HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլախոհությունը խորհրդային Հայաստանում․ Ռաֆայել Պապայան

սկիզբը

Ռաֆայել Աշոտի Պապայանը ծնվել 1942 թ., Երեւանում: Դրամատուրգ Արամաշոտ Պապայանի որդին է: Ավարտել է Երեւանի Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը: Այնուհետեւ ուսումը շարունակել է Տարտուի (Էստոնիա) համալսարանի ասպիրանտուրայում: Նույն համալսարանում պաշտպանել է գիտական թեզ եւ ստացել գիտությունների թեկնածուի կոչում: 1972-1980 թթ. աշխատել է Երեւանի պետական համալսարանում: Մասնակցել է հայկական Հելսինկյան խմբի գործունեությանը: Տարբեր աղբյուրներից ձեռք է բերել ինքնահրատ գրականություն, ընթերցել ու փոխանցել այլոց: Ինչպես նաեւ ինքն է գրել հոդվածներ, որոնք հետագայում` նախաքննության ու դատավարության ժամանակ, հակասովետական են որակվել: Ձերբակալվել է Էդմոնդ Ավետյանի եւ Գեորգի Խոմիզուրիի հետ միասին, 1982 թ. նոյեմբերի 10-ին: Մեղադրանք է առաջադրվել ՀԽՍՀ քր. օր.-ի 65 հոդվածի 1-ին մասով (հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա): 1983-ի հունիսին դատապարտվել է չորս տարի ազատազրկման եւ երկու տարի աքսորի: Պատիժը կրել է Մորդովիայի քաղաքական կալանավորների համար նախատեսված կալանավայրում:

Գորբաչովյան պերեստրոյկայի շնորհիվ 1987-ին` ժամկետից շուտ ազատ է արձակվել ու վերադարձել Երեւան: 1989-ին հիմնադրել է Մարդու իրավունքների հայկական լիգան ու եղել դրա նախագահը: Նույն թվականին Երեւանի պետական կոնսերվատորիայում հիմնադրել է հայագիտության ամբիոն ու ստանձնել այդ ամբիոնի ղեկավարումը: 1990-95 թթ. ընտրվել է Գերագույն խորհրդի, իսկ 1995-97 թթ.` Ազգային ժողովի պատգամավոր: 1992-ից եղել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գերագույն Հոգեւոր խորհրդի անդամ: 1997 թվականից մինչեւ իր մահը ՀՀ սահմանադրական դատարանի անդամ էր: Վախճանվել է 2010 թ. հոկտեմբերի 5-ին: Բազմաթիվ աշխատությունների ու հրապարակախոսությունների հեղինակ է: Կատարել է ինչպես հայերենից ռուսերեն, այնպես էլ` ռուսերենից հայերեն թարգմանություններ, որոնց թվում ռուսերեն` Միսաք Մեծարենցի Երկերի լիակատար ժողովածուն (Երեւան 1997) եւ հայերեն` Բուլատ Օկուջավայի «Գիշերային զրույց» ժողովածուն (Երեւան 2000): Հեղինակն է 1981 թ. հրապարակված «Ազգային   տաղաչափության համեմատական տիպաբանություն» (1981 թ.), «Արդի իրավունքի քրիստոնեական ակունքները» (2002 թ.) եւ այլ մենագրությունների: 1991 թ. հրատարակել է «Տագնապներ» բանաստեղծությունների ժողովածուն:

Գեորգի Խոմիզուրիի եւ Ռաֆայել Պապայանի գործով կայացված դատավճիռը

(Դատավճիռը ստացել ենք Գեորգի Խոմիզուրիի անձնական արխիվից: Դատավճիռը կայացվել է ռուսերեն: Ներկայացնում ենք մեր կողմից արված հայերեն թարգմանությունը):

                                                      ԴԱՏԱՎՃԻՌ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

1983թ. հուլիսի 22 ք.  Երեւան

 

                ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱՆ

Նախագահությամբ` Ս. Ասատուրյան

ատենակալներ` Ռ. Ներսիսյան Ս. Գեւորգյան

քարտուղարությամբ` Կ. Մելքոնյանի եւ Ա. Հովհաննիսյանի

մասնակցությամբ

պետական մեղադրող` Պ. Թոխյանի

դատապաշտպան` Ա. Մաթեւոսյանի

թարգմանիչներ` Տեր-Իսայանի եւ Ա. Գրիգորյանի

ք. Երեւանում դատական դռնբաց նիստում քննության առնելով քրեական գործն` ըստ մեղադրանքի՝

1ԳԵՈՐԳԻ Պավելի Խոմիզուրիի, ծնվ. 1942 թ., ք. Բաքու, ազգությամբ վրացի, ՍՍՀՄ

քաղաքացի, ամուսնացած, խնամքին ունի երկու անչափահաս երեխաներ, բարձրագույն կրթությամբ, անկուսակցական, չդատված, ֆիզիկապես առողջ, մինչեւ ձերբակալվելն աշխատել է Հայկական ԳԱ երկրաբանության ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող, բնակվել է Երեւանի Գայդարի փող. 7 բն. 26-ում, գործով կալանքի տակ է 1982 թ. նոյեմբերի 10-ից, մեղադրվում է ՀՍՍՀ քր. օր.-ի 65 հոդ. առաջին մասով:

ՌԱՖԱՅԵԼ Աշոտի Պապայանի, ծնվ. 1942 թ., ք. Երեւան, ազգությամբ հայ, ՍՍՀՄ քաղաքացի, ամուսնացած,  խնամքին երկու  անչափահաս երեխա,  բարձրագույն կրթությամբ, անկուսակցական, չդատված, 1983 թ. մայիսի վերջին ստացել է աջ կոնքոսկրի փակ կոտրվածք, մինչեւ ձերբակալվելն աշխատել է Երեւանի պետական համալսարանում`  որպես ավագ գիտաշխատող, բնակվել է ք. Երեւան, Կասյան 3 բն. 25-ում, գործով կալանքի տակ է 1982 թ. նոյեմբերի 10-ից, մեղադրվում է ՀՍՍՀ քր. օր.- ի 65 հ. առաջին մասով:

      Դատաքննությամբ կոլեգիան ապացուցված համարեց հետեւյալը.

Ամբաստանյալները սովետական իշխանությունը թուլացնելու եւ քայքայելու նպատակով` Խոմիզուրին 1969-1982 թթ. Մոսկվա եւ Երեւան քաղաքներում, իսկ Պապայանը 1976-1982 թթ. Երեւանում` զբաղվել են հակասովետական քայքայիչ ագիտացիայով ու պրոպագանդայով` պատրաստել, պահել եւ տարածել են սովետական պետական եւ հասարակական կարգերը արատավորող զրպարտչական գրականություն:

Այսպես, ամբաստանյալ Խոմիզուրին նշված ժամանակահատվածում Մոսկվա եւ Երեւան քաղաքներում «Էռնեստ Գարաեւ» կեղծանվամբ պատրաստել եւ իր «Ռայնմետալ» մակնիշի գրամեքենայի վրա բազմացրել, պահել եւ տարածել է գրականություն` վերնագրված «ՍՄԿԿ ղեկավարության պատմությունը», «ՍՄԿԿ նոր ղեկավարությունը», «Վ. Ի. Լենինի քննադատական ժառանգությունը», «Ա. Ավտորխանովի «Ստալինի մահվան հանելուկը (Բերիայի դավադրությունը) գրքի գրախոսությունը», «ՍՍՀՄ նոր ղեկավարությունը»,  «Մամլո ասուլիս ժանտախտի ժամանակ», «Տեռորի խրոնոլոգիան», «Նիժնի Տագիլի մետաղագործական կոմբինատի բանվորների բաց նամակը ՍՍՀՄ ԳԱ նախագահությանը», «26 հայտնիներով հավասարում», «Մեծ տեռորի հանրագումարը», որոնք պարունակում են սովետական պետական եւ հասարակական կարգը արատավորող զրպարտչական հերյուրանքներ:

Այդ գրականությունից 1974-1980 թթ., Մոսկվա քաղաքում իր ծանոթ Ս. Ա. Կուրենկովին է տվել հետեւյալները` «Նիժնի Տագիլի մետաղագործական կոմբինատի բանվորների բաց նամակը ՍՍՀՄ ԳԱ նախագահությանը», «Վ. Ի. Լենինի քննադատական ժառանգությունը», «ՍՄԿԿ ղեկավարության պատմությունը», «ՍՍՀՄ նոր ղեկավարությունը», «ՍՄԿԿ նոր ղեկավարությունը», «Ա. Ավտորխանովի «Ստալինի մահվան հանելուկը   (Բերիայի դավադրությունը)» գրքի գրախոսությունը» եւ «Մամլո ասուլիս ժանտախտի ժամանակ»:

Խոմիզուրին 1976-1981 թթ. Մոսկվայում իր ծանոթ Վ. Ա. Լեգլերին է տվել «ՍՄԿԿ ղեկավարության պատմությունը», «Վ. Ի. Լենինի քննադատական ժառանգությունը», «Ա. Ավտորխանովի «Ստալինի մահվան հանելուկը (Բերիայի դավադրությունը)» գրքի գրախոսությունը», «ՍՍՀՄ նոր ղեկավարությունը»:

1979-1982 թթ. ընթացքում Խոմիզուրին Երեւանում ամբաստանյալ Պապայանին է տվել հետեւյալ ստեղծագործությունները. «ՍՄԿԿ ղեկավարության պատմությունը», «Վ. Ի. Լենինի քննադատական ժառանգությունը», «Նիժնի Տագիլի մետաղագործական կոմբինատի բանվորների բաց նամակը ՍՍՀՄ ԳԱ նախագահությանը», «ՍՍՀՄ նոր ղեկավարությունը», «ՍՄԿԿ նոր ղեկավարությունը», «26 հայտնիներով հավասարում», «Մամլո ասուլիս ժանտախտի ժամանակ», «Ա. Ավտորխանովի «Ստալինի մահվան հանելուկը (Բերիայի դավադրությունը)» գրքի գրախոսությունը», «Տեռորի խրոնոլոգիան»:

Նույն ժամանակ իր ստեղծագործություններից Խոմիզուրին Երեւանում փոխանցել է մեկ այլ գործով մեղադրյալ Էդմոնդ Ավետյանին «ՍՄԿԿ ղեկավարության պատմությունը», «Վ. Ի. Լենինի քննադատական ժառանգությունը», «ՍՄԿԿ նոր ղեկավարությունը», «26 հայտնիներով հավասարում», «ՍՍՀՄ նոր ղեկավարությունը», «Մեծ տեռորի հանրագումարը», «Ա. Ավտորխանովի «Ստալինի մահվան հանելուկը (Բերիայի դավադրությունը)»   գրքի գրախոսությունը», «Տեռորի խրոնոլոգիան», «Մամլո ասուլիս ժանտախտի ժամանակ», «Նիժնի Տագիլի մետաղագործական կոմբինատի բանվորների բաց նամակը ՍՍՀՄ ԳԱ նախագահությանը»:

Խոմիզուրին 1981-1982 թթ. Երեւանում իր «26 հայտնիներով հավասարում» ստեղծագործությունը տվել է իր ծանոթ, ներկայումս արտասահմանում ապրող Կ. Ի. Ագուլյանին:

Բացի դրանից, ամբաստանյալ Խոմիզուրին 1969-1982 թթ. Մոսկվայում եւ Երեւանում ձեռք է բերել եւ պահել հակասովետական-զրպարտչական բովանդակությամբ հետեւյալ գրականությունը.

Ա. Սոլժենիցինի «Արշիպելագ ԳՈՒԼԱԳ» եւ Ի. Շաֆարեւիչի «Սոցիալիզմը որպես համաշխարհային պատմական երեւույթ» գրքերի ֆոտոպատճենները, Ի. Ռուսլանովի «Երիտասարդները ռուսական պատմության մեջ» գիրքը («Պոսեւ» հրատարակչություն), НТС հրատարակչության «Թանկագին ընկեր» տպագրական տեքստը, «Պոսեւ» N7- 1976 թ. կրճատված հրատարակությունը, Ա. Սոլժենիցինի «Նամակներ առաջնորդներին»-ի կապակցությամբ հոդվածների ժողովածուն, «Ինչ է սպասվում Սովետական Միությանը», Մ. Բուլգակովի «Շան սիրտը» եւ Ա. Զինովեւի «Բացվող բարձունքներ» գրքերի պատճենները, «Իսկ լկստված Շեպչինսկին, գնդակահարված գեներալի որդին» տպագրական տեքստի ֆոտոօրինակը, «Ուժերից վեր էր այս գիրքը գրելը», «Ն. Ս. Խրուշչով. Հուշեր» մեքենագիր տեքստը (հատվածներ), «Ընթացիկ իրադարձությունների խրոնիկա», «Մարդու իրավունքների համար պայքարը Սովետական Միությունում  շարունակվում է…», «Ռոբերտ Նազարյանի վերջին խոսքը», «Հայկական ՍՍՀ փաստաբանների կոլեգիայի անդամի ելույթը», Ա. Ավտորխանովի «Մահախոսական Ստալինի մահվան կապակցությամբ» եւ «Իշխանության տեխնոլոգիան» («Պոսեւ» հրատարակչություն), «ՍՍՀՄ-ում հաշմանդամների իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի բյուլետենը», Ջորջ Օրվելի «1984», Եվգենի Զամյատինի «Մենք», Ալեքսանդր Զինովեւի «Առանց Լոզանի պատրանքների 1979» եւ «Լուսավոր ապագա», Վաս. Գրոսմանի «Ամեն ինչ հոսում է», Ալեքսանդր Գալիչի «Երգերի գիրք», Ռ. Ա. Պապայանի «Խոմիզուրի ազգանվան ստուգաբանությունը» եւ «Խեւսուրյան բանաստեղծության    տիպաբանությունը», «Մ. Բուլգակովի ՍՍՀՄ կառավարությանն ուղղված նամակներից», «Մատնված հույս» (Ժ. Շտերն 1981 N 41), «ОК ПЛЮГПХ ժողովի N2 տեղեկատվական բյուլետեն», Վիկտորյա Շվայցեր «Եղբայրական գերեզման» (սինտեքսիս 1979 N4), Ա. Սոլժենիցին «Ինչպես է հորթը կաղնուն պոզահարում», «Արշիպելագ ԳՈՒԼԱԳ», «Առաջին շրջանում», «Քաղցկեղի մասնաշենքը», «40-ամյակի կապակցությամբ…», «Ընդամենը մեկ ժամ», «ՍՍՀՄ-ում ԱՔԲ բանտարկյալների հարազատների խորհուրդ», «ԱԻԱ «Սոլիդարնոստի» առաջին համագումարի պատվիրակների կոչը Արեւելյան Եվրոպայի աշխատավորներին», Ա. Սոլժենիցինի «Արշիպելագ ԳՈՒԼԱԳ» եւ Ա. Ավտորխանովի «Պարտոկրատիայի ծագումը» գրքերի ֆոտոնեգատիվները,   ձեռագիր տեքստեր, վերնագրված` «Պատասխան Զիմյանինին եւ Լ-ին», «Զրույց», ինչպես նաեւ ՍՄԿԿ նախկին ղեկավարներից մեկի ծաղրանկարի ֆոտոպատճենը:

Երեւան եւ Մոսկվա քաղաքներում Խոմիզուրին թվարկված գրականությունից բազմացրել է իր գրամեքենայով «Սովետական Միությունում շարունակվում է պայքարը մարդու իրավունքների համար…», «Ն. Ս. Խրուշչով, Հուշեր», Ջորջ Օրվել «1984», Եվգենի Զամյատին «Մենք», Ա. Ավտորխանով «Մահախոսական Ստալինի մահվան կապակցությամբ», «ԱԻԱ «Սոլիդարնոստի» առաջին համագումարի պատվիրակների կոչը Արեւելյան Եվրոպայի աշխատավորներին», «ՍՍՀՄ-ում հաշմանդամների իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի բյուլետենը», «Տեղեկատվական բյուլետեն N2», Ալեքսանդր Զինովեւ «Լուսավոր ապագա», «Առանց պատրանքների…» եւ «Բացվող բարձունքներ», Ա. Գալիչ «Երգերի գիրք», Ա. Սոլժենիցին «Ինչպես էր հորթը կաղնուն  պոզահարում», «Արշիպելագ ԳՈՒԼԱԳ», «Առաջին շրջանում» եւ «Քաղցկեղի մասնաշենքը»:

Ամբաստանյալ Խոմիզուրին իր ձեռք բերած գրականությունից փոխանցել է իր ծանոթներին.

     Ս. Ա. Կուրենկովին 1974-1980 թթ. Մոսկվա քաղաքում` Ա. Զինովեւի «Բացվող  բարձունքներ» եւ Ա. Սոլժենիցինի «Ինչպես էր հորթը կաղնուն պոզահարում»,

«Արշիպելագ ԳՈՒԼԱԳ», «Առաջին շրջանում» եւ «Քաղցկեղի մասնաշենքը»,

     Վ. Ա. Լեգլերին 1976-1981 թթ. Մոսկվայում` Ա. Ս. Սոլժենիցինի «Առաջին շրջանում»,

Գործով ամբաստանյալ Պապայանին 1979-1982 թթ. Երեւան քաղաքում` Ա. Ավտորխանովի «Մահախոսական Ստալինի մահվան կապակցությամբ», Ա. Գալիչի «Երգերի

գիրք», Ջորջ Օրվելի «1984», Եվգենի Զամյատինի «Մենք», «Տեղեկատվական բյուլետեն N2», Ա.Սոլժինիցինի «Արշիպելագ ԳՈՒԼԱԳ» եւ Ա. Ավտորխանովի «Պարտոկրատիայի ծագումը» գրքերի ֆոտոնեգատիվները,

Այլ գործով մեղադրյալ Էդմոն Ավետյանին 1979-1982 թթ. Երեւան քաղաքում` Ա. Գալիչի «Երգերի գիրք» ստեղծագործությունը:

Խոմիզուրին նաեւ Մոսկվա քաղաքում իր ծանոթներին փոխանցելով տարածել է. 1970 թ.` Մ. Բուլգակովի «Շան սիրտը», 1976-1978 թթ.` Ա. Զինովեւի «Բացվող բարձունքներ», իսկ 1979-1982 թթ.` Ա. Ավտորխանովի «Մահախոսական Ստալինի մահվան կապակցությամբ»:

1979-1982 թթ. Խոմիզուրին ամբաստանյալ Պապայանից ստացել եւ պահել է սովետական պետական եւ հասարակական կարգը արատավորող զրպարտչական հերյուրանքներ  պարունակող գրականություն` «Խեւսուրյան բանաստեղծության տիպաբանությունը», «Խոմիզուրի ազգանվան ստուգաբանությունը» եւ Վոլոշինի «Բանաստեղծությունների ժողովածուն», իսկ 1978 թ. գործով վկա Կուրենկովից` «Ընդամենը մեկ ժամ»-ը:

Ամբաստանյալ Պապայանը դեռ 1977 թ. ծանոթանալով ներկայումս հակասովետական գործունեության համար դատապարտված Ռոբերտ Նազարյանի հետ եւ համամիտ լինելով նրա հակասովետական հայացքներին, նրանից ստացել եւ պահել է, այսպես կոչված, մոսկովյան եւ հայաստանյան հելսինկյան խմբերի դեկլարացիան: Այդ ժամանակ էլ Պապայանը իր գրամեքենան տվել է նույն Նազարյանին, որի վրա նա բազմացրել է հակասովետական զրպարտչական բովանդակության հետեւյալ նյութերը` «Ինչու ես այրեցի նրան», «ՍՄԿԿ գլխավոր քարտուղարին», «ՍՍՀՄ արդարադատության նախարարին»,

«ՍՍՀՄ գերագույն դատախազին», «Անվտանգության խորհրդակցության մասնակից պետությունների ներկայացուցիչներին…», «Պարույր Հայրիկյանի վերջին խոսքը»:

Այդ նյութերը բազմացնելուց հետո Պապայանը Նազարյանից ստացել է դրանք, ծանոթացել, կատարել իր ուղղումները եւ վերադարձրել, իսկ գրամեքենան ոչնչացրել է:

Ամբաստանյալ Պապայանը 1976-1977 թթ. մագնիտաֆոնով ձայնագրել է «Գերմանական ալիք» հակասովետական բովանդակություն ունեցող հաղորդումից Մարչենկոյի «Իմ ցուցմունքները» եւ գրամեքենայով բազմացրել երկու օրինակից, որոնցից մեկը տարածել է` փոխանցելով 1977 թ. այլ գործով մեղադրյալ Ավետյանին, իսկ մյուս օրինակը պահել է իր մոտ:

1977-1981 թթ. Պապայանը պահել եւ տարածել է իր կողմից ձեռք բերված հակասովետական գրականությունը: Այսպես, նա այդ գրականությունից Էդմոնդ Ավետյանին եւ Արփիկ Պապայանին է տվել Ա. Սոլժենիցինի «Արշիպելագ ԳՈՒԼԱԳ» եւ «Նամակ սովետական գրողների միության համագումարի նախագահությանը»: Բացի դրանից, Ավետյանին  է տվել նաեւ «Ընթացիկ իրադարձությունների խրոնիկան N47», իսկ Արփիկ Պապայանին` Վոլոշինի «Բանաստեղծությունների ժողովածուն», Բունինի «Անիծված օրերը» եւ, այսպես կոչված, հայկական եւ մոսկովյան հելսինկյան խմբերի դեկլարացիաները:

Այդ ժամանակաշրջանում ամբաստանյալ Պապայանը հակասովետական զրպարտչական բնույթի գրականություն է տվել իր ծանոթներ Օլեգ Գրիգորյանին, Լեւոն Հակոբյանին եւ Վալերի Քուրդյանին:

Այսպես, Պապայանն իր տանը Օլեգ Գրիգորյանին տվել է կարդալու Սոլժենիցինի «Արշիպելագ  ԳՈՒԼԱԳ»-ի առաջին  հատորի քսերոպատճենը,  Մարչենկոյի «Իմ ցուցմունքները», «Ընթացիկ իրադարձությունների խրոնիկա N47», իսկ 1981 թ. Ա. Ավտորխանովի  «Իշխանության տեխնոլոգիայի» ֆոտոպատճենը, որը նա ստացել է վերը հիշատակված Կ. Ի. Ագուլյանից եւ պատճենել իր «Զենիթ» ֆոտոապարատով:

Նույն 1977 թ. Պապայանը Լեւոն Հակոբյանին է տվել Ա. Սոլժենիցինի «14-ի օգոստոսը» գրքի ֆոտոպատճենը, որը ստացել է Մոսկվայում բնակվող Նատաշա Բաբիցկայայից, որը ներկայումս մեկնել է արտասահման մշտական բնակության, իսկ Վալերի Քուրդյանին է տվել Սոլժենիցինի «Արշիպելագ ԳՈՒԼԱԳ»-ի առաջին հատորի քսերոպատճենը: 1980-1981 թթ. Պապայանը տվել է նույն Քուրդյանին «Արշիպելագ ԳՈՒԼԱԳ»- ի երկրորդ հատորի եւ Ավտորխանովի «Ստալինի մահվան հանելուկը» ֆոտոպատճենները, որոնք նա 1980 թ. ստացել էր, համապատասխանաբար, Բաբիցկայայից եւ ամբաստանյալ Խոմիզուրիից:

Ամբաստանյալ Պապայանը 1976 թ. իր «Զենիթ» ապարատով լուսանկարելու միջոցով կազմել է Նաբոկովի «Նվեր» գիրքը եւ պահել: 1977 թ. իր «Օպտիմա» գրամեքենայի  վրա երեք օրինակից նա բազմացրել է Օսիպ Մանդելշտամի զրպարտություն պարունակող «Չորրորդ արձակը» ստեղծագործությունը, մի օրինակը հետագայում տվել է ամբաստանյալ Խոմիզուրիին, իսկ երկու այլ օրինակներն` այլ մարդկանց:

1978 թ. Պապայանը ձեռք է բերել եւ պահել «Ընթացիկ իրադարձությունների խրոնիկա N48», իսկ 1981 թ.Ն. Բաբիցկայայից ստացած մեքենագիր տեքստը, որը վերնագրված է «Տ. Վելիկանովայի պաշտպանության կոմիտե» եւ իր մեջ պարունակում է սովետական պետության հասցեին զրպարտչական հերյուրանքներ:

Պապայանը 1981 թ. պատրաստել եւ մեքենագիր տարբերակով բազմացրել է «Խեւսուրյան բանաստեղծության տիպաբանությունը» եւ «Խոմիզուրի ազգանվան ստուգաբանությունը» զրպարտչական հերյուրանքներ պարունակող տեքստերը եւ յուրաքանչյուրից մեկ օրինակ տվել է Խոմիզուրիին: Նույն ժամանակ էլ նա տարածել է հակասովետական բովանդակությամբ Մ. Վոլոշինի «Բանաստեղծությունների ժողովածուն»` տալով Խոմիզուրիին:

1982 թ. գարնանը Պապայանը Երեւանում ձեռք է բերել Ա. Ավտորխանովի զրպարտչական բովանդակությամբ «Բրեժնեւի ուժը եւ թուլությունը» ստեղծագործությունը եւ «Զենիթ» ապարատով լուսանկարել ու պահել իր մոտ:

Նա ինքը` սկսած 1977 թ., Երեւան քաղաքում տարբեր ժամանակահատվածներում ստացել է վերը հիշատակված Ավետյանից եւ պահել` մեքենագրված հակասովետական զրպարտչական բնույթի գրականություն, վերնագրված` Սոլժենիցինի «Նամակներ առաջնորդներին»-ի կապակցությամբ հոդվածների ժողովածու, «Ինչ է սպասում սովետական միությանը», Ավտորխանովի «Պարտոկրատիա» գրքից առանձին հատվածներ, Բյոլի «Խաղաղությունն ազատություն չէ», Վ. Դելոնեի «Ճամբարային էքսպրոմտներ»  եւ «Նոթեր ինքնակենսագրության համար», «Քամյուի ելույթը Նոբելյան մրցանակ ստանալիս», Ամալրիկի «Գոյություն կունենա՞ արդյոք սովետական միությունը մինչեւ 1984 թ.», «Բելենկովի նամակը Պեն-Կլուբի կոնգրեսին», «Հայկական ՍՍՀ դատապաշտպանների կոլեգիայի անդամի ելույթը», Տ. Խոդորովիչի «Խղճի թելադրանքով», ինչպես նաեւ նույնպես հակասովետական բովանդակության ձեռագիր տեքստեր` վերնագրված «Ստալինյան ռեժիմի զոհերի թվագումարը», «Լենինի մահը», «1931-1934 թթ. մեծ շնորհը», «Աստվածները տենչում են», «Ստալինի բնական մահը», «Ստալինի առաջխաղացումը», «Վեցգլխանի հիդրան. Ստալինի քաղաքական ցանցը»:

Ամբաստանյալ Պապայանը 1979-1982 թթ. Երեւան քաղաքում ամբաստանյալ Խոմիզուրիից ստացել եւ պահել է հակասովետական զրպարտչական բովանդակությամբ նյութեր` Սոլժենիցինի «Արշիպելագ ԳՈւԼԱԳ»-ը եւ Ավտորխանովի «Պարտոկրատիայի առաջացումը» գրքերի ֆոտոպատճենները, Գալիչի «Երգերի գիրքը», Ջորջ Օրվելի «1984», Զամյատինի «Մենք», «Տեղեկատվական բյուլետեն համար 2», Ավտորխանովի «Մահախոսական Ստալինի մահվան կապակցությամբ», ինչպես նաեւ ամբաստանյալ  Խոմիզուրիի կողմից պատրաստված եւ «Էռնեստ Գարաեւ» կեղծանվամբ ստորագրված` «ՍՄԿԿ նոր ղեկավարությունը», «ՍՍՀՄ նոր ղեկավարությունը», «ՍՄԿԿ ղեկավարության պատմությունը», «Վ. Ի. Լենինի քննադատական ժառանգությունը», «26 հայտնիներով հավասարում», «Նիժնի Տագիլի մետալուրգիական կոմբինատի աշխատողների բաց նամակը ՍՍՀՄ ԱՆ նախագահությանը», «Տեռորի խրոնոլոգիան», «Մամլո ասուլիս ժանտախտի ժամանակ» եւ «Ավտորխանովի «Ստալինի մահվան հանելուկը (Բերիայի դավադրությունը)» գրքի գրախոսականը:

1982թ. սկզբին Պապայանը վերեւում հիշատակված Կ. Ի. Ագուլյանից ստացել եւ պահել է ԱԱվտորխանովի «Իշխանության տեխնոլոգիան» եւ Ա. Զինովեւի «Լուսավոր ապագա» գրքերի առանձին հատվածների ֆոտոպատճենները, ինչպես նաեւ ԱՄՆ-ում Սոլժենիցինի ունեցած ելույթի մագնիտաֆոնային ձայնագրությունը, որը պարունակում է հակասովետական եւ զրպարտչական հերյուրանքներ, ինչը լսել է իր հոր մագնիտաֆոնով:

Վերոշարադրյալը հաստատված է Խոմիզուրիի եւ Պապայանի կողմից իրենց մեղքի մասնակի հանձնառմամբ, վկաների ցուցմունքներով, իրեղեն ապացույցներ հանդիսացող հակասովետական-զրպարտչական բնույթի գրականությամբ, տեխնիկական եւ ձեռագրաբանական մասնագիտական եզրակացություններով:

Ամբաստանյալներ Խոմիզուրին եւ Պապայանն ընդունեցին իրենց կողմից հիշատակված անձանց մեջ նշված գրականության պատրաստելու, պահելու եւ տարածելու հանգամանքը:  Նրանք հաստատեցին խուզարկության ժամանակ այդ գրականության հայտնաբերումը եւ առգրավումը` ինչպես իրենց բնակարաններում, այնպես էլ` այլ գործով ամբաստանյալ Ավետյանի եւ վկաներ Ս. Ա. Կուրենկովի եւ Վ. Ա. Լեգլերի մոտ:

Խոմիզուրին եւ Պապայանը հաստատեցին ինչպես իրենցից յուրաքանչյուրի տված ցուցմունքները, այնպես էլ` Կուրենկովի, Լեգլերի, Օլեգ Գրիգորյանի, Լեւոն Հակոբյանի, Վալերի Քուրդյանի եւ Արփիկ Պապայանի ցուցմունքները:

Խոմիզուրին միաժամանակ ցուցմունք տվեց, որ իր անվտանգությունը ապահովելու նպատակով նշված գրականությունը պատրաստել է «Էռնեստ Գարաեւ» կեղծանվամբ: Նա  նաեւ հայտարարեց, որ «էթիկական նկատառումներից ելնելով» հրաժարվում է տալ այն մարդկանց անունները, ումից Մոսկվա քաղաքում ձեռք է բերել կամ ում տվել է նշված գրականությունը: Խոմիզուրին ընդունեց, որ իր առանձին ստեղծագործություններում թույլ է տվել անթույլատրելի խստություն, տարբեր պատմական դեպքերից արել է սխալ եզրահանգումներ եւ առանձին դեմքերի տվել է ոչ ճիշտ գնահատականներ:

Ամբաստանյալներ Խոմիզուրին եւ Պապայանը, դրա հետ մեկտեղ, ցուցմունք տվեցին, որ իրենց գործողություններով սովետական իշխանությունը քայքայելու կամ թուլացնելու նպատակ չեն հետապնդել: Սակայն, սույն ցուցմունքները հակասում են գործի օբյեկտիվ հանգամանքներին, այդ պատճառով էլ դատական կոլեգիային վստահություն չեն ներշնչում:

(հ.1 գ.թ. 47-50, 55-85, 88-91, 101-102, 105-107, 123-128, 152-300; հ 2 գ.թ. 1-55, 65-

78,;  հ 31 դատական նիստի արձանագրության էջ 10-11, 14-36, 41-75, 101-105)

Վկա Ս. Ա. Կուրենկովը ցուցմունք տվեց, որ ամբաստանյալ Խոմիզուրին 1972-1980 թթ. ք. Մոսկվայում իրեն է տվել Զինովեւի «Բացվող բարձունքներ» եւ Ա. Սոլժենիցինի «Ինչպես էր հորթը կաղնուն պոզահարում», «Արշիպելագ ԳՈՒԼԱԳ», «Առաջին շրջանում» եւ «Քաղցկեղի մասնաշենքը» ստեղծագործությունները, որոնք խուզարկության ժամանակ հայտնաբերվել  են իր մոտ:

(հ.2 գ.թ. 250-252; հ.3 գ.թ. 285; հ.31 գ.թ. 16, 99)

Վկա Վ. Ա. Լեգլերը վկայել է, որ 1976-1980 թթ. ք. Մոսկվայում Խոմիզուրին, ում կեղծանունը Էռնեստ Գարաեւ է, նրան է տվել հետեւյալ գրականությունը. Է. Գարաեւ «ՍՄԿԿ ղեկավարության պատմությունը», «Վ. Ի. Լենինի քննադատական ժառանգությունը»,  Ավտորխանովի «Ստալինի մահվան հանելուկը» (Բերիայի դավադրությունը) գրքի գրախոսականը, «ՍՍՀՄ նոր ղեկավարությունը» եւ Սոլժենիցինի «Առաջին շրջանում»:

(հ. 2 գ.թ. 227-236, 258-261, հ. 30 գ.թ. 288, հ.31 գ.թ. 15, 99)

Վկա Օլեգ Գրիգորյանը վկայել է, որ 1977 թվականից ծանոթ լինելով ամբաստանյալ Պապայանին, հաճախ է եղել նրա բնակարանում, տեսել է այնտեղ պաշտոնապես չհրատարակված, այդ թվում` հակասովետական բովանդակությամբ գրականություն, կոնկրետ` Սոլժենիցինի «Արշիպելագ ԳՈՒԼԱԳ»-ը (առաջին հատորը), Մարչենկոյի «Իմ ցուցմունքները», Ավտորխանովի «Իշխանության տեխնոլոգիան», «Ընթացիկ դեպքերի խրոնիկա N47»-ը, ընդ որում `վերջին երկուսն ինքը կարդացել է այնտեղ` Պապայանի բնակարանում:

          (հ.2 գ.թ. 181-196, հ.31 գ.թ. 91-97):

Վկա Լեւոն Հակոբյանը հաստատեց, որ Ռ. Ա. Պապայանից ստացել է Սոլժենիցինի «14-ի օգոստոսը» գրքի ֆոտոպատճենը (հ.2 գ.թ.197-202 եւ հ. 31 գ.թ. 99), վկա Վ. Վ. Քուրդյանը վկայեց, որ ստացել է ամբաստանյալ Պապայանից Սոլժենիցինի «Արշիպելագ ԳՈՒԼԱԳ»-ի առաջին եւ երկրորդ հատորները եւ Ավտորխանովի «Ստալինի մահվան հանելուկը» գրքերը (հ.2 գ.թ. 209-221, հ. 31 գ.թ. 85-91), վկա Արփիկ Պապայանը վկայեց, որ ամբաստանյալ Պապայանից ստացել է Վոլոշինի «Բանաստեղծությունների ժողովածուն», այսպես կոչված` մոսկովյան եւ հայկական հելսինկյան խմբերի դեկլարացիան,  Սոլժենիցինի «Արշիպելագ ԳՈՒԼԱԳ» (առաջին հատորը) եւ «Նամակ սովետական գրողների համագումարի պատվիրակներին» (հ.2 գ.թ.143-161, հ.31 գ.թ.75-85) ու ծանոթացել:

Ամբաստանյալներ Խոմիզուրիի եւ Պապայանի մեղքը հաստատվում է նաեւ խուզարկությունների ժամանակ` իրենց մոտից, այլ գործով մեղադրյալ Ավետյանի մոտից եւ վկաներ Կուրենկովի ու Լեգլերի մոտից առգրավված գրականությամբ, որոնք իրեղեն ապացույց են ճանաչվել եւ կցվել գործին (հ.1 գ.թ.5-24, 130-143, հ. 2 գ.թ.80-107, հ.30 գ.թ.285-288):

Այդ գրականության դիտարկման արձանագրությունից երեւում է, որ դրանց մեջ առ կա են սովետական պետական եւ հասարակական կարգը արատավորող զրպարտչական հերյուրանքներ (հ.3 գ.թ.1-175):

Ամբաստանյալների մեղքը հաստատվում է նաեւ Խոմիզուրիի մոտից առգրավված «Ռայնմետալ» (N 092552) մակնիշի գրամեքենայով եւ ձեռագրաբանական ու տեխնիկական ամբողջական փորձաքննութամբ, ինչը հաստատում է, որ Խոմիզուրիի եւ Պապայանի, այլ գործով մեղադրյալ Ավետյանի եւ վկաներ Կուրենկովի, Լեգլերի մոտից առգրավված, Էռնեստ Գարաեւ կեղծանվամբ ստորագրված գրականության մի մասը տպագրվել է նշված գրամեքենայով, եւ այդ ստեղծագործությունները նույն տեքստի պատճեններ են: Իսկ Խոմիզուրիի մոտից առգրավված այդ գրությունների սեւագրություններն արված են Խոմիզուրիի կողմից (հ.3 գ.թ. 176-264):

Ամբաստանյալ Պապայանի մեղքը հաստատվում է եւ նրա բնակարանում խուզարկությամբ հայտնաբերված «Օպտիմա» (N980640) մակնիշի գրամեքենայով, որի վրա նա բազմացրել է գործով անցնող գրականությունը, «Զենիթ» ֆոտոապարատով, որով Պապայանը լուսանկարել է վերը հիշատակված գրքերի տեքստերը, ձեռագրաբանական եւ տեխնիկական փորձաքննության ամբողջական եզրակացությամբ, ինչը մասնավորապես  հաստատում է, որ Մանդելշտամի «Չորրորդ արձակը» բազմացվել է նշված գրամեքենայով, եւ Պապայանի մոտից առգրավված գրականության մի մասը` ստորագրված «Էռնեստ Գարաեւ» կեղծանվամբ, Խոմիզուրիի մոտից առգրավվածի կրկնօրինակներն են եւ արվել են վերջինիս պատկանող «Ռեյնմետալ» գրամեքենայի վրա (հ.4 գ.թ. 1-8, հ.16 գ.թ. 1-6 եւ հ.3 գ.թ.176-264):

Գործի նյութերից երեւում է, որ ամբաստանյալ Պապայանը 1977 թ. դեկտեմբերից սկսած` ՊԱԿ օրգանների եւ Երեւանի պետհամալսարանի ֆակուլտետի կողմից, որտեղ ինքը աշխատել է որպես դասախոս, իր քաղաքականապես վնասակար անթույլատրելի գործունեության համար մի քանի անգամ նախազգուշացվել է (հ.30 գ.թ.298, 316):

Ողջ շարադրվածից երեւում է, որ Խոմիզուրիի եւ Պապայանի մեղքը գործով ապացուցված է, եւ նրանց հանցավոր գործունեությունը ՀՍՍՀ քր. օր. 65 հոդ. 1-ին մասով ճիշտ է որակված:

Պատիժ սահմանելիս դատական կոլեգիան հաշվի է առնում ինչպես գործած հանցանքի հասարակական վտանգավորության աստիճանը, այդպես էլ` ամբաստանյալներ Խոմիզուրիի եւ Պապայանի անձերը, որոնց առաջին դատվածությունն է, նրանցից յուրաքանչյուրը խնամքին ունի երկու անչափահաս երեխա, աշխատանքում բնութագրվում են դրական:

Վերը շարադրվածի հիման վրա եւ առաջնորդվելով Հայկ. ՍՍՀ քր. դատ. օր.-ի 293- 294հհ. Հայկական ՍՍՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան

 

                                                       Վ Ճ Ռ Ե Ց

 

Ամբաստանյալներ Գեորգի Պավելի Խոմիզուրիին եւ Ռաֆայել Աշոտի Պապայանին մեղավոր ճանաչել Հայկական ՍՍՀ քր. օր.-ի 65 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություններում, այս հիմքով էլ դատապարտել ազատազրկման խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում.

Խոմիզուրի Գ. Պ.` վեց (6) տարի ժամանակով եւ աքսորով երեք (3) տարի Պապայան Ռ. Ա.` չորս (4) տարի ժամանակով եւ երկու (2) տարի աքսոր:

Դատապարտյալներ Խոմիզուրիի եւ Պապայանի պատժի կրման սկիզբը հաշվել 1982 թ. նոյեմբերի 10-ից:

Դատական ծախսերը` 172 ռ., բռնագանձել Խոմիզուրիից եւ Պապայանից, յուրա - քանչյուրից 86 ռ.:

Մեղադրական եզրակացության 5-րդ կետի (հատոր 3, գ.թ. 341) իրեղեն ապացույցների  տեղեկանքում նշված. ա) դատապարտյալներին պատկանող գրամեքենաներ «Ռեյնմետալ» 092552 եւ «Օպտիմա» 980640, «Զենիթ» ֆոտոապարատը, որպես հանցագործության գործիքներ Հայկ. ՍՍՀ քր. դատ. օր.-ի 72 հ. համաձայն բռնագրավել; բ) արտասահմանյան  մակնիշի մագնիտաֆոնը  վերադարձնել քաղաքացի Արամաշոտ Պետրոսի Պապայանին` ըստ պատկանելության; գ) մնացածը (գրականությունը) պահել գործին կից:

Դատավճիռը վճռաբեկության կարգով բողոքարկման եւ գանգատարկման ենթակա չէ:

Նախագահող` Ս. Մ. Ասատուրյան - (ստորագրություն)

Ժողովրդական ատենակալներ – (ստորագրություն)

Ճիշտ է` գործով նախագահող`   Ս. Մ. Ասատուրյան

Շարունակությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter