HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը պարտադիր է համարում Քոչարյանի երաշխավորներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ներկայությունը

Դատախազությունը պնդում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է շարունակի գտնվել կալանքի տակ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Գրիգորյանի, այս պահին քննարկում է Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու, փոփոխելու կամ անփոփոխ թողնելու հարցը:

Գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Պետրոս Պետրոսյանն անդրադարձավ Քոչարյանին առաջադրված մեղադրանքներում հիմնավոր կասկածի առկայության հանգամանքին ու նշեց, որ առաջադրված մեղադրանքի հետ Քոչարյանի առնչությունը հիմնավորում են քրեական գործի նախաքննության ընթացքում առգրավված Պաշտպանության նախարարության արխիվից 2008 թվականի փետրվարի 23-ին Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված համապատասխան գաղտնի հրամանը, որպես վկաներ հարցաքննված մի շարք անձանց՝ Արշակ Կարապետյանի, Վարդան Հարությունյանի, Վալերի եւ Վիկտոր Պողոսյանների, Սիլվա Համբարձումյանի, 2008 թվականին Քոչարյանի հրավիրած խորհրդակցությանը մասնակցած անձանց հարցաքննության արձանագրությունները:

Պետրոսյանը նշեց նաև, որ գործում առկա են բազմաթիվ տեսագրություններ 2008-ի իրադարձությունների ժամանակ Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զրահատեխնիկայի վերաբերյալ, Ազգային արխիվից ստացած արտակարգ դրություն հայտարարելու մասին 2008 թվականի մարտի 1-ի հրամանագիրը:

Դատախազը նշեց նաև, որ առկա է Քոչարյանի՝ քննությունից թաքնվելու ռիսկ:

«Մեղադրյալի հիմնական գործունեության վայրը ՀՀ-ից դուրս է: Եվրոպական դատարանը բազմաթիվ վճիռներում անդրադարձել է անձի սոցիալական կապերին, դիրքին, նրա ֆինանսական միջոցներին և դրանք իրենց ամբողջության մեջ գնահատելով՝ թե՛ թաքնվելու, թե՛ խոչընդոտելու ռիսկերը ավելի քան բարձրանում են»,- ասաց Պետրոս Պետրոսյանը:

Դատախազը խոսեց նաև այն մասին, որ Քոչարյանի պաշտպանական կողմը դիմել է նախաքննական մարմնին՝ նրա անձնագիրը ստանալու և երկրից հեռանալու թույլտվություն ստանալու համար:

«Դուք ասացիք, որ նախաքննական մարմինը մերժել է այդ պահանջը՝ դիտարկելով փախուստի ռիսկը։ Ի՞նչ նկատի ունեիք՝ փախուստի ռիսկ ասելով։ Այսինքն՝ նա դիմում է՝ ասելով՝ ես ցանկանում եմ դիմել փախուստի՞։ Ի՞նչն եք դիտում որպես փախուստի ռիսկ»,- դատախազին հարցրեց դատավոր Դավիթ Գրիգորյանը: Պետրոսյանը պատասխանեց, որ պարզապես վարույթն իրականացնող մարմինը կանխել է Քոչարյանի փախուստի ռիսկը՝ նրան երկրից դուրս գալու հնարավորություն չտալով:

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հիշեց նաև, որ Քոչարյանի խափանման միջոցը երկարացնելու ՀՔԾ-ի վերջին միջնորդությունը քննելով՝ առաջին ատյանի դատարանը որոշել է նրան կալանավորել, բայց նրա փախուստի ռիսկ չի տեսել, ինչպես նաև գտել է, որ նրան վերագրվող կաշառքի դրվագում հիմնավոր կասկած առկա չէ: Այս որոշումը վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել:

Վերը նշված հանգամանքին անդրադառնալով՝ Պետրոս Պետրոսյանն ասաց, որ վերաքննիչ դատարանի այս որոշումը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան:

Խափանման միջոցի քննության շրջանակներում Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը դատարանին ներկայացրեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորագիրը, որով նրանք երաշխավորում են ազատության մեջ Քոչարյանի պատշաճ վարքագիծը:

Մասնավորապես՝ Արցախի ներկա և նախկին նախագահները երաշխավորել են, որ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմնին ներկայանալուց և չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրվող արարք։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հիշեցրեց, որ երաշխավորող անձինք պետք է ներկայանան դատարան, և Քոչարյանի պաշտպանները խոստացան մինչև դատական նիստի ավարտը ճշտել, թե երբ կարող են նրանք ներկայանալ դատարան:

Նիստը շարունակվում է, Քոչարյանի պաշտպանները ներկայացնում են իրենց դիրքորոշումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter