HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Քոչարյանը եւ Ալիեւը լեզու չեն գտնում Լաչինի միջանցքի լայնությա՞ն հարցում

Ռուսաստանի արտգործնախարարության մի անանուն աղբյուր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բուխարեստյան հանդիպումներից (հունիսի 4-ին եւ 5-ին) անմիջապես հետո ռուսական լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը չեն կարողանում համաձայնության գալ երկու գլխավոր՝ Լաչինի միջանցքի լայնության եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցերում: Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հունիսի 7-ին Բաքվում տված մամլո ասուլիսում ասել է, թե կան նաեւ այլ հարցեր, որոնց շուրջ Ադրբեջանը համաձայնության չի գալիս:

Ղարաբաղյան կարգավորման գործընթացը պահվում է գաղտնի, սակայն լրատվամիջոցներ արտահոսող որոշ մեկնաբանությունները, Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները ի մի բերելով, ինչպես նաեւ ծանոթ լինելով արդեն հրապարակված նախորդ չորս առաջարկություններին (1997թ. հունիսին Մինսկի խմբի «փաթեթային» առաջարկությանը կողմ եղավ Երեւանը, իսկ Բաքուն եւ Ստեփանակերտը մերժեցին, 1997թ. դեկտեմբերի «փուլային» առաջարկությանը կողմ եղան Երեւանն ու Բաքուն, իսկ Ստեփանակերտը մերժեց, 1998թ. նոյեմբերին ներկայացված «ընդհանուր պետություն» տարբերակը մերժեց միայն Բաքուն, մինչդեռ Երեւանն ու Ստեփանակերտը կողմ արտահայտվեցին: Չորրորդ առաջարկությունը, որը չի հրապարակվել, սակայն ստացել է փաստաթղթային տեսք եւ դրան ծանոթանալու հնարավորություն են ստացել նաեւ որոշ հայ լրագրողներ, կողմերին ներկայացվել է 2001թ. գարնանը. քիվեսթյան անունը ստացած տարբերակին կրկին միայն Բաքուն դեմ եղավ), կարող ենք մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ է այսօր դրված բանակցությունների սեղանին:

Բայց նախ ամփոփենք Քոչարյան-Ալիեւ վեցերորդ հանդիպումը եւ դրան հետեւած հայտարարությունները: Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հունիսի 8-ին մամուլի ասուլիսում, ապա նույն օրը երեկոյան «Կենտրոն» հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց. «Բուխարեստում, ինչպես եւ Ռամբույեում , նախագահներին չհաջողվեց համաձայնության գալ չափազանց բարդ մի հարցի շուրջ»: Հ արցին, թե ինչի՞ վրա էին հիմնվում Բուխարեստում բանակցությունների բարենպաստ ավարտի մասին հույսերը, Օսկանյանն ասաց. «Ամեն անգամ, երբ բանակցությունների սեղանին հայտնվում են այս կամ այն սկզբունքային հարցին վերաբերող նոր ձեւակերպումներ եւ մոտեցումներ, կողմերից յուրաքանչյուրի մոտ հույս է առաջանում, որ հանդիպման ընթացքում իրեն կհաջողվի համոզել դիմացինին: Բուխարեստում դա չստացվեց, պետք է կրկին փորձել»: Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ հայկական կողմի դիրքորոշումը մնում է անփոփոխ. Երեւանը պատրաստ է հակամարտության հետեւանքների (վերահսկվող տարածքներ, փախստականներ, անվտանգության խնդիրներ ) վերացմանը վերաբերող հարցերը քննարկել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Պաշտոնական Երեւանը, այդ թվում պաշտպանության նախարարի շուրթերով, բազմիցս հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է հողային զիջումների գնալ՝ հանուն ղարաբաղյան հարցի կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման: Օսկանյանը եւս մեկ անգամ հաստատեց. «Այո, հայկական կողմը ինքնորոշման ճանաչման դիմաց պատրաստ է գնալ նման փոխզիջումների, տարածքների հարցը պատրաստ է լրջորեն քննարկելու»:

Կա՞ն սկզբունքներ, որոնց Հայաստանը դեմ է: Այս հարցին Օսկանյանը պատասխանեց. «Սկզբնական փուլում՝ այո, բայց այսօր, քանի որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը սեղանի վրա է դրվել, դա իրավիճակն էապես փոխել է: Այսօր բանակցությունների սեղանի վրա կա ԼՂ ժողովրդի ինքնորոշման հարցը՝ որպես ղարաբաղյան հարցի կարգավորման կարեւորագույն սկզբունքներից մեկը: Այդ սկզբունքի ներմուծումից հետո բանակցությունների օրակարգում մեզ համար անընդունելի խնդիրների քննարկումը մի քիչ ավելի մատչելի է դարձել: Բայց կրկնեմ այն, ինչը բազմիցս ասել եմ. միայն ու միայն ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ֆիքսումից եւ ճանաչումից հետո է, որ հնարավոր կլինի լրջորեն քննարկել մնացած հարցերը»: Իսկ կարո՞ղ ենք ասել, որ այն, ինչ կա այսօր բանակցային սեղանին, ավելի լավ, Հայաստանի համար ընդունելի տարբերակ է, քան Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էին առաջարկում միջնորդները, Օսկանյանը պատասխանեց. «Այո, իհարկե, սա ավելի առաջ է, քան այն, ինչ առաջարկվում էր»:

Առանց փոխզիջումների հարց չի լուծվի, սա տարրական ճշմարտություն է, սակայն ո՞րն է այն սահմանը, կարմիր թելը, որից այն կողմ հայկական կողմը իրավունք չունի գնալ: Այս մասին հայկական կողմը լռում է, սակայն չի հերքում ադրբեջանական կողմի այն պնդումները, որ Երեւանը պատրաստ է Լաչինի միջանցքից եւ Քելբաջարից բացի առաջին փուլում հետ տալ մյուս շրջանները՝ Ղուբաթլու, Զանգելան, æեբրայիլ, Ֆիզուլի, Աղդամ: Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից արված բոլոր չորս առաջարկություններում սեւը սպիտակի վրա գրված է, որ հայկական եւ ղարաբաղյան ուժերը դուրս են բերվում վերահսկելի բոլոր 7 շրջաններից, բացառությամբ Լաչինի միջանցքի:

Հիմա եկեք մի պահ վերադառնանք Ռամբույե ամրոց, որտեղ այս տարվա փետրվարին Քոչարյանն ու Ալիեւը չկարողացան համաձայնության հասնել մեկ բարդ հարցում: Ո՞րն էր դա: Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները Ռամբույեից հետո գրեցին, որ դա Քելբաջարն է, ավելի հստակ՝ հայկական ուժերը պատրաստ են դուրս գալ նաեւ այս շրջանից, որն, ի դեպ, հայկական երկու պետությունների համար ունի անգնահատելի ռազմական, ռազմավարական, անվտանգության եւ ջրային նշանակություն (այստեղից են սկիզբ առնում Արփա, Որոտան, Թարթար եւ Խաչեն գետերը), պայմանով, որ մինչեւ զորքերի դուրսբերումը Բաքուն համաձայնի եւ ընդունի Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք հանրաքվեի արդյունքները: Ինչպես Ռամբույեում, այնպես էլ Բուխարեստում հենց այդ հարցի շուրջ անհամաձայնությունը բանակցությունները տարավ փակուղի: Փաստորեն, Քոչարյանն ու Ալիեւը չեն կարողանում հաղթահարել մեկ բարդ հարց, որը կազմված է երկու հիմնական դետալից՝ Քելբաջար եւ հանրաքվե Լեռնային Ղարաբաղում:

Չափազանց ուշագրավ է Միացյալ նահանգների պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդի հայտարարությունը, հատկապես, երբ այն համադրում ենք Ռուսաստանի արտգործնախարարության անանուն աղբյուրի տեղեկատվության հետ, առ այն, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը չեն կարողանում համաձայնության գալ երկու գլխավոր՝ Լաչինի միջանցքի լայնության եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցերում : Ֆրիդն ասել է, որ համանախագահներն առաջ են քաշել որոշ գաղափարներ, որոնք կարող են լավ հիմք լինել հակամարտությունը կարգավորելու համար. «Մենք դրանք առաջարկել ենք չեզոք ձեւով: Սակայն, որպես ԱՄՆ-ի ներկայացուցիչ, ես ասել եմ, որ մենք ցանկանում ենք հնարավորինս արագ տեսնել որքան հնարավոր է շատ տարածքների վերադարձն Ադրբեջանին եւ ադրբեջանցիների վերադարձը իրենց հայրենի վայրեր: Այստեղ առկա են երկու երկրների շահեր: Կան մի շարք տարբերակներ: Մենք առաջարկել ենք օպտիմալ տարբերակը: Իսկ այժմ ամեն ինչ կախված է նախագահներից»:

Երբ խոսում ենք Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ցամաքային կապի, այսինքն՝ ներկա պայմաններում Լաչինի միջանցքի մասին, ապա պետք է նկատենք, որ խոսքը լոկ Գորիս-Լաչին-Ստեփանակերտ կամ Վարդենիս- Քելբաջար-Մարտակերտ ճանապարհի մասին չէ: Միջանցքն ավելին է, քան ճանապարհը: Ըստ ռազմական փորձագետների՝ այդ միջանցքը պետք է ունենա առնվազն 42 կմ լայնություն, որպեսզի լինի անվտանգ եւ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հակառակորդի ծանր տեխնիկան հնարավորություն չունենա խոչընդոտել անվտանգ երթեւեկությանը Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ:

Ի դեպ, նախագահներ Քոչարյանն ու Ալիեւը հենց Բուխարեստում, սեւծովյան երկրների գագաթաժողովի իրենց ելույթներում մեկ անգամ եւս հաստատել են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում Երեւանի եւ Բաքվի տարաձայնությունների խորությունը: Լսենք Քոչարյանին. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրագործել է իր ինքնորոշման իրավունքը: Դա արվել է միջազգային օրենքի համաձայն: Հանրաքվեի արդյունքները հետագայում պաշտպանվեցին պատերազմում, որը պարտադրվել էր այդ ժողովրդին: Շուրջ 15 տարի է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում է ապացուցել անկախության իր իրավունքը: Մենք հավատում ենք, որ անհրաժեշտություն կա Լեռնային Ղարաբաղը ամբողջությամբ ինտեգրել միջազգային հանրության հետ»: Իսկ հիմա ներկայացնենք Ալիեւի կարծիքը. «Մենք երբեք չենք համաձայնի Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի անջատմանը կամ նրա անկախության հռչակմանը: Ադրբեջանը ոչ մի դեպքում չի զիջի իր տարածքային ամբողջականության հարցում: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչված է բոլորի կողմից, եւ այն չի կարող բանակցությունների հարց լինել»:

Հայաստանում ընդունում են, որ Ադրբեջանը նավթային դոլարներ է ստանում եւ այդ պատճառով է նաեւ, որ Բաքուն ցանկություն չունի ղարաբաղյան կարգավորման հարցում գնալու զիջումների: Վարդան Օսկանյանն ընդգծում է. «Ինչքան էլ հարցի կարգավորումը ձգձգվի, ինչքան էլ Ադրբեջանը շանտաժի դիմի իր նավթային դոլարներով, կա մի կարմիր գիծ, որից այն կողմ Հայաստանը չի անցնի: Այսօր Հայաստանը շատ լուրջ փոխզիջումների է գնացել հարցի կարգավորմանը հասնելու համար: Երբ մենք մեր կողմից արել ենք պահանջվածը, գնացել ենք փոխզիջումների, բայց Ադրբեջանը համապատասխան քայլ չի արել եւ դրա պատճառով է, որ մենք չենք հասնում հարցի լուծմանը, նշանակում է՝ մենք այլընտրանք չունենք, նշանակում է՝ պետք է հաշտվենք այս իրավիճակի հետ, բայց ոչ թե հաշտվենք եւ ձեռքներս ծալած նստենք, այլ փորձենք մրցակցությունը պահել՝ մեր ուժերը մոբիլիզացնել, սփյուռքին ներգրավել, նոր ծրագրեր առաջադրել, առավել ժողովրդավարական դարձնել պետությունը, կարողանանք առավել մեծ ներդրումներ բերել»:

Օսկանյանն ընդունեց, որ Բաքու-Թբիլիսի-æեյհան նավթամուղի գործարկումով Ադրբեջանի նավթի արտահանման ծավալներն օրեկան կարող են հասնել 800 հազար բարելի: «Ադրբեջանը, որ մինչեւ այսօր օրեկան 300 հազար բարել նավթ էր արտահանում, Համաշխարհային Բանկի տվյալներով մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքով զիջում է Հայաստանին: Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում անգամ մենք կարողացել ենք մեր մրցակցությունը պահել, այսինքն՝ անհուսալի չէ »,-ասաց արտգործնախարարը : Ի դեպ, Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիեւը օրերս հայտարարել է, որ 2008թ. Ադրբեջանն առաջին անգամ կսկսի գազ արտահանել: Գազի արտահանումը հնարավոր կդառնա Շահ-Դենիզ գազային հանքավայրի շահագործման եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի շինարարության ավարտի շնորհիվ:

Լուս. Մարտին Շահբազյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter