HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մանվել Գրիգորյանն ու կինը` Նազիկ Ամիրյանը չընդունեցին իրենց առաջադրված մեղադրանքը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և վերջինիս կնոջ` Նազիկ Ամիրյանի քրեական գործով առաջին դատական նիստը: Մինչ այս մեկ դատական նիստ էր տեղի ունեցել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով, որին Գրիգորյանը չէր ներկայացել:

Այսօր Մանվել Գրիգորյանը դատարանում էր բժշկի ուղեկցությամբ, մի քանի անգամ առողջական վիճակը վատացավ, և բուժօգնություն ստացավ:

«Ամեն տարի ես բուժվել եմ: Գոնե երկու անգամ պառկել եմ, քաղցկեղով եկել-հասել եմ նորից ստեղ: Էս պահին իմը առնվազն 26 հիվանդություն ա, 30-ի չեմ հասել: Բայց երբ որ ես հիվանդ եմ եղել, ծանր հիվանդություններ եմ տարել, վիրահատվել եմ, 94 թվին հայտնաբերել են, չեմ կարողացել բուժվել, քանի որ չէր ստացվում, իսկ 95-ից զինվորական հոսպիտալից սկսվել ա իմ բուժման պրոցեսները: Եթե որևէ մեկը կասկած ունի, որ ես հիվանդ եմ, թող վերցնեն, նայեն՝ ամեն տարի որ հիվանդանոցում որ բժիշկներն են բուժել: Հայաստանում տենց բժիշկ չկա շարքային, որ ինձ բուժած չլինի»,- նիստի մեկնարկին խոսելով իր հիվանդությունների մասին՝ ասաց Մանվել Գրիգորյանը:

Մի քանի րոպե տեսանկարահանում իրականացնելուց հետո Գրիգորյանի պաշտպանները միջնորդեցին նրա առողջական վիճակը հաշվի առնելով՝ նիստը չտեսանկարահանել, և դատարանը բավարարեց միջնորդությունը:

Մանվել Գրիգորյանն ու վերջինիս կինը` Նազիկ Ամիրյանը, չընդունեցին իրենց առաջադրված մեղադրանքը:

«Մեղադրանքը հնարածին է»,- հայտարարեց Նազիկ Ամիրյանը:

«Ով քուչեքն ինչ խոսացել ա, գրել, բերել են»,- դիրքորոշում հայտնեց Մանվել Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 232 917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1 228 176 342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 225 003 300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ  37 101 100 ՀՀ դրամ արժողությամբգույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է այն բանում, որ ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել տարբեր տեսակի հափշտակություններ։

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց Մանվել Գրիգորյանի առողջական խնդիրների պատճառով, հաջորդը նշանակվեց հունիսի 4-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter