HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում․ Գեորգի Խոմիզուրի

Սկիզբը

Գեորգի Պավելի Խոմիզուրին ծնվել է 1942 թ., Բաքու քաղաքում: Բարձրագույն կրթությունը ստացել է Մոսկվայում: Մասնագիտությամբ երկրաբան է: Մինչեւ ձերբակալվելն ունեցել է գիտությունների թեկնածուի կոչում, ներկայումս գիտությունների դոկտոր է: Մինչեւ 1970-ականների առաջին կեսերը եղել է մարքս-լենինյան գաղափարների երդվյալ հետեւորդ: Կոմունիստական կուսակցության շարքեր չի ընդունվել, բայց եղել է կոմերիտական ակտիվ գործիչ: Երկրաբանությանը զուգահեռ` զբաղվել է պատմությամբ, ինչի շնորհիվ էլ փոխվել են հայացքները մարքսիզմ-լենինիզմի եւ, ընդհանրապես,  սոցիալիզմի նկատմամբ: 1972 թվականից սկսել է առնչվել ինքնահրատ գրականությանը, միաժամանակ` բազմացրել է ու տարածել: Հանդես գալով Էռնեստ Գարաեւ կեղծանվամբ` գրել է կոմունիստական կուսակցության ու խորհրդային միության պատմության մութ էջերը լուսաբանող հոդվածներ: 1979-ին տեղափոխվել է Երեւան: Աշխատել է Հայկական ԳԱ երկրաբանության ինստիտուտում: Կապեր է հաստատել հայ այլախոհների հետ: Փոխանցել է նրանց ու ստացել նրանցից ինքնահրատ գրականություն: Ձերբակալվել է 1982 թ. նոյեմբերի 10-ին: Մեղադրանք է առաջադրվել ՀԽՍՀ քր. օր.-ի 65 հոդվածի 1-ին մասով (հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա): 1983 թ. հունիսին դատապարտվել է վեց տարի ազատազրկման եւ երեք տարի աքսորի: Պատիժը կրել է Մորդովիայի քաղաքական կալանավորների համար  նախատեսված խիստ ռեժիմի կալանավայրերում: Գորբաչովյան պերեստրոյկայի շնորհիվ 1987-ին ժամկետից շուտ ազատ է արձակվել: Վերադարձել է Երեւան, վերականգնվել նախկին աշխատավայրում: Զբաղվել է ակտիվ հասարակական գուծունեությամբ: 1987-88 թթ. եղել է Քաղբանտարկյալների պաշտպանության միջազգային կոմիտեի հայկական ենթակոմիտեի անդամ: 1990-94 թթ. Մարդու իրավունքների պաշտպանության հայկական լիգայի եւ «Հուշամատյան» պատմա-լուսավորչական միության անդամ է (1991-96 թթ.): 1994-96 թթ. մասնակցել է «Նոյյան Տապան» լրատվական գործակալության կազմակերպման աշխատանքներին: 1996-ին տեղափոխվել է Մոսկվա: Աշխատել է մի շարք ուսումնական հաստատություններում: 2000-ին պաշտպանել է դոկտորական թեզ եւ ստացել գիտությունների դոկտորի կոչում: 2001 թվականից Վերնարդսկու անվան պետական երկրաբանական թանգարանի առաջատար գիտաշխատող է: Ավելի քան 130 հրապարակումների, դրանց թվում` չորս մենագրությունների հեղինակ է: Բնակվում է Մոսկվայում:

Պատմում է Գեորգի Խոմիզուրին

(Ինչպես գրքում առկա մնացած բոլոր հուշ-պատմությունները, այնպես էլ այս մեկը՝ հարցազրույցի տեսքով ձայնագրվել, ապա՝ վերծանվել ու վերջնական տեսքի է բերվել մեր կողմից։ Այն առաջին դեմքով է ներկայացվում խոսքն ավելի հասանելի եւ անհատական զգացմունքները հնարավորինս անմիջական տեղ հասցնելու նպատակով)։

Մանկուց դաստիարակվել եմ կոմունիստական ոգով` վստահությամբ, որ Ստալինը, Լենինը մարդիկ են, որոնք ցույց են տալիս մարդկության զարգացման միակ ճիշտ ուղին: Ստալինի մահը հորս ուրախացրեց: Նա գիտեր իրականում նրա ով լինելը: Բայց ինձ համար դա մեծ վիշտ էր: Հիշում եմ. որպես սգո նշան, տան սեղանին դրեցի Ստալինի նկարը: Հայրս, ինձ չնեղացնելու համար, չառարկեց: Նա երեւի գիտեր, որ ժամանակ է պետք, որպեսզի ես հասկանամ, թե ով է եղել Ստալինն իրականում: Եւ իրոք, ժամանակ անց արդեն հասկացել էի, թե ինչ հրեշ է եղել Ստալինը: Բայց, դրա հետ մեկտեղ, շարունակում էի համարել, որ Լենինը լավն էր, Զինովեւը, Տրոցկին լավն էին, իսկ ահա Ստալինն  իրականացրել է իսկական լենինյան գործիչներին ոչնչացնելու հրեշավոր մի ծրագիր:

Ես ծնվել եմ Բաքվում: Ծնողներս ամուսնալուծվել են, երբ երկու տարեկան էի: Հայրս 1947 թ. երկրորդ անգամ ամուսնացավ: Երկրորդ կինը ծնունդով Մոսկվայից էր: Բաքվից` իր երկրորդ կնոջ հետ միասին ինձ տարավ Սախալին: Հորս երկրորդ կնոջ քեռին ժամանակին մենշեւիկյան կուսակցության նշանավոր դեմք է եղել: Ցարական տարիներին դատապարտվել էր սիբիրյան ցմահ աքսորի: Սոցիալիստական հեղափոխությունից հետո նա լքել էր մենշեւիկյան կուսակցությունը, բայց բոլշեւիկյան կուսակցության մեջ չէր մտել ու խորհրդային տարիներին ակտիվ գործունեություն չէր ծավալել: Երբ ստալինյան շրջանում սկսվում է կուսակցական շարքերի եւ հին սոցիալիստների զտման գործընթացը, նրան երեւի արդեն մոռացած են եղել, այնպես որ` նրան ոչինչ չի պատահել: Մինչեւ քառասնական թվականները հրատարակված 10-րդ դասարանի պատմության դասագրքերի մեջ եղած բոլոր պատկերազարդումները նրա ձեռքի գործն էին: Նրա գրադարանում հսկայական քանակությամբ հին գրքեր կային: Ես կարող էի առանց ավելորդ ջանքեր գործադրելու կարդալ այն ամենն, ինչ չկար պաշտոնապես ընդունված պատմագրությունում: Նաեւ այս գրքերը կարդալուց հետո էի գալիս այն հաստատ համոզման, որ կոմունիստական գաղափարախոսությունը, լենինյան ուղին ճիշտ են, որ Ստալինը մեծագույն սրիկա է եղել, նպատակադրված ոչնչացրել է իսկական կոմունիստներին: Անգամ կոմերիտմիության շարքեր ընդունվեցի ոչ այնպես, ինչպես մյուսները: Բոլորն էլ այդ տարիներին ինքնաբերաբար կոմերիտական դառնում էին, բայց ես, ի տարբերություն բոլորի, դա համարում էի մի կարեւոր հանգրվան իմ կյանքում:

Այսպես շարունակվեց մինչեւ 1976 թվականը: 34 տարեկան էի: Այդ թվականին ինձ տվեցին կարդալու Շաֆարեւիչի «Սոցիալիզմը որպես համաշխարհային պատմության երեւույթ» ձեռագիր գործը: Մինչ այդ կարդացել էի Գարսիա դը լա Վեգայի «Ինկերի պատմությունը»: Թվում է, թե տարբեր բաների ու տարբեր ժամանակների մասին են այս երկու գրքերը: Մեկը 16-րդ դար է, մյուսը` 20-րդ: Բայց Շաֆարեւիչի ձեռագիրը կարդալիս անընդհատ գլխումս այն միտքն էր պտտվում, որ այն ամենն, ինչ նկարագրում ու բացահայտում է հեղինակը, ես արդեն կարդացել եմ «Ինկերի պատմության» մեջ: Այդ ընթերցանությունն իմ մեջ շատ բան փոխեց: Այդ ժամանակ էլ սկսեցի հասկանալ, որ խնդիրը պետք է սոցիալիզմի մեջ փնտրել: Ինկերն իրենց ժամանակին սոցիալիզմ կամ դրա նման մի բան էին կառուցում, հարյուրամյակներ անց նույն գործով էին զբաղված կոմունիստները, իսկ արդյունքները նույնն են: Մի խոսքով, Շաֆարեւիչի գործը կարդալուց հետո հասկացա, որ ա՛յն աստծուն չեմ խնկարկել: Հասկացա, որ խնդիրը Ստալինը կամ Լենինը չի, անձերի խնդիր չկա, ինքը` գաղափարն է արատավոր: Իհարկե, Շաֆարեւիչի գաղափարները, հատկապես նացիոնալիզմի մասով, ինձ խորթ են, բայց իմ աշխարհընկալման փոփոխության հարցում նրա գիրքը վճռական դեր է խաղացել: Վճռեցի իմ հիմնական մասնագիտությանը` երկրաբանությանը զուգահեռ, զբաղվել պատմությամբ: Արդեն Մոսկվայում էի ապրում եւ ծանոթացել էի գործող այլախոհների հետ: Նրանցից գրականություն էի հայթայթել: Իմ ձեռքի տակ ընդհատակյա գրականության հսկայական քանակություն էր կուտակվել: Այդ շրջանում դուստրս առողջական խնդիրներ ունեցավ: Բժիշկները խորհուրդ տվեցին փոխել բնակության վայրը: Քանի որ կինս հայուհի է, որոշեցինք տեղափոխվել Հայաստան: Հայաստան գալուց առաջ հանդիպեցի Տատյանա Վելիկանովային, հարցրի, թե ում կարող եմ ինձ անծանոթ Հայաստանում վստահել, եւ նա տվեց Ռաֆայել Պապայանի հեռախոսահամարը: Արդեն 1979 թվականն էր: Հետս բերեցի իմ ունեցած ողջ գրականությունը, հանդիպեցի Պապայանին, Էդմոնդ Ավետյանին: Սկսվեց գրականության տարածման ու փոխանակման ակտիվ  շրջան: Ծանոթացա Շահեն Հարությունյանի հետ, նրա միջոցով` Հայկազ Խաչատրյանի եւ Հայաստանի հելսինկյան խմբի անդամների` Էդիկ Հարությունյանի եւ մյուսների հետ: Ես երբեք ինձ պայքարի առաջամարտիկ չեմ երեւակայել: Չեմ մտածել, թե երբեւէ կձերբակալվեմ: Ես դեռ Մոսկվայում, լինելով այլախոհ, երբեք չէի անցնում այն սահմանը, որից այն կողմ կարող էր հաջորդել ձերբակալությունը: Կարդում էի արգելված գրականություն, փոխանցում էի այլոց, բայց չէի մտնում գործող այլախոհական կառույցների մեջ, հանդես չէի գալիս հրապարակային հայտարարություններով, չէի ստորագրում կոչերի կամ հայտարարությունների տակ: Հանդես չէի գալիս այս կամ այն գործչի պաշտպանությամբ: Նույն կերպ էլ շարունակում էի Երեւանում: Ծանոթացել էի հայ այլախոհներին: Շփվում էի նրանց հետ, գրականություն էի փոխանակում, սակայն գործող կառույցների մեջ չկայի եւ կարծում էի, որ դա կարող է լինել իմ չձերբակալվելու գրավականը:

1982 թվականի նոյեմբերին սկսվեցին ձերբակալությունները: Մինչ այդ փորձել էին ձերբակալություններ կատարել Հովիկ Վասիլյանենց շրջապատում: Անգամ սադրիչ էին ուղարկել նրանց մոտ: Բայց Հովիկենք կարողացել էին պարզել սադրիչին եւ թաքցրել էին ամեն ինչ: Այնպես որ, խուզարկություններն արդյունք չտվեցին: Այդ դաշտում հաջողության չհասնելուց հետո չեկիստները ձերբակալեցին Հայաստանի հելսինկյան կոմիտեի  անդամներ Էդուարդ Հարությունյանին, Ռաֆայել Օհանյանին, Սիրվարդ Ավագյանին եւ մեզ` Էդմոնդ Ավետյանին, ինձ ու Ռաֆայել Պապայանին: Ի սկզբանե մեր գործում մեղադրյալներս թվարկվում էինք այսպես` Էդմոնդ Ավետյան, Ռաֆայել Պապայան, Գեորգի Խոմիզուրի: Պարզ էր, որ Ավետյանը որպես շոգեքարշ էր գնում, իսկ մենք` նրա հետեւից: Բայց մի պահից փոխվեց ոչ միայն մեր ազգանունների հերթականությունը, այլեւ` կազմը: Անհետացավ Էդմոնդ Ավետյանի անունը, իսկ ես ու Ռաֆիկը փոխվեցինք տեղերով: Արդեն նշվում էր քրեական գործ` ըստ մեղադրանքի Գեորգի Խոմիզուրիի եւ Ռաֆայել Պապայանի: Ես դարձա շոգեքարշ: Իսկ Էդմոնդ Ավետյանի պարագայում, կարծում եմ, չեկիստները վախեցան նրան դատարան բերելու հեռանկարից: Էդմոնդ Ավետյանին դատարան բերելը Պետանվտանգության կոմիտեի համար կարող էր անկանխատեսելի հետեւանքներ ունենալ: Նա հայտնի դեմք էր: Ճանաչված էր ե՛ւ Հայաստանում, ե՛ւ դրսում: Լավ ճանաչելով Ավետյանին` նրանք գիտեին, որ նա դատարանում կարող է այնպիսի ելույթներ ունենալ, որոնք մեծ աղմուկ կհանեն: Որոշեցին նրան հայտարարել հոգեկան հիվանդ եւ հարկադիր բուժման նպատակով հոգեբուժարան տեղափոխել: Սովետական տարիներին, այլախոհության դեմ պայքարում հոգեբուժարանները միշտ էլ օգտագործվել են: ԽՍՀՄ ամենահայտնի այլախոհներից շատերն են Ավետյանի նման ստիպված եղել տարիներ անցկացնել հոգեբուժարաններում: Ավետյանն իմ ճանաչած ամենատաղանդավոր ու բազմակողմանի զարգացած մարդկանցից մեկն էր: Ցանկացած թեմայով նա կարող էր խոսել սահուն ու գեղեցիկ: Սակայն, բնավորությամբ ծանր մարդ էր: Դժվար էր նրա հետ գործ ունենալ: Նա գիտեր իր հանճարեղության մասին ու առանց բարդույթների դա ե՛ւ ի ցույց էր դնում, ե՛ւ ընդգծում էր:

Մեզ դատեցին 1983 թ. հունիսի 22-ին: Դատի ժամանակ ես հրաժարվեցի փաստաբանից, իսկ Պապայանն ընդհակառակը` չհրաժարվեց: Հայաստանում հայտնի շատ մտավորականներ ստորագրել էին ի պաշտպանություն Պապայանի կազմած մի դիմումի տակ: Դա բնական էր: Ռաֆիկը ոչ միայն հայտնի գրականագետ էր, այլեւ` Արամաշոտ Պապայանի որդին էր: Այդ դիմումը գտնվում էր Պապայանի փաստաբանի մոտ, որը նա պետք է հրապարակեր դատական նիստի ժամանակ: Սա միակ գործն էր, որ պետք է աներ Ռաֆիկի փաստաբանը: Բայց դատավարության ողջ ընթացքում այդ փաստաբանը  ոչ մի կերպ չէր ցանկանում հրապարակել հայ մտավորականների պաշտպանական դիմումը: Վերջապես Ռաֆիկը վրդովված հարցրեց, թե ինչու չի հրապարակում պաշտպանության համար այդքան կարեւոր նշանակություն ունեցող փաստաթուղթը, իսկ փաստաբանը պատասխանեց. «Ինչպե՞ս կարող եմ կարդալ խորհրդային հայտնի մտավորականների նամակն ի պաշտպանություն հակասովետական գործչի»: Ահա այսպիսի զավեշտ:

Դատից հետո մեզ տեղափոխեցին Մորդովիա: Պապայանի հետ ե՛ւ էտապում, ե՛ւ գաղութում միշտ միասին ենք եղել: Այստեղ կրկին դեր էր խաղում Ռաֆիկի հոր` Արամաշոտ Պապայանի գործոնը: Որպես կանոն, նույն գործով անցնող մարդկանց իրարից առանձին էին պահում, բայց մենք բացառություն էինք: Հետագայում` նույն գործոնի շնորհիվ Ռաֆիկը, Սիբիրի փոխարեն, աքսորվեց Ռոստովի մարզ: Ե՛վ ես, ե՛ւ Ռաֆայել Պապայանը մեր պատժաչափերը մինչեւ վերջ չկրեցինք: Գորբաչովյան շրջանում սովետները ստիպված էին ազատ արձակել քաղբանտարկյալներին, եւ մենք ազատվեցինք: Ես` անմիջապես կալանավայրից, իսկ Պապայանը` աքսորավայրից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter