք դատավարության այս մասնակիցները պետք է ծանուցվեին, ներկայանային, իրավունք ունեն դիրքորոշում հայտնելու, թե՞ ոչ: Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարեց, որ Քոչարյանի խափանման միջոցի գործի քննությանը դատավարության մյուս մասնակիցների մուտքը, թեև արգելված չէ, բայց նրանք կարծիք հայտնելու իրավունք չունեն: Փաստաբան Վահե Գրիգորյանը նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանի այդ կարծիքը չի կիսում, բայց միևնույն ժամանակ հայտնեց, որ հաջորդ նիստին չի ներկայանալու: Իսկ փաստաբան Միհրան Պողոսյանն էլ համոզված է, որ նիստին իրենց ներկայությունը պարտադիր է:

Բարձրագույն դատական խորհուրդը դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշում կայացրեց

Դատական նիստն ընթացքի մեջ էր, երբ պարզ դարձավ, որ Բարձրագույն դատական խորհուրդը դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության է ենթարկել Քոչարյանին առնչվող մեկ այլ գործով: Բանն այն է, որ Դավիթ Գրիգորյանը ամիսներ առաջ ինքնաբացարկ է հայտնել Քոչարյանի խափանման միջոցը երկարացնելու ՀՔԾ-ի միջնորդության գործով` պատճառաբանելով, որ երբ այն մակագրվել է իրեն, ինքը հերթապահ չի եղել: Այս փաստի առթիվ ԲԴԽ-ում կարգապահական վարույթ էր հարուցվել, որի վերաբերյալ, փաստորեն, որոշում կայացվեց հենց այն ժամանակ, երբ Դավիթ Գրիգորյանը պիտի քններ Քոչարյանի խափանման միջոցի հարցը:

Ինքնաբացարկի միջնորդություն` դատավոր Դավիթ Գրիգորյանին

Այսօրվա նիստում, սակայն, հարցը չհասավ Քոչարյանի խափանման միջոցին: Նրա պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Դավիթ Գրիգորյանին: Միջնորդության հիմքում Արթուր Դավթյանի` դատավորի համար նախատեսված մուտքով դահիճ մտնելն էր և այլ հանգամանքներ: Պաշտպանական կողմը չբացառեց, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթը կարող է նրան կաշկանդել Քոչարյանի խափանման միջոցի գործը քննելիս: Պաշտպանները հարց բարձրացրին նաև այն մասին, որ դատավորը  չի ծանոթացել գործի բոլոր նյութերին, ուստի չի կարող օբյեկտիվ որոշում կայացնել նրա խափանման միջոցը վերացնելու, փոփոխելու կամ անփոփոխ թողնելու, վերաբերյալ: Միջնորդության դեմ մեղադրող դատախազներն առարկեցին: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու:

Բախում` ակտիվիստ Վարդգես Գասպարիի ու Քոչարյանի աջակիցների միջև

Այն ժամանակ, երբ նիստերի դահլիճում քննարկվում էր Քոչարյանի խափանման միջոցի հարցը, դատարանի դիմաց բախում տեղի ունեցավ Վարգես Գասպարիի և  Քոչարյանի աջակից ցուցարարների միջև: Գասպարիի պնդմամբ` Քոչարյանի աջակիցները իրեն հարվածել են շշով: Դեպքի առթիվ այժմ հետաքննություն է իրականացվում: Ոստիկանություն է բերման ենթարկվել՝  3 և հրավիրվել 2 քաղաքացի:

Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը հորն առաջադրված մեղադրանքը անձնական վրեժխնդրություն որակեց

Քոչարյանի կրտսեր որդին` Լևոն Քոչարյանը, կարծում է, որ հոր նկատմամբ քրեական հետապնդումը անձնական վրեժխնդրության արդյունք է: Նա այսօր պատասխանեց մի քանի հարցերի:

 «Ուզես, չուզես կալանքը պետք ա տաս»,-  ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցից հատված հիշեցրեց Լևոն Քոչարյանն ու նշեց, որ սա ցայտուն օրինակ է այն բանի, որ իր պնդումը ճիշտ է:

Այնուամենայնիվ, Քոչարյանն ակնկալում է, որ հոր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, որն ինքն ապօրինի է որակում, կվերացվի:

Լրագրողներից մեկի հարցին` որտեղի՞ց ձեզ միլիոնները, Լևոն Քոչարյանը հարցով պատասխանեց:

«Դուք տեսե՞լ եք այդ միլիոնները»,- ասաց Լևոն Քոչարյանը:

Վահե Գրիգորյանը՝ 0038 հրամանի և Քոչարյանի մեղադրանքի մասին

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում խոսեց 0038 գաղտնի հրամանի մասին` նշելով, որ Քոչարյանի` հրամանից տեղյակ լինելը կամ չլինելը դաշտ է նետվել քարոզչամիջոցների կողմից՝ իբրև ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմնական սյուն։

«Դա այդպես չէ, հիշե՛ք: Մենք չենք խոսում հրամանին ծանոթ լինելու մասին, որին, շատ հնարավոր է, որ մարդը ծանոթ չլիներ։ Խոսքը դրա մասին չէ, խոսքը վերաբերում է ՀՀ մայրաքաղաք հսկայածավալ զորամիավորումներ տեղափոխելուն, խոսքը վերաբերվում է նրանց հրազեն գործադրելուն, մահաբեր ուժ գործադրելուն... Ես կուզեմ, որպեսզի նա հստակ հայկական դատարանում հայտարարի, որ ինքը տեղյակ չի եղել, որ մոտ երկու հազար սպայական ու ենթասպայական կազմ ունեցող, բարձր պատրաստվածություն ունեցող ամբողջությամբ զինված զորաբանակ է բերվել Երևանի կենտրոն տեղակայվել կենտրոնում եւ դրա արվարձաններում, կուզեմ հստակ հայտարարի, որ ինքը չի վերահսկել իրավիճակը, որ ո՛չ ոստիկանապետը, ո՛չ մյուս հատուկ ծառայություններն իրեն չեն զեկուցել մահաբեր ուժի գործադրման մասին և որ նրանց ոչ ոք չի զեկուցել մարդկանց սպանությունների պատճառերի, հարյուրավոր զինծառայողների, քաղաքացիական անձանց ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների մասին։ Նա պիտի դա հստակ հայտարարի»,- ասաց Վահե Գրիգորյանը:

Քոչարյանի գործով դատակոչված վկաների թիվը մոտ 800 է

Քոչարյանի և մյուսների գործով դատակոչված վկաների թիվը հասնում է 800-ի: Այս մասին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրուցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Ըստ նրա` գործով այդքան վկաների դատակոչելու անհրաժեշտություն չկար: Նշենք, որ դատարանից, ամենայն հավանականությամբ տարիներ կպահանջվեն այսքան վկայի դատարանում լսելու համար, ինչը նշանակում է, որ գործի դատաքննությունը բավականին երկար կտևի:

Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք ներկայացրել են 2008-ին Սահմանադրական դատարանի դատավոր եղած անձանց, ինչպես նաև գործարար Սամվել Մայրապետյանին ու 2008-ին Պաշտպանության նախարար եղած Միքայել Հարությունյանին դատակոչի ցուցակում ընդգրկելու վերաբերյալ միջնորդություն:

«Պարոն Քոչարյանի մեղադրանքի մեջ, ի թիվս այլի, կա դրույթ, որ այդ ժամանակ ճնշում է եղել Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ: Ընդ որում, չի մասնավորեցվում՝ ինչպե՞ս է եղել ճնշումը, ո՞ր դատավորի նկատմամբ, և ՍԴ բոլոր դատավորներից անհասկանալի սկզբունքով ընտրվել է երկու դատավոր, երկուսն էլ հերքել են իրենց նկատմամբ ճնշումը։ Մենք միջնորդել ենք և դատարանում պատրաստվում ենք պնդել, որ պետք է հրավիրվեն ՍԴ մյուս դատավորները, որ հասկանանք՝ ի՞նչ ճնշումներ են եղել և ինչպե՞ս են դրանք արտահայտվել»,- ասաց Հայկ Ալումյանը: Պաշտպանը նշեց նաև, որ 1-ին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանը և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կան դատակոչի ցուցակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter