HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյանի գործով նիստի երկրորդ օրը. նա անդրադարձավ իր մեղադրանքի որոշ դրվագներին

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանն այսօր մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Այդպիսով` գործի քննությունը շարունակվեց ու տևեց 5 ժամ: Այս ընթացքում ինքը` Քոչարյանը, թեև  ծավալուն ելույթ չունեցավ` առանձին որոշ հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց:

Ըստ Քոչարյանի` դատախազները թաքցրել են ԱԱԾ-ի տնօրենի նամակը

Անդրադառնալով Ազատության հրապարակում Մարտի 1-ի առավոտյան ոստիկանական գործողություններին` Քոչարյանը հայտարարեց, որ 2008-ի փետրվարի 28-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրենը ոստիկանության պետին նամակ է ուղղել` հայտնելով, որ օպերատիվ տվյալներ են ստացվել, այն մասին, որ Ազատության հրապարակում գտնվող որոշ անձանց մոտ առկա է զենք-զինամթերք:

«Դատախազները կալանավորման բոլոր գործընթացներում ԱԱԾ-ի այդ նամակը թաքցրել էին դատավորներից։ Մենք դա հայտնաբերել ենք ընդհանուր քրեական գործը ստանալուց հետո։ Կարևոր է այն փաստը, որ դատախազները, ինչպես նաեւ քննիչը, թաքցրել են խափանման միջոցի հարցը քննած դատավորներից, եւ պաշտպանական կողմը հնարավորություն չի ունեցել այդ հարցի շուրջ դիրքորոշում հայտնել»,- դատարանում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:

Վերջինս շեշտեց, որ այս նամակի հետ կապված ԱԱԾ-ից ոչ մի տեղակալի չեն հարցաքննել, հարցաքննել են միայն մեկ անձի:

«Սա ասում եմ՝ ուղղակի, որ գործի որակից պատկերացում ունենաք հենց այս փուլում», - հայտարարեց Քոչարյանը՝ դիմելով նիստը նախագահող դատավորին։

Դատարանը մերժեց Սահմանադրական դատարանի դատավորներին  դատարան հրավիրելու միջնորդությունը

Քոչարյանի երկրորդ հայտարարությունը 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելուց հետո դատարանի դատավորների նկատմամբ ենթադրյալ ճնշումների վերաբերյալ էր: Նշենք, որ Քոչարյանի` սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ մեղադրանքում նաև ՍԴ դատավորների նկատմամբ ճնշում գործադրելու դրվագ կա, որը, սակայն, նրա պաշտպանների խոսքով` վերացական է, չհիմնավորված:

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր միջնորդեց դատարան հրավիրել 2008-ին Սահմանադրական դատարանի դատավոր եղած անձանց ու պարզել` արդյոք նրանց նկատմամբ որևէ  ճնշում եղե՞լ է:

Նշենք, որ գործի նախաքննության ընթացքում Քոչարյանի պաշտպանների համար անհասկանալի սկզբունքով ընտրվել են ՍԴ-ի երկու դատավորներ ու հարցաքննվել, նրանք երկուսն էլ, ըստ պաշտպան Հայկ Ալումյանի, հերքել են, թե իրենց նկատմամբ ճնշում է եղել, և այժմ ցանկանում են դատարանում լսել նաև մյուս դատավորներին հասկանալու համար, թե երբ, ինչ հանգամանքներում և կոնկրետ ո՞ր դատավորների նկատմամբ են եղել այդ ճնշումները:

Պաշտպաններից Ռուբեն Սահակյանը նշեց, որ իրենք քրեական գործում գոնե մեկ ցուցմունք չեն տեսել, որով հիմնավորվում է Քոչարյանի կողմից Սահմանադրական դատարանի անդամների նկատմամբ գործադրված ճնշումների մեղադրանքը:

«Առանց այդպիսի ցուցմունքների բացառվում է, որ վարույթն իրականացնող մարմինը, դատախազությունը թույլ տային, որ գործը հասներ դատարան: Սա նշանակում է, որ կան ՍԴ անդամներ, որոնք հարցաքննվել են»,- ասաց Սահակյանը:

Ռոբերտ Քոչարյանը ևս պնդեց, որ ՍԴ անդամները հրավիրվեն դատարան: Ըստ Քոչարյանի` այս անձինք պետք է հարցաքննվեին դեռ նախաքննության ընթացքում, ինչը չի արվել:

«Ուղղորդված քննություն է իրականացվել, եւ կան մարդիկ, որոնց դիտմամբ ժամանակին չեն հարցաքննել: Ես սա ուղղակի դիտում եմ որպես գիտակցված, մտածված, կողմնակալ մոտեցում ամբողջ քննության ընթացքում: Քանի որ գործին ծանոթ եմ, կասեմ, որ ամբողջ գործի էությունը, գործի վարույթն իրականացվել է հենց այս ճանապարհով: Նույնիսկ մարդիկ հարցաքննվում են, երբ որ տեսնում են իրենց ուզած պատասխանը չկա, շատ կարճ են կապում, ուղղակի հաջող հարցեր չեն տալիս, չեն շարունակում, սա է գործի էությունը: Ես գտնում եմ, որ այդ մարդիկ պետք է գան և այստեղ հարցաքննվեն»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը: Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը:

Դատական նիստը վերածվել էլ կլոր-սեղան քննարկման

Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանը և մեղադրող կողմը գտնում են, որ երեկվանից մեկնարկած նիստը վերաբերում է բացառապես Քոչարյանի խափանման միջոցին, մինչդեռ նրա պաշտպաններն, ինչպես նաև Յուրի Խաչատուրովի պաշտպան  Միհրան Պողոսյանը համարում են, որ գործը դատաքննության նախապատրաստելիս դատարանը պարտավոր է կայացնել Քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը և միաժամանակ անդրադառնալ մեղադրյալների խափանման միջոցին:

Այսպես, Քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի համաձայն` Քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը հետազոտում է գործի նյութերը և քրեական գործը վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում կայացնում հետևյալ որոշումներից մեկը`

1) դատական քննություն նշանակելու մասին.

2) քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին.

3) քրեական գործի վարույթը կասեցնելու մասին.

4) գործը մեղադրողին վերադարձնելու մասին.

5) քրեական գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին.

6) գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին.

7) ինքնաբացարկի մասին:

Քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի համաձայն` որոշումներ կայացնելու հետ միաժամանակ, բացի գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին որոշումից, դատարանը պարտավոր է քննել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցներ ընտրելու կամ չընտրելու և դրա տեսակի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը` խափանման միջոցն ընտրված լինելու դեպքում:

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, օրենքի վերը նշված դրույթները մեկնաբանում է այնպես, որ այսօր տեղի ունեցած դատական նիստը վերաբերում է նաև իր պաշտպանյալին, ուստի ինչպես երեկ, այնպես էլ այսօր ներկայացել էր դատարան: Դատավոր Դավիթ Գրիգորյանը, սակայն, նրան զրկեց ձայնի իրավունքից` պնդելով, որ դատավարության այս փուլում Պողոսյանը կողմ չի հանդիսանում և ձայնի իրավունք չունի:

Քոչարյանի պաշտպանական թիմն էլ պնդում էր, որ դատավորը ոչ թե պետք է առանձին քննի Քոչարյանի խափանման միջոցի հարցը, այլ Քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը կայացնելու հետ միաժամանակ պետք է անդրադառնա նաև նրա խափանման միջոցի հարցին: Տևական ժամանակ կողմերը քննարկում էին այս հարցը, դիրքորոշումներ հայտնում, իսկ հարցի լուծումը չէր տրվում: Ի վերջո դատավորը հայտարարեց, որ ինքը քննում է Քոչարյանի խափանման միջոցի հարցը և կողմերը ստիպված եղան «անցնել առաջ»:

Պաշտպանի խոսքով` Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվել է մի արարք, որը 2008-ին հանցագործություն չի եղել

Դատական նիստի ընթացքում այսօր ելույթ ունեցավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը: Փաստաբանը մանրամասն անդրադարձավ  Քոչարյանին առաջադրված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով նախատեսված  սահմանադրական կարգը տապալու մեղադրանքը։

Ռուբեն Սահակյանի խոսքով՝ այս հանցակազմով հարուցված քրեական գործ երբևէ չի քննվել ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ նախկին խորհրդային երկրների տարածքում։

«Հանցակազմը ընդհանուր է, բայց օբյեկտը չի երևում։ Այդ է պատճառը, որ մեզ մոտ հարցեր են առաջանում և որոնց վերաբերյալ մենք միշտ առաջադրել ենք սահմանադրականության հարցը։ Խափանման միջոցի ընտրության հարցի քննարկումներում մենք անդրադարձել ենք այդ հարցին, վեճեր են առաջանում, բայց դատարանները այս հարցին անդրադարձ չեն կատարում, մատնվում են լռության։ Ոչ առաջին ատյանի դատարանը և թե Վերաքննիչը այդ հարցի պատասխանը չեն տալիս։ Ուրեմն՝ կա ինչ-որ մի պատճառ»,– ասաց Ռուբեն Սահակյանը:

Փաստաբանը հիշեց «Յոթի գործով» նախկին մեղադրյալ Ալեքսանդր Արզումանյանին, որի, ինչպես նաև այլ անձանց նկատմամբ «Մարտի մեկի» գործով մեղադրանք էր առաջադրվել Հայաստանում սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողություններ իրականացնելու համար, ապա քրեական հետապնդումը դադարեցվել էր` հաշվի առնելով, որ գործող օրենսգրքի 300.1 հոդվածը համարվել է հետադարձ ուժի տեսանկյունից պատասխանատվություն չսահմանող նորմ:

Ըստ Սահակյանի՝ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվել է մի արարք, որը 2008-ին հանցագործություն չի եղել, հետևաբար նրա նկատմամբ չի կարող կիրառվել որևէ խափանման միջոց։

«Եթե արարքը կատարելու պահին հանցագործություն չի համարվել, անձի նկատմամբ խափանման միջոց չի կարող կիրառվել։ Չի կատարել, չի եղել նման հանցակազմ։ Նման հոդված 2008-ին գոյություն չի ունեցել»,- ասաց փաստաբանը:

Անդրադառնալով սահմանադրական կարգի տապալման ենթադրյալ դիտավորության հարցին, փաստաբանը նշեց.

«Ասում են տապալվել է սահմանադրական կարգը և վերջ, հույժ գաղտնի հրաման է ստորագրել, ստորագրել է արտակարգ ռեժիմի մասին հրամանագիր։ Բայց որևէ մեկը ասո՞ւմ է՝ սա արել է այսինչ նպատակով։ Որևէ մեկը փորձե՞լ է քննել դատական նախորդ նիստերում 0038 հրամանի մասին Ռոբերտ Քոչարյանի տված բացատրությունը, որ դա արվել է, որ բացառվի զինված ուժերի ներգրավումը քաղաքական գործընթացներում։ Այս հարցի վեաբերյալ որևէ քննություն չի կատարվել։ Ինչո՞ւ խոսեցի դիտավորության մասին, չէ՞ որ ՀՀ նախագահը ինքնուրույն գործող անձ չէ. կա հակակշիռ, կա գործընթաց. նա պետք է խորհրդակցի ԱԺ նախագահի ու կառավարության ղեկավարի հետ ու հետո ուղերձով դիմի ժողովրդին, հանրությանը։ Հրամանագիրը պետք է անհապաղ քննարկվի ԱԺ-ում ու հավանության արժանանա 41 պատգամավորի կողմից»,- ասաց Սահակյանը և հիշեցրեց, որ հրամանագիրն ԱԺ-ի կողմից հավանության է արժանացել:

«Բացի կալանավորումից այլ խափանման միջոց ի զորու չէ չեզոքացնելու Ռոբերտ Քոչարյանի կողմից գործով վկաների նկատմամբ անօրինական ազդեցության ռիսկը»

Մեղադրող  կողմը գտնում է, որ կալանավորումը միակ խափանման միջոցն է, որն ի զորու է չեզոքացնելու Ռոբերտ Քոչարյանի կողմից գործով անցնող անձանց նկատմամբ անօրինական ազդեցությունը:

Այս մասին այսօր հայտարարեց «Մարտի 1-ի» գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազ Պետրոս Պետրոսյանը: Անդրադառնալով Քոչարյանին առաջադրված մեղադրանքներում հիմնավոր կասկածի առկայության հանգամանքին` դատախազը նշեց, որ առաջադրված մեղադրանքի հետ Քոչարյանի առնչությունը հիմնավորում են քրեական գործի նախաքննության ընթացքում առգրավված Պաշտպանության նախարարության արխիվից 2008 թվականի փետրվարի 23-ին Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված համապատասխան գաղտնի հրամանը, որպես վկա հարցաքննված մի շարք անձանց՝ Արշակ Կարապետյանի, Վարդան Հարությունյանի, Վալերի եւ Վիկտոր Պողոսյանների, Սիլվա Համբարձումյանի, 2008 թվականին Քոչարյանի հրավիրած խորհրդակցությանը մասնակցած անձանց հարցաքննության արձանագրությունները, բազմաթիվ տեսագրությունները 2008-ի իրադարձությունների ժամանակ Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զրահատեխնիկայի վերաբերյալ, Ազգային արխիվից ստացած արտակարգ դրություն հայտարարելու մասին 2008 թվականի մարտի 1-ի հրամանագիրը:

Դատախազը նշեց նաև, որ առկա է Քոչարյանի՝ քննությունից թաքնվելու ռիսկ:

«Մեղադրյալի հիմնական գործունեության վայրը ՀՀ-ից դուրս է: Եվրոպական դատարանը բազմաթիվ վճիռներում անդրադարձել է անձի սոցիալական կապերին, դիրքին, նրա ֆինանսական միջոցներին և դրանք իրենց ամբողջության մեջ գնահատելով՝ թե՛ թաքնվելու, թե՛ խոչընդոտելու ռիսկերը ավելի քան բարձրանում են»,- ասաց Պետրոս Պետրոսյանը:

Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահները երաշխավորում են ազատության մեջ Քոչարյանի պատշաճ վարքագիծը

Խափանման միջոցի քննության շրջանակներում Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը դատարանին ներկայացրեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորագիրը, որով նրանք երաշխավորում են ազատության մեջ Քոչարյանի պատշաճ վարքագիծը:

Մասնավորապես՝ Արցախի ներկա և նախկին նախագահները երաշխավորել են, որ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմնին ներկայանալուց և չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրվող արարք։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հիշեցրեց, որ երաշխավորող անձինք պետք է ներկայանան դատարան, և Քոչարյանի պաշտպանները խոստացան մինչև դատական նիստի ավարտը ճշտել, թե երբ կարող են նրանք ներկայանալ դատարան:

Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ Սահակյանն ու Ղուկասյանը կներկայանան դատարան՝ վերահաստատելու իրենց երաշխավորությունը, սակայն չհստակեցրեց, թե երբ կգան նրանք:

«Դատավարության ցանկացած փուլում խափանման միջոցի հետ կապված հարցը կարող է քննարկվել կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ:

«Ես չեմ կարող ասել՝ նրանք կգան մինչև այս քննության ավարտը, թե՞ չէ»,- ասաց Հայկ Ալումյանը:

Հայկ Ալումյանը ցավակցեց Մարտի 1-ին զոհված անձանց հարազատներին

Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում Հայկ Ալումյանը ցավակցություն հայտնեց Մարտի 1-ին զոհված  անձանց հարազատներին: Խոսելով Չերյոմուխայից անձանց զոհվելու դեպքից` Ալումյանը նշեց.

«Դա այնպիսի դեպքն է, որը պետք է քննվի, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Դուք գիտեք, թե ինչ է պատահել, որ մարդիկ Չերյոմուխայի արդյունքում վնասվածներ են ստացել և նաև զոհեր են եղել, բայց երբ մենք խոսում ենք ուժի անհամաչափ կիրառման մասին, խոսում ենք հետևյալի մասին. ինչ է հրահանգվել, ինչպիսի ուժի կիրառման մասին է եղել հրահանգը և ինչպիսի ուժ է կիրառվել, արդյոք այդ հրահանգը, որ տրվել է, եղել է համաչափ ստեղծված իրավիճակին, թե ոչ»,- ասաց Հայկ Ալումյանը:

Պաշտպանը նշեց, որ մինչև հիմա հայտնի չէ, թե ով է զոհվածների համար մեղավոր, որ կողմից են եղել կրակոցները:

«Երևի բացի Չերյոմուխայի վնասվածքից մահացած անձանցից, մնացածի մահվան հանգամանքներն ընդհանրապես պարզված չեն որևէ չափով, և պարզ չէ, թե որ կողմից է մահը պատճառվել: Ի դեպ մենք քչերից ենք, որ պնդում ենք. զոհվածների մահվան  հանգամանքը պետք է քննվի: Ոչ ոք իրավունք չունի ասել, որ «Մարտի 1-ի» գործը բացահայտված է, մինչև բոլորի մահվան հանգամանքները պարզված չլինեն»,- ասաց  Հայկ Ալումյանը:

Վերջինս հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս կարելի է ասել, որ պետությունը անհամաչափ ուժ է կիրառել այն դեպքում, երբ 187 մարմնական վնասվածք ստացած ոստիկան և 32  քաղաքացի է եղել մարտիմեկյան դեպքերի ժամանակ:

«Դուք գուցե նաև տեսած կլինեք կադրերը, թե ինչպես են քաղաքացիները մոլոտովի կոկտեյլները շպրտում ոստիկանների վրա»,- ասաց Հայկ Ալումյանը: Վերջինս նշեց, թե բազմաթիվ դատավճիռներ կան զենք կրող քաղաքացիների վերաբերյալ:

Գործի քննության ընթացքում բազմիցս անդրադարձ է կատարվել այն հանգամանքին, որ Քոչարյանի՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը չի վիճարկվել Սահմանադրական դատարան: Հարցին՝ ըստ Ալումյանի 2008-ին տիրող քաղաքական իրավիճակում ո՞վ պետք է դիմեր Սահմանադրական դատարան, Ալումյանը պատասխանեց, որ ինքը չի ցանկանում ասել, թե ով և որտեղ կարող էր վիճարկել այդ որոշումը:

«Բայց Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող որևէ անձ իրավունք չունի ասելու, որ այդ հրամանը եղել է հակասահմանադրական»,- ասաց Հայկ Ալումյանը:

Դատարանի բակին հարակից փողոցի երկու մայթերին հավաքված քաղաքացիները տարբեր պահանջներ ունեին

Ինչպես երեկ, այնպես էլ այսօր, դատական նիստերի դահլիճը ու դատարանի բակը մարդաշատ էին: Եթե երեկ դատարանի դիմաց Քոչարյանի կողմնակիցներն էին, այսօր մեծ թիվ են կազմում Քոչարյանի ազատազրկումը պահանջողները:

«Ազատություն Քոչարյանին», «Ցմահ Քոչարյանին» կոչերը դատարանի բակում հաջորդում էին միմյանց: Դատարանում էր նաև Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը:

Դատական նիստի ավարտին Քոչարյանը տևական ժամանակ դահլիճում էր, զրուցում էր իր փաստաբանների հետ: Ապակիներից այն կողմ գտնվող նրա աջակիցները դուրս չէին գալիս դահլիճից, այնքան ժամանակ, մինչև ինքը` Քոչարյանը, նրանց ժեստերի միջոցով ասաց, որ գնան: Ապակիներից այն կողմ Քոչարյանը նաև ինչ-որ բան էր ասում` խոսքն ուղղելով դահլիճում գտնվողներին, սակայն ձայնը լսելի չէր. նիստի ավարտից հետո բարձրախոսներն արդեն անջատված էին:

Հաջորդ դատական նիստը վաղն է` մայիսի 15-ին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter